Ընթերցողների հարցերը
Պատշա՞ճ է արդյոք Աստծուն աղոթելիս չօգտագործել «Հիսուսի անունով» խոսքերը։
Ըստ Աստվածաշնչի՝ Եհովային աղոթքով մոտենալու ցանկություն ունեցող քրիստոնյաները պարտավոր են օգտագործել Հիսուսի անունը։ Հիսուսն ասել էր իր աշակերտներին. «Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով», իսկ հետո ավելացրել. ««Ինչ որ ուզէք իմ անունով, այն կ’անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով»։ «Եթէ իմ անունով խնդրէք որեւէ բան, կ’անեմ այն»» (Յովհաննէս 14։6, 13, 14)։
Հիսուսի բացառիկ դիրքի վերաբերյալ «Աստվածաշնչյան, աստվածաբանական և եկեղեցական հանրագիտարանում» (անգլ.) ասվում է. «Աղոթելիս հարկավոր է դիմել միայն Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով՝ որպես միջնորդի։ Հետևաբար՝ սրբերին կամ հրեշտակներին ուղղված բոլոր աղոթքները ոչ միայն օգուտ չունեն, այլև Աստծո հանդեպ անարգանքի նշան են։ Որևէ արարածի երկրպագելը, անկախ այն բանից, թե տվյալ արարածը ինչպիսի դիրք է գրավում, կռապաշտություն է, և խստիվ արգելված է Աստծո սուրբ օրենքում»։
Իսկ սխա՞լ կլինի արդյոք, եթե որևէ մեկը իր հետ տեղի ունեցած ինչ–որ մի լավ բանի համար ասի՝ շնորհակալ եմ, Եհո՛վա՝ չհիշատակելով «Հիսուսի անունով» խոսքերը։ Պարտադիր չէ։ Ասենք՝ քրիստոնյան հանկարծ ինչ–որ մի վտանգի է հանդիպել և աղաղակում է՝ օգնի՜ր ինձ, Եհո՛վա։ Դժվար թե Աստված չօգնի իր ծառային միայն նրա համար, որ վերջինս չի ասել՝ Հիսուսի անունով։
Սակայն պետք է նշել, որ պարզապես խոսելը, նույնիսկ՝ Աստծո հետ, ինքնին աղոթք չէ։ Օրինակ՝ իր եղբորը՝ Աբելին, սպանելու համար Եհովայի կողմից դատապարտվելուց հետո Կայենն ասաց. «Իմ մեղքը մեծ է քան թէ թողութիւն։ Ահա ինձ այսօր երկրի երեսիցը արտաքսեցիր, եւ ես քո երեսիցը պիտի թաք կենամ, եւ երկրի վերայ աստանդական ու թափառական պիտի լինիմ. եւ կ’լինի որ ամեն ինձ գտնողը ինձ կ’սպանէ» (Ծննդոց 4։13, 14)։ Թեև Կայենի քննադատական խոսքերը ուղղված էին Եհովային, իր այդ պոռթկումը պարզապես բողոք էր այն դառը պտուղների համար, որ նա քաղելու էր մեղքի հետևանքով։
Աստվածաշունչն ասում է. «Տէրն ամբարտաւաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս»։ Տեղին չէ, իհարկե, Բարձրյալին դիմելիս խոսել ոչ պաշտոնական ձևով, կարծես թե՝ պարզապես ինչ–որ մարդու հետ։ Դա որոշակիորեն կվկայի խոնարհության պակասի մասին (Յակոբոս 4։6; Սաղմոս 47։2; Յայտնութիւն 14։7)։ Նաև հարգալից չէր լինի՝ Աստվածաշնչից Հիսուս Քրիստոսի դերի մասին տեղյակ լինելով հանդերձ՝ աղոթելիս գիտակցաբար անտեսել նրան (Ղուկաս 1։32, 33)։
Իհարկե, սա չի նշանակում, թե Եհովան սպասում է, որ իրեն հատուկ բանաձևով աղոթեն։ Գլխավորը մարդու սրտի վիճակն է (Ա Թագաւորաց 16։7)։ Օրինակ՝ մ.թ. առաջին դարում ապրող հռոմեացի զինվորական Կոռնելիոսը «միշտ Աստծուն աղօթում էր»։ Նա թլպատված չէր, ուստի նվիրված չէր Եհովային։ Ու թեև դժվար թե նա իր աղոթքներն ուղղեր Հիսուսի անունով, այնուամենայնիվ դրանք «Աստծու առաջ ելան»։ Ինչո՞ւ։ Որովհետև «սիրտերը քննողը» տեսավ, որ Կոռնելիոսը «բարեպաշտ եւ աստուածավախ» մարդ է (Գործք 10։2, 4; Առակաց 17։3)։ Գիտություն ձեռք բերելով Հիսուսի մասին, «որ Նազարէթից էր»՝ Կոռնելիոսը սուրբ ոգի ստացավ և դարձավ նրա մկրտված աշակերտներից մեկը (Գործք 10։30–48)։
Վերջին հաշվով, մարդու գործը չէ՝ որոշել, թե որ աղոթքներն է լսում Աստված։ Եթե այնպես է պատահել, որ Աստծուն դիմելիս քրիստոնյան պատահմամբ չի ասել «Հիսուսի անունով» խոսքերը կամ նման մի բան, կարիք չկա, որ այդ բանի համար մտատանջությունների մեջ ընկնի և մեղադրի իրեն։ Եհովան շատ լավ գիտի մեր հնարավորությունների սահմանները և ցանկանում է օգնել մեզ (Սաղմոս 103։12–14)։ Մենք կարող ենք լիովին համոզված լինել, որ եթե հավատ ենք ցուցաբերում «Աստծու Որդու [հանդեպ].... ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կը լսի» (Ա Յովհաննէս 5։13, 14)։ Սակայն, հատկապես հանրային աղոթք ասելիս ճշմարիտ քրիստոնյաները պետք է ցույց տան, որ ճանաչում են Գրություններում ուրվագծված այն դերը, որ Հիսուսն ունի Աստծո նպատակների մեջ։ Ուստի՝ նրանք ջանում են փառավորել Հիսուսին՝ իրենց աղոթքները նրա միջոցով Աստծուն ուղղելով։