Փրկությունը Եհովայի ձեռքում է
«Աստուած մեզ համար փրկութեան Աստուած է» (Սաղմոս 68։20)։
1, 2. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան է փրկության աղբյուրը։ բ) Ինչպե՞ս կբացատրեք Առակաց 21։31 խոսքերը։
ԵՀՈՎԱՆ է Փրկիչը բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են իրեն (Եսայիա 43։11)։ Այս մասին իր անձնական փորձից գիտեր Դավիթը՝ Իսրայելի հռչակավոր Թագավորը, որն էլ սրտաբուխ երգեց. «Տիրոջն է փրկութիւնը» (Սաղմոս 3։8)։ Այս նույն խոսքերն արտասանեց Հովնան մարգարեն իր ջերմեռանդ աղոթքի մեջ, երբ գտնվում էր մեծ ձկան փորում (Յովնան 2։9)։
2 Դավթի որդի Սողոմոնը ևս գիտեր, որ Եհովան է փրկության աղբյուրը, քանզի գրեց. «Ձի է պատրաստվում պատերազմի օրուայ համար. բայց փրկութիւնը Տէրիցն է» (Առակաց 21։31)։ Հին Միջին Արեվելքում եզներին օգտագործում էին գութանը քաշելու համար, էշերին՝ բեռներ փոխադրելու, ջորիներին հեծնում էին մարդիկ, իսկ ձիերին օգտագործում էին պատերազմում։ Այնուամենայնիվ, նախքան Խոստացյալ երկիր իսրայելացիների մտնելը, Աստված հրամայել էր, որ նրանց ապագա թագավորը «շատ ձիեր չ’ունենայ» (Բ Օրինաց 17։16)։ Պատերազմական ձիերի կարիքը չէր զգացվելու, քանի որ Եհովան էր իր ժողովրդին փրկելու։
3. Ո՞ր հարցերն են մեր ուշադրությանն արժանի։
3 Գերիշխան Տեր Եհովան «փրկութեան Աստուած է» (Սաղմոս 68։20)։ Որքա՜ն մխիթարական են հնչում այս խոսքերը։ Բայց Եհովան փրկության ի՞նչ գործեր է կատարել, և ո՞ւմ է նա փրկել։
Եհովան փրկում է արդարամիտ անհատներին
4. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան փրկում է աստվածավախ մարդկանց։
4 Բոլոր նրանք, ովքեր արդարությամբ ընթանում են որպես Աստծուն նվիրված ծառաներ, կարող են մխիթարվել Պետրոս առաքյալի խոսքերով. «Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց»։ Պետրոսը հաստատեց այս միտքը՝ շարունակելով, թե Աստված «չխնայեց նաեւ հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրայ ջրհեղեղը բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թւում նաեւ Նոյին՝ արդարութեան քարոզչին» (Բ Պետրոս 2։5, 9)։
5. Ի՞նչ պայմանների ներքո էր Նոյը ծառայում որպես «արդարութեան քարոզիչ»։
5 Պատկերացրեք, թե դուք ապրում եք Նոյի օրերում։ Երկրի վրա են գտնվում մարմնավորված չար հրեշտակները։ Այս անհնազանդ հրեշտակների ժառանգները դաժանորեն են վարվում մարդկանց հետ, ու ‘երկիրը անօրենությամբ է լցված’ (Ծննդոց 6։1—12)։ Սակայն վերջիններս անկարող են Եհովային ծառայելուց Նոյին ետ պահել. նա մնում է որպես «արդարութեան քարոզիչ»։ Նոյն ու իր ընտանիքի անդամները մի տապան են կառուցում. նրանք համոզված են, որ չարությանը վերջ է դրվելու իրենց կյանքի օրերում։ Այսպիսով՝ Նոյի հավատը դատապարտեց այդ աշխարհը (Եբրայեցիս 11։7)։ Ներկայումս տիրող պայմանները շատ նման են Նոյի օրերում տիրող իրավիճակին՝ մատնանշելով, որ ապրում ենք իրերի այս չար համակարգի վերջում (Մատթէոս 24։37—39; Բ Տիմոթէոս 3։1—5)։ Նոյի պես դուք էլ կապացուցե՞ք ձեր հավատարմությունը՝ Աստծո ժողովրդի հետ միասին ծառայելով որպես արդարության քարոզիչ և սպասելով Եհովայից եկող փրկությանը։
6. Բ Պետրոս 2։7, 8 խոսքերն ինչպե՞ս են ապացուցում, որ Եհովան փրկում է արդարամիտ մարդկանց։
6 Պետրոսը ներկայացնում է նաև մի ուրիշ փաստ, այն, որ Եհովան արդարամիտ անհատներին է փրկում։ Նա գրում է. «[Աստված] փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից (որովհետեւ արդարը, բնակուելով նրանց մէջ, ականատես եւ ականջալուր էր լինում նրանց անօրէն ընթացքին՝ ամէն օր տանջելով իր արդար հոգին)» (Բ Պետրոս 2։7, 8; Ծննդոց 19։1—29)։ Սեռային այլասերվածությունը այս վերջին օրերում ապրող միլիոնավոր մարդկանց ապրելակերպն է դարձել։ Դուք էլ այսօր Ղովտի պես ‘ձանձրացե՞լ եք նրանց անառակ, անկարգ ընթացքից’։ Եթե դա այդպես է, ու դուք արդարություն եք ցուցաբերում, ապա կլինեք Եհովայի կողմից փրկվածների մեջ, երբ ավարտվի իրերի այս չար համակարգը։
Եհովան փրկում է իր ժողովրդին հարստահարիչների ձեռքից
7. Եգիպտոսում իսրայելացիների հետ կատարվածն ինչպե՞ս է ապացուցում, որ Եհովան իր ժողովրդին փրկում է հարստահարողների ձեռքից։
7 Այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել իրերի այս հին համակարգը, Եհովայի ծառաները հալածանքներ են կրելու ու թշնամիների կողմից հարստահարվելու են։ Սակայն նրանք կարող են վստահ լինել, որ Եհովան ազատելու է իրենց, քանի որ անցյալում էլ նա փրկել է իր հարստահարված ժողովրդին։ Իսկ հիմա մտովի պատկերացրեք, թե դուք ապրում եք Մովսեսի օրերում և սեփական աչքերով տեսնում եք եգիպտացիների կողմից իսրայելացիների հարստահարվելը (Ելից 1։1—14; 6։8)։ Աստված մեկը մյուսի ետևից պատուհասներով հարվածում է իսրայելացիներին (Ելից 8։5—10։29)։ Երբ մահաբեր տասներորդ պատուհասը խլում է եգիպտացիների առաջնեկների կյանքը, փարավոնը իսրայելացիներին թույլ է տալիս հեռանալ, բայց հետո մտափոխվում, հավաքում է իր ողջ ռազմական ուժերը և ուղարկում նրանց ետևից։ Արդյունքում ինքն ու իր զորքը խորտակվում են Կարմիր ծովում (Ելից 14։23—28)։ Երևակայեցեք Մովսեսի և ժողովրդի ուրախությունը, որը նկարագրված է այս երգի մեջ. «Եհովան հզօր պատերազմող է. անունը ԵՀՈՎԱՅ Է։ Փարաւօնի կառքերն ու նորա զօրքերը ծովը գցեց. եւ նորա ընտիր կառամարտիկները Կարմիր ծովի մէջ ընկղմուեցան։ Անդունդները ծածկեցին նորանց. նորանք իջան խորերը ինչպէս քար» (Ելից 15։3—5)։ Այս վերջին օրերում համանման մի աղետ է սպասվում բոլոր նրանց, ովքեր կեղեքում են Աստծո ժողովրդին։
8, 9. Բերեք մի օրինակ «Դատավորաց» գրքից, որը ցույց է տալիս, թե ինչպես է Եհովան իր ժողովրդին ազատում հալածողների ձեռքից։
8 Խոստացյալ երկիրը մտնելուց հետո երկար տարիներ իսրայելացիների մեջ արդարություն էին գործադրում դատավորները։ Ժողովուրդը երբեմն տառապում էր օտարերկրյա կեղեքիչների ձեռքին, մինչդեռ Աստված հավատարիմ դատավորներին օգտագործում էր նրանց ազատելու համար։ Հնարավոր է, որ մենք էլ տանջվենք «նեղութիւն տուողների եւ չարչարողների երեսից», բայց համոզված ենք, որ Եհովան կազատի իրեն նվիրված ծառաներին (Դատաւորաց 2։16—18; 3։9, 15)։ Աստվածաշնչի «Դատավորաց» գիրքը երաշխավորում է մեզ այդպիսի և դրանից ավելի մեծ փրկություն, որն Աստված ապահովելու է իր կողմից նշանակված Դատավորի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
9 Եկեք տեղափոխվենք Բարակ դատավորի օրերը։ Կեղծ պաշտամունքին հետևելու և Աստծո տհաճությունն ունենալու պատճառով 20 տարի շարունակ իսրայելացիները քանանացի Հաբին թագավորի դաժան իշխանության տակ են գտնվում։ Սիսարան քանանացիների հսկա բանակի զորագլուխն է։ Բայց ‘արդյոք վահան կամ նիզակ երևո՞ւմ է Իսրայելի քառասուն հազարի մեջ’, թեև այդ ազգի թիվը մոտ չորս միլիոն է կազմում (Դատաւորաց 5։6—8)։ Իսրայելացիներն ապաշխարելով աղաղակում են Եհովային։ Դեբորա մարգարեուհու միջոցով Աստծո առաջնորդությունը ստանալով՝ Բարակը 10 000 մարդ է հավաքում Թաբոր լեռան վրա, և Եհովան թշնամուն դուրս է բերում դեպի գեղադիր Թաբոր լեռան ստորոտում գտնվող հովիտը։ Սիսարայի լեգեոններն ու 900 ռազմական կառքերը մեծ դղրդյունով անցնում են հարթավայրով և չորացած Կիսոն գետի հունով։ Հանկարծակի երկնքից ուժեղ որոտի ձայն է լսվում և տարածվում ամբողջ հովտով մեկ. տեղատարափ անձրև է սկսվում, և Կիսոն գետը հեղեղաջրերից սկսում է արագությամբ հորդանալ։ Բարակն ու իր զորքը փոթորկի ներքո Թաբոր լեռից իջնելով՝ ականատես են դառնում Եհովայի խիստ բարկության կործանարար արարքին։ Բարակի կողմնակիցները մեկը մյուսի ետևից սպանում են սարսափահար եղած փախչող քանանացիներին, և նրանցից ոչ մեկը չի ազատվում։ Ինչպիսի՜ նախազգուշացում մեզ ճնշողների համար, ովքեր համարձակվում են պատերազմ մղել Աստծո դեմ (Դատաւորաց 4։3—16; 5։19—22)։
10. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստված ազատելու է իր ներկա ծառաներին բոլոր նրանց ճնշողներից։
10 Եհովան փրկելու է իր ներկայիս ծառաներին նրանց հարստահարող բոլոր թշնամիների ձեռքից, ինչպես որ փրկեց աստվածավախ իսրայելացիներին շատ վտանգներից (Եսայիա 43։3; Երեմիա 14։8)։ Աստված ազատեց Դավիթին «իր բոլոր թշնամիների ձեռքից» (Բ Թագաւորաց 22։1—3)։ Հետևաբար, երբ ճնշվում կամ հալածվում ենք որպես Եհովայի ժողովուրդ, եկեք քաջ մնանք, քանի որ նրա մեսիական Թագավորությունն ազատելու է մեզ հալածողների ձեռքից։ Այո՛, «նա խեղճերի անձերը կ’ապրեցնէ։ Նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը» (Սաղմոս 72։13, 14)։ Այս ազատագրումը անշուշտ մոտ է։
Աստված փրկում է նրանց, ովքեր ապավինում են իրեն
11. Դավիթը Եհովային վստահելու ի՞նչ օրինակ թողեց։
11 Եհովայի կողմից եկող փրկությանն արժանանալու համար մենք պետք է անվախորեն ապավինենք իրեն։ Դավիթը անվարան վստահություն ցուցաբերեց, երբ գնաց դեմ–դիմաց հանդիպելու աժդահա Գողիաթին։ Մի պահ պատկերացրեք հսկա փղշտացուն, որի առջև կանգնած է երիտասարդ Դավիթը և հայտարարում է. «Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը, որին դու նախատեցիր։ Այսօր Տէրը քեզ իմ ձեռքը կ‘մատնէ. ու ես քեզ կ‘մեռցնեմ, եւ քո վերայից գլուխդ կ‘առնեմ. եւ Փղշտացիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կ‘տամ. որպէս զի բոլոր երկիրը իմանայ որ Իսրայէլը Աստուած ունի. Եւ այս բոլոր ժողովքը իմանան՝ որ Տէրը սրով եւ նիզակով չէ ազատում. որովհետեւ պատերազմը Տիրոջն է»։ Շատ չանցած Գողիաթն անշունչ ընկնում է, ու փղշտացիները ջախջախիչ պարտություն են կրում։ Ինքնին արդեն պարզ է դառնում, որ Եհովան ազատեց իր ժողովրդին (Ա Թագաւորաց 17։45—54)։
12. Ինչո՞ւ է օգտակար մտաբերել քաջ Եղիազարի օրինակը։
12 Երբ դեմ առ դեմ հալածողների ենք հանդիպում, մեզ անհրաժեշտ է ‘արիանալ’ և ավելի շատ վստահել Աստծուն (Եսայիա 46։8—13; Առակաց 3։5, 6)։ Նկատի առեք Աբեսդոմմին կոչված վայրում տեղի ունեցած դեպքը։ Իսրայելացիները չդիմացան փղշտացիների ուժին։ Սակայն Եղիազարը՝ Դավիթի հետ եղող երեք քաջերից մեկը, չվախեցավ. նա մնաց գարու արտի մեջ և մեն–մենակ հարձակվեց փղշտացիների վրա։ Այսպիսով՝ «Տէրը փրկեց մեծ փրկութիւնով» (Ա Մնացորդաց 11։12—14; Բ Թագաւորաց 23։9, 10)։ Այսօր մեզանից ոչ մեկը չի ակնկալում, որ միայնակ դուրս գա ռազմական ուժի դեմ։ Սակայն, հնարավոր է, որ միայնակ մնանք ու մեզ վրա զգանք թշնամու գործադրած ճնշումը։ Այդ ժամանակ աղոթքով կապավինե՞նք Եհովային՝ փրկարար գործեր կատարող Աստծուն։ Կփնտրե՞նք արդյոք նրա օգնությունը, որպեսզի խուսափենք մեր հավատակիցներին հալածողների ձեռքը մատնելուց։
Եհովան փրկում է ուղղամտություն պահողներին
13. Ինչո՞ւ Իսրայելի տասցեղյան թագավորության մեջ դժվար էր Աստծո հանդեպ ուղղամտություն պահելը։
13 Եհովայի փրկությանն արժանանալու համար պետք է ամեն գնով պահենք մեր ուղղամտությունը նրա հանդեպ։ Վաղ ժամանակներում Աստծո ծառաները բազմաթիվ փորձություններ էին կրում։ Փորձեք մտածել այն մասին, թե ինչ փորձության կարող էիք հանդիպել, եթե ապրեիք Իսրայելի տասցեղյան թագավորության մեջ։ Ռոբովամի դաժանությունը զրկեց իրեն տասը ցեղերի աջակցությունից, և արդյունքում ստեղծվեց Իսրայելի հյուսիսային թագավորությունը (Բ Մնացորդաց 10։16, 17; 11։13, 14)։ Այդ ժամանակ Իսրայելի մեջ եղած թագավորներից ամենահաջողը Հեուն էր, բայց նույնիսկ նա էլ «չզգուշացաւ որ Իսրայէլի Տէր Աստուծոյ օրէնքի մեջ գնար իր բոլոր սրտովը» (Դ Թագաւորաց 10։30, 31)։ Չնայած այս հանգամանքին՝ տասցեղյան թագավորության մեջ գտնվեցին իրենց ուղղամտությունը պահող մարդիկ (Գ Թագաւորաց 19։18)։ Նրանք հավատ ցուցաբերեցին Աստծո հանդեպ, իսկ Աստված իր հերթին հավաստիացրեց, որ կօգնի նրանց։ Չնայած ձեր ունեցած հավատի փորձություններին՝ դուք էլ շարունակո՞ւմ եք պահել ձեր ուղղամտությունը Եհովայի հանդեպ։
14. Փրկարար ի՞նչ գործ կատարեց Եհովան Եզեկիա թագավորի օրերում, և ի՞նչն առաջնորդեց Բաբելոնի կողմից Հուդայի գրավմանը։
14 Աստծո օրենքի հանդեպ ցուցաբերած համատարած արհամարհանքը Իսրայելի թագավորությանը փորձանքի բերեց։ Երբ մ.թ.ա. 740–ին Ասորեստանը գրավեց Իսրայելը, որոշ անհատներ Իսրայելի տասցեղյան թագավորությունից առանց երկմտելու փախան Հուդայի երկցեղյան թագավորություն, որտեղ կարող էին երկրպագել Եհովային իր տաճարի մեջ։ Հուդայի՝ Դավիթի շառավղից եկող 19 թագավորներից չորսը՝ Ասան, Հովսափատը, Եզեկիան և Հովսիան, առանձնահատուկ նվիրվածություն էին ցույց տվել Աստծուն։ Իր ուղղամտությունը պահող Եզեկիայի օրերում ասորիները հզոր բանակով հարձակվեցին Հուդայի վրա։ Աստված պատասխանեց Եզեկիայի աղոթքին՝ միայն մի հրեշտակի միջոցով և ընդամենը մեկ գիշերվա մեջ սպանեց 185 000 ասորի զինվորների ու փրկեց իր երկրպագուներին (Եսայիա 37։36—38)։ Հետագայում ժողովուրդը թերացավ Մովսիսական օրենքը պահելու մեջ ու արհամարհեց Աստծո մարգարեների նախազգուշացումները։ Դա էր պատճառը, որ մ.թ.ա. 607–ին Բաբելոնի կայսրությունը նվաճեց Հուդան և նրա մայրաքաղաք Երուսաղեմն իր տաճարով։
15. Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Բաբելոնում հրեա աքսորյալները համբերություն ցուցաբերեին, և Եհովան նրանց ինչպե՞ս ազատեց։
15 Հարկավոր էր, որպեսզի հրեա աքսորյալները համբերություն ցուցաբերեին Աստծո հանդեպ ուղղամտություն պահպանելու համար Բաբելոնում անցկացրած իրենց գերության 70 դժվարին տարիների ընթացքում (Սաղմոս 137։1—6)։ Իր ուղղամտությունը պահող աչքառու մարգարեներից էր Դանիելը (Դանիէլ 1։1—7; 9։1—3)։ Պատկերացրեք նրա ուրախությունը, երբ մ.թ.ա. 537–ին ուժի մեջ մտավ պարսից Կյուրոս թագավորի հրամանագիրը, որը թույլատրում էր հրեաներին վերադառնալ Հուդա և վերաշինել տաճարը (Եզրաս 1։1—4)։ Դանիելն ու մյուս հրեաները երկար տարիներ համբերությամբ սպասում էին, մինչև որ վերջապես տեսան Բաբելոնի կործանումը և Եհովայի ժողովրդի ազատագրումը։ Այս դեպքը մեզ էլ կօգնի, որ համբերություն ցուցաբերենք, քանզի սպասում ենք «մեծն Բաբելոնի»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության կործանմանը (Յայտնութիւն 18։1—5)։
Եհովան միշտ փրկում է իր ժողովրդին
16. Եսթեր թագուհու օրերում Աստված ինչպե՞ս փրկեց իր ժողովրդին։
16 Եհովան միշտ փրկում է իր ժողովրդին, երբ նրանք հավատարմորեն կրում են իր անունը (Ա Թագաւորաց 12։22; Եսայիա 43։10—12)։ Եկեք տեղափոխվենք մ.թ.ա. հինգերորդ դար՝ Եսթեր թագուհու օրերը։ Ասուերոս թագավորը Համանին բարձր պաշտոն է տվել. նա թագավորից հետո երկրորդ մարդն է պետության մեջ։ Զայրանալով այն բանից, որ Մուրթքեն՝ լինելով հրեա, հրաժարվում է խոնարհվել իրեն՝ Համանը նրա և պարսկական կայսրության մեջ ապրող բոլոր հրեաների դեմ դավադրություն է կազմակերպում։ Նա հրեաներին ներկայացնում է որպես օրինազանցներ, նաև շահագրգռում է թագավորին և իրավունք ստանում օգտագործելու թագավորի մատանին, որպեսզի կնքի նրանց ոչնչացման համար վկայող հրամանագիրը։ Այդ ժամանակ Եսթերը անվախորեն հայտնում է թագավորին իր հրեական ծագման մասին և մերկացնում Համանի դաժան դավադրությունը։ Շուտով Համանին կախում են այն նույն կախաղանից, որը նա պատրաստել էր Մուրթքեի համար։ Զբաղեցնելով Համանի պաշտոնը՝ Մուրթքեն իրավունք է տալիս հրեաներին, որ պաշտպանեն իրենց կյանքը։ Նրանք մեծ հաղթանակ են տանում թշնամիների դեմ (Եսթեր 3։1—9։19)։ Այս պատմությունը ևս պիտի զորացնի մեր հավատն այն բանում, որ Եհովան փրկելու է ներկայիս իր հնազանդ ծառաներին։
17. Առաջին դարում Հուդայում ապրող հրեա քրիստոնյաների փրկության համար ի՞նչ կարևոր դեր խաղաց հնազանդությունը։
17 Հաջորդ պատճառը, թե ինչու է Եհովան փրկում իր ժողովրդին, դա այն է, որ նրանք հնազանդվում են իրեն և իր Որդուն։ Մի պահ պատկերացրեք, թե դուք Հիսուսի՝ առաջին դարի հրեա աշակերտներից եք։ Հիսուսը նախազգուշացնում է նրանց. «Երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է։ Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները» (Ղուկաս 21։20—22)։ Տարիներն անցնում են, ու դուք ցանկանում եք իմանալ, թե ե՞րբ են վերջապես իրականանալու այս խոսքերը։ Հետո՝ մ.թ. 66–ին, սկսվում է հրեական ապստամբությունը։ Հռոմեական զորքերը Կեստիոս Գալլոսի հրամանատարությամբ շրջապատում են Երուսաղեմը և շարժվում դեպի Երուսաղեմի տաճարի պարիսպը։ Հանկարծ, առանց որևէ պատճառի, հռոմեացիները թողնում են պաշարումը ու նահանջում։ Ի՞նչ պիտի անեն հրեա քրիստոնյաները։ Եվսեբիոս Կեսարացին իր աշխատության մեջ հայտնում է, որ նրանք փախան Երուսաղեմից և Հուդայից («Ecclesiastical History», III–րդ հատոր, գլուխ V, 3)։ Քրիստոնյաները փրկվում են, քանի որ հնազանդվեցին Հիսուսի տված մարգարեական նախազգուշացմանը։ Դուք էլ պատրա՞ստ եք հնազանդվելու սուրբգրային առաջնորդությանը, որը տրվում է Հիսուսի բոլոր «ինչքերի» վրա նշանակված «հաւատարիմ տնտեսի» միջոցով (Ղուկաս 12։42—44)։
Փրկություն դեպի հավիտենական կյանք
18, 19. ա) Հիսուսի մահն ի՞նչ փրկություն հնարավոր դարձրեց և ո՞ւմ համար։ բ) Պողոս առաքյալը ի՞նչ էր վճռել անել։
18 Հիսուսի նախազգուշացմանն ականջ դնելը փրկեց Հուդայում ապրող հրեա քրիստոնյաների կյանքը։ Բայց Հիսուսի մահով հավիտենական կյանքը հնարավոր է դառնում «բոլոր մարդկանց» համար (Ա Տիմոթէոս 4։10)։ Երբ Ադամը մեղանչեց, կորցրեց կատարելությունը, իրեն ու իր ժառանգներին մեղքի ու մահվան գերությանը մատնեց. ողջ մարդկային ցեղի համար փրկանք տալու անհրաժեշտություն առաջացավ (Հռովմայեցիս 5։12—19)։ Մովսիսական օրենքի միջոցով ներկայացվող անասնական զոհերը միայն մասամբ էին մեղքը ծածկում (Եբրայեցիս 10։1—4)։ Քանի որ Հիսուսը երկրային հայր չուներ, և Մարիամի հղիության օրից մինչև նրա ծնունդը Սուրբ հոգին անշուշտ «հովանի» եղավ նրան, Հիսուսը ծնվեց առանց մեղք ու անկատարություն ժառանգելու (Ղուկաս 1։35; Յովհաննէս 1։29; Ա Պետրոս 1։18, 19)։ Երբ Հիսուսը մահացավ որպես իր ուղղամտությունը պահած մարդ, նա իր կատարյալ կյանքը զոհեց մարդկությանը վերագնելու և ազատագրելու համար (Եբրայեցիս 2։14, 15)։ Այս ձևով Հիսուսը «տուեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար» (Ա Տիմոթէոս 2։5, 6)։ Սակայն բոլոր մարդիկ չեն, որ կօգտվեն փրկության այս հնարավորությունից. փրկանքի օգուտները Աստված կիրառում է նրանց հանդեպ, ովքեր հավատով են ընդունում այն։
19 Իր տված քավիչ զոհաբերության արժեքը երկնքում Աստծուն ներկայացնելով՝ Հիսուսը վերագնեց Ադամի սերունդների կյանքը (Եբրայեցիս 9։24)։ Այդպես վարվելով՝ նա արժանացավ իր հարսնացուին՝ կազմված երկնային կյանքի հարություն առած թվով 144 000 օծյալ հետևորդներից (Եփեսացիս 5։25—27; Յայտնութիւն 14։3, 4; 21։9)։ Հիսուսը նաև դարձավ «Յաւիտենականութեան Հայր» նրանց համար, ովքեր ընդունում են իր զոհաբերությունը և ստանում հավիտենական կյանք երկրի վրա (Եսայիա 9։6, 7; Ա Յովհաննէս 2։1, 2)։ Ինչպիսի՜ սիրառատ միջոցառում։ Վերջինիս հանդեպ Պողոսի ունեցած երախտագիտությունը պարզ է դառնում Կորնթոսում ապրող քրիստոնյաներին գրած իր երկրորդ ներշնչված նամակից, ինչպես դա կտեսնենք հաջորդ հոդվածում։ Փաստորեն, Պողոսը վերջնականորեն վճռել էր թույլ չտալ, որ որևիցե բան խանգարի իրեն օգնելու մարդկանց, որպեսզի նրանք օգտվեին Եհովայի՝ հավիտենական կյանքի առաջնորդող փրկարար, հիանալի միջոցառումից։
Ինչպե՞ս կպատասխանեք
◻ Սուրբգրային ի՞նչ ապացույցներ կան, որ Աստված փրկում է իրեն հավատարիմ մարդկանց։
◻ Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան փրկում է նրանց, ովքեր ապավինում են իրեն ու պահպանում իրենց ուղղամտությունը։
◻ Աստված դեպի հավիտենական կյանք տանող ի՞նչ փրկարար միջոցառում է պատրաստել։
[նկար 12–րդ էջի վրա]
Դավիթն ապավինեց Եհովային՝ «փրկութեան Աստծուն»։ Իսկ դո՞ւք։