Գիրք, որը հարկավոր է կարդալ
«Աստվածաշունչը պետք չէ լուրջ ընդունել»։ Այսպես ասաց համալսարանի պրոֆեսորը մի պարզախոս երիտասարդ կնոջ։
«Երբևէ կարդացե՞լ եք Աստվածաշունչը»,— հարցրեց նա։
Անակնկալի գալով՝ պրոֆեսորը ստիպված էր ընդունելու, որ չի կարդացել։
«Ինչպե՞ս կարող եք կտրուկ կարծիք հայտնել մի գրքի մասին, որը երբեք չեք ընթերցել»։
Այդ կինը ծանրակշիռ փաստարկ ուներ։ Պրոֆեսորը որոշեց կարդալ Աստվածաշունչը, հետո միայն կարծիք կազմել նրա մասին։
ՎԱԹՍՈՒՆՎԵՑ գրքերից բաղկացած Աստվածաշունչը նկարագրվել է որպես «մարդկային պատմության մեջ հավանաբար ամենամեծ ազդեցությունն ունեցող գրքերի ժողովածու»։1 Իրոք, այն ազդեցություն է ունեցել համաշխարհային մեծագույն արվեստի, գրականության և երաժշտության վրա։ Նշանակալից ներգործություն է ունեցել իրավագիտության վրա։ Այն մեծարվել է իր գրական ոճի համար և բազում կրթված անհատների կողմից բարձր գնահատանքի է արժանացել։ Աստվածաշնչի ազդեցությունը հատկապես խորն է եղել հասարակության տարբեր խավերի մարդկանց կյանքի վրա։ Իր ընթերցողներին նա հավատարմության բացառիկ զգացում է ներշնչել։ Ոմանք նույնիսկ իրենց կյանքը վտանգի են ենթարկել սոսկ այն կարդալու համար։
Միևնույն ժամանակ թերահավատություն գոյություն ունի Աստվածաշնչի նկատմամբ։ Կան մարդիկ, որոնք որոշակի կարծիք ունեն նրա մասին, սակայն անձամբ երբեք այն չեն կարդացել։ Նրանք, թերևս, գնահատում են նրա գրական և պատմական արժեքները, սակայն զարմանում են՝ «ինչպե՞ս կարող է հազարամյակներ առաջ գրված գիրքը ժամանակակից աշխարհին հարմար լինել»։ Մենք ապրում ենք «ինֆորմացիայի դարաշրջանում»։ Ընթացիկ իրադարձությունների և տեխնիկայի ամենավերջին տեղեկությունները մեր ձեռքի տակ են։ Արդի կյանքի, ըստ էության, բոլոր խնդիրների վերաբերյալ «փորձված» խորհուրդները լիովին մատչելի են։ Կարո՞ղ է Աստվածաշունչը ներկայիս համար իսկապես գործնական տեղեկություններ պարունակել։
Տվյալ բրոշյուրը փորձում է պատասխանել այսպիսի հարցերին։ Այն նախատեսված չէ կրոնական տեսակետներ և հավատալիքներ ձեզ պարտադրելու համար, նրա նպատակն է ցույց տալ, որ պատմականորեն ազդեցիկ այս գիրքը՝ Աստվածաշունչը, արժանի է ձեր ուշադրությանը։ 1994թ.–ին հրատարակված մի հոդվածում նշվեց որոշ մանկավարժների վճռական կարծիքն այն մասին, թե Աստվածաշունչն այնպես է արմատացած Արևմըտյան մշակույթում, որ նրա ուսմունքներին և հաղորդագրությանը անծանոթ «ցանկացած հավատացյալ կամ ոչ հավատացյալ անհատ համարվում է կուլտուրապես անգրագետ»։2
Կարդալով այս բրոշյուրը՝ հավանաբար կհամաձայնվեք, որ անկախ նրանից հավատացյալ է որևէ մեկը, թե ոչ, Աստվածաշունչը, առնվազն, մի գիրք է, որը հարկավոր է կարդալ։
[Շրջանակ/նկարազարդում 3–րդ էջի վրա]
«Իմ կրթվածության համար ես իսկապես երախտապարտ եմ մի գրքի։ — Գրքի՞։ — Այո՛, և դա հին ու պարզ մի գիրք է, համեստ, ինչպես ինքը բնությունը, և անկեղծ... Եվ այդ գրքի անունը բոլորովին էլ ճոխ չէ, այդ գիրքը Աստվածաշունչն է», — Հայնրիխ Հայնե՝ 19–րդ դարի գերմանացի գրող։3