Անարյուն վիրաբուժությունը «հիմնական տենդենց բժշկության մեջ»
«Անարյուն վիրաբուժություն» ընդհանուր խորագիրը կրող «Մաքլեյնս» հանդեսում հաղորդվել էր, որ Կանադայում բժիշկները «նոր մեթոդ են մշակել, որն, այսպես կոչված, անարյուն վիրաբուժությունը վերջին հինգ տարիների ընթացքում դարձրել է հիմնական տենդենց բժշկության մեջ»։ Վինիպեգի առողջագիտական կենտրոնի աշխատակից, անեսթեզիոլոգ Բրայան Մյուրհեդը մեկն է այդ բժիշկներից։ Ի՞նչն է սկիզբ տվել այլընտրանքային՝ առանց արյան գործածության բուժման նրա հետազոտությանը։
1986 թ.–ին բժիշկ Մյուրհեդը հանձն առավ վիրահատել արյունահոսող խոցով յոթանասունամյա մի տղամարդու, որը, լինելով Եհովայի վկա, Աստվածաշնչով հիմնավորված իր համոզմունքների պատճառով խնդրել էր բուժել իրեն առանց արյան փոխներարկման (Գործք 15։28, 29)։ Բժիշկ Մյուրհեդը «դիմեց հազվադեպ կիրառվող մեթոդի, այն է՝ հիվանդին աղի լուծույթ ներարկելուն, ինչը հնարավորություն է տալիս արյան ճնշումը բարձր պահել,— հայտնում է «Մաքլեյնս» պարբերականը։— Վիրահատությունը հաջող անցավ, և այդ փորձն ավելի համոզեց Մյուրհեդին այն բանում, որ «չափից դուրս շատ ենք արյուն ներարկում։ Մտածեցի, որ ժամանակն է այլընտրանքների դիմել»»։
Անարյուն վիրաբուժության անհրաժեշտությունը «ծագել է նախ՝ ապագա դոնորներ գտնելու պրոբլեմի պատճառով, և երկրորդ՝ արյան ներարկումից վարակ ձեռք բերելու շատ հիվանդների երկյուղից»։ Շնորհիվ առաջավոր բժիշկների կատարած հետազոտությունների՝ ոչ միայն Եհովայի վկաները, այլև ուրիշ շատ–շատերն են օգուտ ստացել կիրառվող այդ մեթոդից։ «Շատ դեպքերում արյան ներարկման կարիքը վերացնելուց բացի՝ անարյուն վիրաբուժությունը նվազեցնում է նաև վարակված արյուն ընդունելու վտանգը, ինչը թեև չնչին է, բայց իրականում գոյություն ունի»,— ավելացնում է «Մաքլեյնսը»։ Սակայն նույնիսկ «մաքուր» արյունը կարող է իրենից վարակման վտանգ ներկայացնել՝ ժամանակավորապես թուլացնելով հիվանդի իմունահամակարգը։
Ինչո՞վ է հիմնավորված Եհովայի վկաների հաստատ համոզմունքը այլընտրանքային՝ անարյուն վիրաբուժության վերաբերյալ։ Թերևս հետաքրքիր կլինի ընթերցել «Ինչպե՞ս կարող է արյունը փրկել քո կյանքը» գրքույկը (ռուս.)։ Եհովայի վկաները մեծ սիրով կօգնեն ձեզ ձեռք բերել այդ գրքույկը։