Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Օրենսդիր»
  • Օրենսդիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օրենսդիր
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • «Եհովայի օրենքը կատարյալ է»
    Մոտեցիր Եհովային
  • Աստծո օրենքները մեր օգտի համար են
    2002 Դիտարան
Աստվածաշնչի ըմբռնում
it «Օրենսդիր»

ՕՐԵՆՍԴԻՐ

Նա, ով օրենքներ է հիմնադրում, սահմանում։ Աստվածաշունչն ընդգծում է, որ Եհովան գերագույն Օրենսդիրն է ողջ տիեզերքում։

Եհովան՝ որպես Օրենսդիր։ Եհովան միակ ճշմարիտ Օրենսդիրն է տիեզերքում։ Նա է այն օրենքների հեղինակը, որոնցով ղեկավարվում են անկենդան արարչագործությունները, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհը (Հոբ 38։4-38; Հոբ 39։1-30; Սղ 104։5-19)։ Լինելով Եհովայի կողմից ստեղծված էակ՝ մարդը նույնպես ենթարկվում է նրա սահմանած ֆիզիկական օրենքներին։ Քանի որ նա ունի բարոյական արժեքներ, բանականություն, դատելու ունակություն և ընկալունակ է հոգևորի հանդեպ, ենթարկվում է նաև բարոյականության վերաբերյալ Աստծու օրենքներին (Հռ 12։1; 1Կթ 2։14-16)։ Ոգեղեն էակները՝ հրեշտակները, նույնպես ենթարկվում են Եհովայի օրենքներին (Սղ 103։20; 2Պտ 2։4, 11)։

Եհովայի սահմանած ֆիզիկական օրենքները անխախտ են (Եր 33։20, 21)։ Մեզ հայտնի ողջ տեսանելի տիեզերքում նրա օրենքներն այնքան կայուն ու հաստատուն կերպով են գործում, որ գիտնականները, ուղղորդվելով իրենց հայտնի ֆիզիկական օրենքներով, կարող են վայրկյանի ճշգրտությամբ հաշվել Լուսնի, մոլորակների և երկնային այլ մարմինների շարժումը։ Բնության օրենքներն անտեսողները անմիջապես կրում են դրա հետևանքները։ Նմանապես՝ Աստծու բարոյական օրենքները անփոփոխ են և հնարավոր չէ շրջանցել կամ խախտել դրանք ու մնալ անպատիժ։ Բարոյական օրենքները ոտնահարելը, ինչպես որ բնության օրենքների խախտումը, ևս անհետևանք չի մնում, թեև տվյալ դեպքում մարդը գուցե և անմիջապես չի կրում իր պատիժը։ «Աստծուն չեք կարող արհամարհել։ Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գղ 6։7; 1Տմ 5։24)։

Նախքան Եհովան Իսրայելին կտար իր օրենքները, մարդիկ ինչպե՞ս կարող էին իմանալ, թե որն է նրա կամքն իրենց առնչությամբ

Թեև Ադամի սերունդներից շատերը, որ ապրել են նրա ըմբոստությունից մինչև Ջրհեղեղն ընկած ժամանակահատվածում, գնալով ավելի էին մխրճվում չարության մեջ, որոշ հավատարիմ մարդիկ «անշեղորեն քայլում էին ճշմարիտ Աստծու հետ» (Ծն 5։22-24; 6։9; Եբ 11։4-7)։ Միակ դեպքը, երբ Աստված այդ ժամանակահատվածում կոնկրետ հրահանգներ էր տվել մարդկանց, կապված էր տապանի կառուցման հետ, որի համար նա հրահանգներ տվեց Նոյին։ Եվ Նոյը անվերապահորեն հնազանդվեց դրանց (Ծն 6։13-22)։ Այնուամենայնիվ, կային սկզբունքներ ու նախադեպեր, որոնք օգնում էին հավատարիմ մարդկանց «քայլելու ճշմարիտ Աստծու հետ»։

Նրանք գիտեին, թե ինչ մեծ առատաձեռնություն էր Աստված դրսևորել մարդու նկատմամբ Եդեմում, որը վկայում էր նրա անեսասիրության ու սիրառատ հոգատարության մասին։ Նրանք գիտեին ի սկզբանե գործող գլխավորության սկզբունքի մասին, համաձայն որի՝ Աստված տղամարդու գլուխն է, իսկ տղամարդը՝ կնոջ։ Նրանք գիտեին, որ Աստված հանձնարարություն էր տվել մարդուն և ակնկալում էր, որ նա պատշաճ կերպով հոգ կտանի այն ամենին, ինչ վստահվել էր իրեն, ու բավականություն կստանա դրանից։ Նրանք գիտեին, որ սեռական հարաբերությունները պետք է լինեն տղամարդու և կնոջ միջև, որ այդպիսի հարաբերություններ կարող են ունենալ միայն ամուսնացած զույգերը, և որ նրանք պետք է թողնեն իրենց հորն ու մորը՝ հարատև միություն կազմելու, ոչ թե ժամանակավորապես միավորվելու համար (ինչպես որ լինում է անբարոյականություն գործելու դեպքում)։ Եդեմի պարտեզի ծառերի, մասնավորապես բարին ու չարը որոշելու ծառի վերաբերյալ Աստծու պատվերը օգնում էր նրանց պատկերացում կազմել սեփականության իրավունքի մասին և հարգել այն։ Նրանց հայտնի էր, թե ինչ սարսափելի հետևանքներ էր ունեցել առաջին սուտը։ Նրանք գիտեին, որ Աստված հավանություն էր տվել Աբելի մատուցած պաշտամունքին, դատապարտել էր եղբոր հանդեպ Կայենի դրսևորած նախանձն ու ատելությունը և պատժել էր նրան Աբելին սպանելու համար (Ծն 1։26-4։16)։

Այսպիսով՝ անգամ առանց հավելյալ կանոնների, հրահանգների ու ցուցումների մարդիկ կարող էին հետևություններ անել այդ սկզբունքների ու նախադեպերի հիման վրա, որպեսզի ուղղորդվեին նման իրավիճակներում։ Դարեր անց Հիսուսն ու իր առաքյալները այդ նույն մոտեցումն էին դրսևորում և հետևություններ էին անում նախաջրհեղեղյան ժամանակներում տեղի ունեցած դեպքերից (Մթ 19։3-9; Հվ 8։43-47; 1Տմ 2։11-14; 1Հվ 3։11, 12)։ Օրենքը վարվելակերպի կանոն է։ Աստծու խոսքերի ու գործելակերպի շուրջ խորհելով՝ հավատարիմ մարդիկ կարող էին որոշ չափով պատկերացում կազմել նրա ճանապարհների, չափանիշների մասին, և դա նրանց համար պետք է դառնար վարվելակերպի կանոն, կամ՝ օրենք, որին նրանք պետք է ենթարկվեին։ Այդպես վարվելով՝ նրանք կարող էին «անշեղորեն քայլել ճշմարիտ Աստծու հետ»։ Այն մարդիկ, ովքեր այդպես չէին վարվում, մեղք էին գործում՝ «վրիպում էին նշանակետից», թեև չկային նրանց դատապարտող օրենքներ։

Ջրհեղեղից հետո Աստված Նոյին մի օրենք տվեց, որը թույլ էր տալիս միս ուտել, բայց արգելում էր արյուն ուտել. այդ օրենքը պարտադիր դարձավ ողջ մարդկության համար։ Աստված նաև սկզբունք սահմանեց, որի համաձայն՝ սպանության համար մահապատիժ էր հասնում (Ծն 9։1-6)։ Ջրհեղեղից որոշ ժամանակ անց այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Աբրահամը, Իսահակը, Հակոբը և Հովսեփը, անկեղծորեն ձգտում էին գնալ Աստծու ճանապարհներով ու հետևել վարքը սահմանող նրա կանոններին (Ծն 18։17-19; 39։7-9; Ելք 3։6)։ Թեև Աստված կոնկրետ պատվիրաններ էր տվել հավատարիմ մարդկանց (Ծն 26։5), օրինակ՝ թլփատության օրենքը, Աստվածաշնչում գրված չէ, որ նա մանրամասն օրենքներ էր սահմանել նրանց համար (հմմտ. 2Օր 5։1-3)։ Այդուհանդերձ, այդ մարդիկ չէին ուղղորդվում միայն նախաջրհեղեղյան ժամանակներում հայտնի սկզբունքներով ու կանոններով. նրանք նաև կարող էին սկզբունքներ ու կանոններ տեսնել՝ խորհելով Ջրհեղեղից հետո Աստծու ասած խոսքերի և մարդկանց հանդեպ նրա գործելակերպի շուրջ։

Այսպիսով՝ թեև այդ ժամանակ Աստված մարդկանց այնպիսի մանրամասն օրենքներ չէր տվել, ինչպիսիք որ հետագայում տվեց իսրայելացիներին, նրանք կարող էին հասկանալ, թե որ վարքն է ճիշտ, որը՝ սխալ։ Օրինակ՝ դեռևս չկար կռապաշտությունը դատապարտող օրենք։ Այդուհանդերձ, կռապաշտությունը արդարացում չուներ, ինչը հստակ երևում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերից. «Թեև Աստված անտեսանելի է, սակայն աշխարհի արարումից ի վեր մարդիկ կարող են տեսնել նրա հատկությունները՝ զննելով նրա ստեղծածները։ Դրանք բոլորը վկայում են նրա հավերժական զորության մասին և փաստում են, որ նա իսկապես Աստված է»։ «Ստեղծվածներին, ոչ թե Ստեղծողին» մեծարելը և ծառայելը միանգամայն հակառակ էր առողջ դատողությանը։ Այդ անմիտ ընթացքը բռնողները հետագայում այլ արատավոր գործեր էլ էին անում, օրինակ՝ զբաղվում էին միասեռականությամբ՝ «բնական սեռական հարաբերությունները փոխելով անբնականի հետ»։ Թեև միասեռականության վերաբերյալ ոչ մի կոնկրետ օրենք տրված չէր, այն ակնհայտորեն հակասում էր Արարչի կամքին։ Այդպիսի եզրակացություն անելու հիմք են տալիս տղամարդու և կնոջ մարմնի կառուցվածքային առանձնահատկությունները։ Մարդը, ստեղծված լինելով Աստծու պատկերով, բավականաչափ մտային ունակություններ ուներ այդ ամենը հասկանալու համար։ Ուստի եթե նա հակառակվեր Աստծու կամքին, պատասխանատվություն կկրեր նրա առաջ. նա մեղք կգործեր՝ «կվրիպեր նշանակետից», թեև չկային հստակ սահմանված օրենքներ, որոնք կբացահայտեին նրա մեղավոր լինելը (Հռ 1։18-27; հմմտ. Հռ 5։13)։

Օրենքի ուխտը։ Եհովան որոշակի իմաստով իսրայելացիների Օրենսդիրն էր դեռ այն ժամանակ, երբ նրանք դուրս չէին եկել Եգիպտոսից (Ելք 12։1, 14-20; 13։10)։ Սակայն նա իրեն առանձնահատուկ կերպով դրսևորեց որպես այդ ազգի Օրենսդիր, երբ հաստատեց Օրենքի ուխտը։ Առաջին անգամ ստեղծվեց մի օրենսդրություն, որն ընդգրկում էր կյանքի բոլոր ոլորտները։ Այդ ուխտը Իսրայելին առանձնահատուկ ժողովուրդ էր դարձնում, մի ազգ, որը բացառապես Եհովային էր պատկանում և տարբերվում էր մյուս բոլոր ազգերից (Ելք 31։16, 17; 2Օր 4։8; Սղ 78։5; 147։19, 20)։

Մարգարեանալով, որ Եհովան փրկելու էր իր ժողովրդին՝ Եսայիան ասաց. «Եհովան մեր Դատավորն է, Եհովան մեր Օրենսդիրն է, Եհովան մեր Թագավորն է, մեզ փրկողը Նա է» (Ես 33։22)։ Փաստորեն, Իսրայելում իշխանության բոլոր ճյուղերը՝ դատական, օրենսդիր և գործադիր, Եհովայի ձեռքում էին։ Եսայիայի մարգարեությունը հավաստիացնում էր իսրայելացիներին, որ նրանք լիակատար պաշտպանություն կունենան և ժամանակահարմար խորհուրդներ ու հրահանգներ կստանան, քանի որ այն ընդգծում էր, որ Եհովան Գերիշխան է բառիս բուն իմաստով։

Եհովային կոչելով Իսրայելի Օրենսդիր՝ Եսայիան օգտագործեց եբրայերեն խակակ բառի ձևերից մեկը, որը բառացի նշանակում է «փորել», «տաշել» կամ «գրել», «փորագրել»։ Բառարանագիր Ու. Գեսենիուսը այդ բառի վերաբերյալ հետևյալ բացատրությունն է տալիս. «Քանի որ օրենսդրի գործը հուշատախտակների ու հուշարձանների վրա կանոններ և օրենքներ գրելն էր, կարելի է ենթադրել, որ նա նաև օրենքներ հրապարակելու իշխանություն ուներ» (A Hebrew and English Lexicon of the Old Testament, թրգմ.՝ E. Robinson, 1836, էջ 366)։ Աստվածաշնչի տարբեր թարգմանություններում այդ բառը թարգմանվել է «ղեկավար», «օրենք տվող», «օրենսդիր», «զորապետ» և «իշխան» բառերով (Ծն 49։10; 2Օր 33։21; Դտ 5։14; Սղ 60։7; 108։8; հմմտ. ԱԹ, ԱԱ, ԷԹ)։ «Օրենսդիր» բառը համապատասխանում է խակակ բառի նշանակություններից մեկին, և այն, որ Եսայիա 33։22-ում այդ բառը նշված է «Դատավոր» ու «Թագավոր» տիտղոսների հետ, օգնում է ամբողջական պատկերացում կազմել Եհովայի իշխանության մասին։

Աստված ուրիշ ոչ մի ազգի կամ ժողովրդի այդպիսի մանրամասն օրենքներ չէր տվել։ Այնուհանդերձ, նրա ստեղծած առաջին մարդը ի սկզբանե արդար էր և խիղճ ուներ։ Թեև նրա սերունդները անկատարություն ժառանգեցին և ի ծնե հակված էին մեղք գործելու, ակնհայտ էր, որ նրանք ստեղծված էին Արարչի պատկերով ու նմանությամբ և չէին կորցրել իրենց խիղճը։ Դա է պատճառը, որ նույնիսկ հեթանոս ազգերը վարքի վերաբերյալ այնպիսի կանոններ էին սահմանում և այնպիսի դատավճիռներ էին կայացնում, որոնք որոշ չափով արտացոլում էին Աստծու արդար չափանիշները։

Պողոս առաքյալը հետևյալը գրեց այդ մասին. «Օրենք չունեցող [խոսքը այն Օրենքի մասին է, որ Աստված տվել էր իր ժողովրդին] բոլոր մարդիկ, ովքեր մեղք են գործել, միևնույն է, կմահանան, անգամ եթե Օրենքի տակ չեն, իսկ բոլոր նրանք, ովքեր Օրենքի տակ լինելով են մեղք գործել, այդ Օրենքով կդատվեն։ Աստված արդար է համարում ոչ թե նրանց, ովքեր պարզապես լսում են Օրենքը, այլ ովքեր կատարում են այն։ Երբ այլազգի մարդիկ, Օրենք չունենալով, բնածին հակումով անում են Օրենքով պահանջվածը, դրանից երևում է, որ թեև չգիտեն Օրենքը, բայց այն իրենց մեջ է։ Դրանք հենց այն մարդիկ են, ովքեր իրենց գործերով ցույց են տալիս, որ Օրենքի սկզբունքները գրված են իրենց սրտերում։ Նրանց խիղճը վկայում է՝ արարքը ճիշտ է, թե սխալ, և իրենց մտքում նրանք կա՛մ մեղադրում են իրենց, կա՛մ արդարացնում» (Հռ 2։12-15)։ Այսպիսով՝ թեև այդ ազգերը օրենքների վրա հիմնված հարաբերություններ չունեին Աստծու հետ, սակայն նույնպես զերծ չէին մեղքից։ Նրանք ևս «վրիպում էին նշանակետից», քանի որ չէին համապատասխանում Եհովայի կատարյալ չափանիշներին (հմմտ. Հռ 3։9)։

Իսրայելի հետ Օրենքի ուխտը կնքելով՝ Աստված հստակ ցույց տվեց, որ բոլոր մարդիկ՝ թե՛ կռապաշտ հեթանոսները, թե՛ իսրայելացիները, մեղավոր են։ Այդ Օրենքը օգնում էր իսրայելացիներին հստակ գիտակցելու, որ նրանք շատ հարցերում չեն համապատասխանում Աստծու կատարյալ չափանիշներին։ Այն «տրվել էր, որ ոչ ոք չասի, թե անմեղ է, և հստակ դառնա, որ ողջ աշխարհը ենթակա է Աստծու պատժին», որովհետև «իրականում Օրենքն օգնում է հստակ հասկանալ, թե ինչ է մեղքը» (Հռ 3։19, 20)։ Նույնիսկ եթե իսրայելացին կռապաշտությամբ չէր զբաղվում, հեռու էր մնում արյունից, մարդասպան չէր, միևնույն է, ըստ Օրենքի ուխտի, մեղավոր էր հայտարարվում։ Պատճառն այն է, որ Օրենքի ուխտի համաձայն՝ բազմաթիվ գործեր և նույնիսկ ցանկություններ ու մղումներ մեղք էին համարվում։ Ուստի Պողոսը՝ որպես իր նախահայրերի ապագա սերունդ, պատկերացնելով, թե ապրում է այն ժամանակներում, երբ դեռ Օրենքը չէր տրվել, այսպիսի խոսքեր ասաց. «Եթե չլիներ Օրենքը, ես չէի իմանա՝ իրականում ինչ է մեղքը։ Օրինակ, եթե Օրենքում չասվեր՝ «Մի՛ ցանկացիր այն, ինչ պատկանում է ուրիշին», չէի իմանա, որ այդպիսի ցանկությունը սխալ է.... Մի ժամանակ, երբ դեռ Օրենքը չկար, ես ողջ էի, բայց երբ պատվիրանը տրվեց, մեղքը կենդանացավ, իսկ ես մահացա» (Հռ 7։7-9)։

Այլ օրենսդիրներ։ Երբ Աստծու Որդին երկրի վրա էր, ընդունում էր, որ Եհովան իր Օրենսդիրն է և Աստվածը։ Հիսուսը հրեա էր և ծնվել էր Օրենքի ուխտի ներքո, ուստի պարտավոր էր լիովին հնազանդվել դրան (Գղ 4։4, 5)։ Իր հերթին նա նույնպես որոշ օրենքներ էր սահմանում իր հետևորդների համար։ Նա դա անում էր նրանց սովորեցնելիս, իսկ հետագայում՝ սուրբ ոգու միջոցով, որի ներշնչմամբ աշակերտներից ոմանք գրեցին Քրիստոնեական Հունարեն Գրվածքները։ Այդ օրենքները, միասին վերցված, կոչվում են «Քրիստոսի օրենք» (Գղ 6։2; Հվ 15։10-15; 1Կթ 9։21)։ Հոգևոր «ազգը»՝ «Աստծու Իսրայելը», ենթարկվում է այդ օրենքին (Գղ 6։16; 1Պտ 2։9)։ Սակայն այդ օրենքները Քրիստոսը չէր սահմանել. նա դրանք ստացել էր մեծագույն Օրենսդրից՝ Եհովայից (Հվ 14։10)։

Մովսես։ Թեև Աստվածաշնչում մի քանի անգամ հիշատակվում է «Մովսեսի օրենք» արտահայտությունը (Հս 8։31, 32; 1Թգ 2։3; 2Տգ 23։18; 30։16), այնտեղից նաև հստակ երևում է, որ իրականում Օրենսդիրը Եհովան էր, իսկ Մովսեսը պարզապես միջնորդ էր և Աստծու ներկայացուցիչը, ում միջոցով Օրենքը տրվեց Իսրայելին (2Տգ 34։14)։ Նույնիսկ հրեշտակներն էին մասնակցել Օրենքը տալու գործին, քանի որ ասվում է, որ «Օրենքը փոխանցվեց ժողովրդին հրեշտակների միջոցով և միջնորդի ձեռքով»։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը Մովսեսի մասին խոսում է որպես օրենսդրի, քանի որ նա էր Եհովայի և Իսրայելի միջև կապված ուխտի միջնորդը (Գղ 3։19; Եբ 2։2)։

Մարդկային ղեկավարները՝ որպես օրենսդիրներ։ Մարդկային կառավարությունները Աստծու կողմից չեն հաստատված, և նա չէ նրանց իշխանությամբ օժտել։ Սակայն նա թույլ է տվել, որ նրանք գոյություն ունենան, ու երբեմն իր նպատակն իրագործելու համար որոշ ղեկավարների պաշտոնանկ է արել և թույլ է տվել, որ նրանց փոխարեն ուրիշները իշխանության գլուխ անցնեն (2Օր 32։8; Դն 4։35; 5։26-31; Գրծ 17։26; Հռ 13։1)։ Այդ ղեկավարներից ոմանք իրենց ազգի, պետության կամ համայնքի համար օրենսդիր են դարձել։ Սակայն նրանց օրենքներն ու կանոնները ընդունելի են միայն այն դեպքում, երբ ներդաշնակ են Մեծագույն Օրենսդրի՝ Եհովա Աստծու օրենքներին և դուրս չեն գալիս դրանց սահմաններից։ Հայտնի բրիտանացի իրավագետ Ուիլյամ Բլեքսթոնը Աստծու կողմից հաստատված բնության օրենքների մասին ասել է. «Դրանք գործում են երկրագնդի բոլոր անկյուններում, բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում։ Մարդկային օրենքները անվավեր են դառնում, եթե հակասում են դրանց, իսկ այն օրենքները, որոնք վավերական են, իրենց ողջ ուժն ու ազդեցիկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստանում են այդ սկզբնական օրենքներից»։ Նա նաև ավելացրել է. «Այս երկու հիմքերի՝ բնության օրենքների և հայտնության օրենքների [գտնվում են միայն Սուրբ Գրքում] վրա են հիմնված մարդկային բոլոր օրենքները, այսինքն՝ չի կարելի թույլ տալ, որ մարդկային օրենքները հակասեն դրանց» (Chadman’s Cyclopedia of Law, 1912, հտր I, էջ 89, 91; հմմտ. Մթ 22։21; Գրծ 5։29)։

Քրիստոնեական ժողովում։ Հիսուսի եղբայր Հակոբոսը հետևյալը գրեց այն քրիստոնյաներին, ովքեր դարձել էին հպարտ, պարծենկոտ և քննադատում էին իրենց եղբայրներին. «Վերջ տվեք իրար դեմ խոսելուն, եղբայրնե՛ր։ Ով խոսում է իր եղբոր դեմ կամ դատում է նրան, օրենքի դեմ է խոսում և օրենքն է դատում։ Եթե դու դատում ես օրենքը, ուրեմն դատավոր ես, ոչ թե օրենքը կատարող։ Միայն մեկ Օրենսդիր [հուն.՝ նոմոթետես] ու Դատավոր կա, և միայն նա կարող է փրկել ու կործանել։ Ո՞վ ես դու, որ դատում ես քո դրացուն»։ Այնուհետև Հակոբոսը խոսեց այն մարդկանց մասին, ովքեր պարծենում էին նրանով, ինչ պատրաստվում էին անել ապագայում, ասես իրենց վրա հանգամանքները որևէ ազդեցություն չունեին։ Փոխարենը նրանք պետք է ասեին. «Եթե Եհովան կամենա» (Հկ 4։11-16)։ Մինչ այդ Հակոբոսը խոսել էր «թագավորական օրենքի» մասին, որը հետևյալ կերպ է հնչում. «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես» (Հկ 2։8)։ Այդ քրիստոնյաները, դրացու նկատմամբ սեր չդրսևորելով ու նրա դեմ խոսելով, ըստ էության, դատում էին Աստծու օրենքը, ասես դատավորներ ու օրենսդիրներ էին։

Պողոս առաքյալը հռոմեացիներին գրած նամակում նման խորհուրդ տվեց նրանց, ովքեր դատում էին ուրիշներին այն բանի համար, թե ինչ էին ուտում և խմում։ Նա գրեց. «Ո՞վ ես դու, որ դատես ուրիշի ծառային։ Նրա տերն է որոշում՝ նա ճիշտ է վարվում, թե սխալ։ Եհովան կօգնի նրան արժանանալ իր հավանությանը» (Հռ 14։4)։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ինչպե՞ս է հարկավոր հասկանալ Կորնթոսի ժողովում տեղի ունեցող անբարոյականության դեպքի վերաբերյալ Պողոսի հրահանգները։ Նա գրեց. «Թեև ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով ձեզ հետ եմ և արդեն դատել եմ այդ բանն անող մարդուն, ասես անձամբ ներկա եմ այդտեղ.... Չէ՞ որ պետք է ներսիններին դատեք, իսկ դրսիններին Աստված է դատելու։ Այնպես որ «հեռացրեք չար մարդուն ձեր միջից»»։ Այնուհետև առաքյալը կորնթացիներին գրեց, որ նրանց ժողովում կան փորձառու տղամարդիկ, ովքեր կարող են լուծել [բռց.՝ «դատել»] առօրյա խնդիրները, և խորհուրդ տվեց դատավորներ չընտրել նրանց, ում ժողովը այդ հարցում համապատասխան չի համարում (1Կթ 5։1-3, 12, 13; 6։3, 4; հմմտ. Հվ 7։24)։

Որպես Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ Պողոսը իշխանությամբ էր օժտված և պատասխանատու էր ժողովների մաքրության ու բարօրության համար (2Կթ 1։1; 11։28)։ Այդ պատճառով նա հրահանգներ էր տալիս կառավարիչ մարմնի կողմից նշանակված եղբայրներին, ովքեր իշխանություն ունեին ժողովում (Գրծ 14։23; 16։4, 5; 1Տմ 3։1-13; 5։22)։ Նրանց պարտականություններ էր՝ հոգ տանել, որ ժողովը մաքուր մնա ու լավ համբավ ունենա Աստծու աչքում։ Այն, որ այդ եղբայրները վճիռ պետք է կայացնեին վերոնշյալ գործով, որն առնչվում էր Աստծու օրենքի բացահայտ ու կոպիտ խախտմանը, չէր նշանակում, որ նրանք դատում էին Աստծու օրենքը կամ իրենց հայեցողությամբ օրենքներ էին ստեղծում։ Նրանք Աստծու տված օրենքի սահմաններից այն կողմ չէին անցնում, այլ գործում էին այն օրենքին ներդաշնակ, որը տվել էր Մեծագույն Օրենսդիրը։ Համաձայն այդ օրենքի՝ անբարոյականությունը անմաքուր արարք էր, և այդպիսի անմաքուր բաներ անողները չէին կարող մտնել Աստծու թագավորություն (1Կթ 6։9, 10)։ Այդպիսի մարդիկ արժանի չէին մնալու Քրիստոսի ժողովում։ Սակայն նույնիսկ երբ ժողովի մաքրության համար պատասխանատու եղբայրները անմաքուր անհատներին հեռացնում էին ժողովից, նրանք չէին իրագործում այն պատիժը, որը կիրագործեր Աստված՝ Օրենսդիրը, չզղջացող մեղսագործների հանդեպ։ Նրա օրենքով՝ այդպիսի մարդիկ պետք է մահվան ենթարկվեին (Հռ 1։24-27, 32)։

Պողոսը նաև քրիստոնյաների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ սրբերը «դատելու են աշխարհը», և ասաց. «Հրեշտակների ենք դատելու»։ Առաքյալը խոսում էր ոչ թե ներկա ժամանակի, այլ ապագայի մասին, երբ Քրիստոսի թագավորակիցները, ծառայելով որպես երկնային դատավորներ, Աստծու օրենքներին ներդաշնակ կվարվեին և դատաստան կիրագործեին անօրենների հանդեպ (1Կթ 6։1-3; Հտն 20։6; հմմտ. 1Կթ 4։8)։

Գադին տրված Մովսեսի օրհնությունը։ Իր մահից առաջ Մովսեսը Իսրայելի ցեղերին օրհնելիս Գադի մասին ասաց. «Գադի սահմանն ընդարձակողը թող օրհնյալ լինի.... Առաջինը նա՛ [Գադը] բաժին կընտրի ու կվերցնի լավագույնը՝ այն բաժինը, որն օրենք տվողը առանձնացրեց նրա համար» (2Օր 33։20, 21)։ Ահա թե ինչպես թերևս կատարվեցին «օրենք տվողի [կամ՝ «օրենսդրի», ԱԹ]» մասին խոսքերը. ցեղերից շատերը իրենց ժառանգությունը վիճակ գցելով էին ստացել, երբ Հեսուի և Եղիազար քահանայապետի ուղղորդմամբ երկիրը բաժանվել էր։ Սակայն մադիանացիներին պարտության մատնելուց կարճ ժամանակ անց Գադի և Ռուբենի ցեղերը որպես սեփականություն խնդրեցին Հորդանան գետից դեպի արևելք գտնվող երկիրը։ Քանի որ այդ ցեղերը մեծ քանակությամբ անասուններ ունեին, այդ երկիրը հարմար էր նրանց համար։ Մովսեսը բարեհաճորեն լսեց նրանց խնդրանքը և տվեց այդ տարածքը (Թվ 32։1-5, 20-22, 28)։ Փաստորեն, նրանց սեփականությունը «օրենք տվողի»՝ Մովսեսի առանձնացրած բաժինն էր, ով Իսրայելի օրենսդիրն էր։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը