ԲԱՐԵՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Բարին սիրելը, բարուն ձգտելը, անբասիր բարոյականություն, առաքինություն։ Այս հատկությունն ունեցողը մինչև ուղնուծուծը լցված է բարով. նրա մեջ չկա ոչ մի չար կամ արատավոր բան։ Ավելին՝ բարեսիրությունը նրա վրա դրականորեն է ազդում՝ մղելով բարի գործեր անել հօգուտ ուրիշների։ Աստվածաշնչում «բարեսիրություն» և «բարեսեր» բառերը հիմնականում թարգմանվել են եբրայերեն տով և հունարեն ագաթոս բառերից։ Վերջինս, որպես կանոն, գործածվում է բարոյական կամ կրոնական իմաստով։ Հայերեն «Նոր աշխարհ» թարգմանությունում այդ բառերը, կախված համատեքստից, թարգմանվել են նաև «բարություն», «բարի», «բարիք», «լավ»։
Եհովայի բարեսիրությունը։ Եհովա Աստված բարեսեր է՝ բարի է բացարձակ իմաստով։ Աստվածաշունչն ասում է. «Բարեսեր և ուղղամիտ է Եհովան» (Սղ 25։8), նաև՝ «Մեծ է նրա բարությունը» (Զք 9։17, ծնթ.)։ Թեև Հիսուս Քրիստոսը ուներ այդ բարձր բարոյական արժեքը, սակայն երբ մի մարդ նրան անվանեց «Բարի Ուսուցիչ», նա հրաժարվեց ընդունել այդ տիտղոսը՝ ասելով. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում։ Ոչ ոք բարի չէ՝ բացի մեկից՝ Աստծուց» (Մկ 10։17, 18)։ Այդպիսով նա ցույց տվեց, որ բարեսիրության, կամ՝ բարության կատարելատիպը Եհովան է՝ նա, ով իրավունք ունի սահմանելու, թե ինչն է բարին։
Երբ Մովսեսը Եհովային խնդրեց ցույց տալ իր փառքը, ի պատասխան՝ նա ասաց. «Ես կանցնեմ քո առջևով՝ ցույց տալով այն բոլոր լավ բաները, որ կան իմ մեջ [կամ՝ «իմ ողջ բարեսիրությունը»], և քո առաջ կհռչակեմ իմ Եհովա անունը»։ Մովսեսի առջևով անցնելիս Եհովան (ըստ ամենայնի, դա Եհովային ներկայացնող հրեշտակ էր [Գրծ 7։53]) իր ձեռքով ծածկեց նրան, որ նա չտեսնի իր երեսը, և հռչակեց. «Ես Եհո՜վան եմ, Եհո՜վան՝ գթառատ ու կարեկից Աստված, շուտ չեմ բարկանում, լի եմ հավատարիմ սիրով, և իմ ամեն խոսքը ճշմարիտ է։ Ես հազարավորների հանդեպ հավատարիմ սեր եմ ցուցաբերում, ներում եմ հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը, բայց մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չեմ թողնում» (Գրծ 7։53; Ելք 33։18, 19, ծնթ., 22; 34։6, 7)։
Այս խոսքերից պարզ է դառնում, որ բարեսիրությունը ընդգրկում է գթասրտություն, սիրառատ բարություն, ճշմարտություն, և այն երբեք չի հանդուրժում չարիքն ու հանցանքը։ Դավիթը գիտեր, որ Եհովան բարեսեր է, այդ պատճառով աղոթում էր նրան, որ ների իր մեղքերը (Սղ 25։7, ծնթ.)։ Բարությունն ու սերը մղեցին Եհովային իր Որդուն տալու մեր մեղքերի համար։ Այդպիսով նա հիմք ունեցավ օգնելու նրանց, ովքեր ձգտում են այն ամենին, ինչն իսկապես բարի է ու լավ։ Միևնույն ժամանակ նա դատապարտեց այն, ինչը վատ է ու չար, և լիովին բավարարեց արդարության ու արդարադատության պահանջները (Հռ 3։23-26)։
«Ոգու առաջ բերած պտուղը»։ Բարեսիրությունը այն հատկություններից է, որոնցից կազմված է Աստծու ոգու պտուղը։ Այն նաև Աստծու ճշմարտության Խոսքում ամփոփված լույսի առաջ բերած հատկություններից է (Գղ 5։22; Եփ 5։9, ծնթ.)։ Քրիստոնյաները պետք է սովորեն բարեսեր լինել։ Եհովայի պատվերներին հնազանդվելու շնորհիվ է մարդը զարգացնում այդ հատկությունը. նա չի ծնվում այդ հատկությամբ (Հռ 7։18)։ Սաղմոսերգուն, դիմելով Աստծուն՝ բարեսիրության Աղբյուրին, ասաց. «Բարի ես դու, և բարի են քո գործերը։ Սովորեցրու ինձ քո կանոնները» (Սղ 119։68, ծնթ.)։
Բարեսիրությունը դրսևորվում է գործերով։ Բարեսիրության դրսևորումներից մեկը բարեգործությունն է՝ ուրիշներին անհատույց ցուցաբերվող օգնությունը, նրանց համար օգտակար գործեր անելը։ Եհովան ցանկանում է բարիք անել իր ժողովրդին, ինչպես երևում է Թեսաղոնիկեի քրիստոնյաներին Պողոս առաքյալի գրած խոսքերից. «Մենք միշտ աղոթում ենք ձեզ համար և խնդրում մեր Աստծուն, որ ձեզ արժանի համարի այն կյանքին, ինչի համար կանչել է, իր զորությամբ լիովին իրագործի ամեն լավ բան, որ ուզում է անել ձեզ համար, և հավատից մղված ձեր գործերը հաջողությամբ պսակի» (2Թղ 1։11)։ Աստծուն ապավինողները բազմիցս համոզվել են, թե որքան բարեսեր է նա (1Թգ 8։66; Սղ 31։19; Ես 63։7; Եր 31։12, 14)։ Ավելին՝ «Եհովան բոլորին բարությամբ է վերաբերվում, նրա գթասրտությունը ակներև է իր բոլոր գործերում» (Սղ 145։9, ծնթ.)։ Եհովան, բարեսիրություն դրսևորելով, բոլորին է բարիք անում, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ մղվեն ծառայելու իրեն և այդպիսով հավիտենական կյանք ստանան։ Ինչ վերաբերում է բարեսեր մարդուն, կարելի է ասել, որ նա օրհնություն է իր շրջապատի մարդկանց համար (Առ 11։10, ծնթ.)։
Քրիստոնյաները ծառայում են Աստծուն և ընդօրինակում են նրան, ուստի նրանց պատվեր է տրված անձամբ հավաստիանալ, որ Աստծու կամքը լավագույնն է ու ամենաճիշտը (Հռ 12։2), սիրել բարին (Հռ 12։9), բարին անել (Հռ 2։10; 13։3), ձգտել բարին գործել (1Թղ 5։15), նախանձախնդիր լինել բարին գործելու հարցում (1Պտ 3։13), ընդօրինակել բարին (3Հվ 11) և բարիով հաղթել չարին (Հռ 12։21)։ Քրիստոնյաները հատկապես իրենց հավատակիցներին պետք է բարին անեն, սակայն չպետք է մոռանան նաև մյուսներին (Գղ 6։10)։
Իմաստով մոտ բառ։ Ագաթոս բառին իմաստով մոտ է հունարեն մեկ ուրիշ բառ՝ կալոս բառը։ Այդ բառը մատնանշում է այն, ինչ իսկապես լավն է, գեղեցիկ, լիովին համապատասխանում է այս կամ այն իրավիճակին կամ նպատակին (օրինակ՝ լավ հողը [Մթ 13։8, 23]), բարձրորակ է, բարոյապես վեհ է, ճիշտ և պատվարժան է (օրինակ՝ Աստծու անունը [Հկ 2։7])։ Այդ բառը իմաստով շատ մոտ է «բարեսեր», «բարի» բառերին, սակայն կարող է նաև թարգմանվել «լավ», «ճիշտ» կամ «մաքուր» (Մթ 3։10; Հկ 4։17; Եբ 13։18)։