Ինչո՞ւ է Ապոկալիպսիսը վախեցնում
«ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ շարունակ քրիստոնյա ֆունդամենտալիստները նախագուշակել են, որ շուտով մարդկային ողջ հասարակությանը կործանում է սպասվում»,— նշում է կրոնագետ Դեմյըն Թոմփսոնը «Թայմ» ամսագրում,— «Այժմ, ի զարմանս իրենց, այս գաղափարը ոչ միայն լուրջ է ընդունվում, այլև տարածվում է այն մարդկանց կողմից, ովքեր ժամանակին ծաղրում էին՝ դրանցից ոմանք ծրագրավորողներ, գործարարներ և պետական գործիչներ են»։ Թոմփսոնը հայտարարում է, որ 2000 թվականին սպասվող համակարգչային համընդհանուր կործանման երկյուղը «անհավատ մարդկանց ստիպել է գրեթե մոլեռանդորեն» զգուշանալ գալիք աղետներից՝ «զանգվածային խուճապներից, կառավարության անզորությունից, սննդամթերքի պակասի հետ կապված հասարակական կարգի խախտումներից, ինքնաթիռների՝ երկնաքերներին բախվելուց»։
Ընդհանուր տագնապին գումարվում են նաև աշխարհի կործանումն «ավետող» մի շարք փոքր կրոնական խմբավորումների խռովեցնող գործունեությունները։ Ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթի 1999 թ. հունվարի թողարկման մեջ «Երուսաղեմը և ապոկալիպսիսի ազդարարները» վերնագրով հոդվածում ասվում է. «[Իսրայելի] անվտանգության ծառայությունները գրանցել են մոտ հարյուրից ավել անհատների, որոնք Ձիթենյաց սարի վրա կամ էլ մոտակայքում սպասում են պարուսիային կամ ապոկալիպսիսին» («Jerusalem and the Sirens of the Apocalypse»)։
«Բրիտանական հանրագիտարանի 1998 թ. տարեգիրքը» հատուկ հաղորդագրություն է պարունակում «Բոթաբեր աղանդների» մասին («1998 Britannica Book of the Year»)։ Այս գրքում այլ աղանդների թվում հիշատակվում են այնպիսիները, որոնց անդամները նույնիսկ ինքնասպանության են դիմում. դրանք են՝ «Երկնային դարպասներ», «Ժողովրդի սրբարան», «Արևի տաճար կրոնական միաբանություն» և «Օմ սինրիկյո» (բարձրագույն ճշմարտություն) կոչվող աղանդները։ Նշվածներից վերջինն էր, որ 1995 թ. Տոկիոյի մետրոյի կանգառներից մեկում թունավոր գազով հարձակում կազմակերպեց, որի հետևանքով տասներկու հոգի մահացան, իսկ հազարավորները տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան։ Ամփոփելով այս հաղորդագրությունը՝ Չիկագոյի համալսարանի կրոնագիտության դասախոս Մ. Մարտին գրեց. «Օրացույցի 2000 թվականով սկսվող էջը ինքնին ոգևորիչ է, և, ամենայն հավանականությամբ, մարդկանց կմղի մարգարեություններ անելու և առաջ կբերի տարբեր ուղղություններ, որոնցից մի քանիսը կարող են վտանգավոր լինել։ Այն կլինի մի ժամանակաշրջան, որը ոչ մի դեպքում չի կարելի անտարբերությամբ դիմավորել»։
Ապոկալիպսիսի սարսափի պատմությունից
Ապոկալիպսիսը կամ Հայտնությունը Աստվածաշնչի վերջին գրքի անվանումն է՝ գրված մ.թ. առաջին դարի ավարտին։ Գրքում մարգարեությունների և խորհրդանիշների մեծ քանակության պատճառով «ապոկալիպտիկ» ածականը սկսեցին զուգորդել որոշ գրական ստեղծագործությունների հետ, որոնք գոյություն են ունեցել նախքան Աստվածաշնչի Հայտնություն գրքի գրվելը։ Այս ստեղծագործությունների դիցաբանական խորհրդանիշները գալիս են հնագույն Պարսկաստանից և նույնիսկ ավելի վաղ ժամանակներից։ «Հրեական հանրագիտարանում» խոսվում է այն մասին, որ «այս [հրեական ապոկալիպտիկ] գրականության մեջ ներմուծված դիցաբանական տարրերի մեծ մասը զուտ բաբելոնյան բնույթ են կրում»։
Հրեական ապոկալիպտիկ գրականության ծաղկման շրջանը ընդգրկում է մ.թ.ա. երկրորդ դարի սկզբից մինչև մ.թ. երկրորդ դարի վերջը։ Բացատրելով այս գրությունների ծագումը՝ մի մատենագետ նշում է. «Հրեաները մարդկության պատմությունը բաժանում էին երկու դարաշրջանների։ Առաջինը ներկա դարաշրջանն էր, որն ամբողջովին արատավոր էր.... Այդ իսկ պատճառով, հրեաները սպասում էին դրա ավարտին։ Նրանք սպասում էին Աստծո կողմից հաստատվելիք չքնաղ նոր դարաշրջանին՝ Ոսկե դարին, որտեղ խաղաղություն, բարեկեցություն և արդարություն էր տիրելու.... Իսկ ինչպե՞ս պետք է այս տիրող դարաշրջանը փոխարինվեր գալիքով։ Հրեաները գտնում էին, որ փոփոխությունը երբեք չէր կարող լինել մարդկանց շնորհիվ, ուստի նրանք ակնկալում էին Աստծո անմիջական միջամտությանը.... Աստծո գալստյան օրը կոչում էին Տիրոջ օր, որը պետք է լիներ ահ ու սարսափի, կործանման և դատաստանի, նոր դարաշրջանին նախորդող ցավերի մի ժամանակաշրջան։ Ապոկալիպտիկ ամբողջ գրականությունը կապված է այս դեպքերի հետ»։
Հիմքեր կա՞ն ապոկալիպսիսից վախենալու
Աստվածաշնչի Հայտնություն գիրքը խոսում է ‘Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի’ կամ Արմագեդոնի մասին, որտեղ անօրենները պետք է կործանվեն, և որին հաջորդելու է հազար տարվա տևողությամբ մի ժամանակաշրջան (վերջինս երբեմն կոչվում է Հազարամյակ), երբ Քրիստոսը Սատանային «անդունդն» է նետելու, և, բացի դրանից, սկսելու է իր դատաստանը (Յայտնութիւն 16։14, 16, ԱԹ; 20։1—4)։ Միջին դարերում այս մարգարեությունների իմաստն աղավաղվեց կաթոլիկ «սուրբ» Օգոստինոսի (մ.թ. 354—430 թթ.) առաջ քաշած այն պնդումների պատճառով, ըստ որի, Հազարամյակը սկսվել էր Քրիստոսի ծննդով և ավարտվելու էր վերջին դատաստանի օրով։ Ակներևաբար, Օգոստինոսին շատ քիչ էր հուզում, թե ինչ տեղի կունենա այդ ժամանակաշրջանի ավարտին, սակայն, 1000–րդ թվականի մոտենալուն պես, երկյուղը գնալով աճում էր։ Պատմաբանները տարակարծիք են այն հարցում, թե արդյոք որքանո՞վ էր ուժգին ապոկալիպսիսի նկատմամբ միջնադարում տարածված վախի ալիքը, սակայն չի կարելի կասկածել մի բանում, որ այդ վախն անհիմն էր։
Նմանապես, այսօր էլ աշխարհիկ և կրոնական շրջանակների ներկայացուցիչները իրենց անհանգստությունն են հայտնում, որ 2000 կամ 2001 թվականը իր հետ սարսափելի «ապոկալիպսիս» կբերի։ Արդյո՞ք այս կասկածները հիմնավորված են։ Եվ արդյո՞ք Աստվածաշնչի Հայտնություն կամ Ապոկալիպսիս գիրքն այնպիսի մի տեղեկություն է պարունակում, որը սարսափեցնում է մարդկանց. թե՞ ընդհակառակը, այն ինչ–որ հույս է ներշնչում։ Պատասխանի համար հաճեցեք կարդալ շարունակությունը։
[նկար 4–րդ էջի վրա]
Պարզվեց, որ միջնադարում ապոկալիպսիսից վախենալն անհիմն էր։
[թույլտվությամբ]
© Cliché Bibliothèque Nationale de France, Paris
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Maya/Sipa Press