Երկու պաստորներ, որոնք բարձր գնահատեցին Ռասելի աշխատությունները
ՀԱԶԱՐ ութ հարյուր իննսունմեկ թվականին Չարլզ Թեյզ Ռասելը, որը Եհովայի ճշմարիտ երկրպագուների շրջանում մեծ աշխատանքներ է կատարել, առաջին անգամ այցելեց Եվրոպա։ Ըստ որոշ աղբյուրների՝ իտալական Պիներոլո քաղաքում գտնվելիս Ռասելը հանդիպեց պրոֆեսոր Դանիելե Ռիվուարի հետ։ Վերջինս վալդենսներa կոչվող կրոնական խմբի նախկին պաստոր էր։ Չնայած որ ծառայությունը թողնելուց հետո Ռիվուարը շարունակեց սերտ կապեր պահպանել վալդենսների հետ, նա ազատամիտ մարդ էր ու Ռասելի աշխատություններից շատ բան կարդաց։
1903 թ.–ին Ռիվուարը Ռասելի «Դարերի աստվածային ծրագիրը» գիրքը թարգմանեց իտալերեն ու սեփական ծախսերով տպագրեց այն։ Այս թարգմանությունը շատ ավելի վաղ լույս տեսավ, քան այս գրքի պաշտոնական հրատարակությունը՝ իտալերեն լեզվով։ Գրքի առաջաբանում Ռիվուարը գրեց. «Այս առաջին հրատարակությունը մենք Տիրոջ հովանավորությանն ենք հանձնում։ Թող որ նա օրհնի այս գիրքը, որպեսզի այն, չնայած թերություններին, փառաբանի նրա սրբագույն անունը ու քաջալերի իր իտալախոս զավակներին, որ է՛լ ավելի մեծ ջերմեռանդությամբ նվիրվեն իրեն։ Թող բոլոր նրանք, ովքեր կկարդան այս գիրքը, գնահատեն Աստծո ծրագրի ու սիրո հարստության, իմաստության և գիտության խորությունը, երախտապարտ լինեն Նրան, որի բարեհաճությամբ էլ այս աշխատանքի հրատարակությունը հնարավոր եղավ»։
Ռիվուարը նաև սկսեց «Սիոնի դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» (ներկայիս «Դիտարանի» նախկին անունը) պարբերականը թարգմանել իտալերեն։ Այն սկսեց լույս տեսնել երեք ամիսը մեկ՝ 1903 թ.–ից։ Թեև պրոֆեսոր Ռիվուարը չդարձավ Աստվածաշունչ ուսումնասիրող (ինչպես այն ժամանակ կոչվում էին ներկայիս Եհովայի վկաները), նա մեծ շահագրգռվածություն հանդես բերեց Աստվածաշունչ ուսումնասիրողների հրատարակություններում բացատրվող սուրբգրային պատգամի տարածման մեջ։
«Ասես թե աչքերիցս թեփի պես բաներ ընկան»
Ջուզեպպե Բանկետտին մեկ ուրիշ վալդենսական պաստոր էր, որը բարձր գնահատեց Ռասելի հրատարակությունները։ Նրա հայրը, որը հեռացել էր կաթոլիկ եկեղեցուց, որդուն վալդենսական կրթություն տվեց։ 1894 թ.–ին Ջուզեպպեն դարձավ պաստոր ու ծառայեց Ապուլիա ու Աբրուցցի մարզերում և Էլբա ու Սիցիլիա կղզիներում գտնվող վալդենսական համայնքներում։
1905 թ.–ին իտալերեն լեզվով պաշտոնապես լույս տեսավ «Դարերի աստվածային ծրագիրը» գիրքը։ Բանկետտին գրքի վերաբերյալ խանդավառությամբ լի մի գրախոսական գրեց բողոքական «Լա ռիվիստա կրիստիանա» պարբերականում։ «Մենք համարում ենք,— գրում էր Բանկետտին,— [որ Ռասելի գիրքը] ամենալուսավոր ու ամենավստահելի ուղեցույցն է, որով ցանկացած քրիստոնյա կարող է Սուրբ գրությունների օգտակար և բավականություն պատճառող ուսումնասիրություն կատարել.... Երբ կարդացի այդ գիրքը, ասես թե աչքերիցս թեփի պես բաներ ընկան, ու ճանապարհը դեպի Աստված ավելի ուղիղ և ավելի հարթ թվաց։ Նույնիսկ ակնհայտ հակասությունները մեծամասամբ լուծված էին։ Այն ուսմունքները, որ մի ժամանակ դժվար էր հասկանալ, հիմա պարզ ու միանգամայն ընդունելի են դարձել։ Ինչ որ անհասկանալի էր առաջ, այժմ դարձել է հասկանալի։ Քրիստոսով աշխարհի փրկության սքանչելի ծրագիրը ներկայացավ ինձ այնպիսի ակնածալի պարզությամբ, որ մեջս ցանկություն առաջացավ Առաքյալի պես բացականչել. «Օ՜, խորութիւն Աստծու հարստութեան, իմաստութեան եւ գիտութեան»» (Հռովմայեցիս 11։33)։
Ինչպես Ռեմիժո Կումինետտին է 1925 թ.–ին նշել, Բանկետտին մեծ համակրանքով էր վերաբերվում Աստվածաշունչ ուսումնասիրողների գործունեությանը ու խորապես համոզված էր նրանց ուսուցումների ճշմարտացիության մեջ։ Նա նաև ջանում էր հայտնի դարձնել այդ ուսուցումները։
Բանկետտիի գրածներից երևում է, որ նա, Եհովայի վկաների պես, հավատում էր երկրային հարությանը, որի մասին խոսվում է Գրություններում։ Նա նաև իր համաձայնությունն է արտահայտում Աստվածաշունչ ուսումնասիրողների հետ, երբ բացատրում է, որ Հիսուսի մահանալու տարին Աստված հաստատել ու հայտնել էր Դանիելի՝ 70 շաբաթների մարգարեության մեջ (Դանիէլ 9։24–27)։ Բազմիցս իր բացահայտ անհամաձայնությունն արտահայտելով իր իսկ եկեղեցու ուսմունքների վերաբերյալ՝ Բանկետտին շեշտում էր, որ Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակը պետք է տարեկան միայն մեկ անգամ նշվի՝ «ճիշտ տարելիցի օրը» (Ղուկաս 22։19, 20)։ Նա մերժեց Դարվինի բարեշրջության տեսությունը։ Նաև համոզված էր, որ ճշմարիտ քրիստոնյաները չպետք է մասնակցեն պատերազմներին (Եսայիա 2։4)։
Մի անգամ Բանկետտին Ռասելի աշխատությունները քննարկում էր Քեմբել Ուոլ անունով մի մարդու հետ։ Պատասխանելով Ուոլի քննադատություններին՝ Բանկետտին ասաց. «Ես համոզված եմ, որ եթե դուք կարդայիք Ռասելի վեց հատորները, ապա կցնծայիք ուրախությունից ու ինձ սրտանց շնորհակալություն կհայտնեիք։ Իմ նպատակը ցուցադրանքը չէ, բայց այդ գրքերը կարդացել եմ տասնմեկ տարի առաջ ու ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ իմ առջև այսպիսի լույս բացեց ու ինձ այսպիսի մխիթարություն տվեց այդ աշխատության միջոցով, որը ամբողջությամբ հիմնված է Սուրբ գրությունների վրա»։
«Լսե՛նք, լսե՛նք, լսե՛նք»
Նշանակալի է, որ այս երկու վալդենսական պաստորները՝ Դանիելե Ռիվուարն ու Ջուզեպպե Բանկետտին, իրենց գնահատանքն են արտահայտել այն մասին, թե ինչպես էր Ռասելը բացատրում Աստվածաշունչը։ Բանկետտին գրեց. «Ասում եմ, որ մեզանից՝ ավետարանչականներիցս ոչ մեկը, նույնիսկ մեր պաստորներն ու աստվածաբանության պրոֆեսորները, ոչ ո՛ք մինչև վերջ չգիտի ամեն ինչ։ Ավելին՝ մենք դեռ շատ ու շատ բաներ ունենք սովորելու.... [Մենք պետք է] կանգ առնենք ու լսենք՝ առանց կարծելու, թե ամեն ինչ գիտենք, ու չպետք է մերժենք, երբ մեր քննությանը ինչ–որ բան է առաջարկվում։ Դրա փոխարեն պետք է լսե՛նք, լսե՛նք, լսե՛նք»։
Ամեն տարի հազարավոր մարդիկ են լսում Թագավորության պատգամը, որ իրենց տներն են բերում Եհովայի վկաները։ Ամենուրեք անկանխակալ մտածողության մարդիկ, ովքեր ծարավ են աստվածաշնչային ճշմարտություններին, արձագանքում են Հիսուսի հրավերին. «Արի՛ իմ ետեւից» (Մարկոս 10։17–21; Յայտնութիւն 22։17, ԱԹ)։
[ծանոթագրություն]
a 12–րդ դարի վաճառական (Լիոն, Ֆրանսիա) Պիեռ Վոդեի (կամ Պիտեր Վալդոյի) անունով։ Վալդոն վտարվեց կաթոլիկ եկեղեցուց իր համոզմունքների համար։ Վալդենսների վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիայի համար տե՛ս 2002 թ. մարտի 15–ի «Դիտարանում» լույս տեսած «Վալդենսներ. հերետիկոսությունից՝ բողոքականություն» հոդվածը։
[նկար 28–րդ էջի վրա]
Պրոֆեսոր Դանիելե Ռիվուար
[նկար 29–րդ էջի վրա]
Ջուզեպպե Բանկետտի
[թույլտվությամբ]
Banchetti: La Luce, April 14, 1926