Առա՛ջ, դեպի վերջնական հաղթանակ
«Ահա մի սպիտակ ձի, եւ նորա վերայ նստողը մի աղեղ ունէր. եւ մի պսակ տրուեցաւ նորան, եւ նա դուրս եկաւ յաղթելով եւ յաղթելու համար» (Յայտնութիւն 6։2, ԱԹ)։
1. Հովհաննեսը տեսիլքում ի՞նչ ապագա իրադարձություններ տեսավ։
ԱՍՏԾՈ ներշնչմամբ Հովհաննես առաքյալը կարողացավ տեսիլքում տեսնել ապագան, թե մոտ 1800 տարի անց ինչպես է թագադրվելու Հիսուս Քրիստոսը։ Հովհաննեսին հավատ էր անհրաժեշտ՝ համոզված լինելու համար, որ իր տեսածն իրականանալու է։ Այսօր մենք համոզիչ ապացույցներ ունենք, որ այս կանխագուշակված գահակալությունը տեղի է ունեցել 1914 թ.–ին։ Հավատի աչքերով տեսնում ենք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը դուրս գալիս «յաղթելով եւ յաղթելու համար»։
2. Ինչպե՞ս արձագանքեց Բանսարկուն Թագավորության ծնունդ առնելուն, և ի՞նչ եղավ դրա արդյունքը։
2 Թագավորության ծնունդ առնելուց հետո Սատանան դուրս նետվեց երկնքից, որի պատճառով էլ սկսեց ավելի եռանդուն ու կատաղի կերպով գործել, բայց առանց որևէ հաջողության (Յայտնութիւն 12։7–12)։ Բարկացած Սատանան պատճառ եղավ, որ երկրագնդի կացությունն է՛լ ավելի վատթարանա։ Մարդկային հասարակությունը, ըստ էության, քայքայվում է։ Եհովայի վկաների համար այս ամենը ապացույց է այն բանի, որ իրենց Թագավորը առաջ է սլանում «յաղթելու համար»։
Նոր աշխարհի հասարակությունը ձևավորվում է
3, 4. ա) Թագավորության ծնունդ առնելուց սկսած՝ ի՞նչ կազմակերպչական փոփոխություններ են տեղի ունեցել քրիստոնեական ժողովում, և ինչո՞ւ էին դրանք անհրաժեշտ։ բ) Ըստ Եսայիայի կանխագուշակածի՝ որո՞նք էին այդ օգուտները։
3 Քանի որ Թագավորությունը ծնունդ էր առել, ապա ժամանակն էր վերականգնված քրիստոնեական ժողովը, այժմ ավելի մեծ պատասխանատվություններով հանդերձ, համապատասխանեցնել առաջին դարի քրիստոնեական ժողովին։ Այսպես՝ «Դիտարան» պարբերագրի 1938 թ. հունիսի 1–ի և 15–ի համարներում պարզաբանվեց, թե ինչպես պետք է գործի քրիստոնեական կազմակերպությունը։ Հետագայում՝ 1971 թ. դեկտեմբերի 15–ի համարում տպագրվեց «Կառավարիչ մարմինը իրավաբանական անձ չէ» հոդվածը, որտեղ է՛լ ավելի հստակեցվեց արդի Կառավարիչ մարմնի ինքնությունը։ 1972 թ.–ին ժողովներում նշանակվեցին երեցների խորհուրդներ, որոնք պետք է հոգ տանեին և առաջնորդություն ցույց տային ժողովի անդամներին։
4 Համապատասխան վերակացության վերականգնումը մեծապես ամրապնդեց քրիստոնեական ժողովը։ Դրան նպաստեց նաև այն, որ Կառավարիչ մարմինը միջոցներ ձեռնարկեց՝ հրահանգավորելու երեցներին, թե ինչպես կատարել իրենց պարտականությունները, ներառյալ իրավական հարցերի վերաբերյալ։ Աստծո երկրային կազմակերպության աստիճանական զարգացմանը նպաստող միջոցառումների և դրանց բերած օգուտների մասին կանխագուշակվել է Եսայիա 60։17–ում. «Պղնձի տեղ ոսկի պիտի բերեմ, եւ երկաթի տեղ պիտի արծաթ բերեմ, եւ փայտերի տեղ՝ պղինձ, եւ քարերի տեղ՝ երկաթ, եւ քո վերակացուներդ պիտի շինեմ խաղաղութիւնը, եւ քո ոստիկաններդ [«իշխաններդ», Արևմտ. Աստ.]՝ արդարութիւնը»։ Այդ բարելավումների մեջ արտացոլված է Աստծո օրհնությունը, և դրանք վկայում են այն մասին, որ նա հավանում է նրանց, ովքեր նախանձախնդրորեն թիկունք են կանգնում իր Թագավորությանը։
5. ա) Ինչպե՞ս արձագանքեց Սատանան այն բանին, որ Եհովան օրհնում է իր ժողովրդին։ բ) Ըստ Փիլիպպեցիս 1։7–ի՝ ի՞նչ է արել Եհովայի ժողովուրդը ընդդեմ Սատանայի ցասման։
5 Թագավորության հաստատումից հետո իր ժողովրդի հանդեպ Աստծո ցուցաբերած սիրառատ հոգատարությունն ու առաջնորդությունը Սատանայի ուշադրությունից չվրիպեց։ Քննարկենք հետևյալ օրինակները։ 1931թ.–ին քրիստոնյաների այս փոքրաթիվ խումբը հանրայնորեն ազդարարեց, որ իրենք սոսկ Աստվածաշունչ ուսումնասիրողներ չեն, այլ՝ ավելին։ Համաձայն Եսայիա 43։10–ի՝ նրանք Եհովայի վկանե՛ր էին։ Զուգադիպություն էր թե ոչ, բայց Բանսարկուն ամբողջ աշխարհով մեկ աննախադեպ հալածանք ձեռնարկեց։ Նույնիսկ ԱՄՆ–ի, Կանադայի և Գերմանիայի նման երկրներում, որտեղ սովորաբար կրոնի ազատություն է տիրել, Վկաները բազմիցս ստիպված են եղել օրենքի միջոցով պաշտպանել դավանանքի իրենց ազատությունը։ 1988 թ.–ին ԱՄՆ Գերագույն դատարանը Եհովայի վկաներին վերաբերող 71 գործ է քննել, որից երկու երրորդը՝ նրանց օգտին։ Ինչպես և առաջին դարում, այսօր էլ ամբողջ աշխարհում դատարաններում օրենքի միջոցով շարունակվում է պայքարը «աւետարանի պաշտպանութեան ու հաստատման» համար (Փիլիպպեցիս 1։7)։
6. Խոչընդոտե՞լ են արդյոք արգելքներն ու սահմանափակումները Եհովայի ժողովրդի առաջ ընթանալուն։ Բացատրեք։
6 1930–ականներին, երբ մոտենում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, Գերմանիայի, Իսպանիայի և Ճապոնիայի բռնապետական իշխանությունները, չհաշված մյուս երկրների կառավարությունները, արգելքներ կամ սահմանափակումներ դրեցին Եհովայի վկաների գործունեության վրա։ Բայց 2000 թ.–ին այս երեք երկրներում միայն Աստծո Թագավորության ակտիվ քարոզիչների թիվը կազմել է գրեթե 500 000։ Այս թիվը մոտ տասն անգամ գերազանցում է 1936 թ. ամբողջ աշխարհի Վկաների թվին։ Հստակ է, որ արգելքներն ու սահմանափակումները չեն կարող խոչընդոտել Եհովայի ժողովրդին իրենց հաղթական Առաջնորդի՝ Հիսուս Քրիստոսի հովանու ներքո առաջ ընթանալուն։
7. Ի՞նչ ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ 1958 թ.–ին, և այդ ժամանակից ի վեր ի՞նչ դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել։
7 Այս առաջընթացի դրսևորում է հանդիսանում 1958 թ.–ին Նյու Յորքում Եհովայի վկաների կողմից կազմակերպված «Աստծո կամքը» միջազգային համաժողովը։ Նախկինում այդպիսի մեծ համաժողով, որին ներկա եղավ 253 922 մարդ, չէր անցկացվել։ 1970 թ.–ին արդեն վերոհիշյալ երեք երկրներում, բացի Արևելյան Գերմանիայից, նրանց գործունեությունը թույլատրվել էր։ Բայց ընդարձակ Խորհրդային Միությունում և Վարշավայի պայմանագրի մյուս երկրներում արգելքը դեռևս շարունակվում էր։ Այսօր այդ նախկին կոմունիստական երկրներում ապրում են ավելի քան կես միլիոն ակտիվ Վկաներ։
8. Ինչպե՞ս է Եհովան օրհնել իր ժողովրդին, և ի՞նչ է գրվել «Դիտարանի» 1950 թ. համարներից մեկում այդ մասին։
8 Եհովայի վկաները շարունակել են աճել, քանի որ նախևառաջ փնտրել են Աստծո Թագավորությունը և նրա արդարությունը (Մատթէոս 6։33)։ Եսայիայի մարգարեությունն արդեն բառացիորեն կատարվել է. «Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. ես Տէրս իր ժամանակին շուտով կ’անեմ» (Եսայիա 60։22)։ Եվ այդ աճը դեռ շարունակվում է։ Միայն անցած տասնամյակում Թագավորության ջատագովների թիվն ավելացել է 1 750 000–ով։ Նրանք մաս են կազմում մի խմբի, որի մասին «Դիտարանի» 1950 թ. համարներից մեկում հետևյալն է գրվել. «Այժմ Աստված պատրաստում է նոր աշխարհի հասարակությունը.... Այդ մարդիկ անցնելու են Արմագեդոնը.... առաջինները, որ գործելու են նոր աշխարհում.... ըստ աստվածապետական կարգի, որոնք գիտեն, թե ինչպես վարել կազմակերպչական գործերը»։ Հոդվածը վերջանում էր հետևյալ նախադասությամբ. «Ուրեմն, հաստատակամորեն բոլորս միասին առա՛ջ ընթանանք որպես նոր աշխարհի հասարակություն»։
9. Այն, ինչ տարիներ շարունակ սովորել են Եհովայի վկաները, ինչո՞վ է օգտակար եղել։
9 Իսկ մինչ այդ նոր աշխարհի այս անընդհատ ընդլայնվող հասարակությունը ձեռք է բերում հմտություններ, որոնք անգնահատելի են այսօր, և, ըստ երևույթին, պետք կգան հետարմագեդոնյան վերականգնողական աշխատանքներում։ Օրինակ՝ Վկաները սովորել են կազմակերպել մեծ համաժողովներ, արագորեն օգնություն ցույց տալ աղետյալներին և կարճ ժամանակահատվածում շինություններ կառուցել։ Այս ամենը ստիպել է շատերին հիացմունքով արտահայտվել Եհովայի վկաների մասին և հարգել նրանց։
Շտկելով սխալ պատկերացումները
10, 11. Մեկնաբանեք, թե Եհովայի վկաների վերաբերյալ սխալ պատկերացումներն ինչպես են շտկվել։
10 Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք Եհովայի վկաներին մեղադրում են հասարակության հետ ներդաշնակ չընթանալու մեջ։ Պատճառը հիմնականում Վկաների՝ Աստվածաշնչով հիմնավորված դիրքորոշումն է այնպիսի հարցերում, ինչպիսիք են արյան փոխներարկումը, չեզոքությունը, ծխելը և բարոյականությունը։ Սակայն գնալով ավելի շատ մարդիկ են համաձայնվում, որ Վկաների հայացքներին արժե ուշադրություն դարձնել։ Օրինակ՝ Լեհաստանում մի բժշկուհի զանգահարեց Եհովայի վկաների վարչական կենտրոն և ասաց, որ ինքը և իր աշխատակիցները մի քանի ժամ շարունակ բանավիճել են արյան փոխներարկման հարցի շուրջ։ Խոսակցությունը ծագել էր լեհական «Ջեննիկ զախոդնի» թերթում այդ օրը տպագրված մի հոդվածից։ «Անձամբ ես ցավում եմ, որ արյունը չափից դուրս է օգտագործվում բժշկության մեջ,— ասաց բժշկուհին։— Դա այդպես չպետք է լինի։ Ես ուրախ եմ, որ ինչ–որ մեկը քննարկում է այդ հարցը և կցանկանայի ավելի շատ ինֆորմացիա ստանալ դրա վերաբերյալ»։
11 Անցած տարի Շվեյցարիայում կոնֆերանսի էին հավաքվել ԱՄՆ–ի, Եվրոպայի, Իսրայելի և Կանադայի բժշկական աշխարհի հեղինակությունները։ Քննարկվեց այն հարցը, թե ինչպես օգնել բժիշկներին, որպեսզի նրանք կարողանան առանց արյուն գործածելու բուժել հիվանդներին։ Նշվեց, որ, ի տարբերություն գոյություն ունեցող կարծիքի, այն հիվանդների շրջանում, որոնց արյուն է ներարկվել, մահացության տոկոսն իրականում ավելի բարձր է եղել, քան նրանցը, ում չի ներարկվել։ Եհովայի վկա հանդիսացող հիվանդներն, ընդհանուր առմամբ, ավելի շուտ են դուրս գրվել հիվանդանոցից, քան արյան փոխներարկմամբ բուժվածները։ Նաև նման հանգամանքներում նվազում են բուժման ծախսերը։
12. Օրինակով բացատրեք, թե Եհովայի վկաների քաղաքական չեզոքության վերաբերյալ ինչպես են դրականորեն արտահայտվել հայտնի անձինք։
12 Նաև բազմաթիվ դրական մեկնաբանություններ են տրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում Եհովայի վկաների բռնած չեզոք դիրքի առնչությամբ, երբ նրանք նացիզմի ճնշման տակ էին գտնվում։ «Եհովայի վկաների արիությունը նացիզմի ճնշման տակ» տեսաերիզի (թողարկված Եհովայի վկաների կողմից) շնորհանդեսը տեղի ունեցավ 1996 թ. նոյեմբերի 6–ին Գերմանիայում գտնվող՝ հենց Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարում և լավ ընդունելություն գտավ։ Այս տեսաֆիլմը 1998 թ. ապրիլի 18–ին ցուցադրվեց նաև Բերգեն–Բելզենի տխրահռչակ համակենտրոնացման ճամբարում։ Ցուցադրումից առաջ Ներքին Սաքսոնիայի Քաղաքական կրթության կենտրոնի տնօրեն Վոլֆգանգ Շիլը ասաց. «Պատմության ամոթալի ճշմարտություններից մեկն այն է, որ Եհովայի վկաները շատ ավելի մեծ վճռականությամբ են մերժել նացիոնալ–սոցիալիզմը, քան քրիստոնեական եկեղեցիները.... Անկախ այն բանից, թե ինչ ենք մտածում Եհովայի վկաների ուսուցումների և կրոնական եռանդի մասին, նացիստական ռեժիմի ճնշման ներքո նրանց ցուցաբերած աննկունությունը հարգանք է ներշնչում»։
13, 14. ա) Ի՞նչ խելացի դիտողություն անսպասելիորեն արվեց առաջին դարում հօգուտ քրիստոնյաների։ բ) Ի՞նչ դրական մեկնաբանություններ են արվել այսօր Աստծո ժողովրդի օգտին։
13 Երբ վիճելի հարցերում հայտնի անձնավորություններն են լավ արտահայտվում Եհովայի վկաների մասին կամ դատավճիռներն են նրանց օգտին կայացվում, ապա դա կարող է նպաստել, որ մարդիկ Վկաների մասին պակաս կանխակալ կարծիքներ ունենան և ավելի դրականորեն վերաբերվեն նրանց։ Այս ամենը հաճախ հնարավորություններ է ստեղծում, որ Վկաները զրուցեն այնպիսի մարդկանց հետ, ովքեր նախկինում կտրականապես հրաժարվում էին նրանց լսել։ Ուստիև, դատարանների ու հայտնի մարդկանց վերը նշված վերաբերմունքը ողջունվում և իսկապես գնահատվում է Եհովայի վկաների կողմից։ Դա հիշեցնում է մեզ այն, ինչ որ պատահեց առաջին դարում Երուսաղեմում։ Երբ հրեական գերագույն դատարանը՝ ատյանը, ցանկանում էր սպանել տալ քրիստոնյաներին իրենց եռանդուն քարոզչության համար, Գամաղիելը՝ մի «օրէնուսոյց եւ ամբողջ ժողովրդից պատուուած մարդ», զգուշացրեց ներկաներին և ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, զգո՛յշ եղէք, թէ այս մարդկանց ի՛նչ պէտք է անէք.... հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից եւ բա՛ց թողէք նրանց, որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կը քանդուի. իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք» (Գործք 5։33–39)։
14 Վերջին ժամանակներս որոշ անվանի անձնավորություններ Գամաղիելի պես համարձակորեն խոսում են հօգուտ Եհովայի վկաների կրոնական ազատության։ Օրինակ՝ Կրոնի և հավատալիքների ազատության միջազգային ակադեմիայի նախկին նախագահն ասել է. «Որևէ կրոնական ուղղության իրավունքները չպետք է անտեսվեն զուտ այն պատճառով, որ այդ համոզմունքները հասարակության կողմից դիտվում են որպես անընդունելի կամ տարօրինակ»։ Լայպցիգի համալսարանում կրոնի գիտական հետազոտության գծով մի պրոֆեսոր գերմանական կառավարության կողմից կազմված հանձնաժողովի առնչությամբ, որը պետք է հետազոտություն կատարեր, այսպես կոչված, աղանդների վերաբերյալ, տեղին հարց բարձրացրեց. «Ինչո՞ւ պիտի միայն կրոնական փոքրամասնությունները մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվեն, և ոչ թե երկու մեծ եկեղեցիները [Հռոմի կաթոլիկ եկեղեցին և լյութերական եկեղեցին]»։ Պատասխանը գտնելու համար հարկ չկա հեռու գնալ. Գերմանիայի նախկին մի պաշտոնյա գրեց. «Կասկած չկա, որ կուլիսների հետևում եկեղեցական մոլեռանդները թելադրել են այն քաղաքականությունը, որ պետք է վարի կառավարական հանձնաժողովը»։
Ումի՞ց ենք օգնություն սպասում
15, 16. ա) Ինչո՞ւ Գամաղիելի արարքը չէր կարող մեծ օգուտներ բերել։ բ) Ի՞նչ սահմանափակումներ ունեին մյուս երեք ազդեցիկ անհատները հօգուտ Հիսուսին գործելու մեջ։
15 Գամաղիելի խոսքերը պարզապես շեշտում են այն իրողությունը, որ Աստծո հովանավորությունն ունեցող գործը, ամեն դեպքում, չի կարող ձախողվել։ Վաղ քրիստոնյաներին, անտարակույս, օգուտ բերեցին ատյանում ասված նրա խոսքերը, սակայն նրանք նաև չմոռացան Հիսուսի այն խոսքերը, թե՝ իր հետևորդները պիտի հալածվեն։ Գամաղիելի արարքը ետ պահեց հոգևորականներին նրանց սպանելու մտադրությունից, սակայն հալածանքը լիովին չվերացրեց, քանզի կարդում ենք. «Ժողովականները հաւանութիւն տուեցին նրան եւ առաքեալներին կանչելով, գանահարեցին նրանց ու պատուիրեցին, որ Յիսուսի անունով այլեւս չխօսեն. եւ արձակեցին նրանց» (Գործք 5։40)։
16 Երբ Հիսուսին դատում էին, Պոնտացի Պիղատոսը, հանցանք չգտնելով, փորձեց ազատել նրան, բայց՝ ապարդյուն (Յովհաննէս 18։38, 39; 19։4, 6, 12–16)։ Նույնիսկ ատյանի երկու անդամները՝ Նիկոդեմոսն ու արիմաթիացի Հովսեփը, որոնք բարյացակամորեն էին տրամադրված Հիսուսի հանդեպ, չէին կարող շատ բան անել, որպեսզի կաշկանդեին ատյանի գործողությունները ընդդեմ Հիսուսի (Ղուկաս 23։50–52; Յովհաննէս 7։45–52; 19։38–40)։ Եհովայի ժողովրդին մարդկանց կողմից տրվող օգնությունը, ինչպիսի շարժառիթներից էլ բխած լինի, լավագույն դեպքում սահմանափակ օգուտներ է բերում։ Աշխարհը շարունակելու է ատել Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին այնպես, ինչպես ժամանակին ատեց հենց իրեն՝ Քրիստոսին։ Լիակատար ազատագրում միայն Եհովան է տալու (Գործք 2։24)։
17. Ի՞նչ իրատեսական մոտեցում ունեն Եհովայի վկաները, սակայն ինչո՞ւ չի թուլանում նրանց վճռականությունը բարի լուրի քարոզչությունը շարունակելու մեջ։
17 Եհովայի վկաներն իրատեսորեն սպասում են, որ հալածանքները շարունակվելու են։ Հակառակությունը կդադարի միայն այն ժամանակ, երբ Սատանայի համակարգը անվերադարձ խորտակվի։ Այնուհանդերձ, հալածանքը՝ թեև անցանկալի, չի կարող պատճառ հանդիսանալ, որ Եհովայի վկաները ետ կանգնեն Թագավորության քարոզչության իրենց հանձնարարությունը կատարելուց։ Ինչո՞ւ պիտի ետ կանգնեն, երբ Աստված իրենց կողմն է։ Նրանք ապավինում են իրենց օրինակելի քաջարի Առաջնորդին՝ Հիսուս Քրիստոսին (Գործք 5։17–21, 27–32)։
18. Ի՞նչ դժվարություն դեռևս պետք է հաղթահարի Եհովայի ժողովուրդը, սակայն դրա ելքի առնչությամբ ինչո՞ւմ են նրանք համոզված։
18 Ճշմարիտ կրոնը հենց իր ակունքներից խիստ հալածվել է։ Շուտով այն լայնածավալ հարձակման կենթարկվի Գոգի կողմից, որը Սատանան է՝ իր ստորացված դիրքում՝ երկնքից վտարվելու օրից։ Բայց ճշմարիտ կրոնը վերապրելու է այդ հարձակումը (Եզեկիէլ 38։14–16)։ «Ամբողջ աշխարհի թագաւորները» Սատանայի գլխավորությամբ «պատերազմելու են Գառան դէմ, եւ Գառը նրանց յաղթելու է, քանի որ նա Տէրն է տէրերի եւ Թագաւորը՝ թագաւորների» (Յայտնութիւն 16։14; 17։14)։ Այո՛, մեր Թագավորը առաջ է սլանում դեպի վերջնական հաղթանակ և շուտով հաղթելու է։ Ի՜նչ առանձնաշնորհում է ընթանալ նրա հետ միասին՝ գիտենալով, որ շուտով այլևս ոչ մեկը չի կարողանալու առարկել Եհովայի երկրպագուներին, երբ նրանք ասեն. «Աստուած մեր կողմն է» (Հռովմայեցիս 8։31; Փիլիպպեցիս 1։27, 28)։
Կարո՞ղ եք բացատրել
• Թագավորության ծնունդ առնելուց սկսած՝ ի՞նչ է արել Եհովան քրիստոնեական ժողովը զորացնելու ուղղությամբ։
• Ինչպե՞ս է Սատանան փորձել կանգնեցնել Հիսուսի հաղթարշավը և ի՞նչ արդյունքով։
• Ինչպիսի՞ հավասարակշռված տեսակետ պետք է ունենանք ոչ Վկաների կողմից ի նպաստ մեզ կատարվող գործերի վերաբերյալ։
• Ի՞նչ է Սատանան շուտով ձեռնարկելու, և դրա արդյունքը ի՞նչ է լինելու։
[նկար 18–րդ էջի վրա]
Համաժողովները վկայում են Եհովայի ժողովրդի առաջընթացի մասին
[նկարներ 20–րդ էջի վրա]
Երկրորդ համաշխարհայինի տարիներին Վկաների ցուցաբերած չեզոքությունը մինչև հիմա փառք է բերում Եհովային