«Հասել է իր ժամը»
«Հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի» (Յովհաննէս 13։1)։
1. Ինչի՞ց են խոսում Երուսաղեմի բնակիչները մ.թ. 33–ի Պասեքից առաջ և ինչու՞։
ՀԻՍՈՒՍԸ՝ մ.թ. 29 թ.–ին իր մկրտությամբ սկսեց մի ընթացք, որն առաջնորդելու էր իր մահվան, հարության և փառավորման «ժամին»։ Այժմ մ.թ. 33–ի գարունն է։ Ընդամենը մի քանի շաբաթ է անցնել այն օրից, երբ հրեական ատյանը խորհուրդ արեց սպանել Հիսուսին։ Հիսուսը հավանաբար ատյանի անդամ Նիկոդեմոսից, որը բարեկամաբար է վերաբերվում իրեն, տեղեկացել է նրանց մտադրությանը, ուստիև լքել է Երուսաղեմն ու գնացել Հորդանան գետի մյուս կողմում գտնվող մի շրջան։ Մոտենում է Պասեքի տոնը, ու գյուղերից, քաղաքներից շատերն են ուղևորվում դեպի Երուսաղեմ։ Քաղաքում ամենուր խոսում են Հիսուսի մասին։ «Ինչպէ՞ս է ձեզ թւում,— հարցնում են մարդիկ իրար,— արդեօք այս տօնին չի՞ գայ»։ Իսկ քահանայապետներն ու փարիսեցիները կրակին յուղ են ավելացրել՝ հրաման արձակելով, որ Հիսուսին տեսնողները իսկույն իրենց տեղյակ պահեն, թե որտեղ է նա (Յովհաննէս 11։47–57)։
2. Մարիամի ո՞ր արարքն է տարաձայնություն առաջացնում, և ի՞նչ է ցույց տալիս հօգուտ Մարիամի տված Հիսուսի պատասխանը «իր ժամին» տեղյակ լինելու վերաբերյալ։
2 Պասեքից վեց օր առաջ՝ նիսանի 8–ին, Հիսուսը վերադառնում է Երուսաղեմի մոտակայքը։ Ապա գալիս է Բեթանիա՝ իր բարեկամներ Ղազարոսի, Մարթայի ու Մարիամի գյուղը, որը Երուսաղեմից երեք կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Օրը ուրբաթ է՝ երեկո, և Հիսուսը շաբաթն անց է կացնում այնտեղ։ Հաջորդ երեկո աշակերտները, տեսնելով, թե ինչպես է Մարիամը Հիսուսի համար անուշահոտ, թանկարժեք յուղի սրվակ բացում և օծում նրան, սկսում են առարկել։ Սակայն Հիսուսը պատասխանում է. «Թոյլ տուր դորան, նա իմ պատանքի օրուայ համար էր պահել այդ։ Որովհետեւ աղքատներին միշտ ձեզ հետ ունիք. բայց ինձ միշտ չ’ունիք» (Յովհաննէս 12։1–8, ԱԹ; Մատթէոս 26։6–13)։ Հիսուսը գիտի, որ «հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի» (Յովհաննէս 13։1)։ Հինգ օր հետո նա «տալու [է] իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն» (Մարկոս 10։45)։ Այդ իսկ պատճառով էլ, այն ամենը, ինչ այժմ անում է կամ սովորեցնում, ամբողջովին թելադրված է հրատապության զգացումով։ Ի՜նչ հիանալի օրինակ է հանդիսանում նա մեզ համար, մինչ համբերությամբ սպասում ենք իրերի այս համակարգի վախճանին։ Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է կատարում Հիսուսը հաջորդ օրը։
Հիսուսի հանդիսավոր մուտքի օրը
3. ա) Ինչպե՞ս է Հիսուսը նիսանի 9–ին՝ կիրակի օրը, մուտք գործում Երուսաղեմ, և ինչպե՞ս են նրա շուրջը գտնվող բազում մարդիկ արձագանքում դրան։ բ) Ի՞նչ է պատասխանում Հիսուսը ամբոխից գանգատվող փարիսեցիներին։
3 Նիսանի 9–ին՝ կիրակի օրը, տեղի է ունենում Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ։ Երբ նա, էշի մտրուկի վրա հեծած, քաղաք է մտնում, կատարվում են Զաքարիա 9։9–ում արձանագրված խոսքերը, իսկ նրա շուրջը հավաքված մարդկանցից շատերն իրենց հանդերձները փռում են ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր են կտրում ու տարածում ճանապարհի վրա։ «Օրհնեա՜լ է այդ թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով»,— բացականչում են նրանք։ Ամբոխի մեջ գտնվող փարիսեցիներից ոմանք ասում են Հիսուսին, որ սաստի իր աշակերտներին, սակայն Հիսուսը պատասխանում է. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ’աղաղակեն» (Ղուկաս 19։38–40; Մատթէոս 21։6–9)։
4. Ինչո՞ւ է Երուսաղեմն իրարանցման մեջ Հիսուսի քաղաք մտնելիս։
4 Ընդամենը մի քանի շաբաթ առաջ այդ ամբոխի միջից շատերը տեսել են, թե ինչպես Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին։ Այժմ նրանք ուրիշներին էլ են պատմում այդ հրաշքի մասին։ Ուստի, երբ Հիսուսը մտնում է Երուսաղեմ, քաղաքն իրարանցման մեջ է։ «Ո՞վ է սա»,— հարցնում են մարդիկ։ Իսկ ժողովրդի բազմությունն ասում է. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»։ Տեսնելով, թե ինչ է շուրջ բոլորը կատարվում՝ փարիսեցիները հառաչում են. «Ամբողջ աշխարհը նրա ետեւից գնաց» (Մատթէոս 21։10, 11; Յովհաննէս 12։17–19)։
5. Ի՞նչ է պատահում, երբ Հիսուսը գալիս է տաճար։
5 Երուսաղեմում Հիսուսը, իր սովորության համաձայն, գնում է տաճար՝ մարդկանց ուսուցանելու։ Այնտեղ կույրերն ու կաղերը նրա մոտ են գալիս, ու Հիսուսը բժշկում է նրանց։ Երբ քահանայապետներն ու դպիրները տեսնում են այս ամենը ու լսում, թե ինչպես են երեխաները տաճարում բացականչում՝ «օրհնութի՜ւն Դաւթի Որդուն», բարկանում են. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»։ «Այո՛,— պատասխանում է Հիսուսը,— դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»։ Հիսուսը շարունակում է ուսուցանել և միաժամանակ իր շուրջը՝ տաճարի մեջ, ամեն բան աչքի է անցկացնում (Մատթէոս 21։15, 16; Մարկոս 11։11)։
6. Ինչո՞վ է Հիսուսի մոտեցումը տարբերվում նրա առաջվա վարվելակերպից, և ինչո՞ւ։
6 Ինչպե՜ս է Հիսուսի այս մոտեցումը տարբերվում վեց ամիս առաջ նրա ունեցած վարվելակերպից։ Նա այն ժամանակ Տաղավարահարաց տոնի առիթով Երուսաղեմ եկավ «ոչ յայտնապէս, այլ՝ թաքուն», և բացի այդ միշտ էլ հնար էր գտնում անվնաս հեռանալու, երբ իր կյանքին վտանգ էր սպառնում (Յովհաննէս 7։10)։ Իսկ այժմ բացահայտորեն մտնում է քաղաք, որտեղ հրաման է արձակված բռնել նրան։ Հիսուսը նախկինում բոլորի առջև չէր ներկայանում որպես Մեսիա (Եսայիա 42։2; Մարկոս 1։40–44)։ Նա չէր ցանկանում, որ իր մասին աղմուկ բարձրացնեին կամ էլ աղավաղված լուրեր տարածեին։ Իսկ այժմ, երբ ամբոխները նրան բացահայտորեն Թագավոր ու Փրկիչ են հռչակում և ընդունում են նրան որպես Մեսիայի, նա կտրուկ մերժում է նրանց լռեցնելու վերաբերյալ կրոնական առաջնորդների պահանջները։ Ինչի՞ հետ է կապված նման փոփոխությունը։ Պատճառը Հիսուսը հայտնում է հաջորդ օրը. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին» (Յովհաննէս 12։23)։
Համարձակ արարք և հետո կենսատու ուսուցումներ
7, 8. Ինչո՞վ է մ.թ. 33–ի նիսանի 10–ին տաճարում Հիսուսի կատարած արարքը հիշեցնում մ.թ. 30–ի Պասեքին կատարածը։
7 Երկուշաբթի օրը՝ նիսանի 10–ին, տաճար մտնելուն պես Հիսուսը որոշակի քայլերի է դիմում՝ կապված նախորդ օրը այնտեղ տեսածի հետ։ Նա ‘սկսում է դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին և լումայափոխների սեղանները ցրում ու աղավնավաճառների աթոռները շուռ տալիս. չի թողնում, որ որևէ մեկը տաճարի միջով նույնիսկ որևէ բան անցկացնի’։ Հանդիմանելով օրինազանցներին՝ ասում է. «Գրուած է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչուելու, իսկ դուք այն դարձրել էք աւազակների որջեր» (Մարկոս 11։15–17)։
8 Հիսուսի վարմունքը հիշեցնում է այն, ինչ որ նա արեց երեք տարի առաջ՝ մ.թ. 30–ի Պասեքի ժամանակ տաճարն այցելելիս։ Միայն թե դատապարտումն այս անգամ ավելի սուր է հնչում։ Տաճարում առևտրով զբաղվողներն այժմ «աւազակներ» են անվանվում (Ղուկաս 19։45, 46; Յովհաննէս 2։13–16)։ Ավազակ են, քանի որ բարձր գներ են պահանջում զոհաբերության համար կենդանիներ գնողներից։ Քահանայապետները, դպիրները և ժողովրդի միջի իշխանավորները լսում են, թե ինչ է արել Հիսուսը, և կրկին ուզում են նրան սպանել։ Սակայն չգիտեն, թե ինչպես հասնեն իրենց նպատակին, որովհետև ամբողջ ժողովուրդը զարմացած է նրա ուսուցման վրա և Հիսուսին լսելու համար նրանից մի քայլ ետ չի գնում (Մարկոս 11։18; Ղուկաս 19։47, 48)։
9. Ի՞նչ օրինակ է բերում Հիսուսը, և ի՞նչ հրավեր է նա ուղղում տաճարում իրեն լսողներին։
9 Շարունակելով ուսուցանել տաճարում՝ Հիսուսը հայտարարում է. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին»։ Այո՛, Հիսուսը գիտի, որ մի քանի օր էլ, ու երկրի վրա իր կյանքը կմոտենա իր ավարտին։ Պատմելուց հետո, թե ինչպես ցորենի հատիկը պետք է մեռնի, որպեսզի կարողանա արդյունք տալ, ինչն ակնարկ է իր մեռնելուն ու ուրիշներին հավիտենական կյանք տալու միջոց հանդիսանալուն, Հիսուսը հետևյալ հրավերն է ուղղում իր ունկնդիրներին. «Եթէ մէկն ինձ ծառայի, իմ ետեւից կը գայ. եւ ուր ես եմ, այնտեղ կը լինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը» (Յովհաննէս 12։23–26)։
10. Ի՞նչ է Հիսուսը մտածում իրեն սպասող տանջալից մահվան մասին։
10 Խորհելով իր տանջալից մահվան մասին, որին միայն չորս օր է մնացել՝ Հիսուսն ասում է. «Այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից»։ Սակայն այն, ինչ պետք է պատահի Հիսուսի հետ, անխուսափելի է։ «Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին»,— ասում է նա։ Եվ իրոք, Հիսուսը լիովին համամիտ է Աստծո ողջ կարգադրության հետ։ Նա որոշել է թույլ տալ, որ իր բոլոր քայլերը՝ մինչև իսկ իր զոհաբերական մահը առաջնորդվեն Աստծո կամքով (Յովհաննէս 12։27)։ Ինչպիսի՜ օրինակ է թողել նա մեզ. Աստծո կամքին մինչև վերջ հնազանդվելու օրինակ։
11. Ի՞նչ է Հիսուսը սովորեցնում այն ամբոխին, որը հենց նույն պահին երկնքից ձայն էր լսել։
11 Խորապես մտահոգված լինելով այն մասին, թե ինչպես իր մահը կանդրադառնա իր Հոր անվան վրա՝ Հիսուսն աղոթում է. «Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»։ Ի զարմանս տաճարում հավաքված բազմության՝ երկնքից ձայն է գալիս՝ «ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»։ Մեծ ուսուցիչն օգտվում է այս հնարավորությունից՝ մարդկանց բացատրելու, թե ինչո՛ւ հնչեց այդ ձայնը, ի՛նչ է լինելու իր մահվան հետևանքը և ինչո՛ւ է հարկավոր, որ նրանք հավատ ունենան (Յովհաննէս 12։28–36)։ Վերջին երկու օրերն իրոք գործունեությամբ հարուստ են Հիսուսի համար, սակայն վճռական օրերից մեկը դեռ առջևում է։
Քողազերծումների օրը
12. Նիսանի 11–ին՝ երեքշաբթի օրը, կրոնական առաջնորդներն ինչպե՞ս են փորձում ծուղակը գցել Հիսուսին և ի՞նչ արդյունքով։
12 Նիսանի 11–ին՝ երեքշաբթի օրը, Հիսուսը կրկին մտնում է տաճար՝ ուսուցանելու։ Թշնամաբար տրամադրված նրա ունկնդիրներն արդեն այնտեղ են։ Նկատի ունենալով նախորդ օրը Հիսուսի կատարած արարքը՝ քահանայապետներն ու ժողովրդի երեցները հարցնում են. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»։ Մեծ ուսուցչի պատասխանը անելանելի դրության մեջ է դնում նրանց. Հիսուսը երեք ցայտուն օրինակներ է ներկայացնում, որոնցից երկուսը խաղողի այգու, և մեկը հարսանեկան խնջույքի մասին է, որոնք ցույց են տալիս, թե ինչ աստիճանի չար են իրեն հակառակվողները։ Բարկանալով իրենց լսածից՝ այդ կրոնական առաջնորդներն ուզում են բռնել Հիսուսին, սակայն վախենում են ժողովրդից, որի համար Հիսուսը մարգարե է։ Ուստի փորձում են խորամանկորեն նրան բռնել այնպիսի բան ասելիս, որի համար կարող են ձերբակալել նրան, բայց Հիսուսի տված պատասխանները լռեցնում են նրանց (Մատթէոս 21։23–22։46)։
13. Ի՞նչ խորհուրդ է Հիսուսը տալիս իր ունկնդիրներին դպիրների և փարիսեցիների վերաբերյալ։
13 Քանի որ դպիրներն ու փարիսեցիները պնդում են, որ Աստծո Օրենքն են ուսուցանում, Հիսուսն իր ունկնդիրներին հետևյալ հորդորն է տալիս. «Ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում» (Մատթէոս 23։1–3)։ Ինչպիսի՜ մերկացում հասարակության առջև։ Բայց Հիսուսը այդքանով չի ավարտում նրանց դեմ ուղղված իր խոսքը։ Սա արդեն տաճարում լինելու վերջին օրն է, և Հիսուսը համարձակորեն քողազերծում է նրանց մի շարք մեղադրանքներով, որոնք որոտացող ամպրոպի նման, մեկը մյուսի ետևից հնչում են նրանց ականջին։
14, 15. Ի՞նչ ջախջախիչ մեղադրանքներ է Հիսուսը ներկայացնում դպիրներին ու փարիսեցիներին։
14 «Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ»,— վեց անգամ հայտարարում է Հիսուսը։ Ինչպես նա բացատրում է, նրանք կեղծավորներ են, քանի որ մարդկանց առաջ փակում են երկնքի Թագավորությունը և ցանկացողներին թույլ չեն տալիս մտնել։ Այդ կեղծավոր մարդիկ ‘շրջում են ծովի ու ցամաքի վրա մեկ հոգու նորահավատ դարձնելու համար’, իսկ արդյունքում նրան հավիտենական կործանման ենթակա են դարձնում։ Թողնելով «օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը»՝ նրանք կենտրոնանում են տասնորդ տալու վրա։ Ըստ էության, նրանք մաքրում են «բաժակի ու պնակի դուրսը», մինչ ներսից դրանք «լի են [նրանց] գողութեամբ եւ անժուժկալութեամբ», այսինքն՝ նրանց ստորությունն ու անազնվությունը թաքնված է իրենց արտաքին աստվածապաշտության ետևում։ Բացի այդ, նրանք շիրիմներ են դնում մարգարեներին ու զարդարում դրանք՝ իրենց իսկ գթության արարքների վրա ուշադրություն հրավիրելու համար, թեև «որդիներն [են] նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին» (Մատթէոս 23։13–15, 23–31)։
15 Մեղադրելով իր հակառակորդներին հոգևոր արժեքներից զուրկ լինելու համար՝ Հիսուսն ասում է. «Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ»։ Նրանք կույր են բարոյական տեսակետից, քանի որ ավելի մեծ նշանակություն են տալիս տաճարի ոսկուն, քան երկրպագության այդ վայրի հոգևոր արժեքին։ Այնուհետև Հիսուսը դատապարտության իր ամենախիստ խոսքերն է արտասանում. «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից»։ Այո՛, Հիսուսը նրանց իմաց է տալիս, որ իրենց չար ընթացքը շարունակելու համար նրանք հավիտենական կործանման են արժանանալու (Մատթէոս 23։16–22, 33)։ Թող որ մենք էլ քաջություն ցուցաբերենք Թագավորության լուրը քարոզելիս, նույնիսկ այն դեպքում, երբ հարկ է առաջանում մերկացնել կեղծ կրոնի գործերը։
16. Ձիթենյաց լեռան վրա գտնվելիս ի՞նչ կարևոր դեպքերի մասին է մարգարեանում Հիսուսն իր աշակերտներին։
16 Այժմ Հիսուսը հեռանում է տաճարից։ Մոտենում էր երեկոն, և նա իր առաքյալների հետ միասին բարձրանում է Ձիթենյաց լեռը։ Այստեղ Հիսուսը մարգարեանում է տաճարի կործանման մասին և տալիս իր ներկայության ու իրերի համակարգի վախճանի նշանը։ Մարգարեական այս խոսքերը վերաբերում են նաև մեր ժամանակներին։ Այդ երեկո Հիսուսն իր աշակերտներին ասում է նաև հետևյալը. «Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար» (Մատթէոս 24։1–14; 26։1, 2)։
Հիսուսը «իսպառ սիրեց» յուրայիններին
17. ա) Նիսանի 14–ին Պասեքի ընթրիքի ժամանակ ի՞նչ դաս է Հիսուսը տալիս իր տասներկու առաքյալներին։ բ) Ի՞նչ է սահմանում Հիսուսը Հուդա Իսկարիովտացուն բաց թողնելուց հետո։
17 Հաջորդ երկու օրը՝ նիսանի 12–ին ու 13–ին, Հիսուսը բացեիբաց չի մտնում տաճար։ Կրոնական առաջնորդները մտադիր են սպանել Հիսուսին, և նա չի ուզում, որ ինչ–որ բան խանգարի նրան Պասեքը իր առաքյալների հետ միասին տոնելուն։ Հինգշաբթի օրը մայրամուտով սկսվում է նիսանի 14–ը՝ Հիսուսի մարդկային կյանքի վերջին օրը։ Այդ երեկո Հիսուսն իր առաքյալների հետ միասին գտնվում է Երուսաղեմում՝ մի տան մեջ, որտեղ նրանց համար պատրաստություն է տեսնված Պասեքը տոնելու։ Ընթրիքի ընթացքում Հիսուսը խոնարհության մի չքնաղ դաս է տալիս իր տասներկու առաքյալներին՝ լվանալով նրանց ոտքերը։ Հուդա Իսկարիովտացուն բաց թողնելուց հետո (վերջինս համաձայնել էր մատնել իր Ուսուցչին երեսուն արծաթով, որը Մովսիսական օրենքի համաձայն ընդամենը մի ստրուկի գին էր) Հիսուսն իր մահվան հիշատակի Երեկոն է սահմանում (Ելից 21։32; Մատթէոս 26։14, 15, 26–29; Յովհաննէս 13։2–30)։
18. Ուրիշ ի՞նչ է Հիսուսը սիրալիորեն ուսուցանում իր տասնմեկ հավատարիմ առաքյալներին, և ինչպե՞ս է նրանց պատրաստում իրենց մոտալուտ բաժանմանը։
18 Այդ Երեկոյի սահմանումից հետո առաքյալները թեժ վիճաբանության մեջ են մտնում, թե ո՛վ է իրենցից մեծը։ Նրանց հանդիմանելու փոխարեն՝ Հիսուսը համբերատարորեն սովորեցնում է ուրիշներին ծառայելու արժեքի մասին։ Գնահատելով այն, որ առաքյալներն իր հետ էին մնում իր փորձությունների ժամանակ՝ Հիսուսը նրանց հետ թագավորության ուխտ է հաստատում (Ղուկաս 22։24–30)։ Հիսուսը նաև պատվիրում է սիրել միմյանց ինչպես ինքն է սիրել նրանց (Յովհաննէս 13։34)։ Չշտապելով լքել այդ սենյակը՝ Հիսուսը սիրալիորեն նրանց պատրաստում է իրենց մոտալուտ բաժանմանը։ Նա հավաստիացնում է նրանց, որ բարեկամներ են, հորդորում է, որ հավատ ունենան, և խոստանում է, որ սուրբ ոգին կուղարկի ի օգնություն նրանց (Յովհաննէս 14։1–17; 15։15)։ Դուրս գալուց առաջ Հիսուսը դիմում է իր Հորը. «Հասել է ժամը, փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի»։ Հիսուսն իսկապես պատրաստեց իր առաքյալներին իրենց բաժանմանը և անտարակույս «իսպառ սիրեց» յուրայիններին (Յովհաննէս 13։1; 17։1)։
19. Ինչո՞ւ է Հիսուսը Գեթսեմանի այգում հոգեկան տագնապի մեջ։
19 Թերևս կեսգիշերից արդեն բավականին անց է, երբ Հիսուսն իր տասնմեկ հավատարիմ առաքյալների հետ միասին հասնում է Գեթսեմանի այգի։ Նա հաճախ է առաքյալների հետ միասին եկել այդ այգին (Յովհաննէս 18։1, 2)։ Մի քանի ժամից Հիսուսը մահանալու է որպես մի արհամարհված հանցագործ։ Այդ դեպքի ակնկալիքն ու այն միտքը, թե ինչ նախատինք կարող է դա բերել իր Հոր անվանը, այնպիսի տագնապ են պատճառում Հիսուսին, որ աղոթելիս նրա քրտինքը՝ արյան կաթիլների վերածված, գլոր–գլոր ընկնում է գետին (Ղուկաս 22։41–44)։ «Եկաւ ժամը,— ասում է Հիսուսն իր առաքյալներին,— ահա մօտեցաւ նա, ով ինձ մատնելու է»։ Եվ մինչ նա դեռ խոսում է, մոտենում է Հուդա Իսկարիովտացին՝ լապտերներով, կանթեղներով, սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխի հետ միասին. եկել են ձերբակալելու Հիսուսին։ Սակայն Հիսուսը չի հակառակվում։ «Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»,— բացատրում է նա (Մարկոս 14։41–43; Մատթէոս 26։48–54)։
Մարդի Որդին՝ փառավորված
20. ա) Ի՞նչ դաժանություններ են բաժին ընկնում Հիսուսին նրա ձերբակալվելուց հետո։ բ) Ինչո՞ւ է Հիսուսը ոգին ավանդելուց մի քանի վայրկյան առաջ բացականչում՝ «ամէն ինչ կատարուած է»։
20 Հիսուսին ձերբակալելուց հետո նրա դեմ սուտ վկայություններ են տրվում, անարդարադատ դատավորները դատապարտում են նրան, Պոնտացի Պիղատոսը դատավճիռ է կայացնում նրա դեմ, քահանայապետներն ու նրա շուրջը հավաքված խառնամբոխը ծաղր ու ծանակի են ենթարկում, իսկ զինվորները ծաղրում ու չարչարում են նրան (Մարկոս 14։53–65; 15։1, 15; Յովհաննէս 19։1–3)։ Ուրբաթ կեսօրին Հիսուսին գամում են ցցին։ Նա ահռելի տառապանքների մեջ է. սուր ցավ է զգում, երբ մարմնի ծանրության տակ, մեխերը, որոնցով գամված են նրա ձեռքերն ու ոտքերը, ավելի են պատռում վերքերը (Յովհաննէս 19։17, 18)։ Ժամը մոտավորապես երեքին Հիսուսը բացականչում է. «Ամէն ինչ կատարուած է»։ Այո՛, նա կատարեց այն ամենը, ինչի համար եկել էր երկիր։ Ոգին ավանդելով Աստծուն՝ Հիսուսը խոնարհում է իր գլուխը և մահանում (Յովհաննէս 19։28, 30; Մատթէոս 27։45, 46; Ղուկաս 23։46)։ Երրորդ օրը Եհովան հարություն է տալիս իր Որդուն (Մարկոս 16։1–6)։ Հարությունից քառասուն օր անց Հիսուսը համբարձվում է երկինք և փառավորվում (Յովհաննէս 17։5; Գործք 1։3, 9–12; Փիլիպպեցիս 2։8—11)։
21. Ինչպե՞ս նմանվենք Հիսուսին։
21 Ինչպե՞ս կարելի է հարազատ մնալ Հիսուսի թողած հետքերին (Ա Պետրոս 2։21)։ Նրա նման եկեք մենք էլ աշխույժ լինենք Թագավորության քարոզման և աշակերտներ պատրաստելու գործում և քաջ ու համարձակ՝ Աստծո խոսքը մարդկանց պատմելիս (Մատթէոս 24։14; 28։19, 20; Գործք 4։29–31; Փիլիպպեցիս 1։14)։ Եկեք երբեք չմոռանանք, թե ինչ ժամանակներում ենք ապրում, և շարունակենք հորդորել միմյանց սիրո ու բարի գործերի (Մարկոս 13։28–33; Եբրայեցիս 10։24, 25)։ Եկեք թույլ տանք, որ մեր ողջ ընթացքն առաջնորդվի Եհովա Աստծո կամքով և այն բանի գիտակցումով, որ ապրում ենք «վերջին ժամանակում» (Դանիէլ 12։4)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Իր մահվան մոտալուտ լինելու իմացությունը ինչպե՞ս ազդեց Երուսաղեմի տաճարում կատարած Հիսուսի վերջին ծառայության վրա։
• Ինչի՞ց է երևում, որ Հիսուսն «իսպառ է սիրել» յուրայիններին։
• Ի՞նչ են Հիսուսի մասին հայտնում նրա կյանքի վերջին ժամերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։
• Ինչպե՞ս կարող ենք մեր ծառայության մեջ ընդօրինակել Հիսուս Քրիստոսին։
[նկար 18–րդ էջի վրա]
Հիսուսն «իսպառ սիրեց» նրանց։