Պահպանեք ձեր խիղճը
Սարսափելի է պատկերացնել, որ թռչում ենք մի այնպիսի օդանավով, որի համակարգչի մեջ սխալ ծրագիր է մտցված։ Կամ պատկերացրեք, որ ինչ–որ մեկը ձեռք է տվել ինքնաթիռի ղեկավարման համակարգին, գուցե, դիտավորյալ կեղծել նրա տվյալները։ Նման մի բան տեղի է ունենում փոխաբերական իմաստով. այսինքն, ինչ–որ մեկը փորձում է ճիշտ նույնն անել ձեր խղճի հետ։ Նրա նպատակն է վնասել ձեր բարոյական ղեկավարման համակարգը և ուղղել ձեզ դեպի Աստծո հետ ընդհարման տանող ճանապարհը (Յոբ 2։2–5; Յովհաննէս 8։44)։
Իսկ ո՞վ է այդ չարագործը։ Աստվածաշունչը նրան անվանում է «առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը» (Յայտնութիւն 12։9, ԱԹ)։ Առաջին անգամ նրան հանդիպում ենք Եդեմի պարտեզում, երբ, կեղծ պատճառաբանություններ բերելով, նա դրդեց Եվային գիտակցաբար մերժել այն, ինչ ճիշտ էր, և ըմբոստանալ Աստծո դեմ (Ծննդոց 3։1–6; 16–19)։ Այդ ժամանակվանից ի վեր Սատանան ստեղծել ու կատարելագործել է կազմակերպությունների մի ամբողջ շարք՝ մարդկությանը մոլորության մեջ գցելու և, հետևաբար, Աստծո հետ թշնամացնելու նպատակով։ Այդ միջոցներից հատկապես դատապարտության է արժանի կեղծ կրոնը (Բ Կորնթացիս 11։14, 15)։
Կեղծ կրոնը վնասում է խիղճը
Աստվածաշնչի «Յայտնութիւն» գրքում կեղծ կրոնը ներկայացվում է իբրև մի խորհրդանշական պոռնիկ, որը կոչվում է «Մեծն Բաբելոն»։ Նրա վարդապետությունները աղավաղել են շատերի տեսակետը բարոյականության վերաբերյալ և մղել նրանց ատելության, նույնիսկ բռնության՝ այլադավան մարդկանց նկատմամբ։ Բացի այդ, «Յայտնութիւն» գրքից երևում է, որ Աստված «երկրի վրայ սպանուած բոլոր մարդկանց», այդ թվում նաև իր երկրպագուների թափված արյան համար պատասխանատու է համարում հենց կեղծ կրոնը (Յայտնութիւն 17։1–6; 18։3, 24)։
Ցույց տալու համար, թե կեղծ կրոնն ինչ աստիճանի կարող է աղավաղել մարդու խիղճը, Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում»։ Որքա՜ն բարոյազուրկ էին այդ դաժան մարդիկ։ Հիսուսն ասաց. «[Նրանք] չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ» (Յովհաննէս 16։2, 3)։ Այդ խոսքերն ասելուց կարճ ժամանակ հետո հենց իրեն՝ Հիսուսին սպանեցին որոշ կրոնական առաջնորդների հրամանով, որոնց խիղճը թույլ տվեց իրենց այդպիսի հանցագործ քայլի դիմել (Յովհաննէս 11։47–50)։ Ի տարբերություն դրան, Հիսուսն ասաց, որ իր ճշմարիտ հետևորդներին կճանաչեն միմյանց նկատմամբ ունեցած սիրով։ Դեռ ավելին, նրանք սեր կցուցաբերեն նույնիսկ իրենց թշնամիների նկատմամբ (Մատթէոս 5։44–48; Յովհաննէս 13։35)։
Կեղծ կրոնը մեկ ուրիշ ձևով էլ է վնասում շատերի խիղճը. այսօր ընդունված բարոյական չափանիշների, կամ, ավելի շուտ, դրանց բացակայության նկատմամբ իր ներողամիտ վերաբերմունքով։ Կանխագուշակելով այդ՝ Պողոս առաքյալն ասաց. «Ժամանակ պիտի գայ որ ողջամիտ վարդապետութեանը պիտի չհամբերեն, հապա հաճելի բաներ լսելու մարմաջով իրենց ցանկութիւններուն համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց» (Բ Տիմոթէոս 4։3, Արևմտ. Աստ.)։
Այսօր հոգևոր առաջնորդները մարդկանց հաճելի երևալու համար ասում են, թե ամուսնությունից դուրս սեռային հարաբերությունը ընդունելի է Աստծուն։ Ուրիշները մատների արանքով են նայում համասեռամոլությանը, իսկ որոշ հոգևորականներ նույնիսկ զբաղվում են դրանով։ Բրիտանական «The Times» թերթում տպագրված հոդվածներից մեկում նշվում էր, որ «Բացահայտորեն համասեռամոլությամբ զբաղվող տասներեք հոգևորականներ» ընտրվել են իբրև Անգլիայի եկեղեցու Գլխավոր սինոդի անդամներ։ Ի՞նչ կարող են սովորել այդ եկեղեցիներն այցելող մարդիկ, երբ հոգևոր առաջնորդներն իրենք են խախտում Աստվածաշնչի բարոյական չափանիշները, իսկ իրենց եկեղեցիներում գրեթե ոչինչ չի արվում դա կանխելու ուղղությամբ։ Զարմանալի չէ, որ միլիոնավոր մարդիկ բոլորովին խճճվել են։
Որքա՜ն ավելի լավ է առաջնորդվել այն փարոսանման բարոյական չափանիշներով և հոգևոր ճշմարտություններով, որոնք սովորեցնում է Աստվածաշունչը (Սաղմոս 43։3; Յովհաննէս 17։17)։ Օրինակ՝ Աստվածաշունչը ուսուցանում է, որ ո՛չ պոռնիկները և ո՛չ էլ շնացողները «Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթացիս 6։9,10)։ Նա նաև ասում է, որ այն տղամարդիկ ու կանայք, ովքեր իրենց «բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով.... խայտառակութիւն [են] գործում» Աստծո աչքերում (Հռովմայեցիս 1։26, 27, 32)։ Բարոյականությանը վերաբերող այս ճշմարտությունները անկատար մարդկանց կողմից հորինված բաներ չեն, դրանք Աստծո կողմից ներշնչված չափանիշներ են, որոնք նա երբեք չի փոխելու (Գաղատացիս 1։8; Բ Տիմոթէոս 3։16)։ Սակայն, Սատանան խիղճը վնասելու ուրիշ միջոցներ էլ ունի։
Ընտրողական եղեք զվարճության հարցում
Մի բան է՝ ստիպել ինչ–որ մեկին վատ արարք կատարել, և բոլորովին այլ բան՝ անել այնպես, որ նա ցանկանա կատարել այդ արարքը։ Սա է այս «աշխարհի իշխանի»՝ Սատանայի նպատակը։ Իր ապականված մտածելակերպը հիմար կամ դյուրահավատ մարդկանց (հատկապես խոցելի են երիտասարդները) սրտերում ու մտքերում տպավորելու համար նա օգտագործում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ կասկածելի գրականությունը, կինոնկարները, երաժշտությունը, կոմպյուտերային խաղերը և Ինտերնետի պոռնկագրական հանգույցները (Յովհաննէս 14։30; Եփեսացիս 2։2)։
«Միացյալ Նահանգներում երիտասարդները ամեն տարի բռնության մոտ 10 000 տեսարաններ են դիտում,— ասվում է «Pediatrics» ամսագրում,— երեխաների համար նախատեսված հեռուստատեսային ծրագրերում բռնության տեսարաններն ամենաշատն են»։ Այդ հոդվածում նաև ասվում էր, որ «ամեն տարի պատանիները դիտում են սեքսի մասին մոտ 15 000 վկայակոչումներ, ակնարկներ կամ էլ կատակներ»։ Պարզվել է, որ նույնիսկ երեկոյան հեռուստածրագրերում «մեկ ժամվա ընթացքում սեքսի տեսարաններով ավելի քան 8 դրվագ է ցուցադրվում, ինչը չորս անգամ գերազանցում է 1976 թ. տվյալներին»։ Դեռ ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «գռեհիկ խոսելաձևը լայն տարածում է գտնում». և դա զարմանալի չէ։ Այսպիսով՝ ինչպես Աստվածաշունչը, այնպես էլ բազմաթիվ գիտական հետազոտություններ փաստում են, որ նման «կերակրով» իրենց ուղեղը սնուցանելով՝ մարդիկ փոխվում են դեպի վատը։ Այնպես որ, եթե դուք իսկապես ցանկանում եք հաճեցնել Աստծուն, ինչը նաև ձեր օգտի համար է, հետևեք Առակաց 4։23–ում (Արևմտ. Աստ.) տրված խորհրդին. «Ամէն զգուշութիւնով քու սիրտդ պահէ, քանզի կեանքի աղբիւրները անկէ են» (Եսայիա 48։17)։
Հանրամատչելի երաժշտությունը նույնպես ապականում է խիղճը։ Ինչպես տեղեկացնում է ավստրալիական «The Sunday Mail» պարբերաթերթում տպագրված հաղորդագրությունը, մի երգիչ, որի երգերը մեծ համբավ ունեն և լայն տարածում են գտել մի շարք արևմտյան երկրներում, մարդկանց «ցնցելու հատուկ ջանքեր» է գործադրում։ Հոդվածում նշվում է, որ «նրա երգերում փառաբանվում են թմրամոլությունը, արյունապղծությունը, բռնաբարությունը», և որ նա երգում է «իր կնոջը սպանելու ու նրա մարմինը լճի մեջ գցելու» մասին։ Այնտեղ հիշատակված մյուս երգերն այնպիսի այլասեռված բովանդակություն ունեին, որ պարզապես տեղին չէ դրանք այստեղ կրկնել։ Այնուամենայնիվ, իր այդ երաժշտությամբ նա մեծ հեղինակություն է վայելում։ Ցանկանու՞մ եք վերը նշված վնասակար տեղեկություններով սնուցանել ձեր միտքն ու սիրտը, նույնիսկ եթե երաժշտության միջոցով դրանց հմայք է հաղորդվում։ Հուսով ենք՝ ոչ, քանի որ այդպես վարվողները վնասել են իրենց խիղճը և ի վերջո «չար սիրտ» ձեռք բերել՝ դառնալով Աստծո թշնամիներ (Եբրայեցիս 3։12; Մատթէոս 12։33–35)։
Այնպես որ, իմաստուն եղեք զվարճությունների ընտրության հարցում։ Աստվածաշունչը հորդորում է. «Ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, — ա՛յն խորհեցէք» (Փիլիպպեցիս 4։8)։
Ընկերակցությունները ազդեցություն են գործում ձեր խղճի վրա
Երբ Նելն ու Ֆրանցը երեխաներ էին, վայելում էին անկեղծ քրիստոնյաների առողջ ընկերակցությունը։a Սակայն, ժամանակի ընթացքում, ինչպես պատմում է Նելը, նա «վատ շրջապատ ընկավ»։ Արդյունքում՝ հանցագործություն ու կալանք, որի համար նա շատ է ափսոսում։ Ֆրանցի պատմությունն էլ նման է այս մեկին։ «Կարծում էի, թե կկարողանամ այնպես անել, որ իմ շրջապատի աշխարհիկ երիտասարդները չազդեն ինձ վրա,— հառաչանքով պատմում է նա։— Սակայն Գաղատացիս 6։7, 8–ում ասվում է. «Աստուած չի ծաղրւում, որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի»։ Սեփական փորձից հասկացա, որ ես սխալ էի, իսկ Աստված՝ ճիշտ։ Իմ այդ սխալ քայլի պատճառով ցմահ բանտարկության արժանացա»։
Նելի և Ֆրանցի նման մարդիկ մի գիշերվա մեջ չեն դառնում հանցագործ. սկզբում նրանց համար նման միտքն անգամ գարշելի է։ Անկումը տեղի է ունենում աստիճանաբար՝ քայլ առ քայլ։ Առաջին քայլը՝ չար ընկերակցություններն են (Ա Կորնթացիս 15։33)։ Դրան սովորաբար հետևում են թմրամոլությունը կամ ոգելից խմիչքների չարաշահումը։ Ի դեպ, տեղին է ասվել, որ խիղճը «անհատին բնորոշ այն գիծն է, որը լուծվում է ալկոհոլի մեջ»։ Դրանից հետո մեկ քայլ է մնում դեպի հանցագործություն կամ անբարոյականություն։
Ուրեմն, ի՞նչ կարիք կա այդ առաջին քայլը կատարելու։ Փոխարենը, ընկերակցեք իմաստուն մարդկանց հետ, որոնք իսկապես սիրում են Աստծուն։ Նրանք կօգնեն մարզել ձեր խիղճը, որպեսզի այն առաջնորդի ձեզ ինչպես հարկն է՝ հեռու պահելով շատ ցավերից (Առակաց 13։20)։ Թեև Նիկն ու Ֆրանցը դեռ կալանքի մեջ են, սակայն այժմ նրանք հասկանում են, որ իրենց խիղճը Աստծո կողմից տրված պարգև է, որը հարկավոր է մարզել և, այո՛, փայփայել։ Դեռ ավելին, նրանք ջանք չեն խնայում իրենց Աստծո՝ Եհովայի հետ լավ հարաբերություններ զարգացնելու համար։ Իմաստուն եղեք ու դասեր քաղեք նրանց սխալներից (Առակաց 22։3)։
Պաշտպանեք ձեր խիղճը
Աստծո հանդեպ սեր, հավատ, ինչպես նաև առողջ վախ զարգացնելով՝ մենք ցույց ենք տալիս, որ ուզում ենք պաշպանել մեր խիղճը (Առակաց 8։13; Ա Յովհաննէս 5։3)։ Աստվածաշնչից երևում է, որ այս հատկությունների բացակայության դեպքում խիղճը հաճախ կորցնում է իր բարոյական կայունությունը։ Օրինակ՝ Սաղմոս 14։1–ում խոսվում է նրանց մասին, ովքեր ասում են իրենց սրտում. «Աստուած չ’կայ»։ Ինչպե՞ս է հավատքի կորուստը ազդում իրենց վարքի վրա։ Նույն համարը շարունակում է. «Նորանք ապականուեցան եւ գարշելի եղան իրանց գործքերովը»։
Այն մարդիկ, ովքեր չունեն իսկական հավատ Աստծո հանդեպ, չունեն նաև լավ ապագայի հեռանկար և, հետևաբար, ապրում են իրենց մարմնական ցանկությունները բավարարելով։ Նրանց նշանաբանն է. «Ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք» (Ա Կորնթացիս 15։32)։ Մյուս կողմից՝ նրանք, ովքեր իրենց հայացքը հառել են հավիտենական կյանքի պարգևին, չեն շեղվում իրենց ճանապարհից՝ չգայթակղվելով այս աշխարհի անցողիկ հաճույքներով։ Ճշգրիտ նավագնացային համակարգչի նման, նրանց մարզված խիղճը օգնում է իրենց մնալ Աստծուն կատարելապես հնազանդվելու ճանապարհին (Փիլիպպեցիս 3։8)։
Որպեսզի ձեր խիղճը պահպանի իր ուժն ու միաժամանակ ճիշտ գործի, հարկավոր է շարունակ առաջնորդվել Աստծո Խոսքով։ Աստվածաշունչը վստահեցնում է, որ այսպիսի առաջնորդությունը հնարավոր է։ Այնտեղ պատկերավոր լեզվով ասվում է. «Քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք» (Եսայիա 30։21)։ Ուրեմն, ժամանակ հատկացրեք Աստվածաշունչն ամեն օր կարդալու համար։ Դա կամրացնի ձեր հավատը և կզորացնի ձեզ այն պահերին, երբ ճիշտն անելու համար պայքարելիս լինեք, կամ էլ՝ երբ ձեր գլխավերևում սև ամպերի նման կուտակվեն հոգսն ու անհանգստությունը։ Համոզված եղեք, որ եթե ամբողջ սրտով վստահեք Եհովային, ապա նա առաջնորդություն կտա ձեզ բարոյական և հոգևոր հարցերում։ Հետևեք սաղմոսերգուի օրինակին, որը գրել է. «Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանիլ» (Սաղմոս 16։8; 55։22)։
[ծանոթագրություն]
a Անունները փոփոխված են։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Կեղծ կրոնը, որը Աստվածաշնչում կոչվում է «Մեծն Բաբելոն», պատասխանատու է այն բանի համար, որ բթացրել է շատերի խիղճը
[թույլտվությամբ]
Քահանան օրհնում է զորքերը (U.S. Army photo)
[նկարներ 6–րդ էջի վրա]
Բռնություն և անբարոյականություն դիտելը վնասում է ձեր խիղճը
[նկար 7–րդ էջի վրա]
Շարունակ Աստվածաշնչով առաջնորդվելով՝ պաշպանում ենք մեր խիղճը