Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Ելք Եգիպտոսից»
  • Ելք Եգիպտոսից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ելք Եգիպտոսից
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի գիրք համար 2. Ելք
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • «Կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը»
    2007 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Ելից» գրքից
    2004 Դիտարան
  • ‘Եհովան իմ փրկությունն է’
    2006 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Ելք Եգիպտոսից»

ԵԼՔ ԵԳԻՊՏՈՍԻՑ

Եգիպտոսի ստրկությունից Իսրայելի ազգի ազատագրումը։ Այն բանից հետո, երբ Եհովան Աբրահամին խոստացավ (նախքան մ.թ.ա. 1933 թ.), որ նրա սերունդը ժառանգելու է Քանանը, ասաց. «Հաստատ իմացիր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն օտար երկրում, և այնտեղի ժողովուրդը կստրկացնի նրանց ու 400 տարի կչարչարի։ Բայց ես կդատեմ այն ազգին, որը կստրկացնի նրանց, և դրանից հետո նրանք դուրս կգան շատ բարիքներով.... Նրանք այստեղ կվերադառնան չորրորդ սերնդում, քանի որ ամորհացիների մեղքը դեռ չի հասել իր գագաթնակետին» (Ծն 15։13-16)։

Հստակ է, որ 400 տարվա չարչարանքը չէր սկսվելու, մինչև որ չհայտնվեր Աբրահամին խոստացված սերունդը։ Թեև Աբրահամն արդեն եղել էր Եգիպտոսում, երբ Քանանում սով էր, և որոշակի խնդիրներ էր ունեցել փարավոնի հետ, այդ ժամանակ նա դեռ անզավակ էր (Ծն 12։10-20)։ 400 տարվա չարչարանքի մասին Եհովայի ասած խոսքերից կարճ ժամանակ անց 86-ամյա Աբրահամը (մ.թ.ա. 1932 թ.) և նրա եգիպտացի աղախինն ու հարճը՝ Հագարը, որդի ունեցան, որի անունը Իսմայել դրեցին։ Սակայն 14 տարի անց (մ.թ.ա. 1918 թ.) Աբրահամի կին Սառան նրա համար մի որդի ծնեց՝ Իսահակին, և Աստված հայտնեց, որ հենց այդ որդու միջոցով է գալու խոստացված Սերունդը։ Այնուհանդերձ, դեռ չէր եկել Աստծու նշանակած ժամանակը, որ Աբրահամին ու նրա սերնդին տրվեր Քանանի երկիրը, այդ պատճառով նրանք, ինչպես որ մարգարեացվել էր, պանդուխտ էին «օտար երկրում» (Ծն 16։15, 16; 21։2-5; Եբ 11։13)։

Ե՞րբ է եղել Եգիպտոսից իսրայելացիների ելքը։ Ե՞րբ է սկսվել և ավարտվել 400 տարի տևած չարչարանքը։ Համաձայն հրեական ավանդության՝ հաշվարկը պետք է սկսել Իսահակի ծննդից։ Բայց փաստերը վկայում են, որ չարչարանքի առաջին դրսևորումը եղավ ավելի ուշ՝ այն օրը, երբ Իսահակին կաթից կտրեցին։ Չարչարանքը սկսվեց մ.թ.ա. 1913 թ.-ին, երբ Իսահակը մոտ 5 տարեկան էր, իսկ Իսմայելը՝ մոտ 19։ Այդ ժամանակ էր, որ Իսմայելը՝ «սովորական ծնվածը, սկսեց հալածել ոգու միջոցով ծնվածին» (Գղ 4։29)։ Նախանձից և ատելությունից դրդված՝ Իսմայելը, ով կիսով չափ եգիպտացի էր, սկսեց «ծաղրել» փոքրիկ Իսահակին, և դա պարզապես երեխայական անվնաս չարություն չէր (Ծն 21։9)։ Լինելով Աբրահամի սերունդը՝ Իսահակն իր ողջ կյանքի ընթացքում «չարչարվեց»։ Թեև Եհովան օրհնում էր Իսահակին, երբ վերջինս հասուն տղամարդ էր, սակայն Քանանի բնակիչները թշնամաբար էին վերաբերվում նրան և դժվարություններ էին ստեղծում, ինչի պատճառով նա ստիպված էր մի վայրից մյուսը տեղափոխվել (Ծն 26։19-24, 27)։ Ի վերջո, Իսահակի որդու՝ Հակոբի կյանքի արևամուտին Աբրահամի սերունդները տեղափոխվեցին Եգիպտոս, որտեղ ժամանակի ընթացքում ստրուկներ դարձան։

Ինչպե՞ս կարելի է Աստվածաշնչի օգնությամբ հաշվել Եգիպտոսից իսրայելացիների ելքի ժամանակը

Այսպիսով՝ չարչարանքի ժամանակահատվածը սկսվեց մ.թ.ա. 1913 թ.-ին և տևելով 400 տարի՝ ավարտվեց մ.թ.ա. 1513 թ.-ին։ Դա նաև մի ժամանակահատված էր, երբ Աստված գթասրտություն և համբերատարություն էր դրսևորում քանանացիների հանդեպ, որոնց գլխավոր ցեղը ամորհացիներն էին։ 400 տարվա ավարտին նրանց մեղքը հասնելու էր իր գագաթնակետին, և հստակ էր լինելու, որ նրանք արժանի են մեկընդմիշտ վռնդվելու իրենց երկրից։ Բայց նախքան ամորհացիներին երկրից վռնդելը Աստված ուշադրություն էր դարձնելու Եգիպտոսում գտնվող իր ժողովրդին՝ ազատելով ստրկությունից և նրանց համար ճանապարհ բացելով դեպի Խոստացված երկիր (Ծն 15։13-16)։

430 տարի տևած ժամանակահատված։ Եգիպտոսից իսրայելացիների ելքի ժամանակը կարելի է հաշվել նաև Ելք 12։40, 41 համարների օգնությամբ, որտեղ ասվում է. «Երբ իսրայելացիները դուրս էին գալիս Եգիպտոսից, այդ ժամանակ նրանք արդեն 430 տարի էր՝ օտարության մեջ էին։ Երբ ավարտվեցին 430 տարիները, հենց նույն օրը Եհովայի մեծաթիվ ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից»։ Եբրայերեն տեքստում 40-րդ համարը բառացի այսպես է շարադրված. «Իսրայելի որդիների բնակությունը, որ ապրել էին Եգիպտոսում, չորս հարյուր երեսուն տարի էր»։ «Ծանոթագրություններով Աստվածաշնչում» (անգլ.) 40-րդ համարի ծանոթագրության մեջ «որ ապրել էին» արտահայտության վերաբերյալ հետևյալն է ասվում. «Եբրայերենում այս բայը դրված է հոգնակի թվով։ Աշեր (որ) հարաբերական դերանունը վերաբերում է «Իսրայելի որդիներին», ոչ թե «բնակությանը»»։ Հունարեն «Յոթանասնից»-ում 40-րդ համարը այսպես է թարգմանված. «Իսրայելի որդիների բնակությունը Եգիպտոսում և Քանանի երկրում 430 տարի [էր]»։ Իսկ Սամարական Հնգամատյանում ասվում է. «.... Քանանի երկրում և Եգիպտոսում»։ Այս թարգմանություններից երևում է, որ 430 տարի տևած ժամանակահատվածում իսրայելացիները միայն Եգիպտոսում չէ, որ բնակվել էին։

Պողոս առաքյալը բացատրեց, որ 430 տարի տևած ժամանակահատվածը (Ելք 12։40) սկսվեց, երբ աբրահամական ուխտը ուժի մեջ մտավ, և ավարտվեց, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից։ Պողոսն ասաց. «Նախ Աստված Աբրահամի հետ կապեց այդ ուխտը, իսկ Օրենքը տրվեց հետո՝ 430 տարի անց [այն նույն տարի, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից], հետևաբար այն չի կարող անվավեր դարձնել ուխտը՝ չեղարկելով խոստումը.... Մինչդեռ խոստման հիման վրա էր, որ Աստված մեծահոգաբար այն տվեց Աբրահամին» (Գղ 3։16-18)։

Եվ ուրեմն որքա՞ն ժամանակ անցավ աբրահամական ուխտի ուժի մեջ մտնելուց մինչև իսրայելացիների՝ Եգիպտոս տեղափոխվելը։ Ծննդոց 12։4, 5-ում կարդում ենք, որ Աբրահամը 75 տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից և Քանան գնալու ճանապարհին անցավ Եփրատը (մ.թ.ա. 1943 թ.)։ Այդ ժամանակ էր, որ ուժի մեջ մտավ աբրահամական ուխտը՝ քաղդեացիների Ուր քաղաքում նրան տրված խոստումը։ Ծննդոց 12։4; 21։5; 25։26-ում նշված ծագումնաբանական տվյալներից և Ծննդոց 47։9-ում գրված Հակոբի խոսքերից պարզ է դառնում, որ աբրահամական ուխտի ուժի մեջ մտնելուց մինչև Հակոբի՝ ընտանիքով Եգիպտոս տեղափոխվելը անցել էր 215 տարի։ Հետևաբար իսրայելացիները Եգիպտոսում բնակվել են 215 տարի (մ.թ.ա. 1728-1513 թթ.)։ Դա ներդաշնակ է ժամանակագրական այլ տվյալներին։

Ելքից մինչև տաճարի շինարարությունը։ Երկու այլ ժամանակագրական տեղեկություններ նույնպես հիմնավորում են այն պնդումը, որ Եգիպտոսից իսրայելացիների ելքը տեղի է ունեցել մ.թ.ա. 1513-ին։ Սողոմոնը տաճարի շինարարությունը սկսեց իր իշխանության չորրորդ տարում (մ.թ.ա. 1034 թ.), և դա, ինչպես նշված է 1 Թագավորներ 6։1-ում, «իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալուց [մ.թ.ա. 1513 թ.] հետո 480-րդ տարին» էր։

«Մոտ 450 տարիներ»։ Բացի այդ՝ Գործեր 13։17-20-ում գրված է, որ երբ Պողոսը Պիսիդիայի Անտիոքում ելույթ ունեցավ, հիշատակեց մի ժամանակահատված, որը տևել էր «մոտ 450 տարիներ»։ Ներկայացնելով Իսրայելի ազգի պատմությունը՝ առաքյալը նախ անդրադարձավ այն ժամանակին, երբ Աստված «ընտրեց [նրանց] նախահայրերին», այսինքն՝ երբ ծնվեց խոստացված սերունդը՝ Իսահակը (մ.թ.ա. 1918 թ.)։ (Քանի դեռ Սառան ամուլ էր, անհայտ էր մնում, թե Աստված ում կընտրեր որպես սերունդ, սակայն Իսահակի ծննդով այդ հարցին պատասխան տրվեց)։ Այնուհետև Պողոսը պատմեց, թե Աստված ինչ գործեր արեց հանուն իր ընտրյալ ազգի մինչև այն ժամանակը, երբ «դատավորներ նշանակեց»։ Հետևաբար «մոտ 450 տարիներ» տևած ժամանակահատվածը ակներևաբար սկսվեց մ.թ.ա. 1918-ին, երբ ծնվեց Իսահակը, և ավարտվեց մ.թ.ա. 1467-ին՝ 46 տարի անց այն բանից հետո, երբ իսրայելացիները մ.թ.ա. 1513-ին դուրս եկան Եգիպտոսից (40 տարի ժողովուրդը դեգերեց անապատում և 6 տարվա ընթացքում նվաճեց Քանանը) (2Օր 2։7; Թվ 9։1; 13։1, 2, 6; Հս 14։6, 7, 10)։ Սա լիովին ներդաշնակ է առաքյալի նշած կլոր թվին (450)։ Այս երկու ժամանակագրական տվյալները ապացուցում են, որ Եգիպտոսից իսրայելացիների ելքը տեղի է ունեցել մ.թ.ա. 1513-ին, ինչը ներդաշնակ է Իսրայելի թագավորների և դատավորների վերաբերյալ աստվածաշնչյան ժամանակագրությանը (տես ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, «Մ.թ.ա. 1943-ից մինչև Եգիպտոսից իսրայելացիների ելքը»)։

Այլ կարծիքներ։ Որոշ քննադատներ կասկածում են, որ իսրայելացիները Եգիպտոսից դուրս են եկել մ.թ.ա. 1513-ին և Քանան են ներխուժել մ.թ.ա. 1473-ին՝ Եգիպտոսից դուրս գալուց 40 տարի անց, երբ Երիքովը անկում ապրեց։ Նրանք պնդում են, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել ավելի ուշ՝ մ.թ.ա. 14-րդ կամ նույնիսկ 13-րդ դարում։ Սակայն հնագետները Երիքովի անկումը վերագրում են մ.թ.ա. 13-րդ դարին՝ հիմնվելով ոչ թե հին պատմական փաստաթղթերի կամ վկայությունների, այլ գտնված կավե խեցիների ուսումնասիրության վրա։ Այդուհանդերձ, կավե խեցիների հիման վրա արված ժամանակի հաշվարկը շատ վիճելի է, ինչի մասին փաստում են Երիքովում կատարված հետազոտությունները։ Հնագետները խիստ տարակարծիք են այդ քաղաքում գտնված արտեֆակտների թվագրման և դրանց վերաբերյալ եզրահանգումների հարցում (տես ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, «Տարբերություններ թվագրումների միջև»; ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, «Հնագիտական թվագրումներ»)։

Նույն խնդրին են բախվում եգիպտաբանները։ Եգիպտական դինաստիաների ղեկավարման տարեթվերի վերաբերյալ նրանց վարկածները շատ հակասական են՝ երբեմն մի քանի դարերի տարբերությամբ, այնպես որ հնարավոր չէ կոնկրետ նշել, թե որ ժամանակաշրջանում որ դինաստիան է իշխել։ Այդ պատճառով այսօր հնարավոր է չէ հստակ ասել, թե որ փարավոնի օրոք է տեղի ունեցել Եգիպտոսից իսրայելացիների ելքը։ Ոմանք պնդում են, թե այն տեղի է ունեցել Թութմոս III-ի օրոք, ուրիշները՝ Ամենհոտեպ II-ի, իսկ մյուսները՝ Ռամզես II-ի օրոք, և այլն։ Սակայն դրանք ընդամենը ենթադրություններ են։

Եգիպտոսից իսրայելացիների ելքի մասին արձանագրության վավերականությունը։ Ոմանք կարծում են, թե Եգիպտոսից իսրայելացիների ելքի մասին աստվածաշնչյան պատմությունը հորինվածք է, քանի որ եգիպտական փարավոններից և ոչ մեկը իր արձանագրություններում չի հիշատակել այդ մասին։ Սակայն դա զարմանալի չէ, քանի որ անգամ ավելի ուշ ժամանակներում թագավորները արձանագրում էին միայն իրենց հաղթանակները և լռում էին իրենց պարտությունների մասին։ Նրանք հաճախ պատմության էջերից ջնջում էին այն ամենը, ինչը կարող էր բացասաբար անդրադառնալ իրենց հեղինակության և երկրի համբավի վրա, կամ ինչը կհակասեր այն գաղափարախոսությանը, որը նրանք փորձում էին արմատավորել իրենց հպատակների մեջ։ Նույնիսկ մեր օրերում ղեկավարները հաճախ փորձում են մոռացության մատնել իրենց նախորդների արածները և վարկաբեկել նրանց։ Եգիպտացիները չէին արձանագրում իրենց պատմության ամոթալի և տհաճ փաստերը կամ էլ հնարավորինս շուտ ջնջում էին իրենց համբավը արատավորող ցանկացած արձանագրություն։ Օրինակ՝ Թութմոս III-ը քարե պատի վրա փորագրված մակագրությունից ջնջել է իր նախորդի՝ Հաթշեփսուտ թագուհու անունն ու պատկերը։ Այդ մակագրությունը հայտնաբերվել է Դեյր էլ-Բահարիում (Եգիպտոս) (J. P. Free Archaeology and Bible History, 1964, էջ 98, տես նաև էջ 94-ի լուսանկարը)։

Մ.թ.ա. մոտ 280-ին եգիպտական քրմապետ Մանեթոնը, ով ըստ ամենայնի ատում էր հրեաներին, հունարենով գրի առավ Եգիպտոսի պատմությունը։ Հրեա պատմագիր Հովսեպոսն իր «Ընդդեմ Ապիոնի» աշխատությունում մեջբերել է Մանեթոնի գրվածքները, որտեղ վերջինս ասում է, որ հրեաների նախնիները «մեծ բազմությամբ եկել էին Եգիպտոս և ճնշել տեղի բնակիչներին», իսկ հետո «ընդունում է, որ որոշ ժամանակ անց նրանց տեղահանել էին, և նրանք գրավել էին այժմյան Հրեաստանը, որտեղ հիմնել էին Երուսաղեմ քաղաքը և կառուցել տաճարը» (Against Apion, I, 228 (26))։

