Կյանք մահից հետո. ինչի՞ն են հավատում մարդիկ
«Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կ’կենդանանայ» (Յոբ 14։14)։
1, 2. Շատերն ինչպե՞ս են փորձում մխիթարվել, երբ կորցնում են հարազատներից մեկին։
ՆՅՈՒ ՅՈՐՔ քաղաքի հուղարկավորության տանը բաց դագաղի կողքով լուռ անցնում էին հարազատներն ու բարեկամները։ Նրանց հայացքը քաղցկեղից մահացած տասնյոթամյա երիտասարդի դիակին էր ուղղված։ Վշտից մաշված մայրն արտասուքն աչքերին հառաչում էր՝ շարունակ կրկնելով այն, ինչ որ իրեն սովորեցրել էին. «Թոմիս հիմա հանգիստ է։ Աստված Թոմիիս իր մոտ տարավ»։
2 Աշխարհի մյուս ծայրում՝ Նյու Յորքից մոտ 11 000 կմ հեռավորության վրա գտնվող Հնդկաստանի Ջամնագար քաղաքում, հանգուցյալի երեք որդիներից ավագը վառում է հոր դիակիզման համար նախատեսված փայտի կտորները։ Կրակի ճարճատյունի հետ զուգահեռ լսվում էին բրահմանի սանսկրիտական աղոթքները. «Թող որ անմահ հոգին այժմ էլ ձգտի միանալ տիեզերական հոգուն»։
3. Ո՞ր հարցն է դարեր շարունակ մտահոգել մարդկանց։
3 Մահվան իրականությունը գիտակցում է մեզանից յուրաքանչյուրը (Հռովմայեցիս 5։12)։ Եվ բնական է, երբ մեզ մոտ հարց է ծագում՝ արդյո՞ք մահով ամեն բան վերջանում է։ Խորհրդածելով բույսերի բնական ցիկլի շուրջը՝ Եհովայի վաղեմի, հավատարիմ ծառաներից մեկը՝ Հոբը, նկատեց. «Ծառն էլ տակաւին յոյս ունի. եթէ կտրուի, դարձեալ կ’ծլի, եւ նորա ճիւղերը չեն պակասիլ»։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մարդկանց մասին։ Հոբը հարցրեց. «Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կ’կենդանանայ» (Յոբ 14։7, 14)։ Բոլոր դարերում հասարակության տարբեր շրջանակներին պատկանող մարդիկ մտորել են այն հարցի շուրջը, թե ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։ Եթե մահից հետո կյանքը շարունակվում է, ապա ինչպիսի՞ն է այն։ Վերջապես, ինչի՞ն են հավատում մարդիկ և ինչո՞ւ։
Մեկ թեմա և բազում պատասխաններ
4. Ի՞նչ կարծիքի են որոշ կրոնների ներկայացուցիչներ այն մասին, թե ինչ է կատարվում մահից հետո։
4 Իրենց քրիստոնյա համարող մեծաթիվ անհատներ հավատում են դժոխքի և դրախտի գոյությանը։ Հնդուականները հավատում են հոգու վերամարմնավորմանը։ Մահմեդականների հավատի համաձայն՝ մահից հետո դատաստանի օր է լինելու, որի ժամանակ Ալլահը քննելու է յուրաքանչյուրի վարած կյանքը և որոշելու նրա տեղը՝ կա՛մ դրախտ, կա՛մ էլ դժոխքի կրակները։ Որոշ երկրներում ենթադրյալ հոգու վերաբերյալ համոզմունքներն իրենցից ներկայացնում են տեղական սովորույթների և, այսպես կոչված, քրիստոնեական հավատալիքների խառնուրդ։ Շրի Լանկայում բուդդայականները և կաթոլիկները, երբ ընտանիքի անդամներից մեկը մահանում է, տեղական սովորության համաձայն, տան դռները և պատուհանները լայն բաց են անում, իսկ դագաղը տեղավորում են այնպես, որպեսզի հանգուցյալի ոտքերն ուղղված լինեն դեպի դուռը։ Այս սովորությունը պահպանողները համոզված են, որ նման արարողությունները հեշտացնում են տնից հանգուցյալի ոգու կամ հոգու դուրս գալը։ Արևմտյան Աֆրիկայում շատ կաթոլիկների և բողոքականների մոտ ընդունված է ծածկել հայելիները, երբ տանը հանգուցյալ կա, որպեսզի ոչ ոք, հայելու մեջ նայելիս, չտեսնի մահացածի ոգին։ Իսկ քառասուն օր հետո մահացածի հարազատներն ու մտերիմները նշում են հոգու երկինք համբարձվելը։
5. Ո՞ր հիմնական ուսմունքն է միացնում կրոնների մեծամասնությանը։
5 Չնայած այս բազմազանությանը՝ կրոնների մեծամասնությունն ընդունում է մեկ հիմնական գաղափար՝ անձի ներսում կա ինչ–որ մի բան՝ լինի դա հոգի, ոգի կամ ուրվական, որն անմահ է և շարունակում է իր գոյությունը մահից հետո։ Հոգու անմահության գաղափարը տարածված է քրիստոնեական աշխարհի հարյուրավոր կրոնների և աղանդների մեջ։ Վերջինս նաև հուդայականության գլխավոր ուսմունքներից է։ Հնդուականության մեջ այս ուսմունքն ընկած է վերամարմնավորման ուսմունքի հիմքում։ Մահմեդականները հավատում են, որ հոգին մարմնի մահից հետո շարունակում է ապրել։ Աննշան տարբերությամբ՝ նույն բանն են սովորեցնում նաև այլ հավատները, ինչպես օրինակ, ոգեպաշտությունը [անիմիզմ] Աֆրիկայում, սինտոյականությունը և նույնիսկ բուդդայականությունը։ Դրան են հավատում նաև Ավստրալիայի բնիկները։
6. Ի՞նչ կարծիքի են որոշ գիտնականներ հոգու անմահության գաղափարի վերաբերյալ։
6 Ուրիշներն, ընդհակառակը, կարծում են, որ գիտակից գոյությունն ավարտվում է մահով։ Նրանք անտրամաբանական են համարում այն գաղափարը, համաձայն որի հուզական և բանական կյանքը շարունակում է գոյություն ունենալ անդեմ, մարմնից անջատված եթերային հոգու մեջ։ Քսաներորդ դարի իսպանացի գրող և փիլիսոփա Միգել դե Ունամունոն գրում է. «Հոգու անմահությանը հավատալու համար հարկավոր է դա ցանկանալ, բայց ցանկանալ այնպես ուժգին, որ այդ զգացումը կարողանա խեղդել դատողության ձայնը»։ Հոգու անմահությունը մերժողների թվին են պատկանել անտիկ դարաշրջանի հայտնի փիլիսոփաներ Արիստոտելը և Էպիկուրը, բժիշկ Հիպոկրատը, շոտլանդացի փիլիսոփա Դավիդ Հյումը, արաբ գիտնական Ավեռոեսը և անկախ Հնդկաստանի առաջին պրեմիեր–մինիստր Ջավահարլալ Ներուն։
7. Հոգու անմահության ուսմունքի հետ կապված ի՞նչ կարևոր հարցեր են քննարկվելու։
7 Բախվելով իրար հակասող այսպիսի գաղափարներին և հավատներին՝ հարց է առաջանում. «Ունե՞նք արդյոք անմահ հոգի։ Իսկ եթե իրականում հոգին անմահ չէ, ապա ինչպե՞ս է պատահել, որ նման սուտ ուսմունքը դարձել է ներկայիս կրոնների անբաժանելի մասը։ Որտեղի՞ց է այն սկիզբ առել»։ Անչափ կարևոր է, որ գտնենք այս հարցերի ճշմարտացի և բավարարող պատասխանները, քանի որ մեր ապագան կախված է հենց դրանից (Ա Կորնթացիս 15։19)։ Բայց, նախ և առաջ, եկեք տեսնենք, թե որտեղից է առաջ եկել հոգու անմահության վերաբերյալ ուսմունքը։
Ակունքները
8. Սոկրատեսը և Պլատոնը ինչպե՞ս նպաստեցին հոգու անմահության գաղափարի զարգացմանը։
8 Մ.թ.ա. հինգերորդ դարի հույն փիլիսոփաներ Սոկրատեսը և Պլատոնը առաջիններից էին, ովքեր զարկ տվեցին հոգու անմահության գաղափարի զարգացմանը։ Այնուհանդերձ, ուսմունքի հեղինակները նրանք չէին։ Սոկրատեսն ու Պլատոնն այս գաղափարը ծաղկեցրին և դարձրեցին փիլիսոփայական ուսմունք, որով հրապուրվեցին թե՛ իրենք, և թե՛ ավելի ուշ ժամանակների հասարակության վերին խավերը։ Բանն այն է, որ նրանցից առաջ հին Պարսկաստանում զրադաշտականության հետևորդները, նաև եգիպտացիները նույնպես հավատացել են հոգու անմահությանը։ Ուստի հարց է ծագում՝ որտեղի՞ց է սկիզբ առնում այս ուսմունքը։
9. Հին աշխարհի երկրներից Եգիպտոսի, Պարսկաստանի և Հունաստանի մշակույթների վրա ո՞ր կրոնն է իր ազդեցությունը թողել։
9 «Հին աշխարհում,— պատմվում է «Բաբելոնի և Ասորեստանի կրոնը» («The Religion of Babylonia and Assyria») գրքում,— Եգիպտոսի, Պարսկաստանի և Հունաստանի վրա մեծ ազդեցություն է թողել բաբելոնյան կրոնը»։ Ինչ վերաբերվում է եգիպտական կրոնական ուսմունքներին, գիրքը շարունակում է բացատրել. «Ինչպես երևում է Էլ–Ամառնայի հուշատախտակներից, վաղ ժամանակներում Եգիպտոսի և Բաբելոնի միջև սերտ կապեր են գոյություն ունեցել, ինչը եգիպտական պաշտամունքի մեջ բաբելոնյան տեսակետների ու սովորույթների ներմուծման մեծ հնարավորություններ է ստեղծել»։a Նույնը կարելի է ասել նաև հին պարսկական և հունական մշակույթների մասին։
10. Հանդերձյալ կյանքի վերաբերյալ ի՞նչ կարծիքի էին բաբելացիները։
10 Բայց արդյո՞ք հին բաբելոնացիները հավատում էին հոգու անմահությանը։ Փենսիլվանիայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Մորիս Յաստրովը այդ առումով գրել է. «Ո՛չ [Բաբելոնի] ժողովրդի, ո՛չ էլ նրա կրոնական առաջնորդների մտքով անգամ չէր անցնում, թե հնարավոր է վերջնականապես ոչնչանա մի բան, ինչը մեկ անգամ արդեն աշխարհ է եկել։ Մահը [նրանց կարծիքով] անցում էր գոյության մի ձևից մեկ այլին, իսկ նրանց կողմից անմահության հերքումը առաջ էր քաշում այն միտքը, թե անկարելի է խուսափել մահվան հետևանքով առաջացող նման փոփոխությունից»։ Այո՛, բաբելոնացիները հավատում էին, որ կյանքը մահից հետո ինչ–որ ձևով շարունակվում է։ Հենց դա էր պատճառը, որ հանգուցյալների հետ տարբեր իրեր էին թաղում, որոնք կարող էին հանդերձյալ աշխարհում պետք գալ նրանց։
11, 12. Ջրհեղեղից հետո որտե՞ղ է ծնունդ առել հոգու անմահության մասին ուսմունքը։
11 Այսպիսով՝ պարզ է դառնում, որ հոգու անմահության մասին ուսմունքի արմատները գալիս են հին Բաբելոնից։ Բայց արդյո՞ք դա այդքան կարևոր է։ Անշո՛ւշտ, քանի որ, ըստ Աստվածաշնչի, Բաբել կամ Բաբելոն քաղաքը հիմնադրել է Նոյի թոռնորդի Նեբրովթը։ Նոյի օրերի համաշխարհային Ջրհեղեղից հետո երկրի վրա միայն մեկ լեզու կար և մեկ կրոն։ Միայն Նեբրովթը չէր, որ «Եհովայի դեմ էր» (ՆԱ). նա հետևորդներ ուներ, որոնք իր հետ միասին ուզում էին ‘համբավ ձեռք բերել’ (ԷԹ)։ Այսպիսով՝ հիմնադրելով քաղաքը և ձեռնարկելով աշտարակի շինարարությունը՝ Նեբրովթը մի նոր կրոնի սկիզբ դրեց (Ծննդոց 10։1, 6, 8—10; 11։1—4)։
12 Ըստ ավանդության՝ Նեբրովթը վայրագ մահ է ունեցել։ Քանի որ Նեբրովթը Բաբելոնի հիմնադիրը, կառուցողը և առաջին թագավորն է եղել, տրամաբանական է ենթադրել, որ նրա մահից հետո բաբելացիք մեծարանքով են վերաբերվել նրան։ Իսկ, նկատի ունենալով այն, որ Բաբելոնի հիմնադիրը համարվում էր Մարդուկ (Մարովդաք) աստվածը և Բաբելոնի մի շարք թագավորներ իրենց անունները ստացել են նրանից հետո, գիտնականներից ոմանք ենթադրում են, որ Մարդուկը հենց աստվածացված Նեբրովթն է (Դ Թագաւորաց 25։27; Եսայիա 39։1; Երեմիա 50։2)։ Եթե դա իրոք այդպես է, ապա անմահ հոգու գաղափարը սկիզբ է առնում առնվազն Նեբրովթի մահվան ժամանակներից։ Ամեն դեպքում, պատմության էջերը երեվան են հանում այն իրողությունը, որ Ջրհեղեղից հետո հոգու անմահության մասին ուսմունքը ծնունդ է առել Բաբելում կամ՝ Բաբելոնում։
13. Ինչպե՞ս է հոգու անմահության գաղափարը տարածվել ողջ աշխարհով մեկ, և ինչպիսի՞ հետևանքներով։
13 Աստվածաշունչը պատմում է, որ Աստված ձախողեց Բաբելում ձեռնարկված շինարարությունը՝ խառնելով շինարարների լեզուները։ Այլևս միմյանց հետ շփվելու անկարող՝ նրանք թողեցին իրենց ծրագիրը և ցրվեցին «բոլոր երկրի երեսի վերայ» (Ծննդոց 11։5—9)։ Պետք է չշփոթել սակայն, որ, թեև այդ աշտարակը շինելու մտադրություն ունեցողների լեզուն փոխվել էր, նրանց մտածելակերպն ու գաղափարները մնացել էին նույնը։ Որպես հետևանք՝ ուր էլ որ նրանք գնային, նրանց կրոնական գաղափարներն իրենց ուղեկցելու էին։ Այս ճանապարհով բաբելոնական կրոնական ուսմունքները, այդ թվում նաև հոգու անմահության գաղափարը, տարածվեցին ողջ երկրով մեկ և աշխարհի կրոնների մեծամասնության հիմքը կազմեցին։ Դրանով հիմք դրվեց կեղծ կրոնի համաշխարհային կայսրությանը, որը Աստվածաշնչում կոչված է «Մեծն Բաբելոն, մա՛յր երկրի պոռնիկների եւ գարշելիների» (Յայտնութիւն 17։5)։
Կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը մուտք է գործում Արևելք
14. Ինչպե՞ս են բաբելոնական կրոնական ուսմունքները հասել Հնդկաստան։
14 Պատմաբաններից ոմանք ասում են, որ շուրջ 3 500 տարի առաջ գաղթականության մի ալիք հյուսիս–արևմուտքից սպիտակամորթ արիական ցեղերին բերեց Ինդոսի հարթավայրը. ներկայումս այդ տարածքը մեծ մասամբ պատկանում է Պակիստանին և Հնդկաստանին։ Այնտեղից նրանք շարժվեցին դեպի Գանգեսի հարթավայրը և Հնդկաստան։ Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ այդ գաղթականների կրոնական գաղափարները հիմնված են եղել հին իրանական և բաբելոնյան ուսմունքների վրա։ Ժամանակի ընթացքում հենց այս գաղափարներն էլ հիմք հանդիսացան հնդուականության համար։
15. Ինչպե՞ս է հոգու անմահության գաղափարը իր ազդեցությունը թողել հնդուականության վրա։
15 Հնդկաստանում հոգու անմահության գաղափարը ձևափոխվեց՝ ընդունելով վերամարմնավորման գաղափարի ձևը։ Հնդիկ իմաստունները, որոնք փորձում էին լուծել չարության և մարդկային տառապանքի դարավոր խնդիրը, հանգել էին քարմայի՝ պատճառահետևանքային օրենքին։ Միացնելով այս օրենքը հոգու անմահության գաղափարի հետ՝ նրանք զարգացրին վերամարմնավորման տեսությունը, որի համաձայն մարդը պարգևատրվում կամ պատժվում է նախկին կյանքում իր գործած արարքների դիմաց։ Հավատացյալների նպատակակետը «մյոքշեն» է, այսինքն՝ վերածնումների շրջապտույտից ազատագրվելն ու այսպես կոչված բացարձակ ճշմարտությանը միաձուլվելը կամ՝ Նիրվանայի մեջ խորասուզվելը։ Դարերի ընթացքում հնդուականության տարածման հետ միասին տարածվեց նաև վերամարմնավորման գաղափարը։ Եվ այս ուսմունքը դարձավ ժամանակակից հնդուականության հիմքը։
16. Հանդերձյալ կյանքի վերաբերյալ ո՞ր տեսակետը սկսեց իշխել Արևելյան Ասիայի բնակչության մեծամասնության հայացքներում և սովորույթներում։
16 Հնդուականությունից են սկիզբ առել բուդդայականությունը, ջայնականությունը, սիկհերի կրոնը։ Դրանք բոլորն էլ ընդունում են վերամարմնավորման գաղափարը։ Բացի այդ, բուդդայականությունը ոչ միայն թափանցեց Արեվելյան Ասիա՝ Չինաստան, Կորեա, Ճապոնիա և այլուր, այլև խորը ազդեցություն թողեց ողջ երկրամասի մշակույթի և կրոնի վրա։ Դա նպաստեց նոր կրոնների հիմքը դրվելուն, որոնք մի շարք հավատալիքների խառնուրդ էին իրենցից ներկայացնում՝ բուդդայականության բաղադրիչ մասերից ոգեհարցությունը և նախնիների պաշտամունքը պարունակելով։ Այդ կրոններից ամենից ազդեցիկներն են դաոսականությունը, կոնֆուցիականությունը և սինտոյականությունը։ Այսպիսով՝ գաղափարը, թե մարմնի մահից հետո կյանքը շարունակում է գոյություն ունենալ, սկսեց իշխել աշխարհի այս հատվածի բնակչության մեծամասնության կրոնական հայացքներում և սովորույթներում։
Ի՞նչ կարելի է ասել հուդայականության, քրիստոնեության և իսլամի մասին
17. Ի՞նչ կարծիքի էին հին հրեաները հանդերձյալ կյանքի մասին։
17 Իսկ ի՞նչ են սովորեցնում հանդերձյալ կյանքի մասին քրիստոնեությունը, հուդայականությունը և մահմեդականությունը։ Այս երեք կրոններից ամենահինը հուդայականությունն է։ Հուդայականության արմատները գալիս են մեզանից շուրջ 4 000 տարի առաջ ապրած Աբրահամի ժամանակներից՝ Սոկրատեսի ու Պլատոնի կողմից հոգու անմահության տեսության ձևավորվելուց շատ ավելի առաջ։ Հին հրեաները հավատում էին ոչ թե այն բանին, որ մարդն ի ծնե անմահ պիտի լինի, այլ՝ մեռելների հարությանը (Մատթէոս 22։31, 32; Եբրայեցիս 11։19)։ Հետևաբար հարց է ծագում. ինչպե՞ս է հոգու անմահության գաղափարը մտել հուդայականության մեջ։ Այս հարցին պատասխանում է պատմությունը։
18, 19. Ինչպե՞ս է հոգու անմահության գաղափարը մտել հուդայականության մեջ։
18 Մ.թ.ա. 332 թ.–ին Ալեքսանդր Մեծը նվաճեց Մերձավոր Արևելքը, այդ թվում նաև Երուսաղեմը։ Նրա հաջորդները շարունակեցին իրագործել նրա «հելլենացման» ծրագիրը, ինչը չէր կարող չհանգեցնել հունական և հրեական մշակույթների միաձուլմանը։ Ժամանակի ընթացքում հրեաները ծանոթացան հունական մտածողության հետ, և ոմանք նույնիսկ փիլիսոփաներ դարձան։
19 Նրանցից մեկն էր մ.թ. առաջին դարի հրեա փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրիացին։ Նա հարգանքով էր վերաբերվում Պլատոնին և փորձում էր հուդայականությունը բացատրել հունական փիլիսոփայության լեզվով՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով հրեա ապագա մտածողների համար։ Հունական գաղափարներն իրենց ազդեցությունն են թողել նաև Թալմուդի՝ ռաբունիների կողմից կազմված բանավոր օրենքների վերաբերյալ գրավոր մեկնաբանությունների վրա։ «Թալմուդը գրող ռաբունիները,— նշում է «Հրեական հանրագիտարանը» (Encyclopaedia Judaica),— հավատում էին, որ հոգին մահից հետո շարունակում է իր գոյությունը»։ Ավելի ուշ հրեաներն այն աստիճան խորացան այս հարցի մեջ, որ նույնիսկ իրենց խորհրդապաշտական գրքերում՝ Կաբալայում, սովորեցնում էին վերամարմնավորման մասին։ Ուստի, հունական փիլիսոփայության «ետին դռնով» հոգու անմահության գաղափարը ոտք դրեց հուդայականության մեջ։ Իսկ ինչպե՞ս է ուսմունքը ներթափանցել քրիստոնեական աշխարհ։
20, 21. ա) Ի՞նչ դիրք էին բռնել առաջին դարի քրիստոնյաները պլատոնական կամ հունական փիլիսոփայության հանդեպ։ բ) Ի՞նչն է նպաստել պլատոնական գաղափարների և քրիստոնեական ուսմունքների միաձուլմանը։
20 Ճշմարիտ քրիստոնեության հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է։ Վերոհիշյալ գիտնական Միգել դե Ունամունոն Հիսուսի մասին հետևյալն է գրում. «Նա ավելի շուտ հավատում էր մարմնի հարությանը, որն ավելի հարազատ էր հրեաների մտածելակերպին, քան հոգու անմահությանը, ինչը սովորեցրել էր Պլատոնը»։ Այս գիտնականն իր միտքը եզրափակում է հետևյալ խոսքերով. «Հոգու անմահության գաղափարը.... հեթանոսական փիլիսոփայության դոգմա է»։ Այս ամենը նկատի առնելով՝ հասկանում ենք, թե ինչո՛ւ Պողոս առաքյալն առաջին դարի քրիստոնյաներին խստորեն զգուշացրեց ‘ճարտարամտությունից [‘փիլիսոփայությունից’, ԱԹ] և սնոտի խաբեբայությունից’ խուսափելու մասին՝ ասելով, որ «դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ» (Կողոսացիս 2։8)։
21 Ե՞րբ և ինչպե՞ս է այս «հեթանոսական փիլիսոփայության դոգման» ներթափանցել քրիստոնեական աշխարհ։ «Բրիտանական նոր համայնագիտարանում» («New Encyclopædia Britannica») ասվում է. «Մ.թ. երկրորդ հարյուրամյակի կեսերին հունական փիլիսոփայությանը քիչ թե շատ ծանոթ քրիստոնյաները ցանկացան իրենց հավատը արտահայտել փիլիսոփայական գաղափարների օգնությամբ թե՛ իրենց ինտելեկտուալ բավարարման, և թե՛ կրթություն ստացած հեթանոսներին դավանափոխ անելու նպատակով։ Պլատոնականությունը նրանց համար ամենահարմար փիլիսոփայական ուղղությունն էր»։ Այդ վաղ ժամանակների փիլիսոփաներից էին Օրիգենես Ալեքսանդրացին և Օգոստինոս Ավրելիոսը, որոնք մեծ ազդեցություն թողեցին քրիստոնեական աշխարհի ուսմունքների վրա։ Հոգու վերաբերյալ Պլատոնի գաղափարները խորը տպավորություն էին գործել թե՛ մեկի, թե՛ մյուսի վրա և նպաստել էին, որպեսզի այդ գաղափարները միաձուլվեն քրիստոնեական ուսմունքներին։
22. Ինչպե՞ս է, որ հոգու անմահության գաղափարը շարունակում է կարևոր ուսմունք լինել մահմեդականների համար։
22 Հոգու անմահության գաղափարը հուդայականության և քրիստոնեության մեջ թափանցեց Պլատոնի ուսմունքների ազդեցության ներքո, մինչդեռ մահմեդականության մեջ այս գաղափարը սերմանվեց հենց սկզբից։ Մահմեդականների սուրբ գրքում՝ Ղուրանում, ասվում է, որ մարդն ունի հոգի, որը շարունակում է իր գոյությունը մահից հետո։ Այն խոսում է հոգու վերջնական ճակատագրի մասին, որը լինելու է կա՛մ երկնային դրախտանման պարտեզը, կա՛մ՝ դժոխքի կրակը։ Բայց դա չի նշանակում, որ արաբ գիտնականների կողմից ոչ մի փորձ չի արվել՝ միացնելու մահմեդական ուսմունքը հունական փիլիսոփայության հետ։ Իրականում, արաբական աշխարհը որոշ չափով գտնվել է Արիստոտելի աշխատությունների ազդեցության ներքո, բայց, այնուամենայնիվ, մահմեդականները մինչև այժմ շարունակում են հավատալ հոգու անմահությանը։
23. Հանդերձյալ կյանքի վերաբերյալ ի՞նչ հարցեր են քննարկվելու հաջորդ հոդվածում։
23 Ինչպես տեսնում ենք, համայն աշխարհի կրոնները, հիմնվելով հոգու անմահության գաղափարի վրա, հավատալիքների մի հսկայական շարք են կազմել հանդերձյալ կյանքի վերաբերյալ, որը խիստ շփոթության է մատնում մարդկանց։ Նման համոզմունքները իրենց ազդեցությունն են թողել միլիարդավոր մարդկանց վրա, նույնիսկ իշխել են նրանց և գերի դարձրել։ Դեմ առ դեմ բախվելով այս բոլորին՝ մեզ պարտավորված ենք զգում հարցնելու. «Հնարավո՞ր է արդյոք իմանալ ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ մահանում ենք. կա՞ կյանք մահից հետո։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչն այս հարցի վերաբերյալ»։ Այդ մասին կքննարկենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a Էլ–Ամառնա հնավայրում են գտնվում Հին Եգիպտոսի Ախեթաթոն քաղաքի ավերակները. ենթադրվում է, որ վերջինս կառուցվել է մ.թ.ա. 14–րդ դարում։
Կարո՞ղ եք բացատրել
◻ Հանդերձյալ կյանքի վերաբերյալ ո՞ր ընդհանուր թեմայի մասին է խոսում կրոնների մեծամասնությունը։
◻ Ինչպե՞ս են պատմությունը և Աստվածաշունչը ցույց տալիս, որ Բաբելոնը հոգու անմահության ուսմունքի ծննդավայրն է։
◻ Ի՞նչ ազդեցության են ենթարկվել արևելյան կրոնները անմահ հոգուն վերաբերող բաբելոնական գաղափարներից։
◻ Ինչպե՞ս է հոգու անմահության ուսմունքը ներթափանցել հուդայականության, քրիստոնեության և իսլամի մեջ։
[նկարներ 24–րդ, 25–րդ էջերի վրա]
Ալեքսանդր Մեծի նվաճումները նպաստեցին հունական և հրեական մշակույթների միաձուլմանը։
Օգոստինոսը փորձում էր համատեղել Պլատոնի փիլի- սոփայությունը քրիստոնեության հետ։
[թույլտվությամբ]
Ալեքսանդր. Musei Capitolini, Roma։ Օգոստինոս. «Great Men and Famous Women» գրքից։