Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • be դաս 16 էջ 135–էջ 138 պարբ. 5
  • Ինքնատիրապետում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինքնատիրապետում
  • Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս հաջողության հասնեմ հռետորական արվեստի մեջ
    2004 Արթնացե՛ք
  • Առաջաբան, որը հետաքրքրություն է առաջացնում
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Ոգևորություն
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Տեսողական կապ
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
Ավելին
Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
be դաս 16 էջ 135–էջ 138 պարբ. 5

ԴԱՍ 16

Ինքնատիրապետում

Ի՞նչ է հարկավոր անել

Քո հանգիստ ու արժանավայել կեցվածքը, շարժուձևը և խոսելաձևը պետք է ցույց տան, որ տիրապետում ես ինքդ քեզ։

Ինչո՞ւ է դա կարևոր

Ինքնատիրապետում դրսևորելով կօգնես ունկնդիրներին, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնեն ոչ թե քեզ վրա, այլ քո խոսքերի։

ՈՉ ՄԻ արտասովոր բան չկա նրանում, որ ելույթ ունենալուց առաջ անհատը սկսում է անհանգստանալ, մանավանդ եթե նա հազվադեպ է ելույթ ունենում։ Նմանապես, որոշ քարոզիչներ կաշկանդված են լինում ծառայության ժամանակ առաջին մի քանի մատուցումներն անելիս։ Երբ Երեմիան նշանակվեց մարգարե, նա այսպես արձագանքեց. «Ահա ես խօսել չ’գիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ» (Երեմ. 1։5, 6)։ Եհովան օգնեց Երեմիային, կօգնի նաև քեզ, և ժամանակի ընթացքում ավելի լավ կկարողանաս ինքդ քեզ տիրապետել։

Հռետորի ինքնատիրապետումը դրսևորվում է նրա հանգստությամբ։ Դա ակնհայտ երևում է նրա պահելաձևից և իրավիճակին համապատասխանող նրա բնական կեցվածքից։ Ինքնատիրապետում ունեցող հռետորը անտեղի ձեռքի շարժումներ չի անում. խոսում է արտահայտիչ և հմտորեն կարգավորում է իր ձայնը։

Եթե զգում ես, որ այս նկարագրությանը չես համապատասխանում, մի հուսալքվիր. կարող ես բարելավվել այս հարցում։ Սակայն ինչպե՞ս։ Նախ պարզենք, թե ինչու է հռետորի մոտ լարվածություն առաջանում, որի հետևանքով նա չի կարողանում իրեն տիրապետել։ Պատճառը կարող պայմանավորված լինել օրգանիզմում տեղի ունեցող զանազան պրոցեսներով։

Երբ մարդ հայտնվում է դժվարին կացության մեջ և վստահ չէ, որ կարող է հաջողությամբ դուրս գալ այդ վիճակից, սկսում է անհանգստություն զգալ։ Դրա հետևանքով՝ ուղեղը ազդանշան է տալիս մարմնին, և մարմինը սկսում է ավելի շատ ադրենալին արտադրել։ Դա էլ իր հերթին պատճառ է լինում, որ սիրտը ավելի արագ բաբախի, շնչառության ռիթմը փոփոխվի, քրտնարտադրությունը շատանա, կամ նույնիսկ դողան ձեռքերն ու ծնկները, և ձայնը հնչի դողդոջուն։ Մարմնում ավելանում է էներգիա, որպեսզի օգնի օրգանիզմին դուրս գալու այդ իրավիճակից։ Սակայն խնդիրը հետևյալն է. որքանով քեզ կհաջողվի այդ էներգիան այնպես տնօրինել, որ կարողանաս պահպանել սթափ դատողություն և խոսել ոգևորությամբ։

Ինչպես նվազեցնել անհանգստությունը։ Միշտ հիշիր, որ որոշ չափով անհանգստություն զգալը նորմալ երևույթ է։ Սակայն ինքնատիրապետումը չկորցնելու համար անհրաժեշտ է հնարավորին չափ նվազեցնել անհանգստությունը և պահպանել անվրդով վիճակ ու արժանավայել կեցվածք։ Ինչպե՞ս կարող ես դա անել։

Հանգամանորեն նախապատրաստվիր։ Բավական ժամանակ հատկացրու ելույթը նախապատրաստելուն։ Հավաստիացիր, որ ամբողջական պատկերացում ունես թեմայի մասին։ Եթե առաջադրանքն այնպիսին է, որ ինքդ պետք է ընտրես, թե ելույթում ինչ մտքեր ես լուսաբանելու, ապա հաշվի առ, թե ինչ է հայտնի ունկնդրին այդ թեմայի վերաբերյալ, և ինչ նպատակ ես հետապնդում քո ելույթով։ Դա քեզ կօգնի ընտրելու այնպիսի նյութ, որն առավելագույնս արժեքավոր լինի ունկնդիրների համար։ Եթե սկզբնական շրջանում դժվարանաս անել այդ ամենը, խորհրդակցիր որևէ հմուտ հռետորի հետ։ Նա քեզ կսովորեցնի վերլուծել հավաքած նյութը՝ միաժամանակ հաշվի առնելով ունկնդիրների կարիքները։ Երբ արդեն ամբողջական պատկերացում կազմես նյութի մասին և վստահ լինես, որ այն օգտակար կլինի ունկնդիրների համար, ապա քո մեջ ցանկություն կառաջանա նրանց հաղորդելու այն։ Այդ ցանկությունը կվանի ամեն տեսակի անհանգստություն։

Հատուկ ուշադրություն դարձրու ելույթիդ առաջաբանին։ Նախապես որոշիր, թե ինչպես ես սկսելու։ Երբ արդեն ելույթը ընթացքի մեջ լինի, քո լարվածությունը աստիճանաբար կնվազի։

Այս հիմնական սկզբունքները կիրառելի են նաև քարոզչական ծառայությանը պատրաստվելիս։ Հաշվի առ ոչ միայն նյութը, որի մասին պատրաստվում ես զրուցել, այլ նաև՝ թե ինչպիսի մարդկանց կհանդիպես ծառայության ընթացքում։ Լավ նախապատրաստիր առաջաբանի խոսքերը։ Փորձառու քարոզիչները կարող են հիանալի օգնություն հանդիսանալ քեզ համար։

Գուցե քեզ թվա, թե պատրաստի տեքստով ելույթ ունենալը կնպաստի ինքնատիրապետում դրսևորելուն։ Սակայն իրականում այդպես չէ. ամեն անգամ՝ ելույթից առաջ, քո անհանգստությունը նվազելու փոխարեն՝ կաճի։ Իհարկե, հռետորներից ոմանք իրենց գրառումներում ավելի շատ մանրամասնություններ են ընդգրկում, քան մյուսները։ Սակայն թղթի վրա եղած բառերը չեն, որ կօգնեն ճիշտ հունով ուղղել մտքերիդ ընթացքը և դուրս վանել անհանգստությունը, այլ ներքին համոզվածությունն այն բանում, որ քո պատրաստած թեման իրոք արժեքավոր է ունկնդիրների համար։

Բարձրաձայն փորձիր ելույթդ։ Այդպիսի պարապմունքների շնորհիվ քեզ ավելի վստահ կզգաս և ազատ կկարողանաս արտահայտել մտքերդ։ Այդ ընթացքում քո հիշողության մեջ կդրոշմվեն որոշ մտապատկերներ, որոնք հետագայում՝ ելույթ ունենալիս, քեզ կօգնեն հեշտությամբ վերարտադրել ասելիքդ։ Աշխատիր այնպես անել, որ պարապմունքները հնարավորին չափ մոտ լինեն իրականությանը։ Պատկերացրու, թե քո առջև նստած են ունկնդիրներ։ Նստիր կամ կանգնիր սեղանի կողքին այնպես, ինչպես որ կանեիր ելույթ ունենալիս։

