Ինչպե՞ս եք հակազդում կեղծավորությանը
Գեթսեմանի այգում մոտենալով Հիսուսին՝ Հուդա Իսկարիովտացին «քնքշորեն համբուրեց նրան» (ՆԱ)։ Դա սիրո արտահայտության ընդունված ձև էր։ Սակայն, վերջինիս վարվելակերպը լոկ ձևականություն էր, որի օգնությամբ Հիսուսին գիշերը ձերբակալելու եկած մարդիկ կարողացան ճանաչել նրան (Մատթէոս 26։48, 49)։ Հուդան կեղծավոր էր, այսինքն՝ մի այնպիսի անձնավորություն, որը կեղծում է իր ով լինելը և թաքցնում իր վատ մղումները անկեղծության դիմակի տակ։ «Կեղծավոր» թարգմանված հունարեն բառը նշանակում է՝ «նա, ով համապատասխանում է»՝ մատնանշելով նաև բեմում ելույթ ունեցող դերասանի։ Ժամանակի ընթացքում, սակայն, այդ բառը վերագրվեց այն մարդկանց, որոնք պարզապես ձևեր էին թափում ուրիշներին մոլորության մեջ գցելու նպատակով։
Իսկ դուք ինչպե՞ս եք հակազդում կեղծավորությանը։ Զայրանու՞մ եք, օրինակ՝ ծխախոտ արտադրողների գովազդը լսելիս, երբ հակառակ բժշկության ներկայացրած փաստերի՝ նրանք խրախուսում են ծխելը, թեև դա վնասակար է։ Վրդովվու՞մ եք այն խնամակալների կեղծավորության վրա, որոնք անգթորեն են վերաբերվում իրենց հսկողության տակ եղողների նկատմամբ։ Խոցվու՞մ եք, երբ պազվում է, որ հավատարիմ թվացող ընկերը, իրականում կեղծ էր։ Իսկ ինչպե՞ս է ձեզ վրա ազդում կրոնական կեղծավորությունը։
«Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ»
Եկեք քննարկենք Հիսուսի օրերում տիրող կրոնական մթնոլորտը։ Դպիրներն ու փարիսեցիները Աստծո օրենքի հավատարիմ ուսուցիչներ էին ձևանում՝ իրականում, սակայն, մարդկանց ուղեղները լցնելով Աստծուց հեռացնող մարդկային ուսմունքներով։ Նրանք ընկնում էին օրենքի տառի ետևից՝ անտեսելով սեր և ողորմություն արտահայտող հիմնական սկզբունքները։ Հասարակության մեջ իրենց ներկայացնելով իբրև Աստծուն նվիրված մարդիկ՝ իրականում լցված էին չարությամբ։ Իրենց խոսքերն ու գործերը երբեք իրար չէին համապատասխանում, իսկ նպատակը՝ «ի ցոյց մարդկանց» գործեր կատարելու մեջ էր։ Նրանք նման էին «սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ»։ Համարձակորեն մերկացնելով նրանց կեղծավորությունը՝ Հիսուսը մի քանի անգամ կրկնեց հետևյալ խոսքերը. «Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ» (Մատթէոս 23։5, 13–31)։
Եթե այն օրերում ապրեիք, երևի թե, դուք էլ մյուս ազնվասիրտ մարդկանց նման զզվանքով լցվեիք տիրող կրոնական կեղծավորության նկատմամբ (Հռովմայեցիս 2։21–24; Բ Պետրոս 2։1–3)։ Սակայն, թույլ կտայի՞ք, որ դպիրների ու փարիսեցիների կեղծավորությունը այն աստիճան դառնացներ ձեզ, որ մերժեիք բոլոր կրոնները, այդ թվում նաև այն, որը ուսուցանում և դավանում էին Հիսուս Քրիստոսն ու իր առաքյալները։ Մի՞ թե դա ձեզ համար վնասակար չէր լինի։
Կրոնականների կեղծավոր վարքը կարող է մղել մեզ գարշանքով երես թեքել բոլոր կրոններից, սակայն, նման արձագանքը նաև կխանգարի նշմարել ճշմարիտ երկրպագուների անկեղծությունը։ Կեղծավորությունից պաշտպանվելու համար մեր կողմից ստեղծված խոչընդոտները, կարող են, իրականում, հեռացնել մեզ իսկական ընկերներից։ Հետևաբար՝ մեր արձագանքը կեղծավորության նկատմամբ պետք է ողջամիտ և հավասարակշռված լինի։
«Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք»
Առաջին հերթին մենք պետք է սովորենք ճանաչել կեղծավորներին։ Դա հաճախ դժվար է։ Այդ բանը սովորելը մի ընտանիքի վրա շատ թանկ նստեց։ Մայրը ընկել էր կոմայի մեջ։ Հիվանդի նկատմամբ հանցավոր անփութություն ցուցաբերելու համար տվյալ հիվանդանոցի դեմ դատարան բողոք ներկայացնելիս ընտանիքը վարձեց մի փաստաբանի, որը նաև տեղի եկեղեցու քարոզիչն էր։ Թեև որպես փոխհատուցում հիվանդանոցը 3, 4 միլիոն դոլլար վճարեց, ընտանիքի վիճակն ավելի բարդացավ։ Մայրը մահացավ չքավորության մեջ, իսկ թաղման համար փող չէր մնացել։ Ինչու՞։ Որովհետև փաստաբանը յուրացրել էր գումարի մեծ մասը։ Վերջինիս մասին մի իրավաբանական ամսագրում ասվում էր. «Եթե նա քարոզում էր այն վարքը, որը դրսևորում էր.... ապա նրա լուրը, երևի թե, այս է եղել՝ «Եկե՛ք թալանենք»»։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել այդպիսի մարդկանցից։
«Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք»,— խորհուրդ տվեց Հիսուսը իր օրերում ապրող այն մարդկանց, ովքեր բախվել էին կրոնական կեղծավորության հետ (Մատթէոս 16։6; Ղուկաս 12։1)։ Այո՛, մենք պետք է զգույշ լինենք։ Մարդիկ կարող են վստահեցնել մեզ իրենց վեհ նպատակների մեջ, իրենցից կարող է թափվել անկեղծությունը, սակայն հարկավոր է խոհեմություն դրսևորել և միանգամից ամեն մեկի խոսքը հալած յուղի տեղ չընդունել։ Մի՞թե ուշադիր չէինք ստուգի մեր թղթադրամները, եթե իմանայինք, որ շրջանառության մեջ կեղծված վալյուտա է մտել։
Կեղծավորներ էին հայտնվել նույնիսկ քրիստոնեական ժողովի ներսում։ Հուդա աշակերտը զգուշացրել էր նրանց մասին՝ ասելով. «Սորանք գայթակղութեան [«ջրի տակ թաքնված», ՆԱ] ժայռեր են ձեր սէրի խնջոյքներումը, որ աներկիւղ միասին ուտել խմելիս, իրանց անձերն են արածեցնում։ Անջուր ամպեր են քամիներից տատանուած, պտղակորոյս անպտուղ ծառեր» (Յուդա 12, ԱԹ)։
«Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք» նշանակում է թույլ մի տվեք, որ ձեզ մոլորության մեջ գցի մի այնպիսի անձնավորություն, որը սիրող է ձևանում, սակայն իրականում եսասեր է և առաջ է քաշում Աստծո Խոսքով չհիմնավորվող տեսակետներ։ Ջրի խաղաղ մակերևույթի տակ թաքնված սրածայր ժայռի նման՝ այսպիսի անհատը կարող է դյուրահավատին հոգևոր նավաբեկության ենթարկել (Ա Տիմոթէոս 1։19)։ Կեղծավորը կարող է այնպես անել, որ մեզ թվա, թե իր հետ շփվելիս հոգևոր թարմություն ենք ստանում, սակայն նա, պարզվում է, անձրև չբերող «անջուր ամպ» է։ Անպտուղ ծառի նման՝ մոլորեցնողը իսկական քրիստոնեական պտուղ չի տալիս (Մատթէոս 7։15–20; Գաղատացիս 5։19–21)։ Այո՛, մենք պետք է զգույշ մնանք այդպիսի մարդկանցից, սակայն, իհարկե, կարիք չկա կասկածի ենթարկել բոլորի մղումները։
«Մի՛ դատէք»
Որքա՜ն հեշտ է անկատար մարդկանց համար նշել ուրիշների թերությունները՝ անտեսելով իրենցը։ Այս հակումը, սակայն, կարող է մեզ կեղծավոր դարձնել։ «Կեղծաւո՛ր,— ասաց Հիսուսը,— նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար»։ Մենք ճիշտ ենք անում, եթե հետևում ենք նրա խորհրդին. «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու.... Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում» (Մատթէոս 7։1–5)։
Եթե երբեմն մեզ թվա, թե ուրիշները կեղծավորություն են անում, պետք է զգուշանանք նրանց հապճեպորեն կեղծավորների պիտակ կպցնելուց։ Օրինակ՝ Պետրոս առաքյալը «բաժանուեց եւ մի կողմ քաշուեց» Անտիոքի հեթանոս հավատակիցներից, որպեսզի հաճեցնի Երուսաղեմից եկած հրեաներին։ Բառնաբասը նույնպես ‘ներքաշվեց կեղծավորության մեջ Պետրոսի և ուրիշ հրեաների հետ միասին’։ Պետրոսն այդպես վարվեց՝ չնայած այն բանին, որ մի յուրահատուկ առանձնաշնորհում էր ունեցել՝ հեթանոսների համար բացել քրիստոնեական ժողով մտնելու ճանապարհը (Գաղատացիս 2։11–14; Գործք 10։24–28, 34, 35)։ Սակայն, Բառնաբասի ու Պետրոսի կողմից թույլ տված այս սայթաքումը նրանց, իհարկե, չհավասարեցրեց դպիրներին, փարիսեցիներին կամ Հուդա Իսկարիովտացուն։
«Ձեր սէրը թող անկեղծ ըլլայ»
«Երբ ողորմութիւն անես,— զգուշացրեց Հիսուսը,— փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները [«դերասանները», Ֆիլիպս (անգլ.)] ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից» (Մատթէոս 6։2)։ «Ձեր սէրը թող անկեղծ ըլլայ»,— գրեց Պողոս առաքյալը (Հռովմայեցիս 12։9, ՆԿ–ի ՆԱԹ)։ Նա խրախուսեց երիտասարդ Տիմոթեոսին ունենալ «[սեր]՝ բխած սուրբ սրտից.... եւ անկեղծ հաւատից» (Ա Տիմոթէոս 1։5)։ Եթե եսամոլությամբ ու խաբեությամբ չապականված, անկեղծ սեր և հավատ ենք ցուցաբերում, ապա ուրիշները կվստահեն մեզ։ Մենք իսկական զորության և խրախուսանքի աղբյուր կլինենք մեզ շրջապատող մարդկանց համար, իսկ ամենակարևորը՝ կարժանանանք Եհովայի հավանությանը (Փիլիպպեցիս 2։4; Ա Յովհաննէս 3։17, 18; 4։20, 21)։
Մյուս կողմից՝ կեղծավորություն ցուցաբերող մարդիկ արդյունքում մահվան կարժանանան։ Ի վերջո, նրանց այդ հատկությունը հրապարակայնորեն կբացահայտվի։ «Չկայ ծածուկ բան, որ չյայտնուի,— ասաց Հիսուս Քրիստոսը,— եւ գաղտնի բան, որ չիմացուի» (Մատթէոս 10։26; Ղուկաս 12։2)։ Իմաստուն Սողոմոն թագավորը հայտարարեց. «Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար» (Ժողովող 12։14)։
Իսկ մինչ այդ, ինչու՞ թույլ տանք, որ ուրիշների կեղծավորությունը այնքան ազդի մեզ վրա, որ օտարանանք իսկական ընկերների կողմից ցուցաբերվող անկեղծ սիրուց։ Մենք կարող ենք զգույշ մնալ՝ չդառնալով չափազանց կասկածամիտ։ Ամեն դեպքում, եկեք ջանք չխնայենք անկեղծ սեր և հավատ պահպանելու ուղղությամբ (Յակոբոս 3։17; Ա Պետրոս 1։22)։
[նկար 22–րդ և 23–րդ էջերի վրա]
Թույլ կտայի՞ք, արդյոք, որ դպիրների ու փարիսեցիների կեղծավորությունը ստիպեր ձեզ երես թեքել Հիսուսից ու նրա աշակերտներից