ՀՐԵՇՏԱԿ
Ե՛վ եբրայերեն մալախ, և՛ հունարեն անգելոս բառերը բառացի նշանակում են «պատգամաբեր»։ Աստվածաշնչում բնագրային այս բառերը հանդիպում են մոտ 400 անգամ։ Երբ խոսքը ոգեղեն պատգամաբերի մասին է, դրանք թարգմանվել են «հրեշտակ», իսկ երբ մարդու մասին է՝ «պատգամաբեր» (Ծն 16։7; 32։3; Հկ 2։25; Հտն 22։8; տես ՊԱՏԳԱՄԱԲԵՐ)։ Սակայն «Հայտնություն» գրքում, որտեղ խորհրդանշական լեզու շատ հաճախ է օգտագործվում, «հրեշտակ» բառը երբեմն կիրառվում է մարդու առնչությամբ (Հտն 2։1, 8, 12, 18; 3։1, 7, 14)։
Հրեշտակները երբեմն կոչվում են «ոգիներ». ոգիները անտեսանելի են ու զորեղ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Մի հրեշտակ [կամ՝ «ոգի», ծնթ.] եկավ կանգնեց Եհովայի առաջ»։ Նաև գրված է. «Չէ՞ որ նրանք բոլորն էլ Աստծուն սուրբ ծառայություն մատուցող ոգիներ են» (1Թգ 22։21; Եբ 1։14)։ Քանի որ հրեշտակները ոգեղեն մարմին ունեն և անտեսանելի են, ապրում են «երկնքում» (Մկ 12։25; 1Կթ 15։44, 50)։ Նրանք կոչվում են նաև «ճշմարիտ Աստծու որդիներ», «առավոտյան աստղեր» և «բյուրավոր սուրբ հրեշտակներ [կամ՝ «տասնյակ հազարավոր սրբեր», ծնթ.]» (Հոբ 1։6; 2։1; 38։7; 2Օր 33։2)։
Հրեշտակները չեն կարող ամուսնանալ և սերունդ առաջ բերել։ Նրանցից յուրաքանչյուրը ստեղծվել է Եհովայի կողմից նրա առաջնեկ Որդու միջոցով, ով «Աստծու առաջին ստեղծագործությունն» է (Մթ 22։30; Հտն 3։14)։ «[Առաջնեկ Որդու՝ Խոսքի] մասնակցությամբ ստեղծվեցին երկնքում ու երկրի վրա եղող մնացած ամեն բան՝ տեսանելի և անտեսանելի.... Նա մնացած ամեն ինչից առաջ է եղել, և այդ բոլորը նրա միջոցով են սկսել գոյություն ունենալ» (Կղ 1։15-17; Հվ 1։1-3)։ Հրեշտակները ստեղծվել են մարդու արարումից երկար ժամանակ առաջ, քանի որ «երկրի հիմքը» գցվելիս «միասին ուրախ բացականչում էին առավոտյան աստղերը, և բարձրագոչ ձայնով գովաբանություն էին անում Աստծու բոլոր որդիները» (Հոբ 38։4-7)։
Ինչ վերաբերում է հրեշտակների թվին, Դանիելը տեսիլքում տեսավ, որ «հազար հազարավորներ ծառայում էին [Աստծուն], և բյուր բյուրավորներ կանգնած էին նրա առաջ» (Դն 7։10; Եբ 12։22; Հդ 14)։
Իշխանություն և դիրք։ Ինչպես տեսանելի ստեղծվածները, այնպես էլ անտեսանելի ոլորտում բնակվող հրեշտակները տարբեր դիրքեր են զբաղեցնում։ Գլխավոր հրեշտակը, ով շատ ավելի մեծ զորությամբ ու իշխանությամբ է օժտված, Միքայել հրեշտակապետն է (Դն 10։13, 21; 12։1; Հդ 9; Հտն 12։7; տես ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ; ՄԻՔԱՅԵԼ, № 1)։ Քանի որ նա մյուս հրեշտակներին գերազանցում է իր դիրքով ու կոչվում է «մեծ իշխան.... որը կանգնած է [Աստծու] ժողովրդի թիկունքին», ենթադրվում է, որ նա է այն հրեշտակը, ով առաջնորդում էր Իսրայելին անապատում (Ելք 23։20-23)։ Հրեշտակների մեջ շատ բարձր դիրք են զբաղեցնում սերովբեները, որոնք ունեն հատուկ պատասխանատվություններ ու շատ պատվավոր են (Ես 6։2, 6; տես ՍԵՐՈՎԲԵՆԵՐ)։ Աստվածաշնչում ավելի հաճախ (մոտ 90 անգամ) նշվում է քերովբեների մասին։ Նրանց պարտականությունների ու պատասխանատվությունների մասին նկարագրությունից երևում է, որ նրանք նույնպես հատուկ դիրք ունեն հրեշտակների մեջ (Ծն 3։24; Եզ 10։1-22; տես ՔԵՐՈՎԲԵ)։ Կան նաև բազմաթիվ պատգամաբեր-հրեշտակներ, որոնց միջոցով Աստված հաղորդակցվում էր մարդկանց հետ։ Սակայն նրանք միայն պատգամներ չէ, որ փոխանցում էին։ Գործելով Բարձրյալ Աստծու անունից և նրա լիազորությամբ՝ այդ հրեշտակները իրագործում էին նրա նպատակը՝ պաշտպանում ու ազատում էին նրա ժողովրդին և կործանում չարագործներին (Ծն 19։1-26)։
Անձեր։ Ոմանք կարծում են, թե հրեշտակները ոչ թե անձ են, այլ անդեմ ուժ, որ Աստված ուղարկում է իր կամքն իրագործելու համար։ Բայց Աստվածաշունչը այլ բան է սովորեցնում։ Այն, որ նրանք անուն ունեն, ցույց է տալիս, որ նրանցից յուրաքանչյուրը առանձին անհատականություն է։ Օրինակ՝ մեզ հայտնի են երկու հրեշտակների անուններ՝ Միքայել և Գաբրիել (Դն 12։1; Ղկ 1։26)։ Ուրիշ հրեշտակների անուններ հիշատակված չեն, որպեսզի մարդիկ չպաշտեն ու անհարկի պատիվ չտան նրանց։ Աստված ուղարկում էր հրեշտակներին, որ նրանք գործեին իր անունից, ոչ թե իրենց։ Այդ պատճառով, երբ Հակոբը հրեշտակին հարցրեց, թե ինչ է նրա անունը, նա չհայտնեց այն (Ծն 32։29)։ Իսկ երբ Հեսուն իր առջև կանգնած հրեշտակին հարցրեց, թե ով է նա, վերջինս միայն ասաց, որ «Եհովայի զորքերի իշխանն» է (Հս 5։14)։ Երբ Սամսոնի ծնողները ցանկացան իմանալ հրեշտակի անունը, նա Սամսոնի հորն ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը։ Այն սքանչելի է» (Դտ 13։17, 18)։ Հովհաննես առաքյալը երկու անգամ փորձեց երկրպագել հրեշտակի և երկու անգամն էլ նկատողություն ստացավ. «Մի՛ արա այդ բանը։ Զգո՛ւյշ եղիր.... Աստծո՛ւն երկրպագիր» (Հտն 19։10; 22։8, 9)։
Լինելով անձ՝ հրեշտակները կարող են հաղորդակցվել միմյանց հետ (1Կթ 13։1), խոսել մարդկանց լեզուներով (Թվ 22։32-35; Դն 4։23; Գրծ 10։3-7)։ Նրանք օժտված են մտածելու ունակությամբ, ինչի շնորհիվ փառաբանում ու գովաբանում են Եհովային (Սղ 148։2; Ղկ 2։13)։ Հրեշտակները սեռ չունեն, բայց պատճառը ոչ թե այն է, որ նրանք անդեմ ուժ են, այլ որ Եհովան է նրանց այդպես ստեղծել։ Սովորաբար հրեշտակները ներկայացվում են որպես արական սեռի անձինք, ճիշտ ինչպես Աստված և նրա Որդին են ներկայացվում որպես այդպիսիք։ Մարմնավորվելիս էլ նրանք միշտ տղամարդու կերպարանք էին ստանում։ Երբ Նոյի օրերում մարդկային մարմին հագած որոշ հրեշտակներ սեռական հարաբերություններ ունեցան կանանց հետ, Եհովան նրանց վռնդեց երկնային գավիթներից։ Դա ցույց է տալիս, որ հրեշտակները անհատականություն են, քանի որ մարդկանց պես նրանք էլ ունեն ազատ կամք և անձամբ կարող են որոշել՝ ճիշտ վարվել, թե սխալ (Ծն 6։2, 4; 2Պտ 2։4)։ Բազմաթիվ հրեշտակներ իրենց կամքով միացան Սատանային և ըմբոստացան Աստծու դեմ (Հտն 12։7-9; Մթ 25։41)։
Ունակություններն ու ստանձնած հանձնարարությունները։ Երբ Աստված մարդուն ստեղծեց, «հրեշտակներից նրան փոքր-ինչ ցածրացրեց» (Եբ 2։7)։ Դա նշանակում է, որ հրեշտակների մտավոր ունակություններն ավելի բարձր են, քան մարդունը։ Նրանք նաև գերմարդկային զորություն ունեն։ Աստծու Խոսքում կարդում ենք. «Գովաբանեք Եհովային, ո՛վ նրա հրեշտակներ, որ հզոր ուժ ունեք, որ հնազանդվում եք նրա ձայնին ու նրա խոսքը կատարում եք»։ Այն, որ հրեշտակներն ունեն գիտելիքների հսկայական պաշար և մեծ զորություն, ակնհայտ դարձավ, երբ երկու հրեշտակներ ծծմբով ու կրակով կործանեցին Սոդոմն ու Գոմորը։ Իսկ մի ուրիշ անգամ ընդամենը մեկ հրեշտակ ասորեստանցիների բանակում 185 000 հոգու սպանեց (Սղ 103։20; Ծն 19։13, 24; 2Թգ 19։35)։
Հրեշտակները կարող են սլանալ ահռելի արագությամբ՝ գերազանցելով ֆիզիկական աշխարհում հնարավոր ցանկացած արագություն։ Օրինակ՝ երբ Դանիելը աղոթում էր, Աստված մի հրեշտակ ուղարկեց, որ պատասխանի նրա աղոթքին։ Հրեշտակը տեղ հասավ ընդամենը մի քանի ակնթարթում, երբ Դանիելը դեռ չէր էլ ավարտել իր աղոթքը (Դն 9։20-23)։
Թեև հրեշտակները օժտված են զարմանալի մտավոր ունակություններով և հզոր էակներ են, սակայն որոշակի սահմանափակումներ ունեն։ Հիսուսն ասաց, որ նրանք չգիտեն աշխարհի վախճանի «օրն ու ժամը» (Մթ 24։36)։ Ճիշտ է, նրանք փափագում են հասկանալ, թե ինչպես են իրականանալու Եհովայի նպատակները, սակայն կան բաներ, որ նրանց հայտնի չեն (1Պտ 1։12)։ Հրեշտակները ուրախանում են, երբ մեղսագործը զղջում է, նաև ուշադրությամբ հետևում են «թատերական ներկայացմանը»՝ այս աշխարհում ճշմարիտ քրիստոնյաների գործունեությանը։ Բացի այդ՝ նրանք տեսնում են քրիստոնյա կանանց լավ օրինակը, որոնք, ի նշան հնազանդության, ծածկում են իրենց գլուխը (Ղկ 15։10; 1Կթ 4։9; 11։10; տես ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ, «Թագավորության ժառանգներին անմահություն է շնորհվում»)։
Լինելով Եհովայի ծառաները՝ հրեշտակները դարերի ընթացքում բազմաթիվ պատվավոր հանձնարարություններ են ստանձնել։ Իրենց ծառայությամբ նրանք օգտակար են եղել Աբրահամին, Հակոբին, Մովսեսին, Հեսուին, Եսայիային, Դանիելին, Զաքարիային, Պետրոսին, Պողոսին, Հովհաննեսին և ուրիշներին (Ծն 22։11; 31։11; Հս 5։14, 15; Ես 6։6, 7; Դն 6։22; Զք 1։9; Գրծ 5։19, 20; 7։35; 12։7, 8; 27։23, 24; Հտն 1։1)։ Նրանց հայտնած խոսքերը գրվել են Աստվածաշնչում։ «Հայտնություն» գրքում հրեշտակների մասին ավելի շատ է հիշատակվում, քան աստվածաշնչյան որևէ այլ գրքում։ Ահա այնտեղ նկարագրված տեսարաններից մի քանիսը. անթիվ-անհամար հրեշտակներ կանգնած են Եհովայի մեծ գահի շուրջը, յոթ հրեշտակներ յոթ շեփորներ են փչում, ուրիշ յոթ հրեշտակներ երկրի վրա թափում են Աստծու բարկությունը, որ լցված է յոթ թասերի մեջ, մի հրեշտակ, որ թռչում է երկնքում, «հավիտենական բարի լուր է ազդարարում», իսկ մեկ ուրիշը ասում է՝ «Ընկա՜վ Մեծ Բաբելոնը» (Հտն 5։11; 7։11; 8։6; 14։6, 8; 16։1)։
Աջակցություն Քրիստոսին և նրա հետևորդներին։ Հիսուսի երկրային կյանքի սկզբից մինչև վերջ Աստծու սուրբ հրեշտակները մեծ հետաքրքրությամբ հետևում էին նրան։ Նրանք Մարիամին հայտնեցին Հիսուսով հղիանալու մասին լուրը, ինչպես նաև ավետեցին Հիսուսի ծնունդը և ծառայեցին նրան այն բանից հետո, երբ նա 40 օր ծոմ պահեց։ Մի հրեշտակ զորացրեց Հիսուսին, երբ նա իր երկրային կյանքի վերջին գիշերը աղոթում էր Գեթսեմանի պարտեզում։ Երբ ամբոխը եկավ՝ նրան ձերբակալելու, նա կարող էր խնդրել իր Հորը, որ առնվազն 12 լեգեոն հրեշտակ ուղարկի՝ իրեն օգնելու։ Հրեշտակները նաև հայտնեցին Հիսուսի հարության մասին և ներկա էին, երբ նա երկինք էր համբարձվում (Մթ 4։11; 26։53; 28։5-7; Ղկ 1։30, 31; 2։10, 11; 22։43; Գրծ 1։10, 11)։
Դրանից հետո ոգեղեն պատգամաբերները շարունակեցին ծառայել Աստծու երկրային ծառաներին, ինչպես որ խոստացել էր Հիսուսը։ Նա ասել էր. «Ոչ մի դեպքում չարհամարհեք այս խոնարհամիտներից որևէ մեկին, որովհետև նրանց մասին հոգ են տանում հրեշտակները, ովքեր միշտ տեսնում են իմ երկնային Հոր երեսը» (Մթ 18։10)։ Նաև կարդում ենք. «Չէ՞ որ նրանք բոլորն էլ Աստծուն սուրբ ծառայություն մատուցող ոգիներ են, որ ուղարկվում են օգնելու նրանց, ում նա փրկելու է» (Եբ 1։14)։ Այսօր, սակայն, այս զորեղ հրեշտակները տեսանելի կերպով չեն հայտնվում, որ օգնեն Եհովայի երկրային ծառաներին, ինչպես արեցին առաքյալներին բանտից ազատելիս։ Այդուհանդերձ, Աստծու ծառաներին հավաստիացում է տրվել, որ այդ անտեսանելի զորքերը միշտ իրենց կողքին կլինեն ու կպաշտպանեն իրենց։ Դրանք նույնքան իրական են, որքան հրեշտակների այն զորքը, որ գտնվում էր Եղիսե մարգարեի ու նրա ծառայի շուրջը։ Աստվածաշնչում ասվում է. «Նա կհրամայի իր հրեշտակներին, որ պահպանեն քեզ քո ամեն քայլափոխին»։ Այո՛, «Եհովայի հրեշտակը Նրանից վախեցողներին պաշտպանում է և նրանց փրկում է» (Սղ 91։11; 34։7; Գրծ 5։19; 2Թգ 6։15-17)։
Աստվածաշունչն ասում է, որ հրեշտակները Հիսուս Քրիստոսի հետ կլինեն, երբ նա «ցորենը» առանձնացնի «որոմներից» և երբ «ոչխարներին» զատի «այծերից»։ Բացի այդ՝ ասվում է, որ երբ երկնքում ծնվեց Աստծու թագավորությունը, և Միքայելը պատերազմեց վիշապի ու նրա դևերի դեմ, հրեշտակները նրա հետ էին։ Նրանք նաև կաջակցեն թագավորների Թագավորին, երբ նա մղի այն պատերազմը, որը տեղի է ունենալու Ամենակարող Աստծու մեծ օրը (Մթ 13։41; 25։31-33; Հտն 12։7-10; 19։14-16)։