Օգնության համար աղոթքով դիմիր Եհովային։ Ի՞նչ ես կարծում, պատասխանո՞ւմ է Եհովան նման աղոթքների։ «Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի նորան, թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ» (Ա Յովհ. 5։14)։ Եթե քո ցանկությունն է փառաբանել Աստծուն և օգնել մարդկանց օգուտներ քաղելու նրա Խոսքից, ապա անկասկա՛ծ նա կպատասխանի քո աղոթքին։ Նման վստահությունը կամրացնի քեզ, որպեսզի լավ կատարես քո հանձնարարությունը։ Բացի այդ, քո մեջ մշակելով ոգու պտուղը՝ սեր, ուրախություն, խաղաղություն, հեզություն և ժուժկալություն՝ կունենաս այնպիսի մտավիճակ, որը կօգնի ինքնատիրապետում ցուցաբերել տարբեր իրավիճակներում (Գաղ. 5։22, 23)։

Փորձ ձեռք բեր։ Որքան շատ մասնակցես քարոզչական ծառայությանը, այնքան կնվազի քո լարվածությունը։ Ինչքան հաճախակի մեկնաբանություններ տաս ժողովի հանդիպումների ժամանակ, այնքան ավելի հեշտ կլինի քեզ համար՝ խոսել մարդկանց առջև։ Եվ որքան հաճախակի ելույթներ ունենաս, այնքան կնվազի նաև հուզմունքը, որ զգում ես նախքան յուրաքանչյուր ելույթը։ Եթե ցանկանում ես խոսելու ավելի շատ հնարավորություններ ունենալ, ապա պատրաստակամություն հանդես բեր Դպրոցում փոխարինելու նրանց, ովքեր ինչ–​ինչ պատճառներով ի վիճակի չեն լինում կատարելու իրենց առաջադրանքները։

Վերոհիշյալ քայլերը կատարելուց հետո քեզ համար օգտակար կլինի քննել բոլոր այն նշանները, որոնք ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ անհատը հուզված է։ Իմանալով, թե որոնք են այդ նշանները և թե ինչպես կարելի է հաղթահարել դրանք՝ խոսելիս կկարողանաս տիրապետել ինքդ քեզ։ Ինքնատիրապետման պակասը արտացոլվում է պահելաձևի և ձայնի մեջ։

Նշաններ՝ պահելաձևի մեջ։ Տիրապետում է անհատն իրեն, թե՝ ոչ, ակնհայտ է դառնում նրա պահելաձևից և ձեռքի շարժումներից։ Սկսենք ձեռքերից։ Անվստահություն են արտահայտում թիկունքում թաքցված, երկու կողմերում ձիգ պահված, գրակալին ամուր կառչած ձեռքերը։ Նույնն են ասում նաև անընդհատ դեպի գրպանները տարվող, բաճկոնի կոճակները կոճկող–​արձակող, մեխանիկորեն այտին, քթին կամ ակնոցներին մոտեցվող, ինչպես նաև ժամացույցի, մատիտի, մատանու հետ խաղացող, գրառումների թերթը այս ու այն կողմ տանող ձեռքերը և կցկտուր ժեստերը։

Շարունակ մի ոտքից մյուսին անցնելը, տեղում ճոճվելը և ձգված մեջքը նույնպես անվստահության նշաններ են։ Անհատը անվստահություն է դրսևորում նաև հաճախակի շրթունքները լիզելով, շարունակ թուքը կուլ տալով, սովորականից արագ և մակերեսորեն շնչելով։

Գիտակից ջանքերի շնորհիվ կարելի է հաղթահարել նման հուզվածությունը։ Դրանցից յուրաքանչյուրի վրա աշխատիր՝ առանձին–​առանձին։ Աշխատիր բնորոշել, թե ինչում ես թերանում և նախապես խորհիր, թե ինչ պետք է անել նման սովորությունից ձերբազատվելու համար։ Այդպիսի ջանքեր ներդնելով՝ ցույց կտաս, որ քո պահելաձևով տիրապետում ես ինքդ քեզ։

Նշաններ՝ ձայնի մեջ։ Հուզվածությունը կարող է դրսևորվել բնականից ավելի բարձր տոնի կամ դողդոջուն ձայնի միջոցով։ Հաճախակի կոկորդ մաքրելը կամ չափազանց արագ խոսելը նույնպես լարվածություն են մատնում։ Այս խնդիրներն ու անհատին բնորոշ պահելաձևի այլ դրսևորումներ դարձյալ կարելի է հաղթահարել բարեխիղճ ջանքերի շնորհիվ։

Եթե զգում ես, որ փոքր–​ինչ հուզված ես, ապա նախքան բեմ բարձրանալը աշխատիր թուլացնել մարմինդ և մի քանի անգամ խորը շունչ քաշել։ Քո լարվածության մասին անհանգստանալու փոխարեն՝ խորհիր, թե ինչու ես ցանկանում ունկնդիրներին փոխանցել քո պատրաստած մտքերը։ Նախքան ելույթդ սկսելը մի պահ նայիր ունկնդիրներին, գտիր մի բարեհամբույր դեմք և ժպտա։ Առաջաբանի խոսքերը արտասանիր սովորականից ավելի դանդաղ, որից հետո աշխատիր ամբողջությամբ կլանվել ելույթով։

Ինչ պետք է ակնկալել։ Մի սպասիր, թե անհանգստությունդ լիովին կանհետանա։ Տարիների փորձ ձեռք բերած շատ հռետորներ են հուզվածություն զգում ամեն անգամ բեմ բարձրանալիս։ Այնուհանդերձ, նրանք սովորել են սանձել իրենց լարվածությունը։

Եթե բարեխիղճ ջանքեր գործադրես հուզմունքի բոլոր արտաքին դրսևորումներից ազատվելու ուղղությամբ, ունկնդիրները քեզ կդիտեն որպես ինքնատիրապետում ցուցաբերող հռետորի։ Գուցե քեզ մոտ ներքին անհանգստությունը դեռ շարունակվի, սակայն ոչ ոք չի նկատի դա։

Հիշիր, որ ադրենալին արտադրվելիս ոչ միայն ավելանում է լարվածությունը, այլ նաև մարմնի էներգիան է շատանում։ Կիրառիր այդ էներգիան այնպես, որ խոսքդ դառնա զգացմունքներով լի։

Այս ամենը գործադրելու համար կարիք չկա սպասել, թե երբ առիթ կունենաս բեմ բարձրանալու։ Առօրյա խոսակցությունների ժամանակ իսկ կարող ես սովորել ինքնատիրապետում և հավասարակշռություն դրսևորել, ինչպես նաև արտահայտել համապատասխան զգացմունքներ։ Դա կօգնի քեզ վստահություն ունենալ բեմի վրա և, ինչը որ հատկապես կարևոր է, քարոզչական ծառայության մեջ։

ԻՆՉՊԵՍ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄ

  • Լավ նախապատրաստվիր։

  • Բարձրաձայն փորձեր կատարիր։

  • Աղոթքով «քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր» (Սաղ. 55։22)։

  • Կանոնավորաբար մասնակցիր քարոզչական ծառայությանը, հաճախակի մեկնաբանություններ տուր ժողովի հանդիպումներին և ցանկություն հայտնիր՝ Դպրոցում հավելյալ առաջադրանքներ ստանալու։

  • Հայտնաբերիր այն բոլոր նշանները, որ վկայում են ինքնատիրապետման պակասի մասին, և սովորիր ձերբազատվել դրանցից կամ սանձել դրանք։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. Աշխատիր մեկ ամսվա ընթացքում՝ ամեն շաբաթ, մեկից ավելի մեկնաբանություններ տալ «Դիտարանի» և ժողովի Գրքի ուսումնասիրությունների ժամանակ։ Կնկատես, որ անհանգստությունդ սկսում է նվազել, երբ երկրորդ և երրորդ մեկնաբանությունն ես տալիս միևնույն հանդիպմանը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը