Իսկ դուք հաշվո՞ւմ եք ծախսը
Հիսուս քրիստոսն իր աշակերտներին հավիտենական կյանքի հույսը առաջարկեց։ Բայց նաև ասաց, որ իրենք պետք է հաշվի առնեն, թե ինչ կարժենա քրիստոնյա լինելը։ Այս մասին նա հետևյալ օրինակը բերեց. «Ձեզնից ո՞վ, եթէ կամենայ աշտարակ շինել, նախ նստելով չի հաշուի իր ծախսերը, թէ աւարտելու համար բաւական դրամ ունի՞» (Ղուկաս 14։28)։ Ի՞նչ ծախս ի նկատի ուներ Հիսուսը։
Բոլոր քրիստոնյաներն էլ փորձություններ են կրում, երբեմն՝ շատ խիստ (Սաղմոս 34։19; Մատթէոս 10։36)։ Այդ պատճառով մենք պետք է մտքով ու հոգևորապես պատրաստ լինենք, որպեսզի հանկարծակիի չգանք հակառակությունից կամ այլ դժվարություններից։ Մենք պետք է նկատի ունենանք, որ նման խնդիրները մտնում են Քրիստոսի աշակերտ դառնալու ծախսի մեջ։ Մյուս կողմից՝ պետք է գիտակցենք, որ պարգևը՝ մեղքից ու մահից ազատագրվելը, շատ ավելի արժեքավոր է, քան ներկա աշխարհի առաջարկած ամեն բան։ Այո՛, թեև Աստված թույլ է տալիս, որ դժվարությունների հանդիպենք, բայց ոչինչ՝ նույնիսկ մահը, չի կարող հարատև վնաս պատճառել մեզ, եթե շարունակենք ծառայել Աստծուն (Բ Կորնթացիս 4։16–18; Փիլիպպեցիս 3։8)։
Իսկ ինչպե՞ս կարող է մեր հավատն այնքան զորանալ, որ մեզ մղի նման քայլերի։ Մեր հավատն ամեն անգամ ավելի է զորանում, երբ ճիշտ որոշում ենք կայացնում, կառչած ենք մնում քրիստոնեական սկզբունքներին ու Աստծո կամքին ներդաշնակ գործեր ենք անում։ Հավատը հատկապես զորանում է այն ժամանակ, երբ այդպես ենք վարվում սխալ գործելու ճնշման տակ գտնվելիս։ Նաև մեր հավատն ավելի է ամրապնդվում, երբ տեսնում ենք մեր հավատարմության արդյունքը՝ Եհովայի օրհնությունները։ Ահա այսպես է, որ հետևում ենք Հիսուսի, նրա առաջին աշակերտների ու պատմության ընթացքում ապրած բոլոր այն հավատի տեր մարդկանց օրինակին, ովքեր ճիշտ են հաշվել Աստծուն ծառայելու «ծախսերը» (Մարկոս 1։16–20; Եբրայեցիս 11։4, 7, 17, 24, 25, 32–38)։