Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 3/1 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2006 Դիտարան
2006 Դիտարան
w06 3/1 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

● Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ժողովը, երբ քրիստոնյան ավտոմեքենա վարելիս վթարի է ենթարկվում, և դրա հետևանքով մարդ է զոհվում։ Ինչպե՞ս վարվել, եթե վարորդը ակներևաբար մեղավոր է, ասենք՝ խախտել է ‘կայսրի’ կողմից հաստատված երթևեկության կանոնները, գերազանցել է թույլատրելի արագությունը կամ անզգույշ է եղել։

Այն հարցը, թե որքանով է վարորդը պատասխանատու ավտովթարի հետևանքով զոհված մարդու (կամ մարդկանց) մահվան համար, պետք է հանձնվի նրա ժողովի երեցների ուշադրությանը։ Նույնիսկ եթե պետական մարմինները դատավարության ժամանակ վարորդին մեղավոր չճանաչեն, ճիշտ կլինի, որ երեցները հետաքննեն տեղի ունեցած դեպքը և փորձեն պարզել, թե իրո՞ք այդ անհատը արյունապարտ չէ։ Սա շատ կարևոր է, քանզի ժողովը չպետք է կոլեկտիվ պատասխանատվություն կրի սպանության համար այն պատճառով, որ քրիստոնյան անզգույշ է եղել կամ անտեսել է ‘կայսրի’ կողմից սահմանված երթևեկության կանոնները։

Վարորդը չպետք է գերազանցի թույլատրելի արագությունը, որ ‘կայսրը’ սահմանել է փողոցների, պողոտաների և խճուղիների համար։ Հակառակ դեպքում՝ մկրտված քրիստոնյան ոչ միայն կթերանա ‘կայսրինը տալ կայսրին’, այլև կկանգնի ավտովթարի ենթարկվելու և արյունապարտ դառնալու մեծ վտանգի առջև (Մատթէոս 22։21)։

Վարորդը պետք է միշտ զգոնություն պահպանի։ Եթե ավտոմեքենայի ճանապարհի ու երկաթգծի հատման կետում լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ կամ ուղեփակոցներ չկան, նա միևնույն է պետք է ուշադիր լինի երկաթգիծը անցնելուց առաջ։ Հնարավոր է, որ վարորդի ուշադրությունը շեղի որևէ միջատ։ Այդ դեպքում նախ հարկավոր է կանգնեցնել մեքենան և հետո միայն որևէ բան ձեռնարկել։ Եթե ետևում նստած ուղևորը խոսում է վարորդի հետ, ապա վերջինս պետք է իր հայացքը պահի ճանապարհի վրա և ոչ թե մեքենան վարելիս նայի այդ անհատին։ Վատ եղանակին վարորդը պետք է կրկնակի ուշադրություն ցուցաբերի։ Իսկ եթե նա քնատ է, ապա պետք է ղեկը տա ուրիշին կամ կանգնեցնի մեքենան և հանգստանա այնքան, մինչև որ քունն առնի։

Եթե քրիստոնյան անզգույշ լինելու կամ անվտանգության կանոնները խախտելու հետևանքով մարդու մահվան պատճառ դառնա, ապա արյունապարտ կհամարվի։ Հիշենք, որ երբ հին Իսրայելում անկանխամտածված սպանություն գործողը փախչում էր ապաստանի քաղաք, իշխանավորները միևնույն է դատում էին նրան՝ նախքան հնարավորություն կտային մնալու այնտեղ և այդպիսով պաշտպանվելու մահացածի արյան համար վրեժխնդիր անհատից (Թուոց 35։6–25)։

Մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքում ժողովի երեցների խորհուրդը իր անդամներից երկուսին պետք է հանձնարարի հետաքննել տեղի ունեցածը և պարզել, թե որքանով է Վկա վարորդը մեղավոր (Գաղատացիս 6։5, 7, 8ա)։ Եթե պատահարը տեղի է ունեցել այնպիսի հանգամանքների բերումով, որոնք կախված չէին վարորդից, ապա նա, անշուշտ, մեղավոր չի համարվի, և իր հեղինակության վրա բիծ չի լինի։ Սակայն եթե պարզվի, որ վարորդը անզգույշ է եղել կամ անտեսել է անվտանգության կանոնները, ապա երեցների կողմից կկազմվի իրավական կոմիտե։

Հետևաբար ժողովում հատուկ առանձնաշնորհում ունեցողները պետք է օրինակելի լինեն ավտոմեքենա վարելու հարցում։ Ի՞նչ օրինակ կծառայի ‘հոտին’ այն վերակացուն, որն անտեսում է ‘կայսրի’ սահմանած երթևեկության կանոնները (Ա Պետրոս 5։3)։ Կամ ի՞նչ ազդեցություն կթողնի երեցը երիտասարդների վրա, եթե չափազանց արագ վարի մեքենան (Տիտոս 2։6, 7)։ Ղեկին նստելը լուրջ պատասխանատվություն է։ Ուստի եթե քրիստոնյա ծնողներն իրենց դեռահաս երեխային թույլ են տալիս մեքենա վարել,a ապա նախօրոք ինչպես հարկն է պետք է կրթեն նրան։ Երեխային հատկապես հարկավոր է սովորեցնել, որ նա պատասխանատու է ինչպես ‘կայսրի’, այնպես էլ Աստծու առջև, և որ չպետք է ընդօրինակի արկածախնդիր աշխարհիկ պատանիներին, որոնք մեքենա վարելիս հաճախ են ընկնում լուրջ պատահարների մեջ արագությունը գերազանցելու պատճառով։ Ավելին, քրիստոնյան ոչ մի դեպքում չպետք է խնդրի ուրիշին աստվածապետական կամ այլ գործեր կատարելու համար որոշակի վայրում լինել այնպիսի ժամանակահատվածում, որը կպահանջի խախտել թույլատրելի արագությունը։ Որպեսզի վարորդը կարողանա տեղ հասնել՝ չգերազանցելով արագությունը, նրան պետք է բավականաչափ ժամանակ հատկացվի։ Ուստի եթե ճշմարիտ քրիստոնյային խնդրեն որևէ վայրում լինել կարճ ժամանակամիջոցում, ինչը կենթադրի խախտել ‘կայսրի’ օրենքը, ապա նա կվճռի հնազանդվել ‘կայսրին’՝ պատրաստ լինելով ցանկացած դժվարության, որը միգուցե առաջանա իր որոշման հետևանքով։ Մյուս կողմից՝ քրիստոնյան կարող է նախապես բացատրել աշխարհիկ գործատիրոջը, որ իր խիղճը թույլ չի տալիս իրեն խախտելու երթևեկության կանոնները։

Մեծամասամբ, սակայն, ամեն ինչ կախված է վարորդից՝ գիտակցում է նա այդ բանը, թե՝ ոչ։ Պարզապես, նա պետք է ջանք թափի ժամանակին դուրս գալ կամ էլ փոխել իր գրաֆիկը՝ բավականաչափ ժամանակ ունենալու համար։ Այդ դեպքում ոչինչ չի դրդի քրիստոնյային գերազանցել թույլատրելի արագությունը։ ‘Բարձր իշխանությունների’ հաստատած երթևեկության կանոններին ենթարկվելը ոչ միայն կօգնի խուսափել դժբախտ պատահարների մեջ ընկնելուց և արյունապարտ դառնալուց, այլև կնպաստի այն բանին, որ վարորդը մաքուր խիղճ ունենա, ինչը անհրաժեշտ է հավիտենական կյանք ստանալու համար (Հռովմայեցիս 13։1, 5; Ա Պետրոս 3։16)։

[ծանոթագրություն]

a Եթե երկրի օրենսդրությունը տարիքային սահմանափակումներ չի դնում մեքենա վարելու հարցում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը