Հարկավոր է իմանալ, թե ով է Աստված
ՄԻ՞ԹԵ ձեր սիրտը չի թրթռում հուզմունքից, երբ պարզկա գիշերներին նայում եք աստղազարդ երկնքին։ Չե՞ք արբենում երփներանգ ծաղիկների բույրից։ Չե՞ք զմայլվում, երբ լսում եք թռչունների դայլայլը կամ տերևների սոսափյունը։ Բացի այդ, ինչպիսի՜ հիացմունք են պատճառում հսկա կետերը կամ ծովային այլ արարածները։ Իսկ մարդի՞կ, որ բնածին խիղճ ու զարմանալիորեն բարդ ուղեղ ունեն։ Ինչո՞վ եք բացատրում մեզ շրջապատող այս բոլոր հրաշալիքների գոյությունը։
Ոմանք ասում են, թե այս ամենը հետևանք է կույր պատահականության։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են մարդիկ հավատում Աստծուն։ Ինչո՞ւ պիտի տարբեր քիմիական նյութերի պատահական համակցությունից առաջ գային այնպիսի էակներ, որոնք հոգևորի կարիք ունեն։
«Կրոնը խորապես արմատավորվել է մարդկային էության մեջ՝ անկախ նրանց նյութական վիճակից և կրթական մակարդակից»։ Ահա այսպիսի եզրակացության է եկել պրոֆեսոր Էլիսթեր Հարդին հետազոտություններ կատարելուց հետո («The Spiritual Nature of Man»)։ Իսկ ուղեղի վրա կատարած վերջին փորձերը նյարդաբաններին հիմք տվեցին ենթադրելու, որ մարդու մեջ, ամենայն հավանականությամբ, դրված է եղել կրոն դավանելու պահանջը։ Մեկ ուրիշ գրքում էլ ասվում է. «Կյանքի իմաստը կրոնի միջոցով գտնելու փորձը.... ընդհանուր է բոլոր քաղաքակրթությունների համար, բոլոր դարերում՝ մարդկության ծագումից սկսած» («Is God the Only Reality?»)։
Տեսնենք, թե մոտ 2 000 տարի առաջ ինչ եզրակացության է եկել մի կրթված մարդ։ Նա գրել է. «Ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է» (Եբրայեցիս 3։4)։ Ի դեպ, Աստվածաշնչի առաջին իսկ համարում ասվում է. «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1)։
Սակայն ո՞վ է Աստված։ Այս հարցի վերաբերյալ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն։ Օրինակ՝ Ճապոնիայում ապրող մի պատանի, որի անունը Յոշի է, այդ հարցին պատասխանեց հետևյալ կերպ. «Չեմ կարող ասել։ Ես բուդդայական եմ։ Ինձ չի հետաքրքրել, թե ով է Աստված»։ Այնուամենայնիվ, Յոշին ընդունեց, որ հենց Բուդդային են շատերը աստված համարում։ Իսկ Նիկը, որը 60–ն անց մի գործարար մարդ է և հավատում է Աստծուն, գտնում է, որ նա մի ամենակարող ուժ է։ Երբ Նիկին հարցրին, թե ինչ գիտի Աստծո մասին, երկար մտածելուց հետո նա ասաց. «Շատ դժվար հարց է, բարեկա՛մս։ Կարող եմ միայն ասել, որ Աստված կա. նա գոյություն ունի»։
Ոմանք «հնազանդ[վում] ու պաշտ[ում են] արարածներին եւ ոչ Արարչին» (Հռովմայեցիս 1։25)։ Միլիոնավոր մարդիկ երկրպագում են իրենց մահացած նախնիներին՝ հավատալով, որ Աստված չափազանց անհասանելի է, ուստիև անհնար է մոտենալ նրան։ Իսկ հնդուականության մեջ կան շատ աստվածներ և աստվածուհիներ։ Հիսուս Քրիստոսի առաքյալների օրերում նույնպես տարբեր աստվածների էին պաշտում, ինչպես օրինակ՝ Դիոսին և Հերմեսին (Գործք 14։10, 11)։ Քրիստոնեական շատ եկեղեցիներ էլ սովորեցնում են, որ Աստված Երրորդություն է, որի մեջ մտնում են Հայր Աստվածը, Որդի Աստվածը և Սուրբ Հոգի Աստվածը։
Հիրավի, ինչպես ասում է Աստվածաշունչը. «Կան բազում աստուածներ եւ բազում տէրեր։ Բայց մեզ համար միայն մէ՛կ Աստուած կայ, Հայր, որ ստեղծել է ամէն բան» (Ա Կորնթացիս 8։5, 6)։ Այո՛, գոյություն ունի միայն մեկ ճշմարիտ Աստված։ Սակայն ո՞վ է նա։ Ի՞նչ տեսք ունի։ Այս հարցերի պատասխաններն իմանալը շատ կարևոր է։ Հիսուսն ինքը այդ միակ Աստծուն աղոթելիս ասաց. «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։ Մենք հիմք ունենք հավատալու, որ մեր հավիտենական բարօրությունը կախված է Աստծո մասին ճշմարտությունը իմանալուց։
[նկար 3–րդ էջի վրա]
Ինչո՞վ կարելի է բացատրել դրանց գոյությունը
[թույլատրությամբ]
Whale: Courtesy of Tourism Queensland
[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]
COVER: Index Stock Photography © 2002