Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 10/15 էջ 8–11
  • Կյանք պարգևող ջրերը հոսում են Անդերում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կյանք պարգևող ջրերը հոսում են Անդերում
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Գործադրվող ջանքերը
  • Տիտիկակա լճի «ոռոգումը»
  • Հոգևոր ծարավի հագեցումը
  • Երախտագիտություն ցուցաբերող գյուղը
  • Ազատագրում ծանր բեռից
  • Սիրալիր ընդունելություն
  • Առատ հունձ
2001 Դիտարան
w01 10/15 էջ 8–11

Կյանք պարգևող ջրերը հոսում են Անդերում

Ձգվելով Պերուի կենտրոնական մասով՝ Անդյան լեռները բաժանում են երկրի արևմտյան կողմի չորային առափնյա շրջանը արևելքում գտնվող փարթամ ու խոնավ ջունգլիներից։ Այս լեռնային գոտում ապրում է Պերուի 27 միլիոն բնակչության մեկ երրորդից ավելին։ Ընդ որում, նրանք ապրում են ինչպես անդյան բարձրավանդակներում ու զառիթափ լեռնալանջերում, այնպես էլ այդ լեռնաշղթայի անհուն թվացող կիրճերում ու բարեբեր հովիտներում։

Անդերի խորդուբորդ շղթան պաշտպանություն է երկրի համար։ Դա է պատճառը, որ այստեղ ապրող միլիոնավոր մարդիկ որոշ չափով մեկուսացած են և հիմնականում անտեղյակ՝ իրենց երկրից դուրս տեղի ունեցող իրադարձություններից ու նվաճումներից։

Գյուղակները արագորեն երևան են գալիս գետակների երկայնքով, ինչը հեշտացնում է ջրի մատակարարումը, որն անհրաժեշտ է բերք ստանալու, ինչպես նաև լամաների, ալպագաների, վիկունյաների և ոչխարների հոտերի համար։ Սակայն Անդերում կենսական նշանակություն ունեցող ջրի մեկ ուրիշ տեսակ էլ է հոսում. դա Եհովայից՝ «կենաց ջրի աղբյիւրից» եկող թարմացնող հոգևոր ջուրն է (Երեմիա 2։13)։ Որպեսզի անդյան բարձունքներում գտնվող բնակավայրերում ապրող մարդիկ կարողանան Աստծո և նրա նպատակների մասին ճշգրիտ գիտություն ձեռք բերել, Եհովան օգտագործում է իր Վկաներին (Եսայիա 12։3; Յովհաննէս 17։3)։

Քանի որ Աստծո կամքն է, որ «բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը», այս ծառաները ջանք չեն խնայում Աստվածաշնչի կենսատու լուրը դժվարամատչելի այդ բնակավայրերը հասցնելու համար (Ա Տիմոթէոս 2։4)։ Աստվածաշնչի վրա հիմնված այս լուրը վեհ է ու լուսավոր։ Այն ազատագրում է այդտեղ ապրող ազնվասիրտ մարդկանց սնոտիապաշտությունից, ավանդություններից և այնպիսի գաղափարներից, որոնք վախ են ներշնչում մահացածների, չար ոգիների և բնության ուժերի նկատմամբ։ Իսկ ամենակարևորն այն է, որ այս լուրը դրախտային երկրի վրա հավիտենական կյանքի փառավոր հույս է տալիս նրանց։

Գործադրվող ջանքերը

Այդ հեռավոր շրջաններն այցելելու համար Թագավորության քարոզիչները ստիպված են լինում շատ բաների հարմարվել։ Աստվածաշնչի ուսուցիչները պետք է ինչ–որ չափով տիրապետեն տեղի երկու՝ կեչուա և այմարա լեզուներին, որպեսզի հասնեն մարդկանց սրտերին։

Հեշտ չէ Անդերում գտնվող գյուղերին հասնելը։ Տարածաշրջանում գործող երկաթուղիներն այդքան էլ շատ չեն, իսկ երթևեկելը վտանգավոր է՝ անբարենպաստ եղանակի և արտասովոր տեղագրության պատճառով։ Ինչպե՞ս են Վկաները նման պայմաններում կարողանում հասնել այդ վայրերը, որպեսզի մարդկանց հաղորդեն Թագավորության պատգամը։

Բարի լուրի խիզախ քարոզիչները արձագանքել են այդ հրավերին՝ ցուցաբերելով Եսայիա մարգարեի ոգին՝ «Ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայիա 6։8)։ Նրանք երեք շարժական տնակներով ճանապարհորդում են հյուսիսային, կենտրոնական և հարավային շրջաններում։ Աստվածաշնչեր և աստվածաշնչային գրականություն պարունակող մեծ թվով արկղներով զինված՝ եռանդուն ռահվիրաները՝ լիաժամ ծառայողները, աստվածաշնչյան ճշմարտության սերմերն են ցանում այնտեղ ապրող բարյացակամ, հյուրընկալ և ազնվասիրտ մարդկանց սրտերում։

Հատկապես վտանգավոր են լեռնային ճանապարհների ոլորանները։ Դրանցից մի քանիսով անցնելու համար վարորդները ստիպված են կեռմաններով վարել ավտոմեքենաները։ Նման մանևրներից մեկի ժամանակ ավտոբուսի վերջին նստարանին նստած մի միսիոներ, պատուհանից դուրս նայելով, նկատեց, որ ետևի անիվներից մեկը ընթանում էր անդունդի հենց եզրով, որի բարձրությունը 190 մ էր։ Նա փակեց աչքերը, մինչև որ ավտոբուսն անցավ այդտեղով։

Որոշ ճանապարհներ վատ վիճակում են գտնվում և շատ նեղ են։ Հաղթահարելով այդպիսի մի նեղ ու խորդուբորդ ճանապարհ՝ շարժական տնակներից մեկը ցած էր ընթանում, երբ հանդիպեց դիմացից բարձրացող բեռնատար մեքենայի։ Այն պետք է ետ բարձրանար մի տեղ, որտեղ այդ երկու մեքենաները մի կերպ կարող էին անցնել իրար կողքով։

Չնայած այդ դժվարություններին՝ Վկաների հաստատակամորեն գործադրվող ջանքերը հիանալի արդյունքներ բերեցին։ Կցանկանայի՞ք ավելի շատ իմանալ դրանց մասին։

Տիտիկակա լճի «ոռոգումը»

Անդյան լեռների գոգավորությունում ընկած Տիտիկակա լիճը, որը ծովի մակարդակից 3 800 մ բարձրության վրա է գտնվում, ցամաքով շրջապատված ամենաբարձր նավարկելի ջրային տարածությունն է աշխարհում։ Սարերի ձյունապատ գագաթներից (նրանցից մի քանիսի բարձրությունը հասնում է 6 400 մ–ի) սկիզբ է առնում լիճը սնուցանող 25 գետերի մեծ մասը։ Բարձրադիր տեղանքի պատճառով կլիման ցուրտ է, և նրանք, ովքեր տեղացի չեն, ստիպված են լինում պայքարել լեռնախտի դեմ։

Մի որոշ ժամանակ առաջ կեչուա և այմարա լեզուներով խոսող ռահվիրաների մի խումբ ուղևորություն կազմակերպեց դեպի Տիտիկակա լճում գտնվող Ամանտանի և Տաքիլե կղզիները։ Նրանք իրենց հետ սլայդներով ֆիլմ վերցրեցին՝ «Ուշադիր հայացք՝ եկեղեցուց ներս» վերնագրով, որտեղ քողազերծվում էր քրիստոնեական աշխարհը։ Ֆիլմը լավ ընդունելության արժանացավ։ Մի մարդ ողջունեց եղբայրներին և իր տանը ընդարձակ սենյակ տրամադրեց նրանց, որտեղ նրանք կարող էին ապրել և միաժամանակ ուսուցանել Աստվածաշունչը։

Ամանտանի կղզում առաջին հանդիպմանը ներկա էր 100 մարդ, Տաքիլում՝ 140։ Ֆիլմը ներկայացվեց կեչուա լեզվով։ Մի ամուսնական զույգ, որը մի ժամանակ ապրել էր մայր ցամաքում, ասաց. «Վաղուց արդեն ժամանակն էր, որ դուք՝ Եհովայի Վկաներդ, մեզ հիշեիք։ Մենք աղոթում էինք ձեր գալստյան համար»։

Բացի այս երկու մեծ կղզիներից Տիտիկակայի վրա մոտ 40 «լողացող» կղզիներ էլ կան, որոնցից մի քանիսում արդեն քարոզվում է բարի լուրը։ «Լողացող» կղզինե՞ր։ Այո՛, նրանք պատրաստված են տոտորասից՝ լճի ծանծաղուտներում աճող եղեգներից։ Տոտորասը վեր է բարձրանում ջրից և տարածվում նրա մակերևույթի վրայով։ Կղզի պատրաստելու համար տեղի բնակիչները ծալում են եղեգները, ավելի հուսալի ամրացնում լճի հատակին և նրանցից հարթակ հյուսում։ Այնուհետև հարթակը պատում են տիղմով և ամրացնում կտրված ուրիշ եղեգներով։ Մարդիկ ապրում են հարթակի վրա՝ եղեգներից պատրաստված խրճիթներում։

Տիտիկակա լճի կղզիներում մարդկանց քարոզելու համար Եհովայի վկաները ձեռք են բերել մի նավակ, որի մեջ կարող է տեղավորվել 16 հոգի։ Կառանելով նավակը «լողացող» կղզիներին՝ Վկաները եղեգնյա հարթակի վրայով գնում են մի տնակից մյուսը։ Նրանք ասում են, որ սովորաբար թեթև տատանում են զգում ոտքերի տակ։ Ինչ խոսք, սա ծովախտով հիվանդանալու հակում ունեցողների համար այնքան էլ հարմար տեղ չէ։

Այմարերեն լեզվով խոսողները ապրում են լիճ դուրս եկող թերակղզիներում, ափով մեկ սփռված գյուղերում և բազմաթիվ համայնքներով։ Այդ վայրեր հասնելը ավելի հեշտ է նավով, քան ցամաքով։ Որոշ կարծիքների համաձայն՝ ընդհանուր առմամբ 400 000 մարդ է ապրում այդ շրջանում, որտեղ քարոզիչները նավակներով տարածում են Թագավորության լուրը։ Այնպես որ դրանք դեռ բավական ժամանակ պետք կգան քարոզիչներին։

Հոգևոր ծարավի հագեցումը

Ֆլավիոն ապրում էր Սանտա Լուսեա գյուղում՝ Խուլյակայի մոտ՝ Անդերում։ Ավետարանչական եկեղեցում նրան սովորեցրել էին դժոխքի կրակների մասին ուսմունքը։ Տարիներ շարունակ նա ապրում էր՝ հավերժական կրակով պատժվելու վախը սրտում։ Նա հաճախ էր զարմանում այն բանի վրա, թե ինչպես կարող է սիրո Աստվածը մարդկանց անվերջ տանջել կրակների մեջ։ Երբ Տիտոն, որը Եհովայի վկաների լիաժամ ծառայողներից է, այցելեց այդ գյուղը, հանդիպեց Ֆլավիոյին։

Ֆլավիոյի տված առաջին հարցերից մեկը հետևյալն էր. «Սովորեցնու՞մ է արդյոք ձեր կրոնն այն մասին, որ մարդիկ տանջվում են դժոխքի կրակներում»։ Տիտոն պատասխանեց, որ այդ գաղափարը գարշելի է Արարչի համար և նախատինք է բերում Եհովայի՝ սիրո Աստծո անվանը։ Օգտվելով Ֆլավիոյի անձնական Աստվածաշնչից՝ Տիտոն ցույց տվեց նրան, որ մահացածները ամբողջովին անգիտակից վիճակում են գտնվում, և որ նրանց երկրային հարություն է սպասվում, որը լինելու է Աստծո Թագավորության իշխանության ներքո (Ժողովող 9։5; Յովհաննէս 5։28, 29)։ Ֆլավիոյի աչքերը բացվեցին, և նա միանգամից համաձայնեց Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել ու շուտով մկրտվեց որպես քրիստոնյա։

Երախտագիտություն ցուցաբերող գյուղը

Պատկերացրեք, թե որքա՜ն հուզիչ է Աստվածաշունչ բաժանել այն գյուղացիներին, որոնք մինչ այդ Գրությունները ոչ մի անգամ չեն տեսել, կամ՝ քարոզել բարի լուրը այն գյուղերում, որտեղ մարդիկ մինչ այդ երբեք չեն լսել Եհովայի Վկաների կամ նրանց հաղորդած լուրի մասին։ Նման մի բան տեղի ունեցավ երեք ռահվիրա քույրեր Ռոզայի, Ալեսիայի և Սեսելիայի հետ, որոնք քարոզում էին Պերուի կենտրոնական մասերում՝ ավելի քան 3 600 մ բարձրության վրա գտնվող Իզքուչակա և Կոնայկա գյուղերում։

Երբ քույրերը ժամանեցին առաջին գյուղը, գիշերելու տեղ չունեին։ Նրանք խոսեցին տեղի ոստիկանության պետի հետ՝ բացատրելով իրենց գալստյան նպատակը։ Արդյո՞ւնքը։ Նա թույլ տվեց նրանց գիշերել ոստիկանատանը։ Հաջորդ օրը ռահվիրաները կարողացան մշտական բնակվելու տեղ գտնել, որը դարձավ նրանց գործունեության կենտրոնը։

Մոտենում էր Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն։ Ռահվիրաները այցելել էին Իզքուչակա գյուղի բոլոր տները, բազմաթիվ Աստվածաշնչեր բաժանել և մի շարք ուսումնասիրություններ սկսել։ Հիշատակի երեկոյից առաջ նրանք հրավիրատոմսեր ուղարկեցին այդ մարդկանց՝ բացատրելով այս իրադարձության նպատակը և ընթացքում օգտագործվելիք խորհրդանիշների իմաստը։ Երեկոյի անցկացմանը օգնելու համար հրավիրվեցին մի խումբ եղբայրներ, ու նրանցից մեկը ներկայացրեց ելույթը։ Որքա՜ն ուրախալի էր տեսնել, որ մի փոքրիկ գյուղից այս հատուկ իրադարձությանը ներկա էր 50 հոգի։ Առաջին անգամ այդ մարդիկ հասկացան Տիրոջ Ընթրիքի իսկական իմաստը։ Եվ որքա՜ն երախտապարտ էին նրանք այն բանի համար, որ իրենց ձեռքում ունեին Աստծո Խոսքը։

Ազատագրում ծանր բեռից

Աստվածաշնչյան ճշմարտության թարմացնող ջուրը կեղծ կրոնի գերության մեջ գտնվող մարդկանց հասցնելը միշտ էլ ուրախալի է։ Պիսակը Ինկերի հնագույն պետության ամրոցն է եղել։ Այսօր այնտեղ ապրող մարդկանցից շատերը հավատում են դժոխքի կրակի մասին ուսմունքին, որը հակասում է Աստվածաշնչին։ Նրանց քահանաներն ասում են, որ երկինք հնարավոր է գնալ միայն իրենց միջնորդությամբ։

Հասկանալի է, որ այս մարդիկ ծարավ են Աստվածաշնչյան ճշմարտության թարմացնող ջրերին։ Եհովայի վկաների լիաժամ ծառայողներից մեկը՝ Սանտիգոն, տնետուն ծառայության ժամանակ հնարավորություն ունեցավ մի մարդու բացատրել, որ արդարները կոչված են հավիտյան ապրելու դրախտ–երկրի վրա (Սաղմոս 37։11)։ Սանտիգոն Աստվածաշնչի մեջ ցույց տվեց, որ մահացածները հարություն են առնելու, և որ մարդկությունը սովորելու է քայլել Եհովայի կատարյալ ճանապարհներով՝ հավիտենական կյանքի հեռանկարով (Եսայիա 11։9)։ Այդ մարդը նվիրված կաթոլիկ էր եղել, զբաղվել էր ոգեհարցությամբ ու տրվել հարբեցողությանը։ Իսկ այժմ նա ուներ Աստվածաշնչի վրա հիմնված հույս և կյանքի նպատակ՝ ապրել Դրախտում։ Նա այրեց ոգեհարցության հետ կապ ունեցող բոլոր պիտույքները և վերջ տվեց հարբեցողությանը։ Իր ընտանիքի հետ միասին նա Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց։ Որոշ ժամանակ անց այդ ընտանիքի բոլոր անդամները նվիրվեցին Եհովային ու մկրտվեցին։

Սիրալիր ընդունելություն

Լեռնային ժողովուրդը շատ հյուրասեր է։ Թեև նրանց տները համեստ են, իսկ միջոցները՝ սուղ, հյուրերին առաջարկում են այն, ինչ ունեն։ Աստվածաշնչի բարձր չափանիշներին ծանոթանալուց առաջ՝ կարող է պատահել, որ զրույցի ընթացքում տանտերը հյուրին կոկայինի տերևներ առաջարկի ծամելու։ Բայց Վկա դառնալուց հետո նա կարող է մի գդալ շաքարավազ առաջարկել, որը մեկուսացված այդ գավառներում նույն արժեքն ունի, ինչ կոկայինը։

Մի եղբայր խնդրեց միսիոներներից մեկին իր հետ վերայցելության գնալ։ Ուղղաձիգ լեռնային արահետի խոչընդոտները հաղթահարելուց հետո նրանք ծափով ազդանշան տվեցին տանտիրոջը իրենց գալստյան մասին։ Եղբայրներին հրավիրեցին ծղոտե տանիքով տունը։ Մտնելիս նրանք պետք է կռանային, որպեսզի կարողանային անցնել ցածր մուտքով։ Զգուշորեն քայլելով կեղտոտ հատակի վրայով՝ նրանք հասան սենյակի մեջտեղը։ Այնտեղ մայրը փոս էր փորել ու, հարմարեցնելով վերմակը, երեխային դրել մեջը։ Դուրս գալու հնարավորություն չունենալով՝ այդ երեխան ուրախ ղունղունացնում ու բլբլացնում էր, մինչ մեծերը զրուցում էին։ Թագավորության օրհնությունների մասին աշխույժ քննարկումից հետո կինը մի երկարավուն տարայով տեղական ըմպելիք բերեց։ Շուտով եղբայրները լեռնալանջով ներքև ուղևորվեցին՝ ուրիշ վերայցելություններ կատարելու։

Առատ հունձ

Այժմ այս տարածաշրջանում կան մոտավորապես հարյուր առանձին խմբեր, և ավելի քան հազար հոգի Աստվածաշունչ է ուսումնասիրում Եհովայի վկաների հետ։ Այստեղ են ուղարկվել Լիմայում անցկացվող Ծառայության կատարելագործման դպրոցի շրջանավարտները, որպեսզի օգնեն այդ խմբերին ժողովների վերածվելու։ Ուղիղ սիրտ ունեցող անհատները, որոնք այդքան երկար ժամանակ կեղծ կրոնի ու սնահավատության գերին են եղել, ազատություն են ստանում Թագավորության բարի լուրի շնորհիվ (Յովհաննէս 8։32)։ Նրանք հագեցնում են ճշմարտության ջրերի հանդեպ իրենց ունեցած ծարավը։

[նկար 10–րդ էջի վրա]

Վկայություն Տիտիկակա լճի «լողացող» կղզիներում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը