Կենսագրություն
Մենք փորձեցինք ԵՀՈՎԱՅԻՆ
Պատմում է Փոլ Սքրիբները
«Բարի լո՛ւյս, միսիս Սթաքհաուս։ Ես այս առավոտյան վաճառում եմ Զատկի կարկանդակներ և վստահ եմ, որ կցանկանայիք ձեր ընտանիքի համար գնել դրանցից մեկը»։ Դա 1938 թ. գարնան սկզբին էր, Ատկո քաղաքում (ԱՄՆ, Նյու Ջերսի նահանգ)։ Ես աշխատում էի «Ջեներալ բեյքինգ քոմփանիում» և խոսում էի իմ վաճառքի երթուղում գտնվող լավագույն գնորդներից մեկի հետ։ Ի զարմանս ինձ՝ միսիս Սթաքհաուսը մերժեց առաջարկս։
«Չեմ կարծում, թե կցանկանայի գնել,— պատասխանեց նա։— Մենք չենք տոնում Զատիկը»։
Չգիտեի, թե ինչ ասեի։ Չտոնե՞լ Զատիկը։ Անտարակույս, առևտրի մեջ առաջին կանոնն այն է, որ գնորդը միշտ իրավացի է։ Հիմա ի՞նչ պիտի անեի։ «Դե՜, իհարկե,— սիրտ առա ես։— Բայց սա շատ համեղ կարկանդակ է, և ես գիտեմ, որ դուք սիրում եք մեր արտադրանքը։ Չե՞ք կարծում, որ ձեր ընտանիքը կվայելի կարկանդակը նույնիսկ այն դեպքում, երբ դուք, հը՜մ, չեք նշում Զատիկը»։
«Ես այդպես չեմ կարծում,— կրկնեց նա,— բայց մտադիր եմ ձեզ հետ խոսել մի հարցի շուրջ, մի՛ստր Սքրիբներ, և մեր այս հանդիպումը լավ առիթ կարող է լինել դրա համար»։ Այդ խոսակցությունը ամբողջությամբ փոխելու էր իմ կյանքը։ Միսիս Սթաքհաուսը, որ Եհովայի վկաների՝ Բեռլինում (Նյու Ջերսի նահանգ) գտնվող ժողովից էր, բացատրեց, թե որտեղից է սկիզբ առնում Զատիկ տոնելը և երեք գրքույկ տվեց ինձ։ Դրանց վերնագրերն էին՝ «Ապահովություն», «Քողազերծված» և «Պաշտպանություն»։ Այդ գրքույկները ձեռքիս, հետաքրքրասիրությունս բորբոքված, բայց և փոքր–ինչ երկյուղած՝ տուն գնացի։ Ինչ–որ ծանոթ բան կար միսիս Սթաքհաուսի ասածներում, ինչ–որ բան՝ իմ մանկությունից։
Իմ առաջին շփումը Աստվածաշունչ ուսումնասիրողների հետ
Ես ծնվել եմ 1907 թ.–ի հունվարի 31–ին։ 1915 թ.–ին, երբ ութ տարեկան էի, հայրս մահացավ քաղցկեղից։ Մորս հետ ստիպված տեղափոխվեցինք իր ծնողների մեծ տունը, որը գտնվում էր Մոլդենում (Մասսաչուսեթս նահանգ)։ Քեռիս՝ Բենջամին Ռանսոմը, կնոջ հետ նույնպես ապրում էր այդ տանը՝ երրորդ հարկում։ Դարավերջից սկսած՝ քեռի Բենը շփվում էր Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների հետ, ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները։ Ես շատ էի սիրում քեռի Բենին, բայց մորս ընտանիքի մյուս անդամները, որոնք մեթոդիստներ էին, նրան տարօրինակ էին համարում։ Տարիներ անց նրա կինը, նախքան իրենից բաժանվելը, հասավ այն բանին, որ քեռի Բենին՝ թեև կարճ ժամանակով, հոգեբուժարան ուղարկեց՝ վերջինիս կրոնական համոզմունքների պատճառով։ Բայց քանի որ հիվանդանոցի բժիշկները իսկույն հասկացան, որ քեռի Բենի հետ ոչ մի արտասովոր բան չի կատարվում, ներողություն խնդրելով նրան դուրս գրեցին։
Քեռի Բենն ինձ տանում էր իր հետ, երբ գնում էր Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների հանդիպումներին, որոնք անց էին կացվում Բոստոնում, և՝ հատկապես, երբ ելույթ ունեցողներ էին այցելում կամ էլ՝ հատուկ առիթների դեպքում։ Մի անգամ այցելել էր ոչ այլ ոք, եթե ոչ Չարլզ Թեյզ Ռասելը, որը ղեկավարում էր այն օրերի քարոզչական գործունեությունը։ Մեկ ուրիշ անգամ էլ ցուցադրվեց «Արարչության լուսադրաման»։ Թեպետ դա 1915 թ.–ին էր, այսօրվա պես հիշում եմ այն դրվագը, որտեղ Աբրահամը Իսահակի հետ սար է բարձրանում, որպեսզի նրան այնտեղ զոհ մատուցի (Ծննդոց, գլուխ 22)։ Մինչև օրս աչքիս առաջ է, թե ինչպես են նրանք անցնում այդ հոգնեցուցիչ ճանապարհը, Իսահակը՝ ցախը մեջքին, իսկ Աբրահամը՝ բացարձակ վստահությամբ լի Եհովայի հանդեպ։ Քանի որ ես հայր չունեի, դա ինձ շատ տպավորեց։
Հետո քեռի Բենն ու իր կինը տեղափոխվեցին Մեն նահանգ, իսկ մայրս վերամուսնացավ, և տեղափոխվեցինք Նյու Ջերսի։ Այսպես երկար ժամանակ ես գրեթե չտեսա քեռի Բենին։ Նյու Ջերսիում, իմ պատանեկան տարիներին, հանդիպեցի Մարիոն Նեֆին, մեկն այն ութ երեխա ունեցող պրեսբիտերական ընտանիքից, որին այցելում էի։ Ես այնքան շատ կիրակի երեկոներ էի անցկացնում այդ ընտանիքի և նրանց եկեղեցու երիտասարդության հետ, որ ինքս էլ, վերջիվերջո, դարձա պրեսբիտերական։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչ ուսումնասիրողներից ստացած որոշ գիտելիքներ մնացել էին իմ մեջ։ Ես ու Մարիոնը ամուսնացանք 1928 թ.–ին, իսկ մեր դստրերը՝ Դորիսն ու Լուիզը ծնվեցին՝ 1935 թ.–ին և 1938 թ.–ին։ Ունենալով երկու բալիկներ, որոնցից մեկը նոր–նոր էր սկսել քայլել, իսկ մյուսը դեռ նորածին էր՝ մենք երկուսս էլ նրանց դաստիարակելու համար հոգևոր առաջնորդության կարիք էինք զգում։
Այն գրքույկներում գտնում եմ ճշմարտությունը
Ես ու Մարիոնը փնտրում էինք այնպիսի եկեղեցի, որին կարելի էր միանալ և որոշակի պլան կազմեցինք այդ ուղղությամբ։ Հերթով՝ մեզնից մեկը ամեն կիրակի երեխաների հետ մնալու էր տանը, իսկ մյուսը պետք է այցելեր հերթական եկեղեցին։ Մի կիրակի Մարիոնի հերթն էր տանը մնալու, բայց առաջարկեցի՝ ես մնամ, որպեսզի կարողանայի կարդալ «Ապահովություն» գրքույկը՝ միսիս Սթաքհաուսի տված երեք գրքույկներից առաջինը։ Հենց սկսեցի կարդալ, չկարողացա կտրվել նրանից։ Ավելի ու ավելի էի համոզվում, որ գտել եմ այն, ինչ ոչ մի եկեղեցի չէր կարողանում առաջարկել։ Հաջորդ շաբաթ նույնը կրկնվեց. ես իմ սեփական կամքով մնացի երեխաների հետ, որպեսզի կարդայի երկրորդ գրքույկը՝ «Քողազերծված»–ը։ Կարդացածիս մեջ ինչ–որ ծանոթ բան կար։ Ա՞յն չէր դա արդյոք, ինչին քեռի Բենն էր հավատում։ Մեր ընտանիքում կարծում էին, թե նրա դավանած կրոնի անդամները խելագարներ են։ Իսկ ի՞նչ կասեր Մարիոնը։ Անհանգստանալու հարկ չկար։ Երբ «Քողազերծված»–ը կարդալուց մի քանի օր անց աշխատանքից տուն էի վերադառնում, Մարիոնը զարմացրեց ինձ իր խոսքերով. «Ես կարդացի քո բերած գրքույկները։ Շատ հետաքրքիր են»։ Ինչպիսի՜ թեթևացում։
Գրքույկի վերջին էջում հայտնվում էր նորերս լույս տեսած «Թշնամիներ» գրքի մասին, որում խստորեն մերկացվում էր կեղծ կրոնը։ Մենք որոշեցինք ձեռք բերել այդ գրքից։ Բայց մինչև կհասցնեինք մեր պատվերը փոստով ուղարկել, մի Վկա թակեց մեր դուռը և առաջարկեց հենց այդ գիրքը։ Վե՛րջ։ Մենք դադարեցինք եկեղեցիներ այցելել և սկսեցինք հաճախել Եհովայի վկաների Քամդենում (Նյու Ջերսի) անցկացվող հանդիպումներին։ Ընդամենը մի քանի ամիս անց՝ մի կիրակի օր՝ 1938 թ.–ի հուլիսի 31–ին, մոտ 50 հոգուց բաղկացած մեր խումբը հավաքվեց քույր Սթաքհաուսի տան մերձակա կանաչապատ տարածքում, այն տանը, որտեղ մի ժամանակ փորձել էի Զատկի կարկանդակ վաճառել, և լսեցինք դատավոր Ռադերֆորդի՝ մկրտության վերաբերյալ ձայնագրված ելույթը։ Հետո զգեստափոխվեցինք տանը, և մեզանից 19 հոգի մկրտվեց մոտակա գետակում։
Որոշում եմ ռահվիրա դառնալ
Մկրտությունիցս կարճ ժամանակ անց ժողովի քույրերից մեկն ինձ ասաց, որ կան ռահվիրաներ անվանվող մարդիկ, ովքեր ծառայելը դարձրել են իրենց հիմնական գործը։ Դա իսկույնևեթ շարժեց իմ հետաքրքրասիրությունը. շուտով ծանոթացա ռահվիրաների մի ամբողջ ընտանիքի հետ։ Մեծահասակ եղբայր Կոնիգը, նրա կինը և չափահաս աղջիկը՝ բոլորն էլ ռահվիրաներ էին ծառայում հարևան ժողովում։ Որպես երիտասարդ ընտանիքի հայր՝ տպավորվել էի, թե ինչ ուրախություն է ապրում Կոնիգների ընտանիքը ծառայության ժամանակ։ Ես հաճախ էի իմ հացաբուլկեղենի մեքենան կանգնեցնում կայանատեղում և նրանց հետ միասին տնետուն ծառայում։ Շուտով իմ մեջ ցանկություն առաջացավ դառնալ ռահվիրա։ Բայց ինչպե՞ս. մենք ունեինք երկու փոքրիկ երեխա, իմ աշխատանքն էլ շատ ժամանակ էր խլում։ Իսկ երբ Եվրոպայում սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և ԱՄՆ–ում ավելի ու ավելի շատ երիտասարդներ էին զորակոչվում բանակ, ավելի շատ աշխատանք էր մնում նրանց համար, ովքեր մնացել էին տանը։ Եվ ինձանից պահանջում էին այլ թաղերում էլ վաճառքով զբաղվել։ Ես հասկացա, որ նման աշխատանքային ռեժիմը երբեք ինձ թույլ չի տա ծառայել որպես ռահվիրա։
Երբ եղբայր Կոնիգի հետ խոսեցի իմ՝ որպես ռահվիրա ծառայելու ցանկության մասին, նա ասաց. «Շարունակիր տքնաջան ծառայել Եհովային և քո նպատակի մասին աղոթիր նրան։ Նա կօգնի քեզ իրականացնել ցանկությունդ»։ Մի տարի շարունակ դա էի անում։ Հաճախ էի մտածում այնպիսի սուրբգրային համարի շուրջ, ինչպիսին Մատթէոս 6։8–ն է, որը վստահեցնում է մեզ, թե Եհովան գիտի մեր կարիքների մասին նույնիսկ նախքան մեր՝ իրենից խնդրելը։ Նաև աշխատում էի հետևել Մատթէոս 6։33–ի խորհրդին՝ նախևառաջ փնտրել Աստծո Թագավորությունն ու նրա արդարությունը։ Ինձ նաև քաջալերեց շրջանային վերակացու եղբայր Մելվին Վինչեստերը։
Մարիոնի հետ խոսեցի նպատակներիս մասին։ Մենք քննեցինք Մաղաքիա 3։10–ի խոսքերը, որոնք խորհուրդ են տալիս մեզ փորձել Եհովային և տեսնել, թե արդյոք նա իր օրհնությունները չի թափի մեզ վրա։ Ինձ ոգևորեց Մարիոնի արձագանքը. «Եթե ցանկանում ես ռահվիրայություն անել, ապա իմ պատճառով ետ մի կանգնիր նպատակիցդ։ Ես հոգ կտանեմ աղջիկներին։ Համենայն դեպս, նյութական շատ կարիքներ չունենք»։ Արդեն 12 տարի էր՝ ես ու Մարիոնը ամուսնացել էինք, ու գիտեի, որ նա խնայող և բարեխիղճ տնտեսուհի է։ Տարիներ շարունակ նա եղել է հրաշալի գործընկեր–ռահվիրա։ Գրեթե 60 տարվա մեր լիաժամ ծառայության հաջողության գաղտնիքներից մեկը եղել է այն, որ նա բավարարվում էր քչով, և այնպես էր իրեն զգում, կարծես թե մեր տանը առատություն էր տիրում։
Արդեն 1941 թ. ամռանը, ամիսներ շարունակ աղոթելով և պլանավորելով, մենք որոշ գումար էինք կուտակել և գնեցինք 5, 5 մետրանոց ավտոֆուրգոն, որում կարող էինք ընտանիքով ապրել։ Ես թողեցի աշխատանքս և 1941 թ. հուլիսին դարձա ընդհանուր ռառվիրա. այդ օրվանից մինչև հիմա լիաժամ ծառայության մեջ եմ։ Իմ առաջին նշանակումն էր Նյու Ջերսին և Սենտ Լուիսը (Միսսուրի նահանգ) իրար միացնող 50–րդ ավտոմայրուղու տաս կանգառները։ Սենտ Լուիսում օգոստոսի սկզբներին մեր համաժողովն էր տեղի ունենալու։ Ինձ հայտնեցին այդ ճանապարհի երկայնքով ապրող եղբայրների անուններն ու հասցեները, և ես նրանց գրեցի, թե երբ ինձ սպասեն։ Համաժողովի վայրը հասնելուն պես պետք է գտնեի ռահվիրաների գործերով զբաղվող բաժինը և նոր նշանակում ստանայի։
«Ես մտադիր եմ փորձել նրան»
Մենք գրականությամբ բեռնեցինք մեր փոքրիկ ավտոֆուրգոնը և գնացինք Քամդենում անցկացվող մեր վերջին հանդիպմանը՝ հրաժեշտ տալու եղբայրներին։ Մեր ծրագրերը, հավանաբար, անիրական էին թվում եղբայրներից ոմանց, քանի որ ունեինք երկու շատ փոքր աղջիկներ, իսկ համաժողովից հետո առանց նշանակման էինք մնալու։ Նրանցից ոմանք ասացին. «Դուք շուտով կվերադառնաք»։ Հիշում եմ՝ պատասխանեցի. «Ճիշտ է, չեմ ասում, թե չենք վերադառնա, բայց Եհովան ասել է, որ հոգ կտանի ինձ, ես էլ մտադիր եմ փորձել նրան»։
Վեց տասնյակ տարիներ ռահվիրայություն անելով Մասսաչուսեթսից Միսսիսիպի ընկած տարածքի 20 քաղաքներում՝ մենք կարող ենք ասել, որ Եհովան իր խոստումը կատարելուց ավելին է արել։ Օրհնությունները, որ նա տեղացել է Մարիոնի, երկու դստրերիս և ինձ վրա, ավելին են, քան ես կարող էի հուսալ այն ժամանակ՝ 1941 թ.–ին։ Իմ դստրերը հավատարմորեն ծառայում են որպես ռահվիրաներ մոտակա ժողովներում, իսկ մենք, ընդհանուր հաշվով, ունենք մոտ հարյուր հոգևոր որդիներ և դստրեր, որոնք ցրված են ԱՄՆ–ի արևելյան ափերով մեկ։ Ես ուսումնասիրել եմ 52 անհատների հետ, որոնք նվիրել են իրենց կյանքը Եհովա Աստծուն, իսկ Մարիոնը՝ 48 հոգու հետ։
1941 թ. օգոստոսին հասանք Սենտ Լուիս։ Այնտեղ հանդիպեցի եղբայր Թ. Սալիվանին, որը ծառայում էր Բեթելում։ Նա ինձ հանձնեց իմ նշանակման մասին Ընկերության նամակը (որում ասվում էր, որ ես Աստծո ծառա եմ), որն ինձ հարկավոր էր մոտալուտ պատերազմի և զորահավաքի պատճառով։ Ես ասացի եղբայր Սալիվանին, որ կինս ինձ հավասար ծառայում է և ինքն էլ է ցանկանում ռահվիրա լինել։ Թեև համաժողովի ռահվիրայական բաժինը դեռ չէր բացվել, եղբայր Սալիվանը տեղն ու տեղը գրանցեց Մարիոնի անունը և հարցրեց մեզ. «Որտե՞ղ եք մտադիր ծառայել համաժողովից հետո»։ Մենք չգիտեինք։ «Լավ, մի՛ անհանգստացեք,— ասաց նա։— Համաժողովի ընթացքում դուք կհանդիպեք մի մարդու, որը ծառայում է այնպիսի վայրում, որտեղ ռահվիրաների կարիք է զգացվում։ Ամեն ինչ լավ կլինի։ Հենց որ գրեք մեզ, թե որտեղ եք գտնվում, մենք ձեզ նշանակման նամակը կուղարկենք»։ Մենք հանդիպեցինք այդ մարդուն. դա եղբայր Ջեկ Դե Վիտն էր՝ նախկին շրջանային վերակացուն։ Պարզվեց, որ նա Նյու Մարքետում (Վիրջինիա նահանգ) ճանաչում է մարդկանց, որոնք ռահվիրայական տուն ունեն։ Այդ քաղաքում էլ հենց ռահվիրաների կարիք կար, և մենք համաժողովից հետո ուղևորվեցինք դեպի Նյու Մարքետ։
Նյու Մարքետում մեզ հաճելի անակնկալ էր սպասում։ Ո՜վ պետք է Ֆիլադելֆիայից գար ու միանար մեզ ծառայության մեջ, եթե ոչ՝ Բենջամին Ռանսոմը։ Այո՛, ինքը՝ քեռի Բենը։ Ինչպիսի՜ ուրախություն էր նրա հետ միասին տնետուն ծառայել ավելի քան 25 տարի անց այն ժամանակներից, երբ Բոստոնում նա ճշմարտության սերմեր էր ցանել իմ սրտում։ Չնայած տարիներ շարունակ եղած անտարբերությանը, ծաղրանքին և նույնիսկ հակառակությանը ընտանիքի կողմից՝ քեռի Բենը ամենևին էլ չէր կորցրել ծառայության և Եհովայի հանդեպ ունեցած սերը։
Մենք ութ ամիս միասին ապրեցինք Նյու Մարքետի ռահվիրայական տանը։ Այդ ընթացքում, ի թիվս այլ բաների, սովորեցինք, թե ինչպես գրականություն փոխանակել հավերի ու ձվերի հետ։ Այնուհետև, քեռի Բենը, Մարիոնը և ես՝ երեք ուրիշների հետ նշանակում ստացանք՝ ծառայելու որպես հատուկ ռահվիրաներ Հանովերում (Փենսիլվանիա նահանգ). առաջինը այն վեց նշանակումներից, որոնք մենք ունենալու էինք Փենսիլվանիայում 1942–1945 թթ. ընկած ժամանակաշրջանում։
Հատուկ ռահվիրաներ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ժամանակներ կային, երբ թշնամության էինք հանդիպում մեր չեզոքության պատճառով, բայց Եհովան միշտ պաշտպանել է մեզ։ Մի անգամ Փրովինսթաունում (Մասսաչուսեթս) մեր հին «Բյուիքը» փչացավ, իսկ ես, քանի որ կրկնակի այցելություն պիտի կատարեի, ստիպված էի ոտքով մի քանի կիլոմետր անցնել անչափ թշնամաբար տրամադրված կաթոլիկական թաղամասով։ Երբ անցնում էի երիտասարդ խուլիգանների խմբի մոտով, նրանք ճանաչեցին ինձ և սկսեցին բղավել։ Քայլերս արագացրի՝ միաժամանակ լսելով ականջներիս կողքով վզզացող քարերի ձայնը. հույս ունեի, որ նրանք չեն ընկնի իմ ետևից։ Ես ողջ և առողջ հասա հետաքրքրվողի տուն։ Բայց տանտերը՝ «Ամերիկյան լեգեոնի» պատվավոր անդամը, ներողություն խնդրելով ասաց. «Չեմ կարող այս երեկո ձեզ հետ ժամանակ անցկացնել, քանի որ մոռացել էի, որ պետք է քաղաք գնանք՝ կինո դիտելու»։ Սիրտս նվաղեց, երբ հիշեցի, որ այն քարանետները փողոցի անկյունում սպասում են իմ վերադարձին։ Սակայն տրամադրությունս բարձրացավ, երբ այդ ջենտլմենը առաջարկեց. «Ինչո՞ւ մեզ հետ միասին չքայլեք։ Կարող ենք ճանապարհին զրուցել»։ Այսպես վկայություն տվեցի նրան և ապահով կերպով անցա վտանգավոր գոտուց։
Հավասարակշռված վերաբերմունք ընտանիքին և ծառայությանը
Պատերազմից հետո Վիրջինիա նահանգում մի քանի նշանակումներ ստացանք, այդ թվում այն, որ ութ տարի Շառլոտսվիլում ծառայեցինք որպես հատուկ և ընդհանուր ռահվիրաներ։ 1956 թ.–ին աղջիկներն արդեն մեծացել ու ամուսնացել էին. ուստի, ես ու Մարիոնը կրկին տեղից տեղ էինք տեղափոխվում և Հարիսոնբուրգում (Վիրջինիա) ծառայեցինք որպես ընդհանուր ռահվիրաներ, իսկ Լինքոլնտոնում (Հս. Քարոլինա)՝ որպես հատուկ ռահվիրաներ։
1966 թ.–ին նշանակվեցի որպես շրջանային վերակացու. ճամփորդում էի ժողովից ժողով և քաջալերում եղբայրներին այնպես, ինչպես եղբայր Վինչեստերն էր քաջալերում ինձ Նյու Ջերսիում 30–ականներին։ Երկու տարվա ընթացքում ծառայեցի Թեննեսիում գտնվող մի շրջանի ժողովներին։ Հետո ինձ ու Մարիոնին խնդրեցին վերադառնալ մեր մեծ սիրուն՝ հատուկ ռահվիրայական ծառայությանը։ 1968–1977 թթ. մենք ծառայեցինք որպես հատուկ ռահվիրաներ ԱՄՆ–ի հարավում, Ջորջիա նահանգի զանազան վայրերում և Միսսիսիպի նահանգում։
Իսթմենում (Ջորջիա) նշանակվեցի որպես ժողովի նախագահող վերակացու Փաուել Քրքլենդի փոխարեն. մի սիրելի տարեց եղբոր, որը երկար տարիներ շրջանային վերակացու էր ծառայել. նրա առողջական վիճակը վատացել էր։ Նա մի արտակարգ երախտագետ և նեցուկ լինող մարդ էր։ Եղբայր Փաուելի աջակցությունը շատ կարևոր էր, քանի որ ժողովում աչքի ընկնող մի քանի անձանց միջև որոշակի տարաձայնություններ կային։ Իրավիճակը գնալով բարդանում էր. ես բավական ժամանակ էի անցկացնում Եհովային աղոթելով։ Միտս էին գալիս այնպիսի համարներ, ինչպիսիք էին Առակաց 3։5, 6–ը. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։ Ջանք անելով հաղորդակցության կապը բաց պահել՝ կարողացանք ժողովի մեջ միասնություն մտցնել, որը բոլորին օգուտներ բերեց։
1977 թ.–ին, քանի որ մեր տարիքը իրեն զգացնել տվեց, նշանակվեցինք ծառայելու Շառլոտսվիլի շրջանում, որտեղ մեր երկու դստրերն էին ապրում իրենց ընտանիքներով։ Այս վերջին 23 տարիները մեզ ուրախություն պարգևեցին նրանով, որ օգնեցինք Ռուկերսվիլում (Վիրջինիա) ժողով կազմավորելուն, ինչպես նաև տեսանք, թե ինչպես են մեր նախկին ուսումնասիրողների երեխաներն ու թոռները մեծացել ու դարձել ժողովի երեցներ, ռահվիրաներ և բեթելցիներ։ Ես ու Մարիոնը մինչև հիմա կարողանում ենք ծառայել լավ կազմված գրաֆիկով, և ես առանձնաշնորհում ունեմ ակտիվորեն ծառայել որպես երեց Շառլոտսվիլի «Արևելյան» ժողովում՝ ղեկավարելով Գրքի ուսումնասիրության խումբը և հանրային ելույթներ ունենալով։
Ինչպես ամեն ոք, մենք նույնպես տարիների ընթացքում դժվարություններ ենք ունեցել։ Օրինակ՝ չնայած մեր ջանքերին՝ Դորիսը, երբ դեռ քսանը չէր բոլորել, մի որոշ ժամանակ հոգևորապես թուլացավ և ամուսնացավ մի մարդու հետ, որը Վկա չէր։ Բայց նա բոլորովին չէր դադարել Եհովային սիրելուց։ Նրա որդի Բիլը արդեն 15 տարի է, ինչ ծառայում է Ուոլքիլում (Նյու Յորք) գտնվող Բեթելում։ Այժմ և՛ Դորիսը, և՛ Լուիզը այրիացել են, բայց շարունակում են ուրախությամբ ծառայել՝ որպես ընդհանուր ռահվիրաներ։
Ինչ ենք սովորել տարիների ընթացքում
Ես սովորել եմ հասարակ կանոններ, որոնք կիրառելով կարելի է Եհովայի ծառայության մեջ հաջողության հասնել։ Օրինակ՝ պարզ կյանքով ապրել. օրինակ հանդիսանալ ամեն ինչում, այդ թվում նաև անձնական կյանքում. «հաւատարիմ և իմաստուն ծառայի» խորհուրդները կիրառել կյանքի բոլոր ասպարեզներում (Մատթէոս 24։45)։
Մարիոնը մի կարճ, բայց օգտակար խորհուրդներ պարունակող ցուցակ էր կազմել, թե ինչպես հաջողության հասնել ռահվիրայական ծառայության մեջ՝ խնամքի տակ երեխաներ ունենալով։ Ահա այն. կազմեք գործուն գրաֆիկ և հետևեք դրան. ռահվիրայական ծառայությունը ձեր կյանքի ուղին դարձրեք. առողջ սննդակարգի հետևեք. բավականաչափ հանգստացեք. չափից դուրս ժամանակ մի տրամադրեք զվարճությանը. այնպես արեք, որ ձեր երեխաների կյանքում ճշմարտությունը՝ ծառայության բոլոր ձևերով հանդերձ, դառնա մի հաճելի բան և նրանց համար ծառայությունը ամեն ժամանակ հետաքրքրիր անցնի։
Հիմա մենք 90–ն անց ենք։ 62 տարի է անցել այն օրվանից, երբ Սթաքհաուսի տան կանաչապատ տարածքում լսում էինք մեր մկրտության վերաբերյալ ելույթը։ Այդ տարիներից 60–ը անց ենք կացրել լիաժամ ծառայության մեջ։ Ես ու Մարիոնը կարող ենք անկեղծորեն ասել, որ լիովին բավարարված ենք մեր ապրած կյանքով։ Ես շատ շնորհակալ եմ այն քաջալերանքի համար, որը մղեց ինձ՝ որպես երիտասարդ հոր, առաջնահերթ կենտրոնանալ հոգևոր նպատակների վրա ու ձգտել իրականացնել դրանք. նաև շնորհակալ եմ իմ սիրելի կնոջը՝ Մարիոնին, և իմ աղջիկներին՝ տարիներ ի վեր ցուցաբերված աջակցության համար։ Թեև մենք հարուստ չենք, բայց ես հաճախ եմ զգացել, որ Ժողովող 2։25–ը ինձ է վերաբերում. «Ո՞վ է կարող ուտել եւ ո՞վ է կարող վայելել [ինձանից աւելի, տող. ծան.]»։
Հիրավի, մեր դեպքում Եհովան Մաղաքիա 3։10–ում տրված իր խոստումը լիուլի և դեռ ավելի իրականացրել է։ Նա, ճիշտ որ, ‘օրհնություն է թափել մեզ համար, մինչև որ տեղ չլինի’։
[շրջանակ 29–րդ էջի վրա]
Հուշեր պատերազմի տարիներից
Պատերազմից գրեթե 60 տարի անց էլ մեր ամբողջ ընտանիքը հստակորեն հիշում է այդ ժամանակները։
«Փենսիլվանիայում ցուրտ եղանակներ էին լինում,— հիշում է Դորիսը։— Մի գիշեր ջերմաստիճանը իջավ մինչև մինուս 35»։ Լուիզն ավելացնում է. «Ես ու Դորիսը մեր հին «Բյուիքի» հետևի նստարանին նստում էինք իրար ոտքերի վրա, որպեսզի չսառչեինք»։
«Բայց մենք երբեք մեզ աղքատ և զրկված չէինք զգում,— ասում է Դորիսը։— Գիտեինք, որ մարդկանց մեծամասնության համեմատությամբ մենք ավելի հաճախ էինք մեր բնակավայրը փոխում, սակայն միշտ ուտելիքի առատություն ունեինք։ Մեր հագուստը լավ որակի էր. դրանք գրեթե նոր վիճակով մեզ էին փոխանցում Օհայո նահանգում ապրող ընկերները, որոնց աղջիկները մի քիչ էին ավելի մեծ մեզանից»։
«Մայրիկն ու հայրիկը միշտ այնպես էին անում, որ մեզ սիրված ու գնահատված զգանք,— ընդգծում է Լուիզը։— Մենք նրանց հետ բավական ժամանակ էինք անցկացնում ծառայության մեջ։ Այդպես մենք մեզ առանձնահատուկ և նրանց շատ մոտ էինք զգում»։
«Ես ունեի 1936 թ. արտադրության «Բյուիք սփեշլ»,— հիշում է Փոլը։— Այդ ավտոմեքենաները հայտնի էին նրանով, որ նրանց կիսասռնիները կոտրվում էին։ Ինձ թվում էր՝ շարժիչը շատ հզոր էր, որպեսզի մեքենան կարողանար դիմանալ նրան։ Մեքենայի սռնիները կարծես թե կոտրվում էին ամսվա հենց ամենացուրտ գիշերը, ու ես ստիպված պետք է գնայի լքված ավտոմեքենաների «գերեզմանոց»՝ այնտեղ կիսասռնի փնտրելու։ Ես դարձել էի կիսասռնի փոխելու մասնագետ»։
«Քարտաբաժինը չմոռանաս,— ասում է Մարիոնը։— Ամեն ինչ քարտավորված էր՝ միսը, բենզինը, անվադողերը՝ ամեն ինչ։ Ամեն անգամ հասնելով նշանակման նոր վայրը՝ պետք է գնայինք տեղի իշխանությունների մոտ՝ քարտաբաժին ստանալու համար։ Ամիսներ էր անցնում, մինչև որ ձեռք էինք բերում քարտաբաժինը, և թվում էր, թե ամեն անգամ, երբ ի վերջո ստանում էինք այն, մենք արդեն պետք է մեկնեինք հաջորդ նշանակման վայրը, որտեղ այս պատմությունը պիտի կրկնվեր։ Բայց Եհովան միշտ հոգ էր տանում մեր մասին»։
[նկար]
Ես ու Մարիոնը՝ Դորիսի (ձախում) և Լուիզի հետ, 2000 թ.
[նկար 25–րդ էջի վրա]
Մորս հետ՝ 1918 թ.–ին, երբ 11 տարեկան էի
[նկար 26–րդ էջի վրա]
Լուիզի, Մարիոնի և Դորիսի հետ 1948 թ.–ին, երբ աղջիկները մկրտվեցին
[նկար 26–րդ էջի վրա]
Մեր հարսանեկան լուսանկարը. 1928 թ., հոկտեմբեր
[նկար 26–րդ էջի վրա]
Դստրերիս (հեռու ձախում և աջում) հետ՝ «Յանկի» ստադիոնում, 1955 թ.