Ինչպես կարելի է խաղաղ ճանապարհով հարթել խնդիրները
ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Աստվածաշնչում այդ մասին առաջին անգամ կարդում ենք մարդկային առաջին զույգի ավագ որդու՝ Կայենի հետ կապված իրադարձության առումով։ Երբ Աստված նախընտրեց Աբելի մատուցած զոհը, Կայենը «շատ բարկացաւ»։ Ի՞նչ պատահեց հետո... «Կայէնը վեր կացաւ իր եղբայր Հաբէլի վերայ եւ սպանեց նորան»։ Այդ քայլով նա փչացրեց Աստծո հետ ունեցած իր փոխհարաբերությունը (Ծննդոց 4։5, 8—12)։ Բռնությունը չօգնեց նրան փոխելու Աստծո՝ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքը։
Ինչպե՞ս կարող ենք խուսափել Կայենի նման վարվելուց, որը փորձեց ծագած խնդիրները բռնությամբ լուծել։
Բռնությունից դեպի համբերատարություն
Առաջին քրիստոնյա մարտիրոս Ստեփանոսի սպանությանը հավանությամբ դիտում էր մի մարդ (Գործք 7։57; 8։1)։ Այդ մարդը՝ տարսոնցի Սողոսը, բոլորովին չէր կիսում Ստեփանոսի կրոնական համոզմունքները և գտնում էր, որ վերջինիս գործունեությունը կանգնեցնելու նպատակով ճիշտ է դիմել բռնության՝ սպանել նրան։ Սողոսը, թերևս, վայրագ անձնավորություն չէր։ Սակայն նա այն կարծիքին էր, որ խնդիրները կարելի է լուծել բռնության միջոցով։ Ստեփանոսի մահից անմիջապես հետո էլ նա «[քրիստոնյաների] եկեղեցուն շատ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց եւ կանանց ու մատնում բանտարկութեան» (Գործք 8։3)։
Ըստ աստվածաշնչագետ Ալբերտ Բարնզի՝ «վնաս հասցնել» թարգմանված հունարեն բառը վերաբերվում է այն վնասին, որը տալիս են առյուծի և գայլի նման վայրի կենդանիները։ «Սողոսը,— ասում է Բարնզը,— մոլեգնած էր եկեղեցու դեմ ինչպես մի վայրի գազան. սա մի չափազանց խիստ արտահայտություն է և ցույց է տալիս նրա նախանձն ու կատաղությունը, որոնցով նա հետապնդում էր քրիստոնյաներին»։ Երբ Սողոսը մեկնեց Դամասկոս, որպեսզի Քրիստոսի հետեվորդներից շատերին ձերբակալի, նա «դեռ Տիրոջ [Քրիստոսի] աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով [էր] լցուած»։ Ճանապարհին Սողոսին հայտնվեց հարություն առած Հիսուսն ու խոսեց նրա հետ. արդյունքում Սողոսը քրիստոնյա դարձավ (Գործք 9։1—19)։
Սողոսի դավանափոխությունից հետո փոխվեց նաև նրա վերաբերմունքը մարդկանց հանդեպ։ Դրանից մոտ տասնվեց տարի անց պատահած մի դեպք այդ փոփոխության մասին է վկայում։ Անտիոքի ժողով էին եկել մի խումբ մարդիկ և քաջալերում էին քրիստոնյաներին պահել Մովսիսական օրենքը։ «Շատ հակառակութիւն» առաջացավ, և Սողոսը, որն այդ օրերին առավել հայտնի էր Պողոս անունով, այդ վիճաբանության ժամանակ իր տեսակետը պաշտպանեց։ Զրույցը, հավանաբար, բավականին թեժ բնույթ էր կրում։ Բայց Պողոսը բռնության չդիմեց։ Նա ընդառաջ գնաց ժողովի որոշմանը, որ հարցը հարկավոր է թողնել առաքյալներին և Երուսաղեմի ժողովի երեցներին (Գործք 15։1, 2)։
Երուսաղեմում երեցների հանդիպման ժամանակ ևս «շատ վէճ» եղավ։ Պողոսը սպասեց մինչև «ամբողջ ժողովը լռեց», ապա պատմեց, թե ինչ հսկայական գործ է կատարել Աստծո սուրբ հոգին անթլպատ հավատացյալների մեջ։ Գրությունները քննարկելուց հետո առաքյալները և Երուսաղեմի երեցները «միաբան» (ԱԹ) վճռեցին անտեղի չծանրաբեռնել անթլպատ հավատացյալներին, այլ հորդորել նրանց «հեռու մնալ կուռքերին զոհուած կերակուրներից եւ արիւնից, խեղդամահ արուած կենդանիներից ու պոռնկութիւնից» (Գործք 15։3—29)։ Ինչ խոսք, Պողոսն առաջվանը չէր։ Նա սովորել էր վիճաբանական հարցերը լուծել՝ առանց բռնության դիմելու։
Հաղթահարել դեպի բռնությունն ունեցած հակումները
«Տիրոջ ծառան պէտք չէ, որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ՝ հանդարտութեամբ խրատելու համար հակառակողներին» (Բ Տիմոթէոս 2։24, 25)։ Պողոսը կոչ էր անում երիտասարդ վերակացու Տիմոթեոսին դժվար իրավիճակները հանդարտությամբ գլուխ բերել։ Պողոսն իրապաշտորեն էր մոտենում հարցերին։ Նա գիտակցում էր, որ քրիստոնյաները նույնպես կարող են վրդովվել (Գործք 15։37—41)։ Լավ միտումներից ելնելով՝ նա խորհուրդ տվեց. «Թէ բարկանաք էլ, մեղք մի՛ գործէք. արեգակը ձեր բարկութեան վրայ թող մայր չմտնի» (Եփեսացիս 4։26)։ Ճիշտ կլիներ զսպել դժգոհությունը և թույլ չտալ, որ այն վերածվի անղեկավարելի բարկության։ Սակայն ինչպե՞ս կարելի է հասնել դրան։
Այսօր բացասական զգացումները զսպելը այնքան էլ հեշտ գործ չէ։ «Կոպտությունը խիստ տարածված երևույթ է,— այս կարծիքին է Հարվարդի Առողջապահական ինստիտուտի դեկանի տեղակալ Դեբորա Փրոդրո–Սթիթը,— մարդիկ գտնում են, որ հաղորդակցվելու, փոխզիջման, կարեկցանքի և ներելու ունակությունները հատուկ են միայն թույլերին»։ Սակայն այս հատկությունները դրսևորելու համար տղամարդկություն է հարկավոր, և դրանք անհրաժեշտ են, որպեսզի զսպենք վայրագության մեր ներքին հակումը, որը կարող է մեր ներսում բռնկվել։
Քրիստոնյա դառնալով՝ Պողոսն իմացավ, թե ինչպես կարելի է ավելի հաջող կերպով հարթեցնել տարաձայնությունները։ Այդ հարցում նրան օգնեցին Աստվածաշնչում տեղ գտած ուսմունքները։ Որպես հուդայականությանը լավատեղյակ անհատի՝ Պողոսին քաջ հայտնի էին Եբրայերեն գրությունները։ Ամենայն հավանականությամբ, նրան ծանոթ էին Գրությունների այնպիսի համարները, ինչպես՝ «բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր»։ «Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը»։ «Քանդուած անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չէ զսպում իր ոգին» (Առակաց 3։31; 16։32; 25։28)։ Սակայն, մինչ իր դավանափոխ լինելը, այդ գիտելիքները չկանխեցին նրան քրիստոնյաների դեմ բռնություն գործադրելուց (Գաղատացիս 1։13, 14)։ Այդ դեպքում ի՞նչը օգնեց Պողոսին՝ որպես քրիստոնյայի, վիճաբանական հարցերը լուծել ոչ թե բռնության դիմելով, այլ՝ բանականությամբ առաջնորդվելով։
Պողոսը հուշեց մեզ, երբ ասաց. «Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին» (Ա Կորնթացիս 11։1)։ Նա մեծապես գնահատում էր այն, ինչ որ իր համար արել էր Հիսուս Քրիստոսը (Ա Տիմոթէոս 1։13, 14)։ Հիսուսը նրա համար ընդօրինակման կերպար էր դարձել։ Նա գիտեր, թե ինչպես էր Հիսուսը տառապել հանուն մեղավոր մարդկության (Եբրայեցիս 2։18; 5։8—10)։ Պողոսը կարող էր հաստատել, որ Մեսիայի վերաբերյալ Եսայիայի մարգարեությունը կատարվել էր Հիսուսի վրա. «Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չ’բացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չ’բացաւ» (Եսայիա 53։7)։ Իսկ Պետրոս առաքյալը գրեց. «Նա [Հիսուսը], որ նախատուելով՝ փոխարէնը չնախատեց, չարչարուելով՝ չսպառնաց, այլ յանձնուեց արդարութեամբ դատողին» (Ա Պետրոս 2։23, 24)։
Պողոսը հասկացավ, որ Հիսուս Քրիստոսը շատ բարդ իրավիճակներ էր հարթել, և հենց դա էլ օգնեց նրան փոխվելու։ Նա խրատեց իր հավատակիցներին. «Հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզ, նոյն ձեւով արէ՛ք եւ դուք» (Կողոսացիս 3։13)։ Բավական չէ միայն ընդունել, որ ուրիշներին բռնանալ չի կարելի։ Եթե գնահատում ենք այն ամենը, ինչ Եհովան և Հիսուս Քրիստոսն անում են մեզ համար, ապա դա օգնում է մեզ հաղթահարելու դեպի բռնությունն ունեցած մեր հակումները։
Արդյո՞ք դա հնարավոր է
Ճապոնիայից մի տղամարդու այսպիսի մղիչ ուժ էր հարկավոր։ Նրա հայրը դյուրաբորբոք բնավորության տեր զինվոր էր եղել և ընտանիքում՝ խիստ բռնակալ։ Տղան դաժան վերաբերմունքի էր ենթարկվել և ականատես էր եղել մոր տառապանքին, իսկ հետևանքը եղել էր այն, որ մեծացել էր բռնության հանդեպ ուժեղ հակումներով։ Նա, պրոբլեմները լուծելու և մարդկանց վախեցնելու նպատակով, տարբեր երկարության երկու սուր էր իր մոտ պահում, որոնք սովորաբար սամուրայներն են իրենց վրա կրում։
Երբ նրա կինը սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը, պարապմունքներին նա էլ էր ներկա գտնվում, սակայն լրջորեն չէր վերաբերվում դրանց։ Կարդալով «Թագաւորութեան Այս Բարի Լուրը»a գրքույկը՝ տղամարդու դիրքը փոխվեց։ Ինչո՞ւ։ «Երբ կարդացի «Քրիստոս Հիսուս» և «Փրկանքը» ենթավերնագրերի տակ գտնվող նյութերը,— պատմում է նա,— ամոթի զգացումը պատեց ինձ։ Թեև ես քմահաճ կյանք էի վարում, սակայն ինձ դուր էր գալիս սիրալիր վերաբերվել ընկերներիս։ Ինձ դուր էր գալիս որևէ հաճույք պատճառելը, իհարկե, եթե դա չէր խանգարում սեփական հետաքրքրություններիս։ Իսկ Աստծո Որդին պատրաստ է եղել իր կյանքը տալու հանուն մարդկության, այդ թվում նաև հանուն ինձ նմանների։ Ես ցնցված էի, կարծես մուրճով գլխիս հարված էի ստացել»։
Նա դադարեց շփվել իր ընկերների հետ և ժամանակի ընթացքում Եհովայի վկաների ժողովում «Աստվածապետական ծառայության դպրոցին» մասնակցելու ցանկություն հայտնեց։ Դպրոցն օգնում է մարդկանց Աստվածաշնչի ճշմարտությունները սովորեցնելու արվեստին տիրապետելուն։ Ուսուցումը հավելյալ օգուտներ տվեց նաև այդ մարդուն։ Ահա թե ինչ է ասում նա. «Երբ երիտասարդ էի, սպառնում էի ուրիշներին և բռնության դիմում, քանի որ չէի կարող զգացումներս մարդկանց մոտ արտահայտել։ Սովորելով մտքերս հաղորդել ուրիշներին՝ սկսեցի բռնության դիմելու փոխարեն աշխատել խոսքերով համոզել նրանց»։
Պողոսի նման նա՞ էլ սկսեց ընթանալ Քրիստոսի ճանապարհով։ Նրա հավատը փորձության ենթարկվեց, երբ իր նախկին ընկերներից մեկը, որի հետ միմյանց եղբայրության երդում էին տվել, փորձեց ետ կանգնեցնել նրան քրիստոնյա դառնալուց։ Այդ «ընկերը» հարվածեց նրան, ապա հայհոյանքների տարափ տեղաց Եհովայի հասցեին։ Իսկ այդ մարդը, որը մի ժամանակ նման իրավիճակներում անմիջապես բռունցքների օգնությանը կդիմեր, ներողություն խնդրեց, որ չի կարող պահել տված երդումը։ Հիասթափված՝ «եղբայրը» հանգիստ թողեց նրան։
Զսպելով դեպի բռնությունն ունեցած իր հակումը՝ այս երբեմնի դյուրագրգիռ մարդը հոգեվոր անհամար քույրեր և եղբայրներ ձեռք բերեց, որոնց միացնում է Աստծո և դրացու հանդեպ ունեցած սերը (Կողոսացիս 3։14)։ Այժմ՝ քրիստոնյա դառնալուց գրեթե քսան տարի անց, նա ծառայում է որպես շրջագայող վերակացու։ Կարելի է պատկերացնել, թե նրա համար որքա՜ն հաճելի է Աստվածաշնչով բացատրել, որ կատաղած գազան հիշեցնող մարդն էլ կարող է սովորել պրոբլեմները լուծել առանց բռունցքների օգնության, ինչպես ինքն էր համոզվել սեփական օրինակի վրա։ Եվ ի՜նչ մեծ ուրախություն է նա ապրում՝ մատնանշելով Աստվածաշնչի մարգարեական խոսքերից մեկի կատարմանը. «Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։9)։
Պողոս առաքյալի և նախկինում դաժան այս մարդու նման, դուք նույնպես կարող եք սովորել հաղթահարել տհաճ իրավիճակները՝ ծագած պրոբլեմները լուծելով խաղաղ ճանապարհով։ Մոտակայքում ապրող Եհովայի վկաները ուրախ կլինեն ձեզ այդ հարցում օգնելու։
[ծանոթագրություն]
a Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։
[մեջբերում 5–րդ էջի վրա]
Պողոսը իրապաշտորեն էր մոտենում հարցերին. նա գիտեր, որ քրիստոնյաները նույնպես կարող են վրդովվել։
[նկար 7–րդ էջի վրա]
Աստծո ցուցաբերած հոգատարության հանդեպ մեր ունեցած գնահատանքի զգացումը խաղաղ մարդկային փոխհարաբերություններ է առաջ բերում։