ԵՐԿԻՐ
Արեգակնային համակարգի՝ մեծությամբ հինգերորդ մոլորակը և Արեգակից հեռավորությամբ երրորդ մոլորակը։ Երկիրը լիովին գնդաձև չէ. բևեռներում այն փոքր-ինչ սեղմված է։ Արբանյակային դիտումների արդյունքում նկատվել են Երկրի գնդաձևության այլ աննշան շեղումներ։ Երկրի զանգվածը մոտ 5,98 × 1024 կգ է (13,18 × 1024 ֆունտ), մակերեսը՝ մոտ 510 000 000 կմ2 (197 000 000 մղ2)։ Երկրի մոտավոր չափերն են՝ հասարակածի երկարությունը՝ ավելի քան 40 000 կմ (24 900 մղ), իսկ հասարակածային տրամագիծը՝ 12 750 կմ (7 920 մղ)։ Օվկիանոսներն ու ծովերը զբաղեցնում են Երկրի մակերևույթի մոտ 71 տոկոսը։ Ցամաքը մոտ 149 000 000 կմ2 է (57 500 000 մղ2)։
Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, ինչով պայմանավորված է ցերեկվա ու գիշերվա հերթափոխությունը (Ծն 1։4, 5)։ Արեգակնային օրը 24 ժամ տևողություն ունեցող ժամանակահատված է։ Հենց այդքան ժամանակ պետք է անցնի, որ Երկրի ցանկացած կետում գտնվող դիտորդի նկատմամբ Արեգակը վերադառնա նույն դիրքին։ Արևադարձային տարին, այսինքն՝ տարվա եղանակների մեկ լրիվ հերթափոխությունը, իրար հաջորդող երկու գարնանային գիշերահավասարների միջև ընկած ժամանակահատվածն է, որի միջին տևողությունը 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան է։ Հաշվարկման այս համակարգը հիմք է ծառայել արեգակնային օրացույցի ստեղծման համար։ Քանի որ այս համակարգով սահմանված տարվա օրերի քանակը ամբողջ թիվ չէ, ճշգրիտ օրացույց կազմելու հարցում շատ դժվարություններ են եղել։
Երկրի առանցքի թեքությունը իր ուղեծրի հարթությանը տարված ուղղահայացի հետ կազմում է 23° 27′ անկյուն։ Գիրոսկոպային սկզբունքի շնորհիվ Երկրի պտտման առանցքը աստղերի նկատմամբ հիմնականում նույն ուղղության վրա է մնում՝ անկախ Արեգակի շուրջը իր ուղեծրում գտնվելու կետից։ Երկրի առանցքի այդ թեքության շնորհիվ տեղի է ունենում տարվա եղանակների փոփոխությունը։
Երկրի մթնոլորտը, որը հիմնականում բաղկացած է ազոտից, թթվածնից, ջրային գոլորշուց և այլ գազերից, տարածվում է Երկրի մակերևույթից դեպի վեր ավելի քան 960 կմ (600 մղ)։ Դրանից այն կողմ տիեզերական տարածությունն է։
Աստվածաշնչում օգտագործված բառերը և դրանց նշանակությունը։ Եբրայերեն Գրվածքներում Երկիր մոլորակի վերաբերյալ գործածվել է էրեց բառը։ Այն ունի հետևյալ իմաստները՝ 1) երկիր, երբ հակադրվում է երկնքին (Ծն 1։2), 2) որևէ ժողովրդի բնակության վայր՝ տարածք (Ծն 10։10), 3) երկրագնդի ցամաք մակերևույթ (Ծն 1։26), 4) երկրագնդի բնակչություն, մարդկություն (Ծն 18։25)։
Ադամա բառը թարգմանվել է «հող», «երկիր» բառերով և նշանակում է 1) մշակված հող, որը բերք է տալիս (Ծն 3։23), 2) հողատարածք, սեփական հող (Ծն 47։18), 3) երկրի երեսը ծածկող փուխր, փոշիանման նյութ (Եր 14։4; 1Սմ 4։12), 4) երկրակեղևի վերին շերտ, գետին (Ծն 1։25), 5) երկիր, ժողովրդի բնակության վայր (Ղև 20։24), 6) ողջ երկիր, բնակեցված երկիր (Ծն 12։3)։ Ենթադրվում է, որ ադամա բառը ստուգաբանորեն կապ ունի ադամ բառի հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ առաջին մարդը՝ Ադամը, հողից էր ստեղծվել (Ծն 2։7)։
Հունարեն Գրվածքներում գործածված գե բառը վերաբերում է հերկելի, մշակելի հողին (Մթ 13։5, 8)։ Այդ բառը գործածվում է նաև հետևյալ իմաստներով՝ երկիր՝ այն, ինչից վերցվել էր Ադամի կազմավորման հումքը (1Կթ 15։47), երկրագունդ (Մթ 5։18, 35; 6։19), երկիր՝ որպես մարդկանց ու կենդանիների բնակության վայր (Ղկ 21։35; Գրծ 8։33; 10։12, ԱԹ; 11։6, ԱԹ; 17։26; Հտն 14։3), որևէ ժողովրդի բնակության վայր՝ երկիր՝ տարածք (Ղկ 4։25; Մթ 2։6), գետին, հող (Մթ 10։29; Մկ 4։26), ցամաք, ափ, երբ հակադրվում է ծովին կամ ջրերին (Հվ 21։8, 9, 11; Մկ 4։1)։
Օյկումենե բառը, որը «Արարատ» թարգմանությունում թարգմանված է «աշխարհ» (որոշ համարներում՝ «տիեզերք»), ունի «բնակեցված երկիր» նշանակությունը (Ղկ 2։1, ծնթ.; Եբ 2։5, ծնթ.)։
Վերոհիշյալ դեպքերից յուրաքանչյուրի պարագայում բնագրի լեզվում գործածված բառաձևը և հատկապես համատեքստն են օգնում հասկանալու, թե որ իմաստով են գործածված բնագրային բառերը։
Եբրայեցիները Երկիրը բաժանում էին չորս հատվածների՝ ըստ հորիզոնի չորս կողմերի։ Եբրայերեն բնագրում գործածված «առաջ», «առջև» բառերը նաև նշանակում են «արևելք» և երբեմն այդպես էլ թարգմանվել են (Ծն 12։8), «հետևում» բնագրային բառը՝ «արևմուտք» (Ես 9։12), «աջ կողմ» արտահայտությունը՝ «հարավ» (1Սմ 23։24), իսկ «ձախ» բառը՝ «հյուսիս» (Հոբ 23։8, 9)։ Բացի այդ՝ եբրայերենում «արևելք» բառի փոխարեն երբեմն կիրառվել է «արևածագ» բառը (Զք 14։4, ծնթ.), իսկ «արևմուտք» բառի փոխարեն՝ «մայրամուտ», «արևամուտ» բառերը (Սղ 113։3; Մղք 1։11)։ Աշխարհի հիմնական կողմերը նշելու համար գործածվել են նաև աշխարհագրական օբյեկտներ։ Քանի որ Պաղեստինի գրեթե ողջ արևմտյան սահմանն անցնում էր Միջերկրական ծովի ափով, «ծով» բառը երբեմն կիրառվել է արևմուտքը մատնանշելու համար (Թվ 34։6)։
Արարումը։ Երկիր մոլորակի արարումը Աստվածաշնչում շատ պարզ խոսքերով է ներկայացված. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծն 1։1)։ Այնտեղ չի նշվում, թե որքան ժամանակ առաջ են ստեղծվել Երկիր մոլորակը և աստղազարդ երկինքը։ Ուստի աստվածաշնչագետները որևէ հիմք չունեն կասկածի ենթարկելու Երկրի տարիքի վերաբերյալ գիտական հաշվարկները։ Գիտնականները որոշ ապարների տարիքը գնահատում են 3,5 միլիարդ տարի, իսկ Երկրի տարիքը՝ 4-4,5 միլիարդ տարի կամ ավելի շատ։
Ինչ վերաբերում է ժամանակագրական տվյալներին, Աստվածաշնչում կոնկրետ ժամանակ նշվում է «Ծննդոց» գրքի՝ արարչագործական վեց օրերի մասին արձանագրության մեջ։ Սակայն այդ օրերը վերաբերում են ոչ թե հենց Երկրի, այսինքն՝ դրա մատերիայի արարմանը, այլ մարդկանց բնակության համար այն պատրաստելուն։
Աստվածաշունչը չի հայտնում՝ արդյոք Աստված որևէ այլ մոլորակի վրա կյանք ստեղծել է, թե ոչ։ Աստղագետներն ապացույց չեն գտել, որ ուրիշ մոլորակի վրա կյանք գոյություն ունի, ու ներկայումս, բացի Երկրից, նրանց հայտնի չէ մեկ այլ մոլորակ, որի վրա կան կյանքի գոյության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Նպատակը։ Ինչպես և մյուս ստեղծվածները, Երկիրը արարվել է Եհովայի կամքով (Հտն 4։11)։ Այն ստեղծվել է, որ առհավետ գոյություն ունենա (Սղ 78։69; 104։5; 119։90; Ժղ 1։4)։ Աստված իրեն ներկայացնում է որպես Մեկը, ով հստակ նպատակներ ունի, և ասում է, որ իր նպատակները անպայման կիրականանան (Ես 46։10; 55։11)։ Երկրի առնչությամբ իր նպատակը նա պարզորոշ ցույց տվեց, երբ առաջին մարդկային զույգին ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տնօրինեք այն։ Իշխանություն ունեցեք ծովի ձկների, երկնքի թևավոր արարածների ու երկրի բոլոր կենդանի արարածների վրա» (Ծն 1։28)։ Երկիրը և դրա վրա եղած ամեն բան անթերի էին ստեղծված։ Բոլոր անհրաժեշտ բաները ստեղծելուց հետո Եհովան տեսավ, որ դրանք «շատ լավ» են, ու «սկսեց հանգստանալ», այսինքն՝ դադարեց Երկրի վրա արարելուց (Ծն 1։31-2։2)։
Բարին ու չարը որոշելու ծառից չուտելու վերաբերյալ Աստծու պատվերից պարզ է դառնում, որ մարդը կարող էր հավիտյան ապրել Երկրի վրա (Ծն 2։17)։ Եհովան հավաստիացնում է, որ «երկրի վրա ցանքն ու բերքահավաքը, ցուրտն ու շոգը, ամառն ու ձմեռը, ցերեկն ու գիշերը երբեք չեն դադարի» (Ծն 8։22), և որ ինքը այլևս ոչ մի շնչավոր էակի չի կործանի ջրհեղեղով (Ծն 9։12-16)։ Եհովան ասում է, որ զուր տեղը չի արարել Երկիրը, այլ այն տվել է մարդկանց որպես բնակության վայր։ Նա նաև խոստանում է, որ մահն ի վերջո կվերանա։ Այսպիսով՝ Երկրի առնչությամբ Աստծու նպատակն է, որ այն բնակեցված լինի կատարյալ ու երջանիկ մարդկանցով, որոնք կապրեն հավիտյան (Սղ 37։11; 115։16; Ես 45։18; Հտն 21։3, 4)։
Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ հենց դա է Եհովա Աստծու նպատակը, որը սուրբ է նրա համար ու երբեք չի խափանվի։ Այնտեղ գրված է. «Նախքան յոթերորդ օրը Աստված ավարտեց այն աշխատանքը, որ անում էր.... Աստված օրհնեց յոթերորդ օրը և այն սուրբ հայտարարեց, որովհետև այդ օրը սկսեց հանգստանալ իր ողջ ստեղծագործ աշխատանքից, որ արել էր իր նպատակի համաձայն» (Ծն 2։2, 3)։ Ի տարբերություն արարչագործական մյուս վեց օրերի՝ «Ծննդոց» գրքում յոթերորդ օրվա՝ հանգստի օրվա մասին չի ասվում, որ այն ավարտվել է։ Պողոս առաքյալը բացատրեց, որ Աստծու հանգստի օրը շարունակվել է Իսրայելի ողջ պատմության ընթացքում, որ իր օրերում այն ընթացքի մեջ էր և դեռ չէր ավարտվել (Եբ 3։7-11; 4։3-9)։ Աստված յոթերորդ օրը սուրբ հայտարարեց։ Յոթերորդ օրվա ընթացքում նա ամբողջությամբ կիրագործի Երկրի առնչությամբ իր նպատակը, և այդ օրը կարիք չի լինի նոր բաներ արարելու Երկրի վրա։
Աստվածաշունչը ներդաշնակ է գիտական փաստերին։ Հոբ 26։7-ում ասվում է, որ Աստված «երկիրը կախել է ոչնչից»։ Ըստ գիտնականների՝ Երկիրը իր ուղեծրում մնում է գլխավորապես ձգողության ու կենտրոնախույս ուժերի համատեղ ազդեցության շնորհիվ։ Քանի որ այդ ուժերը անտեսանելի են, Երկիրը երկնային այլ մարմինների պես տիեզերքում ասես «կախված է ոչնչից»։ Խոսելով Եհովայի մասին՝ Եսայիա մարգարեն, սուրբ ոգով ներշնչված, գրեց. «Կա մեկը, որ բնակվում է երկրի շրջանից վերև, նրա համար երկրի բնակիչները ասես մորեխներ լինեն» (Ես 40։22)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ Աստված «ջրերի երեսին շրջան է գծագրում» (Հոբ 26։10, ծնթ.)։ Նա սահման է դրել ջրերի համար. դրանք չեն անցնում այդ սահմանը, չեն հեղեղում երկիրը և ոչ էլ բարձրանում են տիեզերք (Հոբ 38։8-11)։ Եհովայի դիտանկյունից Երկրի մակերևույթը, կամ՝ «ջրերի երեսը», շրջանաձև է, ինչպես որ մարդու աչքին Լուսինն է շրջանաձև։ Նախքան ցամաքի հայտնվելը ողջ երկրագնդի մակերևույթը ծածկված էր ջրով և նման էր ալեկոծվող ջրերի շրջանաձև (գնդաձև) զանգվածի (Ծն 1։2)։
Աստվածաշունչը գրողները հաճախ խոսում էին Երկրի վրա կամ աշխարհագրական կոնկրետ վայրում գտնվող մարդու տեսանկյունից, ինչպես որ մենք ենք սովորաբար անում այսօր։ Օրինակ՝ Աստվածաշնչում խոսվում է «արևածագի» մասին (Ելք 38։13; Թվ 2։3)։ Որոշ մարդիկ կառչում են այդ բառից՝ ցանկանալով հեղինակազրկել Սուրբ Գիրքը և ցույց տալ, որ գիտական տեսանկյունից այն ճշգրիտ չէ։ Նրանք ասում են, թե եբրայեցիները հավատում էին, որ Երկիրը տիեզերքի կենտրոնն է, իսկ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը։ Բայց Աստվածաշունչը գրողները այդպիսի կարծիք չեն արտահայտել։ Այդ նույն քննադատներն անտեսում են այն փաստը, որ իրենք էլ առօրյայում գործածում են նման բառեր ու արտահայտություններ, այդ թվում՝ իրենց բոլոր օրացույցներում։ Մարդիկ հաճախ ասում են՝ «Արևը ծագում է», «Արևը մայր է մտնում», «Արևը թեքվում է»։ Աստվածաշնչում նաև հանդիպում են այսպիսի արտահայտություններ՝ «երկրով մեկ» (Սղ 46։9), «երկրի բոլոր ծայրեր» (Սղ 22։27), «երկրի չորս ծայրեր» (Ես 11։12), «երկրի չորս անկյուններ», «երկրի չորս քամիներ» (Հտն 7։1)։ Սակայն այդ արտահայտությունները հիմք չեն տալիս եզրակացնելու, թե եբրայեցիները Երկիրը քառակուսի էին համարում։ Չորս թիվը հաճախ մատնանշում է համապարփակություն։ Այսօր նույնպես մարդիկ հաճախ օգտագործում են «աշխարհի չորս կողմերը» կամ «աշխարհի ամեն անկյունը» արտահայտությունները՝ նկատի ունենալով ողջ Երկիրը (հմմտ. Եզկ 1։15-17; Ղկ 13։29)։
Փոխաբերական ու խորհրդանշական արտահայտություններ։ Աստվածաշնչյան որոշ համարներում Երկրի մասին փոխաբերական լեզվով է խոսվում։ Հոբ 38։4-6 համարներում այն նմանեցվում է շինության։ Եհովան Հոբին հարցեր է տալիս Երկրի արարման ու կառուցվածքի մասին, որոնց վերջինս, անշուշտ, չի կարողանում պատասխանել։ Եհովան նաև փոխաբերական լեզու է գործածում նկարագրելու համար Երկրի պտույտի արդյունքը։ Նա ասում է. «Կերպարանափոխվում է երկիրը, ինչպես կնիքի տակ՝ կավը» (Հոբ 38։14)։ Աստվածաշնչյան ժամանակներում փաստաթղթերը կնքելու համար նախատեսված որոշ կնիքներ գլանակի տեսք ունեին, որոնց վրա փորագրված էր գրողին պատկանող նշանը։ Գլանակը գլորում էին փափուկ կավե գրվածքի կամ կավե ծրարի վրայով, ինչի արդյունքում կավի վրա դրոշմ էր մնում։ Նմանապես՝ արևածագին Երկրի մի հատվածը աստիճանաբար դուրս է գալիս գիշերվա խավարից, ու երբ արևի լույսը հետզհետե տարածվում է դրա մակերևույթի վրա, այն ձև ու գույն է ստանում։ Քանի որ երկինքը՝ Եհովայի նստավայրը, Երկրից բարձր է, փոխաբերական իմաստով ասվում է, որ Երկիրը Նրա ոտքերի պատվանդանն է (Սղ 103։11; Ես 55։9; 66։1; Մթ 5։35; Գրծ 7։49)։ Գերեզմանում գտնվողների մասին ասվում է, որ նրանք երկրի տակ են (Հտն 5։3)։
Պետրոս առաքյալը բառացի երկինքն ու երկիրը համեմատեց (2Պտ 3։5) խորհրդանշական երկնքի ու երկրի հետ (2Պտ 3։7)։ 7-րդ համարում հիշատակված «երկինքը» Եհովայի բնակության վայրը չէ, որտեղ գտնվում է նրա գահը, քանի որ նրա երկնային բնակավայրը չի կարող սասանվել։ Նույն համարում նշված «երկիրը» նույնպես բառացի Երկիր մոլորակը չէ, քանի որ Եհովան ասում է, որ ամուր հաստատել է այն (Սղ 78։69; 119։90)։ Սակայն Աստված նաև ասում է, որ կցնցի երկինքն ու երկիրը (Անգ 2։21; Եբ 12։26), որ երկինքն ու երկիրը կփախչեն իրենից, և որ նոր երկինք ու նոր երկիր կհաստատվեն (2Պտ 3։13; Հտն 20։11; 21։1)։ Ուստի ակնհայտ է, որ վերոնշյալ «երկինքն» ու «երկիրը» խորհրդանշական իմաստ ունեն, և այդ համարներում «երկիրը» վերաբերում է դրա վրա ապրող մարդկային հասարակությանը, ինչպես որ Սաղմոս 67։7-ում է (տես ԵՐԿԻՆՔ, Նոր երկինք ու նոր երկիր)։
«Երկիրը» խորհրդանշում է նաև մարդկային հասարակության ավելի հաստատուն, ավելի կայուն տարրերը։ Իսկ անհանդարտ, անկայուն տարրերը նմանեցվում են ալեկոծ ծովի (Ես 57։20; Հկ 1։6; Հդ 13; հմմտ. Հտն 12։16; 20։11; 21։1)։
Հովհաննես 3։31-ում ասվում է, որ վերևից եկողը վեր է նրանից, ով երկրից է (գե)։ Հունարեն էպիգեյոս (երկրային) բառը գործածվում է երկրային, ֆիզիկական բաների առնչությամբ, հատկապես երբ հակադրվում է երկնային բաներին և երբ մատնացույց է անում դրանց ցածրորակությունը ու ավելի կոշտ նյութից կազմված լինելը։ Մարդը հողեղեն արարած է (2Կթ 5։1; հմմտ. 1Կթ 15։46-49)։ Այդուհանդերձ, նա կարող է հաճեցնել Աստծուն, եթե «հոգևոր» կյանքով ապրի՝ առաջնորդվի նրա Խոսքով ու ոգով (1Կթ 2։12, 15, 16; Եբ 12։9)։ Քանի որ մարդիկ մեղավոր են ու հակված են նյութականը վեր դասելու հոգևորից (Ծն 8։21; 1Կթ 2։14), «երկրային» բառը երբեմն կարող է բացասական երանգ ունենալ և նշանակել «ապականված» կամ «ոգուն հակառակ» (Փպ 3։19; Հկ 3։15)։