Ինչո՞ւ ներողամիտ լինել
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներելը մարդու զգացական ու, ամենայն հավանականությամբ, նաև ֆիզիկական առողջության վրա կարող է դրականորեն անդրադառնալ»,— հայտնում է Կանադայում լույս տեսնող մի օրաթերթ («The Toronto Star»)։ Մինչդեռ, ըստ Ստենֆորդի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Կարլ Թորեսենի, որը գլխավորում է ներողամտության շուրջ ուսումնասիրություններ կատարող խմբի աշխատանքները, «քչերին է հայտնի, թե իրականում ինչ է նշանակում ներել, և թե ինչպես պետք է ներել»։
Անկեղծ ներողամտությունը քրիստոնեության ուսմունքի էական առանձնահատկություններից է։ Վերոհիշյալ օրաթերթի հոդվածում տրվում է հետևյալ բնորոշումը. «Ներելու համար հարկավոր է ընդունել, որ քեզ վիրավորել են, սակայն ոչ մի կերպ տեղ չտալ դրա հետևանքով առաջ եկած վրդովմունքին՝ հակազդելով վիրավորանք պատճառողի հանդեպ ունեցած կարեկցանքով, նույնիսկ՝ սիրով»։ Նկատենք, թե դա որքան տարբեր է վիրավորանքին լուրջ չվերաբերվելու, տեղի ունեցածն արդարացնելու, մոռացության տալու և կամ չեղյալ համարելու երևույթներից։ Այդպես վարվելը չի նշանակում նաև, որ դու դիմացինին իրավունք ես տալիս քեզ դարձյալ վիրավորել։ Հոդվածում ասվում է, որ իսկական ներման բանալին «զայրույթից և բացասական զգացմունքներից ձերբազատվելն է»։
Հետազոտողներն այն կարծիքի են, որ ֆիզիկական առողջության վրա ներելու թողած ազդեցության հարցը դեռևս խոր ուսումնասիրություններ է պահանջում։ Սակայն արդեն հայտնի են դարձել հոգեբանական այնպիսի օգուտներ, ինչպիսիք են «լարվածության, հուզմունքի և ընկճվածության նվազումը»։
Եփեսացիս 4։32–ում բերվում է ներելու մի վսեմ հիմք. «Միմեանց հետ եղէք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով»։ Ներողամտության հարցում, ինչպես նաև ուրիշ շատ հարցերում, խրախուսվում ենք Աստծուն նմանվել (Եփեսացիս 5։1)։
Եթե հրաժարվում ենք ներել մյուսներին, երբ բավարար հիմքեր ունենք ողորմածություն ցուցաբերելու, վնասում ենք Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Եհովան ակնկալում է, որ մեզանից յուրաքանչյուրը դիմացինին ներելու պատրաստ լինի։ Եվ միայն այդ դեպքում կարող ենք աղոթքով խնդրել, որ նա էլ մեզ ների (Մատթէոս 6։14; Մարկոս 11։25; Ա Յովհաննէս 4։11)։