Թեև Մանեթոնի արձանագրությունը պատմական աշխատություն չի համարվում, կարևոր է այն փաստը, որ նա նշել է, որ հրեաները ապրել են Եգիպտոսում և դուրս են եկել այնտեղից։ Նաև, ինչպես հայտնում է Հովսեպոսը, Մանեթոնը Մովսեսին նույնացրել է ոմն Օսարսիֆի՝ եգիպտական քրմի հետ։ Այդ ամենը ցույց է տալիս, որ հրեաները ապրել են Եգիպտոսում, և որ Մովսեսը նրանց առաջնորդն է եղել, թեև այդ մասին չի հիշատակվում եգիպտական աղբյուրներում։ Հովսեպոսը խոսում է մեկ ուրիշ եգիպտացի պատմիչի՝ Քերեմոնի մասին, ով պնդում էր, թե Հովսեփն ու Մովսեսը միաժամանակ են հեռացել Եգիպտոսից։ Ըստ Հովսեպոսի՝ նմանատիպ պատմություն շարադրել է նաև ոմն Լիսիմաքոսը (Against Apion, I, 228, 238 (26); 288, 290 (32); 299 (33); 304-311 (34))։

Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի թվաքանակը։ Ելք 12։37-ում ասվում է, որ Եգիպտոսից դուրս եկավ «մոտ 600 000 տղամարդ [եբր.՝ գևարիմ]՝ չհաշված երեխաներին»։ Թվեր 1։2, 3, 45, 46 համարներում հիշատակված մարդահամարի ժամանակ, որը տեղի ունեցավ Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալուց մոտ մեկ տարի անց, Իսրայելում 20 տարեկան և ավելի բարձր տարիքի 603 550 տղամարդ կար։ Այդ թվի մեջ չէին մտնում ղևտացիները (Թվ 2։32, 33), որոնցից 22 000-ը մեկ ամսական և ավելի բարձր տարիքի արական սեռի ղևտացիներ էին (Թվ 3։39)։ Եբրայերեն գևարիմ բառը չի գործածվում կանանց վերաբերյալ (հմմտ. Եր 30։6)։ «Երեխաներ» բառը թարգմանվել է եբրայերեն տաֆ բառից, որը մատնանշում է նրան, ով «մանրաքայլ» է գնում (հմմտ. Ես 3։16, ԱԱ)։ Այդ երեխաներից շատերին հավանաբար տանում էին գրկած կամ շալակած։ Համենայն դեպս նրանք չէին կարող ողջ ճանապարհը ոտքով գնալ։

«Չորրորդ սերնդում»։ Եհովան Աբրահամին ասել էր, որ չորրորդ սերնդում նրա հետնորդները վերադառնալու էին Քանան (Ծն 15։16)։ 430 տարիների ընթացքում՝ այն ժամանակից, երբ աբրահամական ուխտն ուժի մեջ մտավ, մինչև Եգիպտոսից իսրայելացիների ելքը, ավելի քան չորս սերունդ փոխվեց (դա այդպես է, անգամ եթե հաշվի առնենք այն փաստը, որ համաձայն Աստվածաշնչի՝ այդ ժամանակներում մարդիկ շատ երկար էին ապրում)։ Բայց հենց Եգիպտոսում իսրայելացիներն ապրեցին ընդամենը 215 տարի։ Եթե սերունդների հաշվարկը սկսենք այն ժամանակից, երբ իսրայելացիները մտան Եգիպտոս, դրանց թիվը կլինի չորս։ Դա կարելի է տեսնել Ղևիի ցեղի օրինակով՝ 1) Ղևի, 2) Կահաթ, 3) Ամրամ և 4) Մովսես (Ելք 6։16, 18, 20)։

Եգիպտոսից դուրս եկած տղամարդկանց թիվը 600 000 էր, ինչը նշանակում է, որ ողջ ժողովրդի, այդ թվում՝ կանանց ու երեխաների քանակը կարող էր երեք միլիոնից ավելի լինել։ Չնայած ոմանք վիճարկում են այդ թիվը, այն միանգամայն իրատեսական է։ Թեև Ղևիից մինչև Մովսեսը ընդամենը չորս սերունդ էր անցել, սակայն հաշվի առնելով, թե այդ ժամանակներում որքան էր կյանքի տևողությունը՝ յուրաքանչյուր տղամարդ իր կյանքի ընթացքում կարող էր տեսնել ոչ միայն իր երեխաների, այլև հաջորդ մի քանի սերունդների ծնունդը։ Նույնիսկ այսօր 60 կամ 70 տարեկան մարդիկ թոռներ և անգամ ծոռներ ունեն (այսինքն՝ չորս սերունդ ապրում է միաժամանակ)։

Արտասովոր աճ։ Աստվածաշնչում գրված է. «Իսրայելացիները շատ երեխաներ ունեցան, և նրանց թիվը խիստ աճեց։ Նրանք արտասովոր արագությամբ շատանում էին ու հզորանում, այնպես որ երկիրը նրանցով լցվեց» (Ելք 1։7)։ Ժողովուրդն այնքան շատացավ, որ փարավոնն ասաց. «Իսրայելացիները ավելի մեծաթիվ ու հզոր են, քան մենք»։ «Բայց որքան շատ էին ճնշում իսրայելացիներին, այնքան նրանք ավելի մեծաքանակ էին դառնում և ընդլայնում էին իրենց բնակության սահմանները, այնպես որ եգիպտացիները նրանց հանդեպ վախով ու ատելությամբ լցվեցին» (Ելք 1։9, 2)։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակ ընդունված էր բազմակնությունը, որ տղամարդիկ կարող էին հարճեր ունենալ, և որ իսրայելացիներից ոմանք ամուսնանում էին եգիպտուհիների հետ՝ հասկանալի է դառնում, թե ինչպես իսրայելացի տղամարդկանց թիվը կարող էր հասնել 600 000-ի։

Հակոբի տան բոլոր անդամները, որ եկան Եգիպտոս կամ ծնվեցին Հակոբի՝ այդ երկիր տեղափոխվելուց անմիջապես հետո, 70 հոգի էին (Ծն 46)։ Եթե այդ թվից հանենք Հակոբին, նրա 12 որդիներին, նրա դուստր Դինային, թոռնուհի Սերային, Ղևիի երեք որդիներին ու թերևս մի քանի այլ հոգու, ապա Եգիպտոսում երեխաներ ունեցող տոհմերի գլուխների թիվը դառնում է 50 (Ղևիի որդիները չեն հաշվվում, քանի որ հետագայում ղևտացիները չմտան 603 550 թվի մեջ)։ Այսպիսով՝ ենթադրենք, որ իսրայելացիներն ունեին ընդամենը 50 տոհմերի գլուխներ, և հաշվի առնենք հետևյալ խոսքերը. «Իսրայելացիները շատ երեխաներ ունեցան, և նրանց թիվը խիստ աճեց։ Նրանք արտասովոր արագությամբ շատանում էին ու հզորանում, այնպես որ երկիրը նրանցով լցվեց» (Ելք 1։7)։ Այս ամենն ի մտի ունենալով՝ դժվար չէ հաշվել, թե Եգիպտոսից իսրայելացիների ելքի ժամանակ զինվորական ծառայության համար պիտանի 20-50 տարեկան տղամարդկանց թիվը ինչպես կազմեց 600 000։ Ուշադրություն դարձնենք հետևյալին։

Հնում իսրայելացիները սովորաբար մեծ ընտանիքներ ունեին. նրանք ցանկանում էին երեխաներ ունենալ, որպեսզի իրագործեն Աստծու խոստումը։ Ուստի միանգամայն տրամաբանական է ընդունել, որ տոհմերի գլուխները (20-40 տարեկանում) ունեցել են միջինը 10 երեխա (նրանցից մոտ կեսը՝ տղաներ)։ Թվերը չչափազանցնելու համար ընդունենք նաև, որ այդ 50 տոհմերի գլուխները սկսել են երեխաներ ունենալ Եգիպտոս տեղափոխվելուց 25 տարի անց։ Եվս 20 տոկոսով պակասեցնենք այն ծնված տղաների թիվը, որոնք հետագայում հայր դարձան՝ հաշվի առնելով, որ նրանցից ոմանք գուցե մահանային, հետագայում անզավակ մնային որոշ հանգամանքների պատճառով կամ էլ նախքան 40 տարեկան դառնալը դադարեին երեխա ունենալ։ Ստացվում է, որ 20 տարվա ընթացքում առաջին 50 տոհմերի գլուխների ունեցած 250 որդիներից միայն 200-ը զավակներ ունեցան։

Փարավոնի հրամանը։ Հարկավոր է հաշվի առնել մեկ այլ գործոն՝ այն, որ փարավոնը հրամայեց սպանել բոլոր նորածին տղաներին։ Այդ հրամանը իր նպատակին չծառայեց և միայն կարճ ժամանակ գործեց։ Ահարոնը Մովսեսից մոտ երեք տարի առաջ էր ծնվել (մ.թ.ա. 1597 թ.), և այդ հրամանը թերևս դեռ չէր արձակվել։ Աստվածաշնչից հստակ երևում է, որ փարավոնի հրամանը մեծ հաջողություն չունեցավ։ Երկու եբրայեցի կանայք՝ Սեփրան և Փուան, ովքեր, ամենայն հավանականությամբ, գլխավոր մանկաբարձուհիներն էին, չհնազանդվեցին փարավոնի հրամանին, նաև, ըստ երևույթին, նորածիններին սպանելու հրահանգ չտվեցին իրենց ենթակա մանկաբարձուհիներին։ Արդյունքը եղավ այն, որ Իսրայելի ժողովուրդը «շատացավ ու հզորացավ»։ Այդ ժամանակ փարավոնը հրամայեց իր ողջ ժողովրդին, որ իսրայելացի ամեն նորածին տղայի Նեղոս գետը գցեն (Ելք 1։15-22)։ Բայց եգիպտացիներն ակներևաբար այն աստիճան չէին ատում եբրայեցիներին, որ սպանեին նրանց երեխաներին։ Անգամ փարավոնի դուստրը չհնազանդվեց նրա հրամանին ու փրկեց նորածին Մովսեսին։ Ավելին՝ փարավոնը, ըստ ամենայնի, շուտով եկավ այն եզրակացության, որ եթե իր հրամանը ուժի մեջ երկար մնա, մեծ աշխատուժ կկորցնի։ Ինչպես հայտնի է, հետագայում մեկ այլ փարավոն, վախենալով զրկվել իր ստրուկներից, չցանկացավ ազատ արձակել իսրայելացիներին, երբ նրանք պատրաստվում էին դուրս գալ Եգիպտոսից։

Այդուհանդերձ, թվերը չչափազանցնելու և փարավոնի արձակած հրամանի հավանական հետևանքը ցույց տալու համար կարող ենք մոտ մեկ երրորդով կրճատել հինգ տարվա ընթացքում ծնված բոլոր տղաներից ողջ մնացածների թիվը։

Մոտավոր հաշվարկ։ Նույնիսկ եթե հաշվի առնենք վերոնշյալ բոլոր գործոնները, միևնույն է, փաստն այն է, որ իսրայելացիների թիվը Աստծու օրհնությամբ շատ արագ էր աճում։ Յուրաքանչյուր հինգ տարվա ընթացքում ծնված տղա երեխաների թվի աճը՝ սկսած մ.թ.ա. 1563-ից (Եգիպտոսից դուրս գալուց 50 տարի առաջ) մինչև մ.թ.ա. 1533 թ. (Եգիպտոսից դուրս գալուց 20 տարի առաջ), այսպիսին կլիներ.

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՎԻ ԱՃԸ

մ.թ.ա.

ծնված տղա երեխաները

1563 թ.-ից մինչև 1558 թ.

47 350

1558 թ.-ից մինչև 1553 թ.

62 300

1553 թ.-ից մինչև 1548 թ.

81 800

1548 թ.-ից մինչև 1543 թ.

103 750

1543 թ.-ից մինչև 1538 թ.

133 200

1538 թ.-ից մինչև 1533 թ.

172 250

—

Ընդհանուր՝ 600 650  *

* 20-50 տարեկան տղամարդկանց ենթադրյալ թիվը Եգիպտոսից դուրս գալու ժամանակ (մ.թ.ա. 1513 թ.)

Հարկավոր է նշել, որ հաշվարկի մեջ անգամ չնչին փոփոխություն անելու դեպքում, օրինակ՝ յուրաքանչյուր տղամարդու ունեցած տղաների թիվը մեկով ավելացնելու դեպքում այդ թիվը կանցնի մեկ միլիոնը։

Մովսեսի առաջնորդությամբ քանի՞ մարդ դուրս եկավ Եգիպտոսից

Աստվածաշնչում նշված 600 000 տղամարդկանցից բացի՝ Եգիպտոսից դուրս եկան բազմաթիվ տարեցներ, է՛լ ավելի մեծ թվով կանայք ու երեխաներ, ինչպես նաև «մի խառը բազմություն» (Ելք 12։38)։ Դա նշանակում է, որ Եգիպտոսից հավանաբար ավելի քան երեք միլիոն մարդ դուրս եկավ։ Ահա թե ինչու փարավոնը չէր ցանկանում ազատ արձակել նրանց. նա կկորցներ ահռելի քանակությամբ ստրուկներ, ինչը մեծ վնաս կհասցներ երկրի տնտեսությանը։

Աստվածաշնչյան հետևյալ արձանագրությունը փաստում է, որ ժողովրդի մեջ իսկապես կային պատերազմի համար պիտանի մեծ թվով տղամարդիկ. «Մովաբացիները, տեսնելով, թե որքան մեծաթիվ են իսրայելացիները, շատ վախեցան նրանցից։ Նրանք հիվանդագին վախով լցվեցին իսրայելացիների հանդեպ» (Թվ 22։3)։ Ինչ խոսք, մովաբացիների վախի պատճառը մասամբ այն էր, որ նրանք գիտեին, թե Եհովան ինչ հրաշքներ էր արել Իսրայելի համար։ Բայց նրանց անհանգստացնում էր նաև իսրայելացիների մեծաքանակ լինելը։ Նրանք չէին վախենա, եթե իսրայելացիների թիվն ընդամենը մի քանի հազար լիներ։ Անապատում դեգերելու տարիներին իսրայելացիների թիվը գրեթե չփոխվեց, քանի որ նրանցից շատերը Աստծու հանդեպ անհավատարիմ լինելու պատճառով մահացան (Թվ 26։2-4, 51)։

Եգիպտոսից դուրս գալուց շատ չանցած՝ մարդահամար արվեց, որի ժամանակ ղևտացիները առանձին հաշվառվեցին։ Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր ղևտացիները 22 000 հոգի էին (Թվ 3։39)։ Ուստի հարց է ծագում. ինչո՞ւ մյուս 12 ցեղերում (միասին վերցված) մեկ ամսական և ավելի բարձր տարիքի ընդամենը 22 273 արու առաջնեկ կար (Թվ 3։43)։ Դա հեշտ է հասկանալ, եթե հիշենք, որ այդ թվի մեջ տոհմերի գլուխները չէին մտնում, որ տղամարդը բազմակնության պատճառով կարող էր ունենալ շատ որդիներ, բայց ընդամենը մեկ առաջնեկ, և որ առաջնեկ էր համարվում տղամարդու, ոչ թե կնոջ առաջին որդին։

Այլ փաստեր։ Եկավ ժամանակը, որ Աստված Իսրայելի ազգին ազատի Եգիպտոսի «թեժ հնոցից», ինչպես որ խոստացել էր Աբրահամին։ Այդ խոստումը հիմք էր ծառայում, որ Եհովան Իսրայելին իր առաջնեկը համարի։ Հակոբը իր ընտանիքով Եգիպտոս եկավ որպես ազատ մարդ, բայց հետագայում նրա սերունդները ստրուկներ դարձան։ Եհովան թանկ էր համարում իր առաջնեկին՝ Իսրայելի ժողովրդին, և օրինական իրավունք ուներ առանց որևէ գին վճարելու նրանց ազատել Եգիպտոսից (2Օր 4։20; 14։1, 2; Ելք 4։22; 19։5, 6)։

Փարավոնը ընդդիմացավ Եհովայի կամքին՝ չցանկանալով կորցնել ստրուկների այդ մեծ բանակը։ Ավելին, երբ Մովսեսը եկավ փարավոնի մոտ ու Եհովայի անունից խնդրեց թույլ տալ իսրայելացիներին, որ գնան և անապատում Եհովայի պատվին տոն նշեն, փարավոնն ասաց. «Եհովան ո՞վ է, որ հնազանդվեմ նրան և Իսրայելին թույլ տամ՝ գնա։ Ես Եհովային չե՛մ ճանաչում» (Ելք 5։2)։ Անշուշտ, փարավոնը բազմիցս լսել էր, որ եբրայեցիները գործածում էին Աստծու անունը, բայց նա ինքն իրեն էր աստված համարում ու չէր ընդունում Եհովայի իշխանությունը։ Եհովայի ժողովուրդն ի սկզբանե գիտեր իր Աստծու անունը. Աբրահամը Աստծուն դիմելիս գործածում էր նրա անձնանունը՝ Եհովա (Ծն 2։4; 15։2)։

Փարավոնի վերաբերմունքն ու պահվածքը առաջ քաշեցին այն հարցը, թե ով է ճշմարիտ Աստված։ Կարիք առաջացավ, որ Եհովա Աստված ցույց տա իր գերազանցությունը Եգիպտոսի աստվածների, այդ թվում՝ փարավոնի նկատմամբ, որին աստված էին համարում։ Եվ նա արեց դա՝ Եգիպտոսի վրա տասը պատուհաս բերելով, ինչի արդյունքում Իսրայելը ազատագրվեց (տես ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ԱՍՏՎԱԾՈՒՀԻՆԵՐ, «Տասը պատուհասները»)։ Այն գիշեր, երբ Աստված Եգիպտոսի վրա բերեց վերջին պատուհասը, և առաջնեկները սպանվեցին, Պասեքի ընթրիքն էր, և իսրայելացիները, իրենց տրված հրամանի համաձայն, պատրաստ էին դուրս գալու Եգիպտոսից։ Թեև իսրայելացիները արագ դուրս եկան, քանի որ եգիպտացիները շտապեցնում էին իրենց և ասում՝ «Մենք բոլորս կմեռնենք», նրանք դատարկաձեռն չհեռացան (Ելք 12։33)։ Իսրայելացիները վերցրին իրենց հոտերն ու նախիրները, իրենց պատրաստած խմորը, որի մեջ թթխմոր չէին ավելացրել, և խմորատաշտերը։ Բացի այդ՝ եգիպտացիներից խնդրեցին արծաթյա ու ոսկյա իրեր, ինչպես նաև հագուստներ, և նրանք տվեցին նրանց խնդրածը։ Սա ամենևին էլ չէր նշանակում, որ նրանք կողոպտեցին եգիպտացիներին։ Վերջիններս իրավունք չունեին ստրկացնելու իսրայելացիներին, այդ պատճառով պարտավոր էին վարձատրել նրանց (Ելք 12։34-38)։

Իսրայելացիների հետ «դուրս եկավ նաև մի խառը բազմություն» (Ելք 12։38)։ Այդ բոլոր մարդիկ պաշտում էին Եհովային, չէ՞ որ նրանք պետք է պատրաստված լինեին, որ իսրայելացիների հետ հեռանային Եգիպտոսից, մինչ եգիպտացիները թաղում էին իրենց մեռելներին։ Նրանք նշել էին Պասեքը, հակառակ դեպքում եգիպտացիների պես կողբային իրենց մահացածների համար ու զբաղված կլինեին թաղման արարողություններով։ Այդ մարդկանցից ոմանք հավանաբար բարեկամական կապեր ունեին իսրայելացիների հետ, քանի որ բազմաթիվ իսրայելացի տղամարդիկ ամուսնացած էին եգիպտուհիների հետ, որոշ իսրայելացի կանայք էլ՝ եգիպտացիների հետ։ Հիշենք, որ այն մարդը, որին անապատում քարկոծեցին Եհովայի անունը անարգելու համար, մի եգիպտացու և Դանի ցեղից Սալոմիթ անունով մի իսրայելացի կնոջ որդին էր (Ղև 24։10, 11)։ Նաև հատկանշական է, որ Եհովան պահանջներ էր սահմանել պանդուխտների ու ծառաների համար, որ նրանք իրավունք ունենային ուտելու Պասեքի զոհից, երբ իսրայելացիները Խոստացված երկիր մտնեին (Ելք 12։25, 43-49)։

Իսրայելացիների երթուղին։ Երբ իսրայելացիները սկսեցին դուրս գալ Եգիպտոսից, նրանք ճանապարհ չընկան որպես մեկ խումբ, քանի որ, ըստ երևույթին, տարբեր տեղերում էին գտնվում։ Թերևս ոմանք հիմնական խմբին միացան ճանապարհին։ Ելակետը Ռամսեսն էր (քաղաք կամ շրջան), իսկ առաջին ճամբարատեղին՝ Սոկքոթը (Ելք 12։37)։ Որոշ գիտնականներ կարծում են, որ Մովսեսն ու իր ուղեկիցները ճանապարհ ընկան Ռամսեսից, իսկ ժողովրդի մյուս մասը՝ Գեսեմ երկրի այլ տեղանքներից, և հետո բոլորը հանդիպեցին Սոկքոթում (ՔԱՐՏԵԶ, հտր 1, էջ 536)։

Եգիպտացիները շտապեցնում էին իսրայելացիներին, ինչի պատճառով նրանք արագ հեռացան Եգիպտոսից։ Այդուհանդերձ, իսրայելացիները անկազմակերպ դուրս չեկան. նրանք հեռացան «մարտական կարգով»։ Հնարավոր է՝ նրանք դասավորված էին ինչպես մի զորք, որը կազմված է առաջապահ ջոկատից, վերջապահ ջոկատից, գլխավոր ուժերից ու երկու թևից։ Իսրայելացիները հմուտ առաջնորդություն էին ստանում ոչ միայն Մովսեսից, այլև անձամբ Եհովայից։ Առնվազն այն ժամանակից, երբ նրանք ճամբար դրեցին Ոթոմում, նա սկսեց հստակ ուղղորդել նրանց. ցերեկը առաջնորդում էր ամպի սյունով, իսկ գիշերը՝ կրակի սյունով՝ լուսավորելով նրանց (Ելք 13։18-22)։

Խոստացված երկիր տանող ամենակարճ երթուղին կկազմեր մոտ 400 կմ (250 մղ), եթե իսրայելացիները Մեմֆիսից հյուսիս գտնվող որևէ կետից շարժվեին, օրինակ, դեպի Լաքիս (գտնվում էր Խոստացված երկրում)։ Սակայն այդ դեպքում նրանք պետք է գնային Միջերկրական ծովի երկայնքով և փղշտացիների երկրի սահմանով։ Նախկինում իսրայելացիների նախահայրեր Աբրահամն ու Իսահակը խնդիրներ էին ունեցել փղշտացիների հետ։ Աստված գիտեր, որ իսրայելացիները կարող էին վախենալ փղշտացիների հարձակումից, քանի որ պատերազմ վարելու փորձ չունեին, ընտանիքներով էին և հոտեր ունեին։ Ուստի պատվիրեց նրանց, որ հետ դառնան ու ճամբար դնեն Փիաիրոթի դիմաց՝ Մագդոլի և ծովի միջև ընկած տարածքում, որտեղից երևում էր Բաալ-Սեֆոնը։ Իսրայելացիները հետևեցին այդ հրահանգին ու ճամբար դրեցին ծովի մոտ (Ելք 14։1, 2)։

Այսօր հնարավոր չէ հաստատ ասել, թե իսրայելացիները Ռամսեսից մինչև Կարմիր ծով ինչ ճանապարհով են անցել, քանի որ հայտնի չէ, թե նրանց երթուղում ընդգրկված տեղանքները, որոնց մասին նշված է Աստվածաշնչում, կոնկրետ որտեղ են եղել։ Աշխատությունների մեծ մասում ասվում է, որ իսրայելացիները գնացել են մի գետահովտով, որն այսօր հայտնի է որպես Վադի Տումիլաթ (Նեղոսի դելտա, Եգիպտոս)։ Սակայն այս պնդումը գլխավորապես հիմնված է այն ենթադրության վրա, որ Ռամսեսը գտնվում էր Նեղոսի դելտայի հյուսիսարևելյան մասում։ Բայց ահա թե ինչ է գրում եգիպտագետ, պրոֆեսոր Ջոն Ա. Ուիլսոնը. «Ցավոք, գիտնականները տարբեր կարծիքներ ունեն Ռամսեսի գտնվելու վայրի վերաբերյալ։ Ռամզես անունով փարավոնները, հատկապես Ռամզես II-ը, հաճախ էին իրենց անունով կոչում քաղաքները։ Բացի այդ՝ Ռամսեսի մասին հիշատակումներով գտածոներ հայտնաբերվել են Դելտայի այն քաղաքներում, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ նույնացնել [Ռամսեսի] հետ» (The Interpreter’s Dictionary of the Bible, խմբ.՝ G. Buttrick, 1962, հտր 4, էջ 9)։

Ռամսեսը տարբեր տեղանքների հետ է նույնացվել։ Յուրաքանչյուր ենթադրություն ինչ-որ ժամանակ շատ տարածված է եղել, բայց հետո հերքվել է, և նոր վարկած է առաջ քաշվել։ Այսօր կա երկու կարծիք, ըստ որոնց՝ Ռամսեսը եղել է ժամանակակից Սան էլ-Հագարում (հին Տանիս), որը գտնվում է միջերկրյածովյան քաղաք Պորտ Սաիդից 56 կմ (35 մղ) դեպի հարավ-արևմուտք, կամ էլ Կանտիրում, որը գտնվում է Սան էլ-Հագարից մոտ 20 կմ (12 մղ) դեպի հարավ։ Սակայն հարկ է նշել, որ եգիպտական մի տեքստում Տանիսը և Ռամսեսը (Փեր Ռամզես) հիշատակվում են որպես տարբեր վայրեր։ Բացի այդ՝ փաստվել է, որ Տանիսում հայտնաբերված բազմաթիվ իրեր այլ տեղերից են բերվել այնտեղ։ Հաշվի առնելով դա՝ Ջոն Ա. Ուիլսոնը նաև նշում է, որ «ոչ մի երաշխիք չկա, որ Ռամսես անունը պարունակող մակագրությունները հենց այդ քաղաքում են արվել»։ Տանիսում և Կանտիրում գտնված մակագրությունները, որոնցում հիշատակված է Ռամզես II-ը, փաստում են միայն, որ այդ վայրերը ինչ-որ առնչություն են ունեցել այդ փարավոնի հետ։ Սակայն այդ գտածոների հիման վրա չի կարելի եզրակացնել, որ այդ քաղաքներից որևէ մեկը Աստվածաշնչում հիշատակված Ռամսես քաղաքն է, որը իսրայելացիները դեռևս Մովսեսի ծնվելուց առաջ կառուցել էին որպես պահեստավայր (Ելք 1։11)։ Ինչպես բացատրվում է ՌԱՄՍԵՍ հոդվածում, այն ենթադրությունը, թե իսրայելացիները Ռամզես II փարավոնի օրոք են դուրս եկել Եգիպտոսից, որևէ ծանրակշիռ հիմք չունի։

Մեկ այլ պատճառ, թե ինչու են ոմանք ենթադրում, որ իսրայելացիները անցել են Վադի Տումիլաթով, այն տարածված կարծիքն է, ըստ որի՝ նրանք ոչ թե Կարմիր ծովի միջով են անցել, այլ դրանից դեպի հյուսիս գտնվող ինչ-որ տեղանքով։ Որոշ գիտնականներ նույնիսկ պնդում են, որ իսրայելացիները շարժվել են Սերբոնիս լճի (ծովալճակ՝ Միջերկրական ծովում) ափով, այսինքն՝ անցնելով Վադի Տումիլաթով՝ շրջվել են դեպի հյուսիս և շարժվել Միջերկրական ծովի ուղղությամբ։ Այս տեսակետը լիովին հակասում է աստվածաշնչյան այն արձանագրությանը, համաձայն որի՝ Աստված իսրայելացիներին չի առաջնորդել փղշտացիների երկրով անցնող ճանապարհով (Ելք 13։17, 18)։ Այլ գիտնականներ, որոնք նույնպես կարծում են, որ իսրայելացիները գնացել են Վադի Տումիլաթով, ասում են, թե «ծովի» միջով անցումը տեղի է ունեցել Սուեզ քաղաքից դեպի հյուսիս գտնվող Դառը լճերի շրջանում։

Կարմիր ծով, ոչ թե «եղեգների ծով»։ Այն գիտնականները, որոնք Դառը լճերի վարկածի կողմնակից են, իրենց փաստարկները հիմնում են նրա վրա, որ եբրայերեն յամ-սուֆ արտահայտությունը (թարգմանվում է «Կարմիր ծով») բառացի նշանակում է «եղեգների ծով», «կնյունի ծով» կամ «շամբիի ծով»։ Այդ պատճառով նրանք պնդում են, որ իսրայելացիները անցել են ոչ թե Կարմիր ծովի այն հատվածով, որը հայտնի է որպես Սուեզի ծոց, այլ եղեգների ծովով, այսինքն՝ ինչ-որ ճահճոտ տեղով, ինչպիսին Դառը լճերի շրջանն է։ Սակայն հարկ է նշել, որ հունարեն «Յոթանասնից»-ում յամ-սուֆ արտահայտությունը թարգմանվել է հունարեն էրիթրա թալասսա արտահայտությամբ, որը բառացի նշանակում է «կարմիր ծով»։ Եվ որ ավելի կարևոր է, անդրադառնալով Եգիպտոսից իսրայելացիների ելքին՝ թե՛ Ղուկասը (Ստեփանոսի խոսքերը մեջբերելիս), թե՛ Պողոս առաքյալը այս նույն հունարեն անվանումն են գործածել (Գրծ 7։36; Եբ 11։29; տես ԿԱՐՄԻՐ ԾՈՎ)։

Եթե իսրայելացիները սովորական ճահճի միջով անցած լինեին, դա հրաշք չէր համարվի, և չէր ասվի, որ «ծովը կուլ տվեց» եգիպտացիներին, որ «նրանց ծածկեցին մոլեգնած ջրերը», և որ «նրանք քարի պես իջան ջրի խորքերը» (Եբ 11։29; Ելք 15։5)։ Այդ ապշեցուցիչ հրաշքի մասին նշել են ոչ միայն Մովսեսն ու Հեսուն, այլև Պողոս առաքյալը։ Նա ասաց, որ իսրայելացիները, «Մովսեսի առաջնորդությանը հետևելով, ամպի հովանու տակ լինելով և ծովի միջով անցնելով, ասես մկրտվեցին»։ Դա նշանակում է, որ նրանք ամբողջովին շրջապատված էին ջրով՝ նրանց երկու կողմերում ծով էր, իսկ վերևում ու հետևում՝ ամպ (1Կթ 10։1, 2)։ Դա նաև նշանակում է, որ այդտեղ ջուրն այնքան խորն էր, որ քայլելով հնարավոր չէր անցնել դրա միջով։

Իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու երթուղին ճշգրիտ իմանալու համար հարկավոր է հաշվի առնել երկու գործոն՝ որտեղ էր գտնվում Եգիպտոսի այդ ժամանակվա մայրաքաղաքը, և ինչ ջրածածկ տարածությունով անցան իսրայելացիները։ Քանի որ Աստծու ներշնչմամբ գրված Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում գործածված է «Կարմիր ծով» արտահայտությունը, պատճառ չկա կասկածելու, որ իսրայելացիները հենց այդտեղով են անցել։ Ինչ վերաբերում է Եգիպտոսի մայրաքաղաքին, ամենայն հավանականությամբ, դա Մեմֆիսն է եղել. երկրի գրեթե ողջ պատմության ընթացքում այդ քաղաքը Եգիպտոսի գլխավոր վարչական կենտրոնն էր (տես ՄԵՄՖԻՍ)։ Եթե մայրաքաղաքը իսկապես Մեմֆիսն է եղել, ուրեմն իսրայելացիների ելքը պետք է որ սկսված լիներ այդ քաղաքին բավականաչափ մոտ գտնվող վայրից։ Միայն այդ դեպքում Մովսեսը, ով կանչվել էր փարավոնի մոտ Պասեքի գիշերը՝ կեսգիշերից հետո, կկարողանար նախքան նիսանի 14-ի ավարտը հասցնել վերադառնալ Ռամսես և ժողովրդին տանել Սոկքոթ (Ելք 12։29-31, 37, 41, 42)։ Ինչպես հայտնում է Հովսեպոսը իր «Հրեական հնախոսություն» աշխատության մեջ, հրեաները վաղուց ի վեր համարել են, որ Եգիպտոսից իսրայելացիների ելքը սկսվել է Մեմֆիսից մի փոքր դեպի հյուսիս գտնվող վայրից (Jewish Antiquities, II, 315 (xv, 1))։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհնար է, որ իսրայելացիների ճանապարհն անցներ Վադի Տումիլաթով, քանի որ այդ գետահովիտը Մեմֆիսի հյուսիսից շատ հեռու է գտնվում։ Ահա թե ինչու ավելի վաղ ապրած բազմաթիվ վերլուծաբաններ կարծիքով՝ իսրայելացիները գնացել են «ուխտագնացության» հայտնի ճանապարհներից մեկով, ինչպիսին Էլ-Հաջ ճանապարհն էր, որը անցնում է Եգիպտոսի միջով և Կահիրեն կապում է Սուեզի հետ (հին Կլիսմա, հետագայում՝ Կոլսում) Սուեզի ծոցի հյուսիսային ծայրակետում։

Կարմիր ծովի ջրերը ո՞ր մասում բաժանվեցին

Հարկավոր է նշել, որ այն բանից հետո, երբ իսրայելացիները իրենց ճամփորդության երկրորդ փուլում կանգ առան «Ոթոմում՝ անապատի եզրին», Աստված Մովսեսին պատվիրեց ասել ժողովրդին, որ «հետ շրջվեն, գնան ու ճամբար դնեն Փիաիրոթի դիմաց.... ծովի մոտ»։ Երբ փարավոնը լսեր այդ մասին, կմտածեր, թե իսրայելացիները «մոլորված թափառում են» (Ելք 13։20; 14։1-3)։ Այն գիտնականները, ովքեր կարծում են, որ իսրայելացիները անցել են Էլ-Հաջ ճանապարհով, նշում են, որ «հետ շրջվեն» արտահայտությամբ թարգմանված եբրայերեն բայը ցույց է տալիս կտրուկ գործողություն. ոչ թե պարզապես նշանակում է «շեղվել» կամ «մի կողմ գնալ», այլ ավելի շուտ՝ «վերադառնալ» կամ «մեծ շրջադարձ կատարել»։ Այդ գիտնականները ենթադրում են, որ իսրայելացիները, հասնելով Սուեզի ծոցից դեպի հյուսիս գտնվող ինչ-որ տեղանք, հետ են շրջվել ու գնացել են Սուեզի ծոցից դեպի արևմուտք գտնվող Ջեբել Ատակա լեռնաշղթայի արևելյան կողմը։ Հյուսիսից հետապնդվելու դեպքում այդ տեղանքից փախչելը անհնարին կլիներ ցանկացած մեծաքանակ բազմության համար (իսկ իսրայելացիների թիվը իրոք շատ մեծ էր). այն կհայտնվեր ծուղակի մեջ, քանի որ ծովը փակում էր ճանապարհը։

Մ.թ. 1-ին դարի հրեական ավանդությունը հաստատում է դեպքերի այսպիսի զարգացումը (տես ՓԻԱԻՐՈԹ)։ Իսկ որ ամենակարևորն է, այս նկարագրությունը ներդաշնակ է աստվածաշնչյան արձանագրությանը, չնայած որ տարբերվում է բազմաթիվ գիտնականների կարծիքներից (Ելք 14։9-16)։ Ակնհայտ է, որ ծովով անցնելու համար իսրայելացիները պետք է Սուեզի ծոցի հյուսիսային ծայրակետից (կամ՝ Կարմիր ծովի արևմտյան հատվածից) բավականաչափ հեռու լինեին։ Հակառակ դեպքում փարավոնի զորքը հեշտությամբ կարող էր շրջանցել ծոցը և մյուս ափին հարձակվել իսրայելացիների վրա (Ելք 14։22, 23)։

Երբ փարավոնը իմացավ, որ իսրայելացիները հեռացել են, փոշմանեց, որ ազատ է արձակել նրանց։ Ինչ խոսք, ստրուկների այդ մեծ բանակի կորուստը տնտեսական ծանր հարված էր Եգիպտոսի համար։ Փարավոնն իր ձիակառքերով ու զորքով հեշտությամբ կհասներ իսրայելացիներին, հատկապես եթե հաշվի առնենք, որ նրանք «հետ էին շրջվել»։ Ենթադրելով, որ իսրայելացիները մոլորված թափառում են անապատում՝ փարավոնը նրանց հետևից ընկավ՝ վստահ լինելով, որ հաջողության կհասնի։ Նա վերցրեց 600 ընտիր կառք, Եգիպտոսի մյուս բոլոր մարտակառքերը և ռազմիկներ կարգեց դրանցից յուրաքանչյուրի վրա։ Նա իր հեծելազորով ու ողջ զորքով գրեթե հասավ իսրայելացիներին Փիաիրոթի մերձակայքում (Ելք 14։3-9)։

Ռազմավարական տեսանկյունից՝ իսրայելացիները շատ վատ իրավիճակում էին. նրանց մի կողմում ծովն էր, մյուս կողմում՝ լեռները, իսկ հետևում՝ եգիպտացիները։ Կարծելով, թե ծուղակի մեջ են՝ ժողովուրդը սարսափահար եղավ և սկսեց տրտնջալ Մովսեսի դեմ։ Այդ ժամանակ Աստված միջամտեց։ Նա պաշտպանեց իսրայելացիներին՝ ամպի սյունը նրանց առջևից տեղափոխելով նրանց հետևի կողմը։ Եգիպտացիների կողմից այն խավար ամպ էր, իսկ իսրայելացիների կողմում լուսավորում էր գիշերը։ Ամպը թույլ չէր տալիս եգիպտացիներին հարձակվել իսրայելացիների վրա։ Եհովան հրամայեց Մովսեսին իր ձեռքի գավազանը մեկնել դեպի ծովը։ Ջրերը բաժանվեցին, ծովի հատակը չորացավ, և իսրայելացիները հնարավորություն ունեցան անցնելու ծովի միջով (Ելք 14։10-21)։

Բացված անցուղու լայնությունն ու երկարությունը։ Դժվար թե ծովում բացված անցուղին նեղ լիներ՝ հաշվի առնելով, որ իսրայելացիները ծովն անցան մեկ գիշերում։ Հավանաբար, այդ անցուղու լայնությունը 1 կմ կամ ավելի էր։ Անգամ եթե մարդկանց այդ մեծ բազմությունը իրենց սայլակառքերի, բեռների ու խոշոր եղջերավոր անասունների հետ շարժվեին խիտ շարքերով և մարտական կարգով, միևնույն է, բավականին մեծ տարածք կզբաղեցնեին՝ 8 կմ2 (3 մղ2) կամ ավելի։ Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ ծովի ջրերը այնքան էին բացվել, որ իսրայելացիները կարողանում էին քայլել բավականաչափ լայն շարասյունով։ Եթե այդ շարասյան լայնությունը մոտ 1,5 կմ (1 մղ) էր, ապա երկարությունը հավանաբար մոտ 5 կմ (3 մղ) կամ ավելի էր։ Եթե լայնությունը մոտ 2,5 կմ (1,5 մղ) էր, ապա երկարությունը կարող էր մոտ 3 կմ (2 մղ) կամ ավելի լինել։ Մի քանի ժամ կպահանջվեր, որպեսզի այդ շարասյունը ծով մտներ և մյուս ափ անցներ։ Թեև իսրայելացիները քայլում էին առանց խուճապի մատնվելու և պահպանում էին մարտական կարգը, սակայն նրանք, անկասկած, հնարավորինս արագ էին գնում։

Եթե չլիներ ամպի սյունը, եգիպտացիները հեշտությամբ կհասնեին իսրայելացիներին ու կսպանեին շատերին (Ելք 15։9)։ Երբ իսրայելացիները արդեն անցնում էին ծովի միջով, նրանց հետևում գտնվող ամպի սյունը առաջ տեղափոխվեց, և եգիպտացիները հասկացան, թե ինչ է տեղի ունեցել, ու սկսեցին հետապնդել նրանց։ Սա նույնպես փաստում է, որ Կարմիր ծովում բացված չոր ճանապարհը նեղ ու կարճ չէր, քանի որ փարավոնի զորքը, որ մտավ ծով, շատ մեծ էր։ Վճռական լինելով վերադարձնել կամ կործանել նախկին ստրուկներին՝ ողջ զորքը ընկավ նրանց հետևից։ Լուսադեմին, որը տևում էր գիշերվա մոտ ժ. 2։00-ից մինչև առավոտվա մոտ ժ. 6։00-ը, Եհովան ամպի սյան միջից նայեց եգիպտացիների ճամբարին ու նրանց խուճապի մեջ գցեց՝ հանելով նրանց կառքերի անիվները (Ելք 14։24, 25)։

Առավոտյան դեմ իսրայելացիները ապահով անցան Կարմիր ծովը՝ հասնելով արևելյան ափ։ Այդ ժամանակ Մովսեսին հրաման տրվեց, որ ձեռքը մեկնի դեպի ծովը, որպեսզի հետ քաշված ջրերը թափվեն եգիպտացիների վրա։ Երբ նա ձեռքը մեկնեց, ու «ջրերը վերադարձան իրենց տեղը», եգիպտացիները փորձեցին փախչել։ Սա նույնպես ցույց է տալիս, որ բացված ճանապարհը լայն էր, քանի որ եթե այն նեղ լիներ, եգիպտացիներն անմիջապես ջրի տակ կանցնեին։ Փորձելով խույս տալ վրա հասնող հեղեղից՝ նրանք սկսեցին շարժվել դեպի արևմտյան ափը։ Այդուհանդերձ, հետ եկող ջրերը ծածկեցին մարտակառքերը, հեծելազորը և փարավոնի ողջ զորքը։ Նրանցից մեկն անգամ ողջ չմնաց։

Ինչ խոսք, նման բան չէր կարող տեղի ունենալ ճահճի մեջ։ Բացի այդ՝ ճահճի մեջ խեղդվածների դիակները ափ դուրս չէին գա, մինչդեռ Աստվածաշնչում ասվում է, որ «իսրայելացիները եգիպտացիներին մեռած տեսան ծովի ափին» (Ելք 14։22-31; ՔԱՐՏԵԶ և ՆԿԱՐ, հտր 1, էջ 537)։

«Քարացան ալեկոծ ջրերը»։ Համաձայն Աստվածաշնչի՝ իսրայելացիները կարողացան անցնել Կարմիր ծովը, քանի որ դրա ալեկոծ ջրերը «քարացան» (Ելք 15։8)։ Եբրայերեն բառը, որն այստեղ թարգմանվել է «քարանալ», նաև նշանակում է «մակարդվել», «թանձրանալ», «խտանալ», «մերվել»։ Այդ նույն բառը գործածվում է Հոբ 10։10-ում, որտեղ խոսվում է կաթը մերելու մասին։ Հետևաբար ջրերը «քարացան» ոչ թե այն իմաստով, որ սառույց դարձան, այլ որ խտացան, այսինքն՝ դարձան ժելեի կամ մածնի պես։ Ոչ մի տեսանելի բան չէր պահում իսրայելացիների երկու կողմերում պատի նման վեր խոյացած ջրերը՝ թույլ չտալով, որ դրանք թափվեն և կործանեն նրանց։ Այդ պատճառով թվում էր, թե ջրերը քարացել էին, խտացել կամ պնդացել։ Մովսեսի առաջ հենց այսպիսի տեսարան բացվեց, երբ արևելյան քամին բաժանեց ծովի ջրերը և չորացրեց հատակը։ Բացված ճանապարհը ո՛չ ճահճոտ էր, ո՛չ էլ սառցապատ, ինչի շնորհիվ այդ մեծ բազմությունը հեշտությամբ անցավ դրանով։

Ծովի մեջ բացված ճանապարհն այնքան լայն էր, որ իսրայելացիները, որոնց թիվը հավանաբար մոտ երեք միլիոն էր, առավոտյան դեմ արդեն ծովի մյուս ափին էին։ Այդ ժամանակ քարացած ջրերը սկսեցին երկու կողմերից սրընթաց թափվել և ալեկոծվելով ու փրփրելով՝ ծածկեցին եգիպտացիներին։ Իսրայելացիները, դիմացի ափին կանգնած, ականատես եղան աննախադեպ ազատագրման. Եհովան մի ողջ ազգի փրկեց հզոր Եգիպտոսից, որն այդ ժամանակ աշխարհակալ ուժ էր։ Ժողովուրդն իր աչքով տեսավ Մովսեսի հետևյալ խոսքերի բառացի կատարումը. «Այս եգիպտացիներին, որոնց այսօր տեսնում եք, այլևս երբեք չեք տեսնի» (Ելք 14։13)։

Տպավորիչ կերպով դրսևորելով իր ուժը՝ Եհովան փառավորեց իր անունը և ազատագրեց Իսրայելին։ Երբ իսրայելացիները արևելյան ափին էին և ապահով ու անվտանգ էին, Մովսեսի հետ մի երգ երգեցին։ Իսկ Մովսեսի քույրը՝ մարգարեուհի Մարիամը, դափն իր ձեռքը վերցրեց, և բոլոր կանայք, հետևելով նրան, սկսեցին դափ զարկել ու պարել։ Մարիամը երգում էր ի պատասխան տղամարդկանց (Ելք 15։1, 20, 21)։ Իսրայելը լիովին ազատվեց իր թշնամիներից։ Երբ ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից, ո՛չ որևէ մարդու, ո՛չ էլ որևէ կենդանու թույլ չտրվեց վնասել նրանց։ Մի շուն անգամ չգռմռաց կամ չհաչեց նրանց վրա (Ելք 11։7)։ Թեև «Ելք» գրքում չի նշվում, որ փարավոնը եգիպտական զորքի հետ ծովը մտավ ու կործանվեց, սակայն Սաղմոս 136։15-ում հստակ ասվում է, որ Եհովան «փարավոնին և նրա զորքին հետ շպրտեց Կարմիր ծովը»։

Գալիք իրադարձությունների խորհրդանիշ։ Աստված Իսրայելին հանեց Եգիպտոսից, ինչպես և խոստացել էր Աբրահամին, քանի որ այդ ազգին իր որդին էր համարում։ Նա փարավոնին ասաց. «Իսրայելը իմ որդին է՝ իմ առաջնեկը» (Ելք 4։22)։ Հետագայում Եհովան ասաց. «Երբ Իսրայելը երեխա էր, ես սիրեցի նրան և Եգիպտոսից կանչեցի իմ որդուն» (Օս 11։1)։ Եգիպտոսից Իսրայելի ելքի մասին հիշատակումը նաև մարգարեություն էր, որը կատարվեց, երբ Հովսեփն ու Մարիամը Հերովդեսի մահից հետո Հիսուսի հետ վերադարձան Եգիպտոսից և բնակություն հաստատեցին Նազարեթում։ Ավետարանագիր Մատթեոսը Օսեեի մարգարեությունը կիրառեց այս իրադարձության առնչությամբ՝ ասելով. «Նրանք [Հովսեփը, Մարիամն ու Հիսուսը] այնտեղ մնացին մինչև Հերովդեսի մահը: Այդպիսով կատարվեց մարգարեի միջոցով Եհովայի ասածը. «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն»» (Մթ 2։15)։

Պողոս առաքյալը Եգիպտոսից իսրայելացիների ելքը հիշատակեց նրանց հետ տեղի ունեցած այն դեպքերի թվում, որոնք նախազգուշական օրինակներ են (1Կթ 10։1, 2, 11)։ Հետևաբար Եգիպտոսից իսրայելացիների ելքը թերևս ավելի մեծ բան է խորհրդանշում։ Աստվածաշնչում Իսրայելի ազգը խորհրդանշում է հոգևոր Իսրայելը՝ «Աստծու Իսրայելը» (Գղ 6։15, 16)։ Մովսեսը հայտնեց, որ իր նման մի մարգարե էր գալու (2Օր 18։18, 19)։ Հրեաները սպասում էին, որ այդ մարգարեն մեծ առաջնորդ ու ազատագրող էր լինելու։ Պետրոս առաքյալը պարզաբանեց, որ Մեծն Մովսեսը Հիսուս Քրիստոսն է (Գրծ 3։19-23)։ Ուստի Կարմիր ծովի մոտ Իսրայելի ազատագրումը, ինչպես նաև եգիպտական զորքի կործանումը պետք է որ ավելի մեծ հրաշքի խորհրդանիշը լինեին, այն է՝ Հիսուս Քրիստոսի ձեռքով հոգևոր Իսրայելի ազատագրումը թշնամու՝ խորհրդանշական Եգիպտոսի իշխանությունից։ Կարմիր ծովի մոտ հրաշք գործելով՝ Աստված փառավորեց իր անունը։ Հետագայում, երբ նա դրանից ավելի մեծ գործեր անի, նրա անունը է՛լ ավելի կփառավորվի (Ելք 15։1)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը