Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 10/1 էջ 24–28
  • Ընդօրինակենք Եհովայի ողորմածությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընդօրինակենք Եհովայի ողորմածությունը
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եղբոր բարկությունը
  • Սխալ մտածելակերպ
  • Հոր ողորմածությունը
  • Այսօր ընդօրինակենք Աստծու ողորմածությունը
  • «Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած»
    1998 Դիտարան
  • Աստված «հարուստ է ողորմությամբ»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ձեր Հայրը ողորմած է»
    2007 Դիտարան
  • Ինչպե՞ս ողորմած լինել
    2007 Դիտարան
Ավելին
1998 Դիտարան
w98 10/1 էջ 24–28

Ընդօրինակենք Եհովայի ողորմածությունը

«Գթասի՛րտ եղէք, ինչպէս որ ձեր հայրը գթասիրտ է» (Ղուկաս 6։36)։

1. Փարիսեցիներն ինչպե՞ս ցույց տվեցին իրենց անգթությունը։

ԹԵՊԵՏ մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով, սակայն հաճախ նրանք չեն ընդօրինակում նրա ողորմածությունը (Ծննդոց 1։27)։ Որպես օրինակ՝ նկատի առնենք փարիսեցիներին։ Երբ Հիսուսը շաբաթ օրը ողորմածորեն բժշկեց մի մարդու չորացած ձեռքը, այդ կրոնական խավի ներկայացուցիչները չուրախացան կատարվածի համար, այլ խորհուրդ էին անում Հիսուսի դեմ, «թէ ինչպէս կորստեան մատնեն նրան» (Մատթէոս 12։9—14)։ Մեկ ուրիշ առիթով Հիսուսը բուժեց ի ծնէ կույր մի մարդու։ Այս անգամ ևս «փարիսեցիներից ոմանք» Հիսուսի ցուցաբերած կարեկցության համար չուրախացան։ Փոխարենը՝ նրանք դժգոհեցին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում» (Յովհաննէս 9։1—7; 16)։

2, 3. «Զգո՛յշ եղէք.... փարիսեցիների խմորից» ասելով՝ Հիսուսն ի՞նչ էր ուզում ցույց տալ։

2 Փարիսեցիների անգութ վերաբերմունքը հանցագործություն էր մարդասիրության դեմ, իսկ Աստծու դեմ՝ մեղք (Յովհաննէս 9։39—41)։ Բարի միտումով Հիսուսը զգուշացրեց իր աշակերտներին, որ հասարակության մեջ ազդեցիկ դիրք գրավող այս վերնախավի և ուրիշ կրոնավորների, ինչպես՝ սադուկեցիների, ‘խմորից զգո՛ւյշ լինեն’ (Մատթէոս 16։6)։ Աստվածաշնչում թթխմոր բառը մեղք ու ապականություն է խորհրդանշում։ Հետևաբար, Հիսուսն ուզում էր ցույց տալ, որ «դպիրների եւ փարիսեցիների» ուսուցումները կարող էին ապականել մաքուր պաշտամունքը։ Ինչպե՞ս։ Նրանք սովորեցնում էին մարդկանց, թե Աստծո Օրենքը միայն բռնապետական օրենքների ու ծեսերի մեջ է կայանում, մինչդեռ արհամարհում էին «ամենից կարեւորները», այդ թվում նաև՝ ողորմածությունը (Մատթէոս 23։23, ԱԹ)։ Կրոնի ծիսական այս ձևը Աստծո պաշտամունքն անտանելի բեռ էր դարձնում։

3 Անառակ որդու առակի երկրորդ մասում Հիսուսը մերկացրեց հրեա կրոնական առաջնորդների խեղաթյուրված մտածելակերպը։ Առակի մեջ նկարագրված հայրը ներկայացնում է Եհովային, որը պատրաստ էր ներելու իր մեղանչող որդուն։ Մինչդեռ այդ երիտասարդի ավագ եղբայրը, որը խորհրդանշում էր «փարիսեցիներին եւ դպիրներին», միանգամայն ուրիշ զգացումներ ունեցավ կատարվածի առնչությամբ (Ղուկաս 15։2, ԱԹ)։

Եղբոր բարկությունը

4, 5. Անառակ որդու եղբայրն ի՞նչ իմաստով էր «կորած»։

4 «Նրա ավագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցավ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ի՞նչ է։ Եւ սա նրան ասաց. քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան։ Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել» (Ղուկաս 15։25—28)։

5 Ակնհայտ է, որ Հիսուսի պատմած առակում միայն անառակ որդին չէր, որ դժվարություն էր կրում։ Մի տեղեկագիրք ասում է. «Այստեղ նկարագրված երկու որդիներն էլ կորած են. մի որդին իր անառակության պատճառով, իսկ մյուսին կուրացրել էր ինքն իրեն չափազանց արդար համարելը»։ Նկատի առեք, որ անառակ որդու եղբայրը ոչ միայն չուրախացավ, այլ նույնիսկ «բարկացաւ»։ «Բարկություն» բառի հունարեն արմատը մատնանշում է ոչ այնքան զայրույթի պոռթկումը, որքան ուղեղը մշտական զբաղեցնող մտքերը։ Ըստ երևույթին, անառակ որդու եղբոր զայրույթը խորը արմատներ ուներ, ուստի կարծում էր, թե տեղին չէ նշել վերադարձը նրա, ով երբեք տունը չպիտի լքեր։

6. Անառակ որդու եղբայրն ո՞ւմ է ներկայացնում և ինչո՞ւ։

6 Անառակ որդու եղբայրը ներկայացնում է նրանց, ովքեր վրդովվում էին՝ տեսնելով մեղավորների հանդեպ Հիսուսի տածած կարեկցությունն ու ուշադրությունը։ Հիսուսի ցուցաբերած ողորմածությունը չէր հուզում իրենց արդար համարող այս մարդկանց, ոչ էլ նրանք արձագանքում էին այն ուրախությանը, որը տիրում է երկնքում, երբ մի մեղավոր մարդ ներում է ստանում։ Ընդհակառակը՝ Հիսուսի ցուցաբերած ողորմածությունը գրգռում էր նրանց զայրույթը, և նրանք սկսեցին «չար բան.... խորհել» իրենց սրտերում (Մատթէոս 9։2—4)։ Մի առիթով որոշ փարիսեցիներ այնքան էին զայրացել, որ կանչեցին այն մարդուն, որին Հիսուսը բուժել էր և հետո «նրան դուրս հանեցին», ըստ երևույթին, հեռացրին ժողովարանից (Յովհաննէս 9։22, 34)։ Ինչպես առակում անառակ որդու եղբայրը «չէր ուզում ներս մտնել», նմանապես հրեա կրոնական առաջնորդները մերժեցին «ուրախացողների հետ ուրախանալ», մինչդեռ ունեին դրա հնարավորությունը (Հռովմայեցիս 12։15)։ Այնուհետև, շարունակելով իր առակը, Հիսուսը բացահայտեց նրանց չար դիտավորությունը։

Սխալ մտածելակերպ

7, 8. ա) Անառակ որդու եղբայրն ինչպե՞ս ցույց տվեց, որ չի հասկացել որդի լինելու բուն նշանակությունը։ բ) Ի՞նչ առումով ավագ որդին չնմանվեց հորը։

7 «Հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։ Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի։ Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր» (Ղուկաս 15։28—30)։

8 Այս խոսքերն ասելով՝ անառակ որդու եղբայրը պարզ կերպով ցույց տվեց, որ չէր հասկացել որդի լինելու բուն նշանակությունը։ Նա ծառայում էր հորն այնպես, ինչպես մի ծառայող իր ձեռնարկատիրոջը, ինչը երևում է իր իսկ խոսքերից. «Ծառայում եմ քեզ»։ Ճիշտ է, ավագ որդին երբեք չէր լքել տունը և չէր ոտնահարել հոր հրամանները։ Բայց արդյո՞ք սիրուց մղված էր հնազանդություն ցուցաբերում։ Մի՞թե նա իսկական ուրախություն էր գտնում հորը ծառայելիս, թե՞, ընդհակառակը, ինքնագոհ էր և իրեն ուղղակի լավ որդի էր համարում, քանի որ իր որդիական պարտքը կատարում էր «ագարակում»։ Եթե նա իրոք հորը նվիրված որդի էր, այդ դեպքում ինչո՞ւ նրա նման չէր մտածում։ Երբ իր եղբոր նկատմամբ ողորմածություն ցուցաբերելու հնարավորություն առաջացավ, ինչո՞ւ կարեկցություն չգտնվեց նրա սրտում (համեմատեք Սաղմոս 50։20—22)։

9. Բացատրեք, թե հրեա կրոնական առաջնորդներն ի՞նչ առումով նմանվեցին ավագ որդուն։

9 Հրեա կրոնական առաջնորդները նմանվում էին ավագ որդուն։ Նրանք վստահ էին, որ հավատարիմ են Աստծուն, քանի որ ամուր կառչում էին օրենքներից։ Ճիշտ է, հնազանդությունը կարևոր է (Ա Թագաւորաց 15։22)։ Բայց օրենքները կատարելու վրա չափից ավելի կենտրոնանալը Աստծո պաշտամունքը մեքենայական էր դարձնում, որն արտաքուստ դիտվում էր որպես նվիրվածություն, սակայն զուրկ էր ճշմարիտ հոգևոր արժեքներից։ Նրանց մտքերը կլանված էին ավանդություններով, և իրենց սրտերում սեր չկար։ Նրանք հասարակ ժողովրդին «ոտքի տակի կեղտ» էին համարում և նույնիսկ արհամարհում որպես ‘նզովյալ ամբոխի’ (Յովհաննէս 7։49)։ Արդարև, Աստված ինչպե՞ս կարող էր հավանել այսպիսի կրոնական առաջնորդների գործերը, եթե նրանց սրտերը հեռացած էին իրենից (Մատթէոս 15։7, 8)։

10. ա) Ինչո՞ւ էին «ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ» խոսքերը ժամանակահարմար խորհուրդ հանդիսանում։ բ) Ինչպիսի՞ վտանգ է իրենից ներկայացնում ողորմածության բացակայությունը։

10 Հիսուսը հայտնեց փարիսեցիներին. «Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ» (Մատթէոս 9։13; Ովսէէ 6։6)։ Նախապատվությունների հարցում նրանք մոլորված էին, որովհետև առանց ողորմածություն ցույց տալու նրանց կատարած բոլոր զոհաբերություններն անարժեք էին։ Սա իրոք լուրջ հարց է, քանի որ «անողորմ» մարդիկ դասվում են այն մարդկանց շարքին, ովքեր Աստծո սահմանած «մահուան են արժանի» (Հռովմայեցիս 1։31, 32)։ Ուստի, զարմանալի չէ, որ Հիսուսն ասաց, թե իբրև դասակարգ՝ կրոնական առաջնորդները դատապարտված են հավիտենական կործանման։ Անկասկած, պատճառը նրանց անգթությունն էր, որ նրանք այդպիսի դատաստանի պիտի արժանանային (Մատթէոս 23։33)։ Սակայն այս դասակարգի մարդկանց օգնություն էր առաջարկվում։ Իր առակի եզրափակիչ խոսքերից, որոնք հայրն ուղղեց իր ավագ որդուն, երևում է, որ Հիսուսը փորձում էր շտկել հրեաների մտածելակերպը։ Եկեք տեսնենք, թե ինչպե՞ս։

Հոր ողորմածությունը

11, 12. ա) Հիսուսի առակի մեջ հայրն ինչպե՞ս փորձեց բացատրել ավագ որդուն, և ինչո՞վ էին ակնառու հոր՝ «քո այս եղբայրը» խոսքերը։

11 «Հայրը նրան ասաց. որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց» (Ղուկաս 15։31, 32)։

12 Ուշադրություն դարձրեք հոր խոսքերին՝ «քո այս եղբայրը»։ Ինչո՞ւ։ Մտաբերեք, որ սկզբում, հոր հետ խոսելիս, ավագ որդին անառակ որդուն կոչեց «քո այդ որդին», և ոչ թե՝ «իմ եղբայրը»։ Այս խոսքերից երևում է, որ նա չէր ընդունում իր և իր արյունակից եղբոր միջև եղած ազգակցական կապը։ Եվ հայրն, ըստ երևույթին, այսպես պատասխանեց. «Նա միայն իմ որդին չէ, այլ նաև քո եղբայրն է, դուք նույն մսից ու արյունից եք։ Նրա վերադարձի համար ուրախանալու ամեն պատճառ ունես»։ Հիսուսի պատմածը պիտի որ հասկանալի լիներ հրեա կրոնական առաջնորդներին։ Մեղավոր մարդիկ, որոնց նրանք արհամարհում էին, իրականում իրենց «եղբայրներն» էին։ «Իրաւ որ երկրի վերայ արդար մարդ չ’կայ, որ բարի գործէ եւ չ’մեղանչէ»,— ասվում է Ժողովող 7։20–ում։ Հետևաբար, հասարակության վերնախավը կազմող այդ հրեաներն ամեն հիմք ունեին ուրախանալու, երբ մեղավորներն ապաշխարում էին։

13. Հիսուսի առակի կտրուկ ավարտը մեզ ո՞ր լուրջ հարցի առաջ է կանգնեցնում։

13 Հոր աղաչանքից հետո առակը հանկարծակի ավարտվում է։ Պատմությունը կիսատ թողնելով՝ թվում է, թե Հիսուսը հրավիրում է իր ունկնդիրներին՝ իրենց սեփական եզրակացությունն անելու։ Ինչպիսին էլ որ լիներ ավագ որդու արձագանքը, ունկնդիրներից յուրաքանչյուրի առաջ հետևյալ հարցն էր կանգնած. «Դու էլ կկիսե՞ս այն ուրախությունը, որն առաջանում է երկնքում ամեն մի մեղավորի դարձի գալով»։ Ներկայիս քրիստոնյաները ևս հնարավորություն ունեն պատասխանելու այս հարցին։ Իսկ ինչպե՞ս։

Այսօր ընդօրինակենք Աստծու ողորմածությունը

14. ա) Ողորմածությանը վերաբերող հարցերում ինչպե՞ս կարող ենք կիրառել Պողոսի՝ Եփեսացիս 5։1–ի խրատը։ բ) Աստծո ողորմածության վերաբերյալ ո՞ր սխալ տեսակետից է անհրաժեշտ խուսափել։

14 Պողոսը հորդորեց եփեսացի քրիստոնյաներին. «Նմանուեցէ՛ք Աստծուն, որպէս սիրելի զաւակներ» (Եփեսացիս 5։1)։ Հետևաբար, որպես քրիստոնյաներ, պետք է գնահատենք Աստծո ողորմածությունը, արմատավորենք մեր սրտերում և դրսևորենք այս հատկությունը՝ ուրիշների հետ վերաբերվելիս։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է զգուշություն պահպանել։ Աստծո ողորմածությունը չպետք է ընդունել որպես մեղքի հանդեպ անլուրջ վերաբերմունք։ Օրինակ՝ ոմանք անհոգությամբ պատճառաբանում են. «Եթե ես մեղք գործեմ, միշտ կարող եմ աղոթքով ներողություն խնդրել Աստծուց, և նա ինձ կողորմի»։ Այսպիսի վերաբերմունքը նման է Աստվածաշունչը գրողներից մեկի՝ Հուդայի գրած խոսքերին, թե՝ «մեր Աստծու շնորհը վերածեցին անառակութեան» (Յուդա 4)։ Թեև Եհովան ողորմած Աստված է, բայց մեղավորների հետ վերաբերվելիս «հանցավորին բնավ անպարտ չի թողնում» (Ելից 34։7; համեմատեք Յեսու 24։19; Ա Յովհաննէս 5։16)։

15. ա) Որոշակի դեպքերում ինչո՞ւ պետք է երեցները հավասարակշռված տեսակետ պահպանեն ողորմածության հարցում։ բ) Թեև երեցները չեն կարող հանդուրժել գիտակցաբար կատարված մեղքը՝ նրանք պետք է ձգտեն ի՞նչ անել և ինչո՞ւ։

15 Մյուս կողմից, շատ ուշադիր պետք է լինենք մեկ ուրիշ ծայրահեղության մեջ չընկնելու համար. այն է՝ խիստ դատապարտող չլինենք նրա նկատմամբ, ով անկեղծությամբ զղջում է իր գործած սխալի համար, և այդ արարքը ցավ է պատճառում իրեն։ Այսպիսի հոգեվիճակն ընդունելի է Աստծուն (Բ Կորնթացիս 7։11)։ Քանի որ Եհովան իր ոչխարներին երեցներին է վստահել, էական է, որպեսզի նրանք հավասարակշռություն պահպանեն այս հարցում, հատկապես դատական հարցեր քննելիս։ Քրիստոնեական ժողովը պետք է մաքուր պահել, և Սուրբ գրայնորեն պատշաճ է, ընկերակցությունից զրկելով, ‘վերացնել չարը’ (Ա Կորնթացիս 5։11—13)։ Միևնույն ժամանակ տեղին է ողորմածություն ցուցաբերելը, երբ հասկանալի հիմքեր կան դրա համար։ Թեև երեցները չեն կարող հանդուրժել գիտակցաբար կատարված մեղքը, բայց փորձում են արդարության սահմաններում սիրալիր ու կարեկից ուղի գտնել։ Նրանք տեղյակ են Աստվածաշնչի հետևյալ սկզբունքին. «Անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Յակոբոս 2։13; Առակաց 19։17; Մատթէոս 5։7)։

16. ա) Աստվածաշնչի օգնությամբ ցույց տվեք, թե Եհովան ինչպես է փափագում մոլորվածների վերադարձը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք նույնպես ողջունում ենք նրանց վերադարձը։

16 Անառակ որդու առակը բացահայտորեն ցույց է տալիս, որ Եհովան փափագում է մեղավորների վերադարձը։ Նա հրավիրում է նրանց զղջալ, քանի դեռ չեն կորցրել վերջին հույսը (Եզեկիէլ 33։11; Մաղաքիա 3։7; Հռովմայեցիս 2։4, 5; Բ Պետրոս 3։9)։ Անառակ որդու առակի հոր պես Եհովան արժանապատվությամբ է վերաբերվում զղջացող անհատների հետ՝ ընդունելով նրանց որպես ընտանիքի լիիրավ անդամ։ Դուք էլ ընդօրինակո՞ւմ եք Եհովային այս հարցում։ Երբ որոշ ժամանակով ընկերակցությունից զրկված հավատակիցը վերականգնվում է, ինչպե՞ս եք վերաբերվում դրան։ Արդեն իմացանք, որ ‘երկնքում ուրախություն է լինում’ (Ղուկաս 15։7)։ Իսկ երկրի վրա, ձեր ժողովում, նաև ձեր սրտում տիրո՞ւմ է այդ ուրախությունը, թե՞ առակի ավագ որդու պես զայրանում եք՝ մտածելով, թե ընդունելության արժանի չէ այն անհատը, որը նախկինում չպետք է լքեր Աստծո հոտը։

17. ա) Առաջին դարում Կորնթոսում ի՞նչ տեղի ունեցավ, և Պողոսը նրանց ի՞նչ խորհուրդ տվեց խնդիրը լուծելու համար։ բ) Ինչո՞ւ էր Պողոսի տված խորհուրդը գործնական, և ինչպե՞ս կարող ենք այն այսօր կիրառել (տեսեք նաև աջ կողմի շրջանակը)։

17 Այս հարցում ինքներս մեզ քննելու համար նկատի առնենք, թե մոտավորապես մ.թ. 55–ին ի՞նչ տեղի ունեցավ Կորնթոս քաղաքում։ Այնտեղ մի մարդ, որը հեռացվել էր ժողովից, վերջիվերջո, վերափոխեց իր կյանքը։ Ինչպե՞ս վարվեցին եղբայրները։ Նրա կատարած զղջումը նրանք կասկածանքո՞վ ընդունեցին և շարունակեցին խուսափե՞լ նրանից։ Ընդհակառակը՝ Պողոսը հորդորեց կորնթացիներին. «Դուք պէտք է ներէք նրան եւ մխիթարէք, որպէսզի չափազանց տրտմութիւնից չխորտակուի նա։ Ուստի, աղաչում եմ ձեզ նրա հանդէպ վերստին սէ՛ր ցոյց տալ» (Բ Կորնթացիս 2։7, 8)։ Հաճախ զղջացող մեղավորները հուսահատության զգացում են ապրում այն ժամանակ, երբ շարունակ նախատվում են։ Հետևաբար, վերականգնված քրիստոնյաները կարիք ունեն զգալու, որ սիրված են իրենց հավատակիցների ու Եհովայի կողմից (Երեմիա 31։3; Հռովմայեցիս 1։12)։ Սա շատ կարևոր է։ Ինչո՞ւ։

18, 19. ա) Նախկինում կորնթացիները ո՞ր դեպքերում էին չափից ավելի հանդուրժող գտնվել։ բ) Անգթություն ցուցաբերելով՝ ինչպե՞ս կարող էին կորնթացիները վնասվել Սատանայից։

18 Հորդորելով կորնթացիներին ներողամտություն ցուցաբերել՝ Պողոսը նշեց պատճառներից մեկը. «Չլինի թէ Սատանան առաւելութիւն ունենայ մեր վրայ, քանզի անտեղեակ չենք նրա մտադրութիւններին» (Բ Կորնթացիս 2։11)։ Ի՞նչ էր ուզում նա ասել։ Պողոսը նախկինում կորնթացիներին հանդիմանել էր չափից ավելի հանդուրժող լինելու համար։ Նրանք անհատին անպատիժ էին թողնում կատարած մեղքի դիմաց։ Նման վերաբերմունք ցուցաբերելով՝ ժողովը՝ հատկապես երեցները, Սատանայի ցանկությունն էին կատարում, քանի որ ժողովին վատահամբավ դարձնելը վերջինիս հաճույք էր պատճառում (Ա Կորնթացիս 5։1—5)։

19 Եթե նրանք մյուս ծայրահեղության մեջ ընկնեին ու չներեին զղջացող անհատին, ապա Սատանան կփորձեր ուրիշ կերպով խաբել նրանց։ Ի՞նչ կերպով։ Նա կարող էր օգտվել նրանց կոպիտ և անգութ վերաբերմունքից։ Եթե մեղանչող անհատը ‘չափազանց տրտմությունից խորտակվի’, կամ, ինչպես նշվում է «Նոր կտակարանի նոր աշխարհաբար թարգմանության» մեջ, «չափազանց տրտմութենէն յուսահատութեան մատնուի», ապա ի՜նչ մեծ պատասխանատվություն են կրում երեցները Եհովայի առաջ (համեմատեք Եզեկիէլ 34։6; Յակոբոս 3։1)։ Իր հետևորդներին զգուշացնելուց հետո, որ «այս փոքրիկներից մէկին» չգայթակղեցնեն, Հիսուսը բարի միտումով ասաց. «Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար։ Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան»a (Ղուկաս 17։1—4)։

20. Ի՞նչ ուրախություն է լինում թե՛ երկնքում, և թե՛ երկրի վրա, երբ մի մեղավոր ապաշխարում է։

20 Ամեն տարի ճշմարիտ երկրպագությանը վերադարձող հազարավոր անհատներ երախտապարտ են Եհովայի՝ իրենց հանդեպ ցուցաբերած ողորմածության համար։ Մի քրիստոնյա քույր իր վերականգնման մասին ասում է. «Ես չեմ հիշում իմ կյանքում մի պահ, երբ ինձ երբևէ այդքան երջանիկ զգացած լինեի»։ Իհարկե, նրա ուրախությունն իր արձագանքն ունեցավ նաև հրեշտակների մոտ։ Եկեք մենք էլ միանանք այն ‘ուրախությանը երկնքում’, որը լինում է մի մեղավորի ապաշխարելուց (Ղուկաս 15։7)։ Այսպես վարվելով՝ մենք էլ կընդօրինակենք Եհովայի ողորմածությունը։

[ծանոթագրություն]

a Թեև Կորնթոսի ժողովում մեղք գործածները վերականգնվում էին համեմատաբար կարճ ժամանակահատվածում, բայց սա միանշանակ չի կիրառվում ընկերակցությունից զրկված բոլոր անձանց նկատմամբ։ Պարագաները տարբեր են լինում։ Որոշ մեղավորներ անկեղծորեն զղջում են հեռացվելուց համարյա անմիջապես հետո, իսկ մյուսների համար դա բավականին ժամանակ է պահանջում։ Սակայն, բոլոր դեպքերում էլ զղջացող անհատները պետք է ցույց տան, որ տրտմում են և զղջմանն արժանի գործեր կատարեն (Գործք 26։20; Բ Կորնթացիս 7։11)։

Կրկնության հարցեր

□ Անառակ որդու եղբայրն ինչո՞վ էր նմանվում հրեա կրոնական առաջնորդներին։

□ Անառակ որդու եղբայրն ի՞նչ առումով չհասկացավ որդի լինելու բուն նշանակությունը։

□ Աստծու ողորմածությունն արտացոլելիս՝ ո՞ր երկու ծայրահեղություններից է անհրաժեշտ խուսափել։

□ Այսօր ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աստծո ողորմածությունը։

[շրջանակ 27–րդ էջի վրա]

«ՍԷՐԸ ՀԱՍՏԱՏԷՔ ՆՈՐԱ ՎԵՐԱՅ»

Ընկերակցությունից զրկված, բայց զղջացող անհատների մասին Պողոսը Կորնթոսի ժողովին հետևյալ պատգամը հղեց. «Սորա համար աղաչում եմ ձեզ, որ սէրը հաստատէք նորա վերայ» (Բ Կորնթացիս 2։8, ԱԹ)։ «Հաստատել» թարգմանված հունարեն բառը իրավական նշանակություն ունեցող արտահայտություն է, որը նշանակում է օրինական ճանաչել։ Այո՛, զղջացող անհատները, ովքեր վերականգնվում են, պետք է զգան, որ սիրված են և որ կրկին նրանց ողջունում են որպես ժողովի անդամներ։

Այնուամենայնիվ, պետք է չմոռանանք, որ ժողովում շատերը տեղյակ չեն այն մանրամասն հանգամանքներից, որոնք անհատին ընկերակցությունից զրկելու կամ նրա զղջման պատճառն են դարձել։ Բացի այդ, կարող է պատահած լինել, որ հավատակիցներից ոմանք անձնական վիրավորանք են կրել կամ ազդված են եղել զղջացող անհատի սխալ արարքից։ Հետևաբար, հաշվի առնելով վերջիններիս զգացումները, երբ հայտարարվում է որևէ անհատի վերականգնման մասին, հասկանալի պատճառներով մենք կխուսափենք հրապարակայնորեն նրան ողջունելուց. դա կարող ենք անել հետո՝ անձամբ նրան մոտենալով։

Որքա՜ն է զորանում վերականգնված անհատների հավատը, երբ նրանց կրկին ողջունում են որպես քրիստոնեական ժողովի անդամներ։ Մենք կարող ենք մխիթարել այսպիսի զղջացող քրիստոնյաներին՝ շփվելով նրանց հետ Թագավորության սրահում, ծառայության ընթացքում և ուրիշ հարմար առիթներով։ Եվ այսպես, ընկերակցելով նրանց հետ, մենք կհաստատենք և կամրապնդենք մեր սերը այդ քրիստոնյաների հանդեպ՝ որևէ ձևով չնվազեցնելով նրանց գործած մեղքերի լրջությունը։ Ավելի ստույգ, երկնային բազում արարածների հետ միասին մենք էլ ենք ուրախանում, որ նրանք թողել են իրենց մեղավոր ընթացքը և ետ դարձել դեպի Եհովան (Ղուկաս 15։7)։

[նկար 25–րդ էջի վրա]

Ավագ որդին իր եղբոր վերադարձի կապակցությամբ չուրախացավ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը