Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 10/15 էջ 17–21
  • Եհովային հաճելի սիրտ ձեռք բերեք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովային հաճելի սիրտ ձեռք բերեք
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Սրտի ծածուկ մարդը»
  • «Ձեր սրտին մէջ դրէք» Աստծո Խոսքը
  • ‘Պատրաստեք ձեր սիրտը’՝ դիմելու Աստծո Խոսքին
  • Սիրիր Եհովային քո ամբողջ սրտով
  • Սիրտ
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Պահպանիր քո սիրտը
    2001 Դիտարան
  • Ունե՞ս այնպիսի սիրտ, որ ճանաչես Եհովային
    2013 Դիտարան
  • Շարունակիր լիակատար սրտով ծառայել Եհովային
    2012 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 10/15 էջ 17–21

Եհովային հաճելի սիրտ ձեռք բերեք

«Սուրբ [«մաքուր», Արևմտ. Աստ.] սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը» (Սաղմոս 51։10)։

1, 2. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի մեր սիրտը։

ՆԱ ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ էր և վայելչատես։ Նրա տեսքն այն աստիճան տպավորեց Սամուել մարգարեին, որ վերջինս եզրակացրեց, թե նրա՛ն՝ Հեսսեի ավագ որդուն է Աստված ընտրել՝ Սավուղից հետո թագավոր լինելու։ Բայց Եհովան ասաց Սամուելին. «Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետեւ նորան անարգեցի.... Մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում»։ Եհովան ընտրեց Հեսսեի կրտսեր որդուն՝ Դավիթին, որն «իր սրտին հաճելի մարդ» էր (Ա Թագաւորաց 13։14, ԷԹ; 16։7)։

2 Այն, որ Աստված կարող է կարդալ մարդու սիրտը, ավելի ուշ պարզ դարձավ իր հետևյալ խոսքերից. «Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ» (Երեմիա 17։10)։ Այո՛, «սիրտերը քննողը Տէրն է»՝ Եհովան (Առակաց 17։3)։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այն սիրտը, որը Եհովան քննում է։ Եվ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի նրան հաճելի սիրտ ձեռք բերենք։

«Սրտի ծածուկ մարդը»

3, 4. Ի՞նչ իմաստով է գլխավորապես «սիրտ» բառն օգտագործվել Աստվածաշնչում։ Բացատրեք օրինակներով։

3 «Սիրտ» բառը Գրություններում հանդիպում է գրեթե հազար անգամ, մեծամասամբ՝ փոխաբերական իմաստով։ Օրինակ՝ Եհովան հետևյալ պատվերը տվեց Մովսեսին. «Խօսիր Իսրայէլի որդիների հետ, որ ինձ ընծայ բերեն. ամեն մարդից որ սիրտը յօժար է, առէք իմ ընծան»։ Եվ նրանցից «ամեն յօժարասիրտ եղողը.... եկա[վ]» իր նվիրատվությամբ (Ելից 25։2; 35։21)։ Հստակ է, որ փոխաբերական սրտին մասնավորապես հատուկ է մղվածությունը. ներքին ուժ, որը մղում է մեզ մի բան անելու։ Այդ սրտում նաև արտացոլվում են մեր էմոցիաներն ու զգացմունքները, ցանկություններն ու հակումները։ Սիրտը կարող է լցվել բարկությամբ, համակվել վախով, ճնշվել վշտից կամ էլ ցնծալ ուրախությունից (Սաղմոս 27։3; 39։3; Յովհաննէս 16։22, Հռովմայեցիս 9։2)։ Այն կարող է լինել հպարտ կամ խոնարհ, սիրող կամ ատող (Առակաց 16։5, Արևմտ. Աստ.; Մատթէոս 11։29; Ա Պետրոս 1։22)։

4 Եվ այսպես՝ «սիրտը» հաճախ առնչություն է ունենում մղումների ու էմոցիաների հետ, մինչդեռ «միտքը», մասնավորապես, կապ ունի բանականության հետ։ Գրություններում օգտագործված այս բառերը հենց այսպես պետք է հասկանալ, երբ դրանք կարդում ենք նույն համատեքստում (Մատթէոս 22։37; Փիլիպպեցիս 4։7)։ Սակայն սիրտն ու միտքը փոխադարձաբար չեն բացառում։ Օրինակ՝ Մովսեսը հետևյալ հորդորը տվեց իսրայելացիներին. «Սրտիդ մեջը դիր [կամ՝ «ի մտի ունեցիր», ԷԹ], որ Եհովան է Աստուած» (Բ Օրինաց 4։39)։ Հիսուսն իր դեմ դավեր նյութող դպիրներին ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում» (Մատթէոս 9։4)։ ‘Խոհեմությունը’, «գիտությունը» և ‘խորհելը’ նույնպես կարող են կապված լինել սրտի հետ (Գ Թագաւորաց 3։12; Առակաց 15։14; Մարկոս 2։6)։ Ուրեմն՝ փոխաբերական սիրտը կարող է իր մեջ ներառել նաև մեր բանականությունը՝ մեր մտքերն ու հասկացողությունը։

5. Ի՞նչ է իրենից ներկայացնում փոխաբերական սիրտը։

5 Ինչպես նշվում մի տեղեկատուի մեջ, փոխաբերական սիրտը «ընդհանրապես ամենակարևորն է՝ ներքին էությունը, և հետևաբար՝ ներսի մարդը՝ իր բոլոր՝ ամենատարբեր արարքներով, ցանկություններով, հակումներով, էմոցիաներով, կրքերով, նպատակներով, մտքերով, իր ողջ ըմբռնումով, երևակայությամբ, իմաստությամբ, գիտելիքներով, հմտություններով, համոզմունքներով և դատողությամբ, հիշողությամբ ու գիտակցությամբ»։ Այն ներկայացնում է, թե ինչպիսին է իրականում մեր ներքինը՝ «սրտի ծածուկ մարդը» (Ա Պետրոս 3։4, ԱԹ)։ Սա է, որ Եհովան տեսնում և քննում է։ Այդ պատճառով էլ Դավիթը կարող էր աղոթել. «Սուրբ [«մաքուր», Արևմտ. Աստ.] սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը» (Սաղմոս 51։10)։ Ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել մաքուր սիրտ։

«Ձեր սրտին մէջ դրէք» Աստծո Խոսքը

6. Ի՞նչ կոչ արեց Մովսեսը իսրայելացիներին, երբ նրանք գտնվում էին Մովաբի դաշտերում։

6 Իսրայելի որդիները, նախքան Ավետյաց երկիր ոտք դնելը, հավաքված էին Մովաբի դաշտերում։ Մովսեսը, հորդորելով նրանց, ասաց. «Ձեր սրտին մէջ դրէք [«ուշը դարձրէք», ԱԹ] այն ամէն խօսքերը, որ այսօր ձեզի իբր վկայութիւն բերի, որպէս զի ձեր տղոց պատուիրէք, որ այս օրէնքին ամէն խօսքերը պահեն ու կատարեն» (Բ Օրինաց 32։46, Արևմտ. Աստ.)։ Իսրայելացիները պետք է ‘ուշք դարձնեին’ իրենց լսածին։ Որպեսզի իրենց զավակների սրտում արմատավորեին Աստծո պատվիրանները, անտարակույս, նրանք պետք է ամբողջությամբ տեղյակ լինեին այդ պատվերներին (Բ Օրինաց 6։6–8)։

7. Ի՞նչ է իր մեջ ընդգրկում Աստծո Խոսքը ‘մեր սրտի մեջ դնելը’։

7 Մաքուր սիրտ ունենալու համար խիստ կարևոր է Աստծո կամքի և նպատակների վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել։ Լոկ մեկ աղբյուր գոյություն ունի այդ գիտությունը ստանալու համար. դա Աստծո ներշնչյալ Խոսքն է (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Այնուհանդերձ, միայն գիտելիքներով Եհովային հաճելի սիրտ ձեռք չի բերվի։ Որպեսզի գիտելիքներն իսկապես ներգործեն մեր ներքին էության վրա, մենք պետք է ‘մեր սրտի մեջ դնենք’ այն ամենը, կամ ‘մեր ուշքը դարձնենք’ այն ամենի վրա, ինչ որ սովորում ենք։ Ինչպե՞ս է դա արվում։ Դավիթ սաղմոսերգուն բացատրում է. «Ես յիշում եմ առաջի օրերը. մտածում եմ քո բոլոր գործերի վերայ. խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ» (Սաղմոս 143։5)։

8. Ինչպիսի՞ հարցերի շուրջ կարող ենք խորհել ուսումնասիրության ընթացքում։

8 Մենք նույնպես պետք է երախտագիտությամբ խորհրդածենք Եհովայի գործերի մասին։ Երբ Աստվածաշունչ կամ աստվածաշնչյան գրականություն ենք կարդում, հարկավոր է խորհել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են. «Ի՞նչ եմ սովորում այստեղից Եհովայի մասին։ Նրա ո՞ր հատկություններն եմ տեսնում։ Ի՞նչ է այս հատվածը ինձ սովորեցնում այն մասին, թե ինչն է Եհովային դուր գալիս, և ինչը՝ ոչ։ Ի՞նչ հետևանքներ է ունենում այն ընթացքը, որը հաճելի է Եհովային՝ համեմատած նրան ատելի ընթացքի հետ։ Ինչպե՞ս է այս տեղեկությունը կապվում արդեն իմացածիս հետ»։

9. Որքանո՞վ են կարևոր անձնական ուսումնասիրություն կատարելն ու խորհրդածելը։

9 Երեսուներկուամյա Լիզանa բացատրում է, թե ինչպես է սկսել գնահատել նպատակային ուսումնասիրություն կատարելու և խորհրդածելու կարևորությունը. «1994 թ.–ին մկրտվելուց հետո մոտ երկու տարի բավական ակտիվ քրիստոնյա էի։ Հաճախում էի բոլոր քրիստոնեական հանդիպումներին, ամեն ամիս 30–40 ժամ նվիրում ծառայությանը, շփվում հավատակիցներիս հետ։ Հետո սկսեցի աստիճանաբար պասսիվանալ։ Հոգևորապես այնքան թուլացա, որ նույնիսկ Աստծո օրենքը խախտեցի։ Բայց ուշքի եկա և որոշեցի կարգի բերել կյանքս։ Որքա՜ն ուրախ եմ, որ Եհովան տեսավ իմ զղջումը և ինձ ետ ընդունեց։ Հաճախ եմ մտածել. «Ինչո՞ւ թուլացա»։ Այս հարցին ամեն անգամ միտքս է գալիս նույն պատասխանը. ես անուշադրության էի մատնել նպատակային ուսումնասիրություն կատարելն ու խորհրդածելը։ Աստվածաշնչյան ճշմարտությունը պարզապես չէր հասել սրտիս։ Այժմ անձնական ուսումնասիրություն կատարելն ու խորհրդածելը միշտ նշանակալի տեղ կգրավեն իմ կյանքում»։ Եհովայի, նրա Որդու և իր Խոսքի մասին գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ շատ կարևոր է նաև ժամանակ հատկացնել ստացած ինֆորմացիայի շուրջ խորհրդածելուն։

10. Ինչո՞ւ է խիստ կարևոր ժամանակ հատկացնել անձնական ուսումնասիրություն կատարելուն և խորհրդածելուն։

10 Այս բազմազբաղ աշխարհում, իրոք, դժվար է ժամանակ գտնել ուսումնասիրելու և խորհրդածելու համար։ Սակայն, մյուս կողմից, քրիստոնյաներն այսօր կանգնած են մի չքնաղ Ավետյաց երկրի՝ Աստծո արդար նոր աշխարհի շեմին (Բ Պետրոս 3։13)։ Հորիզոնում արդեն նշմարվում են այնպիսի ցնցող իրադարձություններ, ինչպիսիք են «Մեծ Բաբելոնի» կործանումն ու ‘Մագոգի երկրի Գոգի’ հարձակումը Եհովայի ժողովրդի վրա (Յայտնութիւն 17։1, 2, 5, 15–17; Եզեկիէլ 38։1–4, 14–16; 39։2)։ Ապագան կարող է փորձության ենթարկել մեր սերը Եհովայի հանդեպ։ Ուստի և հույժ կարևոր է, որ ժամանակը ‘գնենք’ (ԱԹ) և Աստծո Խոսքը ‘մեր սրտում դնենք’ (Եփեսացիս 5։15, 16)։

‘Պատրաստեք ձեր սիրտը’՝ դիմելու Աստծո Խոսքին

11. Ի՞նչ առումով կարող ենք մեր սիրտը նմանեցնել հողի։

11 Փոխաբերական սիրտը կարելի է նմանեցնել հողի, որտեղ ցանվում է ճշմարտության սերմը (Մատթէոս 13։18–23)։ Սովորաբար ցանքսից առաջ հողը մշակում են, որպեսզի ապահովեն բերքի բարձր որակը։ Նման կերպով հարկավոր է սիրտը պատրաստել, որպեսզի այն կարողանա ավելի լավ ընկալել Աստծո Խոսքը։ Եզրաս քահանան «պատրաստել էր իր սիրտը, որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ» (Եզրաս 7։10)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք պատրաստել մեր սիրտը։

12. Ի՞նչը կօգնի մեզ պատրաստելու մեր սիրտը ուսումնասիրությանը։

12 Քանի որ Աստծո Խոսքին դիմելու համար հարկավոր է պատրաստել սիրտը, ապա դրան հասնելու համար գերազանց միջոց է սրտանց աղոթելը։ Ճշմարիտ քրիստոնյաների հանդիպումները սկսվում և ավարտվում են աղոթքով։ Ինչքա՜ն կարևոր է, որ մենք ամեն անգամ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը սկսենք սրտանց աղոթելով և նման բարեպաշտ կեցվածք պահպանենք ողջ ուսումնասիրության ընթացքում։

13. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի Եհովային հաճելի սիրտ ձեռք բերենք։

13 Փոխաբերական սիրտը պետք է պատրաստ լինի մի կողմ դնելու կանխակալ կարծիքները։ Հիսուսի օրերում կրոնական առաջնորդները չկամեցան դա անել (Մատթէոս 13։15)։ Բայց ահա Հիսուսի մայր Մարիամը, իր լսած ճշմարտությունների շուրջ խորհելով, համապատասխան եզրակացություններ արեց «իր սրտում» (Ղուկաս 2։19, 51)։ Նա Հիսուսի հավատարիմ աշակերտը դարձավ։ Թիատիրցի Լիդիան լսեց Պողոսին, և «[նրա] սիրտը Տէրը [«Եհովան», ՆԱ] բացաւ որ Պօղոսին ըսածներուն ուշադրութիւն ընէ»։ Նա նույնպես հավատացյալ դարձավ (Գործք 16։14, Արևմտ. Աստ., 15)։ Թող որ երբեք քարացած կերպով չկառչենք սեփական գաղափարներին կամ մեր սրտին հարազատ դարձած դավանաբանական հայացքներին։ Դրա փոխարեն՝ եկեք պատրաստակամորեն թույլ տանք, որ «Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ» (Հռովմայեցիս 3։4)։

14. Ինչպե՞ս կարող ենք պատրաստել մեր սիրտը, որպեսզի ուշադիր լինենք քրիստոնեական հանդիպումների ժամանակ։

14 Շատ կարևոր է նաև պատրաստել սիրտը, որպեսզի ուշադիր լինենք քրիստոնեական հանդիպումների ժամանակ։ Եթե մեր միտքը թափառում է, ապա չենք կարող լսել, թե ինչ են ասում մյուսները։ Մենք քիչ կօգտվենք ուրիշների արտահայտած մտքերից, եթե խորասուզվում ենք օրվա իրադարձությունների մեջ կամ մտածում ենք վաղվա մասին։ Պետք է հաստատապես վճռենք լսել և սովորել, եթե ցանկանում ենք ասվածից օգուտ քաղել։ Այդ օգուտները շատ մեծ կլինեն, եթե վճռել ենք հասկանալ հանդիպումների ժամանակ կարդացվող սուրբգրային համարները և դրանց շուրջ տրվող բացատրությունները (Նէեմիա 8։5–8, 12)։

15. Ինչպե՞ս է խոնարհությունն օգնում մեզ ավելի ընկալունակ լինել սովորելու մեջ։

15 Ճիշտ ինչպես համապատասխան պարարտացումն է հարստացնում հողը, այնպես էլ այնպիսի հատկություններ զարգացնելը, ինչպիսիք են խոնարհությունը, հոգևորի հանդեպ ծարավը և Աստծո հանդեպ վստահությունը, վախը և սերը, կարող են հարստացնել փոխաբերական սիրտը։ Խոնարհությունը փափկացնում է սիրտը՝ օգնելով մեզ ավելի ընկալունակ դառնալ սովորելու մեջ։ Եհովան ասաց հրեա թագավոր Հովսիային. «Որովհետեւ քո սիրտը կակղեց եւ դու խոնարհուեցար Տիրոջ առաջին լսելով այն, ինչ որ ես ասել եմ.... եւ լացիր իմ առաջը. ես էլ լսեցի» (Դ Թագաւորաց 22։19)։ Հովսիան խոնարհ և զգայուն սիրտ ուներ։ Խոնարհությունն օգնեց Հիսուսի «տգէտ եւ անուս» աշակերտներին հասկանալ և կիրառել այն ճշմարտությունները, որոնք չհասկացան ‘իմաստուններն ու գիտունները’ (Գործք 4։13; Ղուկաս 10։21)։ Ձգտելով Եհովային հաճելի սիրտ ձեռք բերել՝ եկեք ‘մեր Աստծո առաջ խոնարհվենք’ (Եզրաս 8։21)։

16. Ինչո՞ւ են ջանքեր պահանջվում հոգևոր կերակուրների հանդեպ մեծ ցանկություն մշակելու համար։

16 Հիսուսն ասաց. «Երանի՜ հոգով աղքատներին [«նրանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները», ՆԱ], որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը» (Մատթէոս 5։3)։ Թեև մենք օժտված են հոգևոր բաները ըմբռնելու կարողությամբ, այս ամբարիշտ աշխարհի ճնշումները կամ այնպիսի հատկություն, ինչպիսին ծուլությունն է, կարող են մեր մեջ բթացնել հոգևորի պահանջի գիտակցումը (Մատթէոս 4։4)։ Մենք պետք է լավ ախորժակ զարգացնենք մեր մեջ հոգևոր կերակուրների հանդեպ։ Եթե նույնիսկ սկզբում Աստվածաշնչի ընթերցանությունն ու անձնական ուսումնասիրությունը մեզ հաճույք չեն պատճառում, այնուամենայնիվ, հաստատակամություն դրսևորելով, ժամանակի ընթացքում կտեսնենք, որ այդ գիտելիքները դառնում են ‘ախորժելի մեր հոգուն’, այնպես որ հաջորդ ուսումնասիրությանը անհամբերությամբ կսպասենք (Առակաց 2։10, 11)։

17. ա) Ինչո՞ւ է Եհովան արժանի մեր լիակատար վստահությանը։ բ) Ինչպե՞ս կարող ենք զարգացնել մեր վստահությունը Աստծո հանդեպ։

17 «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր»,— հորդորում է Սողոմոն թագավորը (Առակաց 3։5)։ Եհովային ապավինող սիրտը գիտի, որ նրա բոլոր պատվերներն ու առաջնորդությունները՝ տրված իր Խոսքի միջոցով, միշտ էլ անսխալ են (Եսայիա 48։17)։ Եհովան, անկասկած, արժանի է մեր լիակատար վստահությանը։ Նա ի վիճակի է իրագործել իր բոլոր նպատակները (Եսայիա 40։26, 29)։ Չէ՞ որ հենց նրա անունը բառացիորեն նշանակում է՝ «նա պատճառում է լինելություն», ինչը մեզ վստահեցնում է, որ նա կարողություն ունի իրականացնելու այն, ինչ որ խոստացել է։ Նա «արդար է իր բոլոր ճանապարհներումը. և ողորմած [«հավատարիմ», ՆԱ]՝ իր բոլոր գործերումը» (Սաղմոս 145։17)։ Անշուշտ, Եհովայի հանդեպ վստահություն զարգացնելու համար մեզ հարկավոր է ‘ճաշակել և տեսնել, որ [նա] քաղցր է’։ Դա կարող ենք անել՝ մեր կյանքում կիրառելով այն ամենը, ինչ սովորում ենք Աստվածաշնչից, և խորհրդածելով դրանից ստացած օգուտների շուրջ (Սաղմոս 34։8)։

18. Ինչպե՞ս է աստվածավախությունն օգնում մեզ՝ ընկալունակ լինելու նրա առաջնորդության նկատմամբ։

18 Սողոմոնը, մատնացույց անելով մեկ ուրիշ հատկություն, որն օգնում է մեր սիրտը ընկալունակ դարձնել Աստծո առաջնորդության նկատմամբ, ասաց. «Վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից» (Առակաց 3։7)։ Արտահայտվելով հին Իսրայելի մասին՝ Եհովան ասաց. «Երանի թէ նորանց սիրտն էլ այնպէս լինէր, որ ինձանից վախենալով իմ բոլոր պատուիրանքները պահէին ամեն ժամանակ, որպէս զի իրանց համար բարի լինէր եւ իրանց որդկանցն էլ՝ յաւիտեան» (Բ Օրինաց 5։29)։ Այո՛, աստվածավախ մարդիկ հնազանդվում են նրան։ Եհովան կարողություն ունի ‘զորացնել նրանց, որոնց սիրտը ուղիղ է իր հետ’ և պատժել նրանց, ովքեր չեն հնազանդվում իրեն (Բ Մնացորդաց 16։9)։ Թող որ Աստծուն տհաճություն պատճառելու վախը ղեկավարի մեր բոլոր գործողությունները, մտքերը և էմոցիաները։

Սիրիր Եհովային քո ամբողջ սրտով

19. Ի՞նչ դեր է խաղում սերը մեր սիրտը Եհովայի առաջնորդության նկատմամբ զգայուն դարձնելու մեջ։

19 Սերը, մյուս բոլոր հատկություններից ավելի, իրոք որ մեր սիրտը զգայուն է դարձնում Եհովայի առաջնորդության նկատմամբ։ Եթե մարդու սիրտը լի է Աստծո հանդեպ սիրով, ապա նա ցանկանում է իմանալ, թե ինչն է հաճելի նրան և ինչը՝ ոչ (Ա Յովհաննէս 5։3)։ Հիսուսն ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» (Մատթէոս 22։37)։ Եկեք խորացնենք մեր սերը Աստծո հանդեպ՝ սովորություն դարձնելով նրա բարության մասին խորհրդածելը, միշտ խոսելով նրա հետ՝ ինչպես մտերիմ ընկերոջ, և նրա մասին խանդավառությամբ զրուցելով ուրիշների հետ։

20. Ինչպե՞ս կարելի է Եհովային հաճելի սիրտ ձեռք բերել։

20 Իսկ հիմա եկեք ամփոփենք. Եհովային հաճելի սիրտ ձեռք բերելը ենթադրում է՝ թույլ տալ Աստծո Խոսքին, որ ազդեցություն գործի մեր ներքին էության՝ սրտի ծածուկ մարդու վրա։ Խիստ կարևոր է Աստվածաշնչի իմաստալից անձնական ուսումնասիրություն կատարելն ու երախտագիտության զգացումով խորհրդածելը։ Այդ նպատակին կարելի է լավագույն կերպով հասնել՝ պատրաստված սիրտ ունենալով. սիրտ, որն ազատ է կանխակալ կարծիքներից, լի՝ հատկություններով, որոնք մեզ ընդունակ են դարձնում սովորելու։ Այո՛, Եհովայի օգնությամբ հնարավոր է ձեռք բերել իրեն հաճելի սիրտ։ Սակայն հարց է ծագում. ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի պահպանենք մեր սիրտը։

[ծանոթագրություն]

a Անունը փոխված է։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ի՞նչ է իրենից ներկայացնում այն փոխաբերական սիրտը, որը Եհովան քննում է։

• Ինչպե՞ս կարող ենք Աստծո Խոսքը ‘դնել մեր սրտում’։

• Ինչպե՞ս պետք է պատրաստենք մեր սիրտը՝ դիմելու Աստծո Խոսքին։

• Այս թեման քննարկելուց հետո ի՞նչ անելու ցանկություն է առաջացել ձեր մեջ։

[նկար 17–րդ էջի վրա]

Դավիթը՝ երախտագիտության զգացումով լի, խորհրդածում էր հոգևորի մասին։ Իսկ դո՞ւք

[նկարներ 18–րդ էջի վրա]

Պատրաստիր սիրտդ՝ նախքան Աստծո Խոսքն ուսումնասիրելը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը