Դուք սիրո՞ւմ եք կյանքը
«ԹՈՂԵՔ ինձ տեսնեմ լույսը»։ Մահից անմիջապես առաջ իր մոտ գտնվողներին այսպիսի խոսքեր ասաց իտալացի բանաստեղծ Ջակոմո Լեոպարդին։ Այս խոսքերը մեկ անգամ ևս վկայում են, թե որքան ուժգին է մարդու մեջ ապրելու ցանկությունը, որն այստեղ արտահայտվում է «լույս» բառի միջոցով։
Ապրելու ցանկությունը ապշեցուցիչ ներքին ուժ է, որը շատերի համար մղիչ ուժ է հանդիսանում, որպեսզի և՛ հաղթահարեն դժվարությունները, և՛ հնարավոր ամեն բան անեն իրենց կյանքը պահպանելու համար։ Կենդանիները նույնպես օժտված են ապրելու խիստ ցանկությամբ, ուստի, կարելի է ասել, որ այս հարցում մարդը քիչ է տարբերվում կենդանուց։
Բայց եկեք տեսնենք, թե մարդու համար ո՞րն է լիարժեք կյանքը, որին կարելի է ձգտել։ Անշուշտ, միայն ֆիզիկապես գոյությունը պահպանելը չէ, այսինքն՝ շնչելն ու շարժվելը, իսկ «կյանքից վերցրու այն, ինչ հնարավոր է» մոտեցումը ևս չի օգնում իսկական բավարարվածություն ստանալ։ «Ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք» էպիկուրյան փիլիսոփայության հանրահայտ սկզբունքը մարդկանց մեծամասնությանը չի գոհացրել (Ա Կորնթացիս 15։32)։ Մի շարք նյութական կարիքներ ունենալու հետ մեկտեղ, մարդն ունի նաև բազմաթիվ մշակութային և սոցիալական հետաքրքրություններ՝ չհաշված հոգևոր կարիքները, որոնցից մեկն էլ Բարձրյալի հանդեպ հավատ ընծայելն է։ Ցավոք, աշխարհի շատ մասերում հարյուր միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր մարդիկ պարզապես իրենց գոյությունն են պահպանում տիրող սոցիալական և էկոլոգիական ծանր պայմաններում։ Այն անհատները, որոնք սահմանափակվում են միմիայն իրենց ֆիզիկական կարիքները՝ ուտելու, խմելու, ունեցվածք կուտակելու կամ սեռային ցանկությունները բավարարելով, իրենց վարած կյանքով ինչ–որ չափով նմանվում են կենդանիներին, որը շատ քիչ բավականություն է իրենց պատճառում։ Իրականում, այդպիսի անհատները չեն օգտագործում այն, ինչը հասանելի է միայն մարդուն՝ որպես բանական, զգացմունքային և հոգևոր կարիքներով օժտված անհատականություն։ Դեռ ավելին, շարունակ անձնական շահեր հետապնդելով՝ մարդը կարող է ոչ միայն զրկել իրեն լիարժեք կյանքից, այլ նաև վնասել շրջապատի մարդկանց՝ հաշվի չառնելով ուրիշների հետաքրքրությունները։
Երիտասարդ հանցագործների հարցերով զբաղվող մի դատավոր հաստատում է այդ միտքը՝ ասելով, որ «բարոյական արժեքների անկումը, մարդկանց կուռք դարձնելը և արագ ու հեշտ հարստանալը» մղում է «սաստիկ մրցակցության ոգու առաջացմանը»։ Դա զարգացնում է մի վարքագիծ, որը վնասակար է հասարակության համար և հիմնականում կործանում է երիտասարդներին, հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս անձնատուր են լինում թմրադեղերի գործածությանը։
Բոլորիս քաջ հայտնի է, որ կյանքը լի է հաճույքներով. գեղատեսիլ վայրերում հանգստանալը, հետաքրքիր ընթերցանությունն ու ուսումնասիրությունը, հաճելի ընկերակցությունը և գեղեցիկ երաժշտությունը դրանցից ընդամենը մի քանիսն են։ Կան բազմաթիվ ուրիշ միջոցառումներ էլ, որոնք կարող են մարդուն քիչ թե շատ բավականություն պարգևել։ Այն մարդիկ, ովքեր սրտանց հավատում են Աստվածաշնչում նկարագրվող Աստծուն՝ Եհովային, ավելի շատ պատճառներ ունեն կյանքը սիրելու։ Ճշմարիտ Աստծո հանդեպ հավատը զորություն ու հանգստություն է պատճառում և օգնում է դիմանալ դժվարություններին։ Նման հավատի տեր մարդը կարող է վստահորեն ասել. «Տէ՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ» (Եբրայեցիս 13։6)։ Աստծո սերը ճանաչողներին սիրում է Եհովան։ Նրանք հնարավորություն ունեն մշտապես ուրախություն վայելելու՝ փոխադարձաբար պատասխանելով այդ սիրուն (Ա Յովհաննէս 4։7, 8, 16)։ Նրանք կարող են այնպիսի կյանք վարել, որը լի է այլոց հանդեպ դրսևորվող անկեղծ սիրով, իսկ դա բավարարվածության աղբյուր է հանդիսանում։ Այդ մասին Հիսուս Քրիստոսն ասաց. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։
Ցավոք, այսօրվա կյանքին բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն ևս։ Աշխարհով մեկ սփռված տառապանքը, անարդարությունը, չքավորությունը, հիվանդությունը և մահը միայն մի քանիսն են այն ծանր իրադարձություններից, որոնց պատճառով կյանքը դառնում է տառապալից։ Հին Իսրայելի հարուստ և զորեղ թագավորը՝ Սողոմոն Իմաստունը, ուներ այն ամենը, ինչը որ երջանկության հասնելու համար կարող է մարդու մտքով անցնել։ Սակայն նրան էլ էր ճնշում մահվան միտքը. նա գիտակցում էր, որ իր ջանքերի ողջ արդյունքը՝ ‘իր աշխատած աշխատանքը’, որը նա կատարել էր «իմաստութեամբ, գիտութեամբ եւ յաջողութեամբ», մահանալիս թողնելու էր ուրիշին (Ժողովող 2։17—21)։
Սողոմոնի նման շատերն են գիտակցում, որ կյանքը կարճ է և շատ արագ է անցնում։ Սուրբ գրությունները հայտնում են, որ Աստված ‘հավիտենականությունը ճանաչելու փափագը մեր մտքի մեջ է դրել’ (Ժողովող 3։11, Արևմտ. Աստ.)։ Հավիտենականության գաղափարը մարդուն խորհել է տալիս կյանքի կարճատևության մասին։ Ի վերջո, կյանքի իմաստի և մահվան վերաբերյալ հարցերին համոզիչ պատասխաններ չգտնելու պատճառով, մարդուն կարող է ճնշել հոռետեսության և ունայնության զգացումը։ Իսկ արդյունքում՝ կյանքը տխուր կդառնա։
Կա՞ն արդյոք մարդկանց անհանգստացնող հարցերին պատասխաններ։ Երբևէ կլինե՞ն այնպիսի պայմաններ, որոնց ներքո կյանքը կլինի ավելի հրապուրիչ և երկարատև։