ԳԼՈՒԽ 15
Ինչպե՞ս դիմադրեմ հասակակիցներիս ճնշմանը
«Դպրոցում այնքան վատ բաներ կան՝ ծխախոտ, թմրադեղեր, սեքս։ Դու լավ հասկանում ես, որ այդ ամենը հիմարություն է, բայց գալիս է մի պահ, որ ուժ չես ունենում դիմադրելու» (Եվա)։
ԲՆԱԿԱՆ Է, որ ցանկանում ես ընդունված լինել ուրիշների կողմից։ Եվ հասակակիցների ճնշումը ազդում է այդ ցանկության վրա։ Օրինակ՝ եթե մեծացել ես քրիստոնյա ընտանիքում, ապա գիտես, որ մինչամուսնական սեքսը կամ ալկոհոլի չարաշահումը սխալ է (Գաղատացիներ 5։19–21)։ Սակայն հասակակիցներիցդ շատերը քեզ խրախուսում են իրենց միանալ։ Քո կարծիքով՝ ինչպե՞ս են նրանք սկսել նման բաներ անել։ Ծանրութեթև են արել ու հետո՞ որոշում կայացրել։ Ո՛չ։ Նրանք տրվել են մեծամասնության ազդեցությանը։ Նրանք ցանկացել են ընդունված լինել, այդ պատճառով թույլ են տվել, որ ուրիշները ձևավորեն իրենց հայացքները։ Իսկ դու բավականաչափ քաջություն ունե՞ս պաշտպանելու քո համոզմունքները։
Մովսեսի եղբայր Ահարոնը մի անգամ վատ ազդեցության տակ ընկավ։ Երբ իսրայելացիները շրջապատեցին նրան ու պահանջեցին, որ իրենց համար կուռք պատրաստի, նա հանձնվեց (Ելք 32։1–4)։ Հավանաբար հիշում ես, որ Ահարոնը այն մարդն էր, ով կանգնեց փարավոնի առաջ ու համարձակորեն ազդարարեց Աստծու պատգամը (Ելք 7։1, 2, 16)։ Սակայն երբ իսրայելացիները ճնշում բանեցրին նրա վրա, նա չկարողացավ դիմադրել։ Փաստորեն, նրա համար ավելի հեշտ էր դիմադրել Եգիպտոսի թագավորին, քան իր ազգակիցներին։
Ինչ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Կարողանո՞ւմ ես պաշտպանել այն, ինչ ճիշտ է։ Կուզեի՞ր դիմադրել հասակակիցներիդ ճնշմանը՝ առանց վախի ու լարվածության։ Իրականում, կարող ես այդպես անել։ Կարևորն այն է, որ նախօրոք տեսնես, թե որտեղից է գալիս ճնշումը, և քայլեր ձեռնարկես։ Ահա չորս կարևոր քայլ։
1. Նախապես տես վտանգը (Առակներ 22։3)։ Հաճախ կարելի է նախապես տեսնել վտանգը։ Օրինակ՝ տեսնում ես, որ հեռվում դասընկերներդ կանգնած ծխում են։ Ի՞նչ ես կարծում, կառաջարկե՞ն քեզ ծխախոտ։ Կանխատեսելով վտանգը՝ կա՛մ կխուսափես նրանցից, կա՛մ կպատրաստվես դիմադրելու։
2. Մտածիր (Եբրայեցիներ 5։14)։ Հարցրու ինքդ քեզ. «Եթե տրվեմ մեծամասնության ազդեցությանը, հետո ի՞նչ կլինի»։ Այդ պահին կշահես դասընկերներիդ հավանությունը։ Բայց հետո կկարողանա՞ս հանգիստ խղճով շփվել ծնողներիդ և ժողովի անդամների հետ։ Հանուն դասընկերների արժե՞ զոհել Աստծու առաջ ունեցած մաքուր համբավը։
3. Որոշիր (2 Օրենք 30։19)։ Վաղ թե ուշ Աստծու բոլոր ծառաները պետք է ընտրություն կատարեն. մնալ հավատարիմ ու օրհնություններ ստանալ կամ անհավատարիմ լինել ու դառը պտուղներ քաղել։ Հովսեփը, Հոբը և Հիսուսը ճիշտ որոշում կայացրին, մինչդեռ Կայենը, Եսավը և Հուդան կայացրին սխալ որոշում։ Հիմա քո՛ հերթն է։ Ի՞նչ ընտրություն կանես։
4. Գործիր։ Գուցե մտածես, որ դա ամենադժվարն է, բայց այդպես չէ։ Եթե արդեն մտածել ես հետևանքների մասին ու որոշում կայացրել, ապա շատ ավելի հեշտ կլինի ցույց տալ դիրքորոշումդ, ինչի արդյունքում կվարձատրվես (Առակներ 15։23)։ Մի՛ անհանգստացիր, կարիք չկա դասընկերներիդ առաջ աստվածաշնչյան դասախոսություն կարդալու։ Հաճախ բավական է հստակ ու հաստատակամորեն ասել ոչ։ Կամ վճռականությունդ ավելի հստակ ցույց տալու համար կարող ես ասել.
«Ինձ մի՛ հաշվեք»։
«Ես այդպիսի բաներ չեմ անում»։
«Դե դուք ինձ լավ եք ճանաչում»։
Կարևորն այն է, որ արագ և համոզվածությամբ արձագանքես։ Եթե այդպես անես, կզարմանաս՝ տեսնելով, թե դասընկերներդ որքան արագ են քեզնից հետ քաշվում։ Իսկ ի՞նչ անել, եթե նրանք ծաղրում են քեզ ու ասում՝ վախկոտ։ Հիշիր. դա քեզ վրա ճնշում բանեցնելու գլխավոր ազդակն է։ Ինչպե՞ս արձագանքել։ Դու ունես առնվազն երեք տարբերակ։
● Պատասխանիր ծաղրանքին։ («Այո՛, ճիշտ եք, ես վախենում եմ»։ Հետո կարճ բացատրիր, թե ինչու։)
● Դիմադրիր ճնշմանը։ Բացատրիր քո դիրքորոշումը, բայց վեճի մի՛ բռնվիր։
● Հակահարված տուր։ Բացատրիր մերժելու պատճառը, հետո շարժիր նրանց տրամաբանությունը։ («Ախր խելքը գլխին մարդիկ եք, ինչո՞ւ եք այսպիսի բան անում»։)
Եթե դասընկերներդ շարունակում են ծաղրել քեզ, հեռացիր։ Որքան երկար մնաս, այնքան ճնշումը ավելի ուժգին կլինի։ Նույնիսկ եթե հեռանում ես, հիշիր, որ դու էիր վերահսկում իրավիճակը։ Դու թույլ չտվեցիր, որ հասակակիցներդ ձևավորեն քեզ։
Որոշ պատանիներ կարող են ծաղրել քեզ՝ ասելով, որ քո սեփական խելքը չունես։ Բայց դա այդպես չէ։ Իրականում, Եհովան ուզում է, որ ինքդ համոզվես, որ ամենալավ բանը նրա կամքը կատարելն է (Հռոմեացիներ 12։2)։ Ուստի հասակակիցներիդ ձեռքում խաղատիկնիկ մի՛ դարձիր (Հռոմեացիներ 6։16)։ Պաշտպանիր այն, ինչը գիտես, որ ճիշտ է։
Ինչ խոսք, անհնար է ամբողջությամբ խուսափել հասակակիցների ճնշումից։ Բայց դու կարող ես ամուր կառչել քո համոզմունքներից, ցույց տալ քո դիրքորոշումը և վերահսկել իրավիճակը։ Ի վերջո, ընտրությունը քո՛նն է (Հեսու 24։15)։
ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 9-ՐԴ ԳԼԽՈՒՄ։
Եթե ապրում ես երկակի կյանքով, ինչո՞ւ ճիշտ կլինի, որ ծնողներդ իմանան այդ մասին։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակներ 13։20)։
ԱՌԱՋԱՐԿ
Քաջությամբ լցվելու համար կարդա հոդվածներ Եհովայի այն ծառաների մասին, ովքեր քաջաբար պաշտպանել են իրենց համոզմունքները։
ԳԻՏԵԻ՞Ր
Դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո քո դասընկերներիցդ քչերը կշարունակեն կապ պահել քեզ հետ։ Շատերը գուցե քո անունն էլ մոռանան։ Բայց քո ընտանիքը, հատկապես Եհովա Աստված, միշտ հետաքրքրված կլինեն քո բարօրությամբ (Սաղմոս 37։23–25)։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Հասակակիցներիս ազդեցությանը դիմադրելու համար ես կանեմ հետևյալը՝ ․․․․․
Եթե ինձ դրդեն սխալ արարքների, ես ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ո՞ր իրավիճակներում քեզ կօգնեն այս գլխում քննարկված չորս քայլերը։
● Ի՞նչ կլինի, եթե տեղի տաս հասակակիցներիդ ճնշմանը։
● Ի՞նչ կարող ես անել, երբ քեզ դրդում են վատ բան անելու։
[մեջբերում 131-րդ էջի վրա]
«Շատերը գիտեն, որ ես Վկա եմ, և հարգում են ինձ։ Երբ նրանք սկսում են վատ բաներ խոսել, ասում են. «Մա՛յք, երևի արդեն գնաս»» (Մայք)։
[աղյուսակ 132-րդ և 133-րդ էջերի վրա]
վարժություն
Ինչ կանեմ, երբ ինձ ճնշեն
Նմուշ
1 Կանխատեսիր
Ինչի՞ կդրդեն ինձ։ Ծխելու։
Որտե՞ղ դա կլինի։ Դպրոցի բակում։
2 Մտածիր
Ի՞նչ կլինի, եթե հանձնվեմ։
Կտխրեցնեմ Եհովային և ծնողներիս։ Խիղճս կտանջի ինձ։ Հաջորդ անգամ ավելի դժվար կլինի ասել ոչ։
Ի՞նչ կլինի, եթե դիմադրեմ ճնշմանը։
Գուցե ինձ ծաղրեն և անուններ կպցնեն։ Ոմանք գուցե այլևս ընկերություն չանեն ինձ հետ։ Բայց այդպես կուրախացնեմ Եհովային և ավելի ուժեղ կդառնամ։
3 Վճռիր
Եթե հանձնվեմ, նշանակում է
լավ պատրաստված չեմ հասակակիցներիս ճնշմանը դիմադրելու համար։ Ավելի շատ կարևորում եմ դասընկերներիս կարծիքը, քան Եհովայի։
Կդիմադրեմ, քանի որ
գիտեմ, որ կվիրավորեմ Եհովային։ Բացի այդ, ծխելը վնասակար է առողջությանը։
4 Գործի անցիր
Ես
կհրաժարվեմ ու կհեռանամ։
Ծաղրանք
Եթե ինձ ասում են. «Դե լավ, մի հատ ծխիր, թե՞ վախենում ես»։
Ծաղրանքին կարող եմ
Պատասխանել
«Այո՛, վախենում եմ, քանի որ չեմ ուզում մահանալ քաղցկեղից»։
Դիմադրել
«Սխալ մարդու ես առաջարկում»։
Հակահարված տալ
«Ախր խելքը գլխին տղա ես, ինչո՞ւ ես այդպիսի բան անում»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. անմիջապես հեռացիր, եթե քեզ վրա շարունակում են ճնշում բանեցնել։ Որքան երկար ես մնում, այնքան հավանականությունը մեծանում է, որ նրանց ձեռքում խաղատիկնիկ կդառնաս։ Այժմ ինքդ լրացրու հաջորդ էջի աղյուսակը։
Ինչ կանեմ, երբ ինձ ճնշեն
Պատճենիր այս էջը
1 Կանխատեսիր
Ինչի՞ կդրդեն ինձ։ ․․․․․
Որտե՞ղ դա կլինի։ ․․․․․
2 Մտածիր
Ի՞նչ կլինի, եթե հանձնվեմ
․․․․․
Ի՞նչ կլինի, եթե դիմադրեմ ճնշմանը։
․․․․․
3 Վճռիր
Եթե հանձնվեմ, նշանակում է
․․․․․
Կդիմադրեմ, քանի որ
․․․․․
4 Գործի անցիր
․․․․․
Ես . . .
․․․․․
Ծաղրանք
Եթե ինձ ասում են. ․․․․․
Ծաղրանքին կարող եմ
Պատասխանել
․․․․․
Դիմադրել
․․․․․
Հակահարված տալ
․․․․․
Վերանայիր քո գրած պատասխանները ծնողիդ կամ հասուն ընկերոջդ հետ։
[նկար 135-րդ էջի վրա]
Եթե տրվում ես հասակակիցներիդ ճնշմանը, նրանց ձեռքում խաղատիկնիկ ես դառնում