Ամուր կառչենք աստվածային վարդապետությանը
«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (ԱՌԱԿԱՑ 3։5, 6)։
1. Ինչպե՞ս է մարդկային իմաստությունը ներկայումս ինչպես երբեք մեր առջև բացվում։
ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ամբողջ աշխարհում շրջանառության մեջ շուրջ 9 000 օրաթերթ կա։ Միայն Միացյալ Նահանգներում տարեկան մոտ 200 000 նոր գիրք է լույս տեսնում։ Ըստ հաշվարկման տվյալների՝ 1998 թ. մարտ ամսին Ինտերնետի էջերի թիվը հասնում էր 275 միլիոնի։ Ամեն ամիս այս թիվն ավելանում է 20 միլիոնով։ Երբեք մարդիկ իրենց հետաքրքրող ցանկացած նյութի շուրջ տեղեկություն ստանալու այսպիսի հնարավորություն չեն ունեցել։ Չնայած որ այս հանգամանքը իր դրական կողմերն ունի, սակայն ինֆորմացիայի նման գերառատությունը խնդիրներ էլ է առաջ բերում։
2. Ինֆորմացիայի գերառատությունից օգտվելուց ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջ գալ։
2 Ոմանց մոտ ինֆորմացիա ստանալը մոլություն է դարձել, և, միշտ գոհացում տալով ժամանակի հետ քայլելու իրենց անհագ փափագին, այդպիսի անհատներն անուշադրության են մատնում ավելի կարևոր բաները։ Ոմանք էլ գիտության բարդ ասպարեզներից մասնակի տեղեկություններ են ձեռք բերում և հետո իրենք իրենց ամեն բանի գիտակ համարում։ Եվ ընդամենը սահմանափակ հասկացողության հիման վրա նրանք երբեմն այնպիսի վճռական որոշումներ են կայացնում, որոնցով կարող են վնաս հասցնել ոչ միայն իրենց, այլև՝ ուրիշներին։ Բացի այդ, միշտ առկա է կեղծ կամ սխալ ինֆորմացիայի ազդեցության տակ ընկնելու վտանգը։ Ինֆորմացիայի հեղեղի ճշգրիտ ու չափավորված լինելը ստուգելու համար շատ հաճախ վստահելի միջոցները բացակայում են։
3. Մարդկային իմաստությանը ձգտելու վերաբերյալ Աստվածաշունչը ի՞նչ զգուշացումներ է տալիս։
3 Մարդուն բնորոշ է հետաքրքրասիրությունը։ Ոչ պիտանի և նույնիսկ վնասակար ինֆորմացիայի վրա չափից դուրս ժամանակ վատնելու վտանգը նկատվել է դեռևս Սողոմոն թագավորի օրերում։ Սողոմոնը գրեց. «Զգուշացի՛ր շատ գրքեր ունենալուց, որովհետեւ նրանք վերջ չունեն, եւ շատ կարդալը մարմնի համար յոգնութիւն է» (Ժողովող 12։12, ԷԹ)։ Հարյուրամյակներ հետո Պողոս առաքյալը հետևյալ տողերը գրեց Տիմոթեոսին. «Պահի՛ր աւանդը՝ հեռու մնալով պիղծ եւ նորահնար խօսքերից, հակառակութիւնից եւ խաբեպատիր գիտութիւնից [«խաբեպատիր գիտութեան վէճերից», տողատակի ծանոթագրություն], որը ոմանք յանձն առնելով՝ շեղուեցին հաւատից» (Ա Տիմոթէոս 6։20, 21)։ Ուստի, քրիստոնյաներն այսօր էլ պետք է խուսափեն վնասակար մտքերի ավելորդ ազդեցության տակ ընկնելուց։
4. Ո՞րն է Եհովայի և իր վարդապետությունների նկատմամբ վստահություն դրսևորելու ձևերից մեկը։
4 Եհովայի ժողովուրդը նաև խելամիտ է վարվում, որ հետևում է Առակաց 3։5, 6–ում արձանագրված խոսքերին. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։ Եհովային ապավինել՝ նշանակում է նաև մերժել Աստծո Խոսքին հակասող ցանկացած գաղափար՝ լինի դա մեր, թե մեր ընկերոջ դատողության արդյունքը։ Մեր հոգևոր վիճակը կայուն պահելու համար անհրաժեշտ է մեր զգայարաններն այնպես մարզել, որ կարողանանք ճանաչել և հեռու վանել վնասակար ինֆորմացիան (Եբրայեցիս 5։14)։ Քննենք այդպիսի ինֆորմացիայի աղբյուրներից մի քանիսը։
Սատանայի տիրապետության տակ գտնվող աշխարհ
5. Ո՞րն է վնասակար գաղափարների աղբյուրներից մեկը, և ո՞վ է կանգնած դրա ետևում։
5 Նախ՝ վնասակար գաղափարների հարուստ աղբյուր է հանդիսանում ներկայիս աշխարհը (Ա Կորնթացիս 3։19)։ Հիսուս Քրիստոսն իր աշակերտների համար Աստծուն դիմեց հետևյալ խնդրանքով. «Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից» (Յովհաննէս 17։15)։ Իր աշակերտներին «չարից» պաշտպանելու Հիսուսի խնդրանքը հաստատում է այն իրողությունը, որ այս աշխարհում Սատանան իրոք ազդեցություն է բանեցնում։ Քրիստոնյա լինելն ինքնին մարդուն չի պաշտպանում այս աշխարհի վատ ազդեցություններից։ Հովհաննեսը գրում է. «Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է [«չարի տիրապետության տակ է», ՆԱ]» (Ա Յովհաննէս 5։19)։ Այդպես էլ պետք էր ակնկալել, որ հատկապես վերջին օրերի այս վճռորոշ ժամանակաշրջանում Սատանան և նրա դևերը աշխարհը վնասակար ինֆորմացիայով կողողեն։
6. Զվարճությունների աշխարհն ինչպե՞ս կարող է բարոյական զգայունակության անկում առաջ բերել։
6 Չի բացառվում նաև, որ այս վնասակար ինֆորմացիայի որոշ մասը առերևույթ անվնաս թվա (Բ Կորնթացիս 11։14)։ Օրինակ՝ նկատի առնենք զվարճությունների աշխարհն իր հեռուստատեսային հաղորդումներով, ֆիլմերով, երաժշտությամբ ու հրատարակված գրականությամբ։ Շատերը կարող են համաձայնվել, որ վերը նշված զվարճությունների որոշ ձևեր շատ հաճախ հագեցած են լինում ստոր զբաղմունքներով, ինչպես օրինակ՝ անբարոյականությամբ, բռնությամբ ու թմրամոլությամբ։ Առհասարակ բարոյական նորմերի սահմանագիծն անցնող ամեն մի նոր, նախորդներից ավելի ցածր կանգնած զբաղմունքին առաջին անգամ ականատես դառնալը մարդկանց վրա ցնցող տպավորություն է գործում, բայց կարելի է պատկերացնել, թե ի՞նչ զգացում առաջ կբերի միևնույն բանը անընդհատ տեսնելը կամ լսելը. բնականաբար զգայունակության անկում։ Ուրեմն, վնասակար զբաղմունքներ ցուցադրող զվարճությունները երբեք չհամարենք թույլատրելի կամ անվնաս (Սաղմոս 119։37)։
7. Մարդկային ի՞նչ տեսակի իմաստությունը կարող է Աստվածաշնչի նկատմամբ մեր վստահությունը թուլացնել։
7 Իսկ հիմա քննենք վնասակար ինֆորմացիայի մեկ այլ կարևոր աղբյուր, որն է Աստվածաշնչի վավերականությունը կասկածի ենթարկող գիտնականների և գիտակ անհատների տարածած գաղափարների հեղեղը (համեմատեք Յակոբոս 3։15)։ Նման բովանդակության նյութերը հաճախակի հայտնվում են հիմնականում մեծ մասսայականություն վայելող ամսագրերում ու հանրամատչելի գրքերում, և, արդյունքում, դրանք կարող են Աստվածաշնչի նկատմամբ մեր վստահությունը թուլացնել։ Ոմանք հպարտանում են, երբ իրենց անվերջանալի ենթադրություններով գցում են Աստծո Խոսքի հեղինակությունը։ Համանման վտանգ առաքյալների օրերում էլ գոյություն ուներ, ինչպես որ ցույց են տալիս Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ [«փիլիսոփայությամբ», ԱԹ] եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ» (Կողոսացիս 2։8)։
Ճշմարտության թշնամիներ
8, 9. Ապստամբությունն ինչպե՞ս է այսօր իրեն դրսևորում։
8 Մեր հոգևոր վիճակին վտանգ են սպառնում նաև հավատուրացները։ Ժամանակին Պողոս առաքյալը նախագուշակեց, որ իրենց քրիստոնյա ներկայացնողների մեջ ապստամբություն էր առաջ գալու (Գործք 20։29, 30; Բ Թեսաղոնիկեցիս 2։3)։ Նրա խոսքերն իրականացան առաքյալների մահից հետո, երբ առաջ եկավ մի մեծ ուրացում, որից էլ հետագայում կազմավորվեց քրիստոնեական աշխարհը։ Այսօր Աստծո ժողովրդի մեջ մեծ հավատուրացություն չի նկատվում։ Այնուհանդերձ, որոշ անհատներ թողել են մեր շարքերը, և նրանցից մի քանիսը նույնիսկ որոշել են ստեր և աղճատված տեղեկություններ տարածելով՝ զրպարտել Եհովայի վկաներին։ Մի քանիսն էլ համագործակցում են ուրիշ խմբերի հետ՝ կազմակերպված պայքար մղելով մաքուր պաշտամունքի դեմ։ Այսպես վարվելով՝ նրանք առաջին ապստամբի՝ Սատանայի կողմն են դիրք բռնում։
9 Որոշ հավատուրացներ էլ Եհովայի վկաների վերաբերյալ կեղծ ինֆորմացիա տարածելու նպատակով օգտվում են զանգվածային հաղորդակցման տարբեր միջոցներից, այդ թվում նաև Ինտերնետից։ Արդյունքում՝ մեր հավատալիքների մասին տեղեկություններին հետամուտ անկեղծ մարդիկ իրենց որոնումների մեջ երբեմն անսպասելիորեն ընդհարվում են հավատուրացների պրոպագանդային։ Նույնիսկ որոշ Եհովայի վկաներ ակամայից այս վնասակար պրոպագանդայի ազդեցությանն են ենթարկվում։ Բացի այդ, հավատուրացները ժամանակ առ ժամանակ ելույթ են ունենում հեռուստատեսությամբ կամ ռադիոյով։ Այս ամենը նկատի ունենալով՝ ո՞ր իմաստուն ընթացքին պետք է հետևել։
10. Ո՞րն է հավատուրացների պրոպագանդային խելամիտ հակազդեցությունը։
10 Հովհաննես առաքյալը քրիստոնյաներին պատվիրեց հավատուրացներին իրենց տուն չընդունել։ Նա գրեց. «Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։ Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին» (Բ Յովհաննէս 10, 11)։ Այդպիսի հակառակորդների հետ ամեն տեսակի շփումից խուսափելը կպահպանի մեզ իրենց աղավաղված մտածելակերպից։ Արդի հաղորդակցության տարբեր միջոցներով հավատուրացության ուսմունքների ազդեցությանը ենթարկվելը նույնքան վնասակար է, որքան հավատուրացներին անձամբ մեր տուն ընդունելը։ Երբեք թույլ չպետք է տանք, որ հետաքրքրասիրությունը մեզ համար խայծ դառնա՝ կորստյան տանող ընթացք բռնելու խայծ (Առակաց 22։3)։
Ժողովի ներսում
11, 12. ա) Առաջին դարի ժողովում վնասակար գաղափարների ի՞նչ աղբյուր կար։ բ) Ինչպե՞ս էին որոշ քրիստոնյաներ թերանում աստվածային վարդապետությունը հաստատակամորեն պաշտպանելու մեջ։
11 Այժմ նկատի առնենք վնասակար գաղափարների մեկ այլ հնարավոր աղբյուր ևս։ Սխալ ուսմունքներ սովորեցնելու մտադրություն բոլորովին չունենալով՝ նվիրված քրիստոնյան կարող է անմտածված խոսելու սովորություն ձեռք բերել (Առակաց 12։18, Արևմտ. Աստ.)։ Մեր անկատարության պատճառով բոլորս էլ ժամանակ առ ժամանակ լեզվով մեղանչում ենք (Առակաց 10։19; Յակոբոս 3։8)։ Ակներևաբար, Պողոս առաքյալի օրոք ժողովում ոմանք չէին տիրապետում իրենց լեզվին և բանավեճերի մեջ էին մտնում (Ա Տիմոթէոս 2։8, ՆԱ)։ Որոշ քրիստոնյաներ էլ մեծ տեղ էին տալիս սեփական հայացքներին և մինչև անգամ կասկածի ենթարկում Պողոսի հեղինակությունը (Բ Կորնթացիս 10։10—12)։ Այսպիսի ոգին անտեղի ընդհարումների տեղիք էր տալիս։
12 Երբեմն տարաձայնությունները վերածվում էին «անվերջ բախումների», որոնք խախտում էին ժողովի համերաշխությունը (Ա Տիմոթէոս 6։5, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.; Գաղատացիս 5։15)։ Նրանց մասին, ովքեր նման վիճաբանությունների պատճառն էին դառնում, Պողոսը գրեց. «Եթէ մէկն այլ բան ուսուցանի եւ չանսայ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին եւ այն վարդապետութեանը, որ աստուածապաշտութեան համապատասխան է, այդպիսին գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտէ, այլ բռնուած է հակառակութեան խօսքեր եւ խնդիրներ առաջացնելու հիւանդութեամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, չար կասկածներ» (Ա Տիմոթէոս 6։3, 4)։
13. Առաջին դարի քրիստոնյաների մեծամասնությունն ինչպիսի՞ վարք ուներ։
13 Բարեբախտաբար, առաքյալների ժամանակներում քրիստոնյաների մեծամասնությունը հավատարիմ էր, և հաստատապես՝ կենտրոնացած Աստծո Թագավորության բարի լուրն ավետելու վրա։ Իրենց ժամանակը դատարկ բանավեճերի վրա վատնելու փոխարեն՝ նրանք զբաղված էին «որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ» հոգ տանելով և ‘իրենց անձն աշխարհից անարատ պահելով’ (Յակոբոս 1։27)։ Իրենց հոգևոր վիճակը կայուն պահելու համար նրանք խուսափում էին «չար ընկերակցություններից» նույնիսկ ժողովում (Ա Կորնթացիս 15։33, ԱԹ; Բ Տիմոթէոս 2։20, 21)։
14. Անզգուշության դեպքում մտքերի բնական փոխանակումը ինչպե՞ս կարող է վերածվել վնասակար վեճերի։
14 Նույնը կարելի է ասել և ներկայիս Եհովայի վկաների ժողովների մասին, որոնց բնորոշ չեն 11–րդ պարբերության մեջ նկարագրված իրավիճակները։ Այնուամենայնիվ, լավ կլինի իմանալ, թե որ հնարավոր պատճառներից կարող են դատարկ բանավեճեր ծագել։ Ինչ խոսք, բնական է Աստվածաշնչի հաղորդագրությունների մասին զրուցելը կամ նոր աշխարհի վերաբերյալ դեռ չպարզված որոշ մանրամասնություններ քննարկելը։ Նաև, սխալ չէ անձնական հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ հագնվելու կերպի կամ զվարճություն ընտրելու մասին մտքեր փոխանակելը։ Սակայն, եթե մեր տեսակետներում դառնանք դոգմատիկ և վիրավորվենք, երբ մյուսներն այլ կարծիք արտահայտեն, ապա հետևանքը կլինի այն, որ աննշան խնդիրների պատճառով ժողովը կմասնատվի։ Այսպիսով, անվնաս և ոչ այնքան կարևոր զրույցը իրականում կարող է վնասակար դառնալ։
Պահենք մեզ տրված ավանդը
15. «Դեւերի վարդապետութիւնները» որքանո՞վ կարող են վնասել մեր հոգևոր վիճակը, և ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը։
15 Պողոս առաքյալը զգուշացնում է. «Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ» (Ա Տիմոթէոս 4։1)։ Փաստորեն, վնասակար մտքերի իրական վտանգ կա։ Ուստի հասկանալի է, թե ինչու Պողոսը թախանձեց իր սիրելի ընկեր Տիմոթեոսին. «Ո՛վ Տիմոթէոս, պահի՛ր աւանդը՝ հեռու մնալով պիղծ եւ նորահնար խօսքերից, հակառակութիւնից եւ խաբեպատիր գիտութիւնից [«խաբեպատիր գիտութեան վէճերից», տողատակի ծանոթագրություն], որը ոմանք յանձն առնելով՝ շեղուեցին հաւատից» (Ա Տիմոթէոս 6։20, 21)։
16, 17. Աստված ի՞նչ է վստահել մեզ, և ինչպե՞ս պետք է մենք այն պահպանենք։
16 Սիրով տրված այս զգուշացումից այսօր ի՞նչ օգուտ կարող ենք քաղել։ Տիմոթեոսին ավանդ էր վստահվել, թանկարժեք մի բան, որը նա պետք է խնամեր ու պահպաներ։ Իսկ ի՞նչ էր դա։ Պողոսը բացատրում է. «Որպէս օրինակ ունեցիր այն ողջամիտ խօսքերը, որոնք ինձնից լսեցիր՝ այն հաւատով եւ սիրով, որ ունեն Քրիստոս Յիսուսին միանալով հաւատացողները։ Պահի՛ր բարի աւանդը մեր մէջ բնակուող Սուրբ Հոգու միջոցով» (Բ Տիմոթէոս 1։13, 14)։ Տիմոթեոսին վստահված ավանդն իր մեջ բովանդակում էր «ողջամիտ խօսքերը»՝ «այն վարդապետութիւնը, որ աստուածապաշտութեան համապատասխան է» (Ա Տիմոթէոս 6։3)։ Պողոսի խոսքերի հետ ներդաշնակ քայլելով՝ ներկայիս քրիստոնյաները լի են իրենց հավատն ու ավանդ տրված ճշմարտությունը պահպանելու վճռականությամբ։
17 Այդ ավանդը պահելն իր մեջ ընդգրկում է Աստվածաշնչի ուսումնասիրությունը սովորություն դարձնելը, աղոթքի մեջ հաստատակամ լինելը, ինչպես նաև «բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ» բարին գործելը (Գաղատացիս 6։10; Հռովմայեցիս 12։11—17)։ Ապա Պողոսը խրատում է. «Գնա՛ արդարութեան, աստուածապաշտութեան, հաւատի, սիրոյ, համբերութեան եւ հեզութեան ետեւից։ Հաւատի բարի մա՛րտը մղիր եւ պի՛նդ կառչիր յաւիտենական կեանքից, որին կանչուեցիր եւ բարի դաւանութիւնը դաւանեցիր բազում վկաների առաջ» (Ա Տիմոթէոս 6։11, 12)։ Պողոսի օգտագործած «հաւատի բարի մա՛րտը մղիր» և «պի՛նդ կառչիր» արտահայտություններից հասկանում ենք, որ պետք է եռանդորեն և հաստատակամորեն դիմադրենք մեր հոգևոր վիճակը վնասող ազդեցություններին։
Իմաստության անհրաժեշտությունը
18. Աշխարհիկ ինֆորմացիայի նկատմամբ ինչպե՞ս կարող ենք չափավորություն դրսևորել։
18 Իհարկե, հավատի բարի մարտը մղելիս իմաստություն է անհրաժեշտ (Առակաց 2։11; Փիլիպպեցիս 1։9)։ Օրինակ՝ մեր կողմից խելամիտ չի լինի ողջ աշխարհիկ ինֆորմացիային նայել կասկածանքով (Փիլիպպեցիս 4։5, ՆԱ; Յակոբոս 3։17, ՆԱ)։ Մարդկային ոչ բոլոր գաղափարներն են հակասում Աստծո Խոսքին։ Ժամանակին Հիսուսն ինքն ակնարկեց, որ հիվանդները պետք է դիմեն որակյալ բժշկի՝ աշխարհիկ գիտության մասնագետի (Ղուկաս 5։31)։ Չնայած որ նրա օրերում բժշկությունը համեմատաբար քիչ էր զարգացած, Հիսուսն ընդունում էր բժշկին դիմելու օգուտները։ Այժմյան քրիստոնյաները ծայրահեղության մեջ չեն ընկնում, այլ աշխատում են չենթարկվել այն աշխարհիկ ինֆորմացիայի ազդեցությանը, որը կարող է իրենց հոգևոր վիճակին վնաս հասցնել։
19, 20. ա) Անխոհեմաբար խոսողներին օգնելիս երեցները ինչպե՞ս են իմաստություն ցուցաբերում։ բ) Ժողովն ինչպե՞ս է վարվում նրանց հետ, ովքեր համառորեն սխալ ուսմունքներ են առաջ քաշում։
19 Իմաստություն պետք է հանդես բերեն նաև երեցները այն դեպքերում, երբ նրանց են դիմում անխոհեմաբար խոսողներին օգնություն ցույց տալու համար (Բ Տիմոթէոս 2։7)։ Ժամանակ առ ժամանակ ժողովի անդամները մանրուքների և զանազան ենթադրությունների պատճառով կարող են վիճաբանությունների մեջ ընկնել։ Ժողովի միաբանությունը պահպանելու համար երեցները պետք է անհապաղ զբաղվեն նման խնդիրները լուծելով։ Միևնույն ժամանակ, նրանք պետք է խուսափեն իրենց եղբայրներին սխալ մղումներ վերագրելուց և չշտապեն եզրակացնել, որ նրանք հավատուրացներ են։
20 Պողոսը նկարագրեց, թե օգնություն ցույց տալուց ինչպիսի ոգի պետք է դրսևորվի։ Նա ասաց. «Եղբայրնե՛ր, եթէ ձեզնից մէկը ինչ–որ յանցանքի մէջ բռնուի յանկարծ, դուք, որ հոգեւոր էք, վերահաստատէ՛ք նրան հեզութեան ոգով» (Գաղատացիս 6։1)։ Իսկ Հուդան, խոսելով հատկապես այն քրիստոնյաների մասին, ովքեր պայքարում էին իրենց ներսում բուն դրած կասկածների դեմ, գրեց. «Երկմիտներուն ողորմեցէ՛ք։ Եւ ոմանք վախով ազատեցէք՝ կրակէն յափշտակելով զանոնք» (Յուդա 22, 23, Արևմտ. Աստ.)։ Իհարկե, եթե կրկնվող հանդիմանություններից հետո անհատը համառորեն շարունակում է սխալ ուսմունքներ առաջ քաշել, ապա նման վտանգից ժողովը պաշտպանելու նպատակով երեցները պետք է վճռական քայլեր ձեռք առնեն (Ա Տիմոթէոս 1։20; Տիտոս 3։10, 11)։
Մեր միտքը գովության արժանի բաներով լցնենք
21, 22. Ո՞ր հարցում պետք է ընտրողական լինենք, և մեր միտքն ինչո՞վ պետք է լցնենք։
21 Քրիստոնյա ժողովը հեռու է վանում վնասակար խոսքերը, որոնք «քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Բ Տիմոթէոս 2։16, 17; Տիտոս 3։9)։ Ժողովն այդպես է վարվում թե՛ մոլորեցնող աշխարհիկ «իմաստությունը» կամ հավատուրացների պրոպագանդան արտացոլող խոսքերի, և թե՛ ժողովի ներսում առաջացած անխոհեմ խոսակցությունների դեպքում։ Մինչ նոր բաներ սովորելու առողջ ցանկությունը օգտակար է, անզուսպ հետաքրքրասիրությունը կարող է մեզ վնասակար գաղափարների ազդեցության տակ գցել։ Իսկ մենք Սատանայի մտադրություններին անտեղյակ չենք (Բ Կորնթացիս 2։11)։ Գիտենք, որ նա մեծ ջանքեր է ներդնում մեզ շեղելու, որպեսզի Աստծո ծառայության գործում մեր թափը կոտրվի։
22 Որպես բարի պաշտոնյաներ, եկե՛ք պինդ կառչենք աստվածային վարդապետությանը (Ա Տիմոթէոս 4։6)։ Մեր ժամանակը իմաստորեն օգտագործենք՝ ինֆորմացիան ընտրելու հարցում զգուշություն հանդես բերելով։ Եթե այդպես վարվենք, հեշտությամբ չենք սասանվի Սատանայի ներշնչած պրոպագանդայից։ Ուրեմն եկե՛ք շարունակ խորհենք ա՛յն, «ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ»։ Եթե դրանցով լցնենք մեր միտքն ու սիրտը, ապա խաղաղության Աստվածը մեզ հետ կլինի (Փիլիպպեցիս 4։8, 9)։
Ի՞նչ սովորեցինք
• Աշխարհիկ իմաստությունը ինչպե՞ս է վտանգ սպառնում մեր հոգևոր վիճակին։
• Ինչպե՞ս կարող ենք հավատուրացների վնասակար ինֆորմացիայից պաշտպանվել։
• Ինչպիսի՞ խոսքերից պետք է խուսափենք ժողովում։
• Ինֆորմացիայի գերառատության մեջ ինչպե՞ս է քրիստոնյայի չափավորությունը դրսևորվում։
[նկար 25–րդ էջի վրա]
Լայն մասսայականություն վայելող բազում ամսագրերն ու գրքերը հակասում են մեր քրիստոնեական արժեքներին։
[նկար 26–րդ էջի վրա]
Առանց դոգմատիկ դառնալու՝ քրիստոնյաները կարող են ազատ մտքեր փոխանակել։