Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 7/1 էջ 20–22
  • Արդյունավետ կերպո՞վ ես ուսուցանում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արդյունավետ կերպո՞վ ես ուսուցանում
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սովորիր Եզրասի օրինակից
  • «Եզրասը պատրաստել էր իր սիրտը»
  • «Տիրոջ օրէնքը խնդրէ»
  • «Տիրոջ օրէնքը խնդրէ» ընտանիքով
  • «Կատարէ»
  • «Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան»
  • Աստվածաշնչի գիրք համար 15. Եզրաս
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Եզրասը սովորեցնում է Աստծու Օրենքը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ուշագրավ մտքեր «Եզրաս» գրքից
    2006 Դիտարան
  • Վստահիր Եհովային անհանգիստ ժամանակներում
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2002 Դիտարան
w02 7/1 էջ 20–22

Արդյունավետ կերպո՞վ ես ուսուցանում

ԾՆՈՂՆԵՐԻՑ, երեցներից, բարի լուրի քարոզիչներից՝ բոլորից պահանջվում է ուսուցիչ լինել։ Ծնողները ուսուցանում են երեխաներին, երեցները՝ քրիստոնեական ժողովի անդամներին, բարի լուրի քարոզիչները՝ նորերս հետաքրքրություն ցուցաբերածներին (Բ Օրինաց 6։6, 7; Մատթէոս 28։19, 20; Ա Տիմոթէոս 4։13, 16)։ Ի՞նչ կարող ես անել, որպեսզի քո տված ուսուցումը ավելի արդյունավետ լինի։ Մասնավորապես՝ կարող ես հետևել այն հմուտ ուսուցիչներին, որոնց մասին հիշատակվում է Աստվածաշնչում։ Եզրասը, օրինակ, այդպիսի ուսուցիչ էր։

Սովորիր Եզրասի օրինակից

Եզրասը քահանա էր՝ Ահարոնի տոհմից։ Նա ապրում էր Բաբելոնում, մոտ 2 500 տարի առաջ։ Մ.թ.ա. 468–ին Եզրասը եկավ Երուսաղեմ, որպեսզի օժանդակեր ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը (Եզրաս 7։1, 6, 12, 13)։ Նա պետք է ժողովրդին սովորեցներ Աստծո Օրենքը։ Ի՞նչ արեց Եզրասը, որպեսզի արդյունավետ կերպով ուսուցաներ։ Նա մի շարք քայլերի դիմեց, որոնք գրված են Եզրաս 7։10–ում.

«Եզրասը [1] պատրաստել էր իր սիրտը որ [2] Տիրոջ օրէնքը խնդրէ եւ [3] կատարէ եւ [4] Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան»։ Եկեք հակիրճ քննենք այս քայլերից յուրաքանչյուրը և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։

«Եզրասը պատրաստել էր իր սիրտը»

Ճիշտ ինչպես գյուղացին սերմը ցանելուց առաջ գութանով հերկում է հողը, այդպես էլ Եզրասը շատ աղոթքներով իր սիրտը պատրաստել էր Աստծո խոսքն ընդունելու (Եզրաս 10։1)։ Այլ խոսքով՝ նա ‘իր սիրտը ուղղել էր’ դեպի Եհովայի ուսուցումը (Առակաց 2։2)։

Աստվածաշնչի մեկ ուրիշ հատվածում էլ է նմանատիպ միտք արտահայտվում։ Բ Մնացորդաց 19։3–ում ասվում է, որ Հովսափատ թագավորն ‘իր սիրտը պատրաստել էր Աստծուն խնդրելու’։ Սրան հակառակ՝ իսրայել ազգը, «որ իր սիրտը չ’պատրաստեց», նկարագրվում է որպես «խստավիզ եւ դառնացնող ազգ» (Սաղմոս 78։8)։ Եհովան տեսնում է «սրտի ծածուկ մարդը» (Ա Պետրոս 3։4, ԱԹ)։ Այո, նա «սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը» (Սաղմոս 25։9)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ մերօրյա ուսուցիչները հետևեն Եզրասի օրինակին. միշտ աղոթելով Աստծուն՝ իրենց սիրտը պատրաստեն սովորելու համար։

«Տիրոջ օրէնքը խնդրէ»

Հմուտ ուսուցիչ լինելու համար Եզրասը Աստծո Խոսքն էր ‘խնդրում’, կամ այլ կերպ ասած՝ նրա Խոսքին էր դիմում։ Եթե դուք դիմեիք բժշկի, ապա ուշադրությամբ չէի՞ք լսի նրան ու չէի՞ք հավաստիանա, որ հասկացել եք նրա բոլոր ասածները։ Անկասկած, այդպես կվարվեիք. չէ՞որ հարցը ձեր առողջությանն է վերաբերում։ Հապա որքա՜ն կարևոր է ուշադրություն դարձնել Եհովայի ասածներին, որին տեղեկանում ենք իր Խոսքի՝ Աստվածաշնչի, և իր «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով։ Վերջիվերջո, նրա խորհրդին հետևելուց կախված է մեր կյանքը (Մատթէոս 4։4; 24։45–47)։ Բժիշկը կարող է սխալվել, բայց Եհովան՝ ոչ. «Տիրոջ օրէնքը անարատ է» (Սաղմոս 19։7)։ Հետևելով Աստծո Խոսքին՝ կարիք չենք ունենա մի երկրորդ կարծիքի։

Աստվածաշնչի երկու «Մնացորդաց» գրքերը (դրանք Եզրասը սկզբում գրել էր որպես մեկ գիրք) վկայում են, որ նա իսկապես ջանասեր ուսումնասիրող էր։ Այս գրքերը գրելու համար նա բազմաթիվ աղբյուրներից էր օգտվել։a Բաբելոնից նոր վերադարձած հրեաները կարիք ունեին ի մի բերելու իրենց ազգի պատմությունը։ Նրանք բավականաչափ գիտելիքներ չունեին, թե կրոնական ինչ ծեսեր պետք է անեին, ինչպես էր ծառայությունը կատարվելու տաճարում և ինչ գործ պետք է անեին ղևտացիները։ Տոհմաբանական ցուցակները շատ կարևոր էին նրանց համար։ Եզրասը այս հարցերին հատուկ ուշադրություն դարձրեց. մինչև Մեսիայի գալը հրեաները պետք է շարունակեին մնալ որպես մեկ ազգ՝ իր տարածքով, տաճարով, քահանայությամբ և ղեկավարով։ Եզրասի հավաքած տեղեկությունների շնորհիվ նրանք կկարողանային միասնական լինել ու երկրպագել ճշմարիտ Աստծուն։

Իսկ ուսումնասիրության հետ կապված ի՞նչ սովորություններ ունես դու։ Աստվածաշունչը ջանասիրաբար ուսումնասիրելով՝ կկարողանաս արդյունավետ կերպով այդ գիրքը ուրիշներին ուսուցանել։

«Տիրոջ օրէնքը խնդրէ» ընտանիքով

Եհովայի օրենքին դիմելը չի սահմանափակվում միայն անձնական ուսումնասիրությամբ։ Ընտանեկան ուսումնասիրությունը ևս մի հրաշալի հնարավորություն է՝ ‘խնդրելու’ Աստծո օրենքը։

Յան ու Յուլիա ամուսինները ապրում են Նիդերլանդներում։ Իրենց երկու որդիների ծնված օրվանից նրանք բարձրաձայն ընթերցանություն էին անում նրանց համար։ Այժմ Իվոն 15 տարեկան է, իսկ Էդոն՝ 14։ Մինչև այժմ էլ նրանք անց են կացնում ընտանեկան ուսումնասիրություն՝ շաբաթական մեկ անգամ։ Յանը բացատրում է. «Մեր գլխավոր նպատակը ոչ թե ծավալուն նյութ ընդգրկելն է, այլ այն, որ տղաները հասկանան քննարկվող թեման»։ Հետո նա ավելացնում է. «Նրանք բավական ուսումնասիրություններ են կատարում. քննում են անծանոթ բառերը, ինչպես նաև ավելի մանրամասն տեղեկություններ են հավաքում աստվածաշնչային անձանց վերաբերյալ. որտեղ են ապրել, ովքեր են, ինչ զբաղմունքի տեր են եղել և այլն։ Այն օրվանից, ինչ սովորել են կարդալ, օգտվում են «Գրությունների ըմբռնում» աշխատությունից (անգլ.), բառարաններից և հանրագիտարաններից։ Այս ամենն ավելի հաճելի է դարձնում ընտանեկան ուսումնասիրությունը։ Տղաները միշտ անհամբերությամբ են սպասում դրան»։ Ընտանեկան ուսումնասիրության օգտակարության մասին է վկայում նաև այն փաստը, որ նրանք լեզվական ընդունակություններով գերազանցում են իրենց համադասարանցիներին։

Ջոն և Թինե ամուսինները նույնպես ապրում են Նիդերլանդներում։ Տարիներ շարունակ նրանք ընտանեկան ուսումնասիրություն են անցկացրել իրենց որդու՝ Էսլիի (նա այժմ 24 տարեկան է և մեկ ուրիշ ժողովում ծառայում է որպես ռահվիրա) ու աղջկա՝ Լինդայի հետ (այժմ 20 տարեկան է և ամուսնացել է մի լավ եղբոր հետ)։ Ընտանեկան ուսումնասիրությունը նրանք սովորական հարց ու պատասխանի ձևով չէին անցկացնում, այլ հարմարեցնում էին երեխաների տարիքին ու կարիքներին։ Ինչպե՞ս։

Ջոնն ասում է, որ իր որդին և աղջիկը հետաքրքիր թեմաներ էին ընտրում «Ընթերցողների հարցեր» («Դիտարանից») և «Աստվածաշնչի տեսակետ» («Արթնացե՛ք»–ից) խորագրերի տակ լույս տեսնող հոդվածներից։ Իսկ ավելի ուշ նրանք ներկայացնում էին իրենց ուսումնասիրության արդյունքները և միշտ հետաքրքիր քննարկումներ էին միասին անում։ Այսպես երիտասարդները հմտանում էին ուսումնասիրություն կատարելու և դրա արդյունքները քննարկելու մեջ։ Իսկ դու դիմո՞ւմ ես ‘Տիրոջ օրենքին’ քո երեխաների հետ։ Այդպես վարվելով՝ ոչ միայն ավելի կհմտանաս ուրիշներին սովորեցնելու մեջ, այլև կօգնես քո երեխաներին դառնալու ավելի հմուտ ուսուցիչներ։

«Կատարէ»

Եզրասը իր սովորածը կիրառում էր կյանքում։ Բաբելոնում ապրած ժամանակ նրա կյանքը, ըստ ամենայնի, հանդարտ էր անցնում։ Բայց երբ նա հասկացավ, որ կարող է օգնել իր ժողովրդին, թողեց այնտեղի հարմարավետ կյանքը ու ճանապարհ ընկավ դեպի հեռավոր Երուսաղեմ, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ մեծ ու փոքր պրոբլեմներ ու վտանգներ։ Հստակ է, որ Եզրասը ոչ միայն գիտելիքներ էր կուտակել Գրություններից, այլև պատրաստ էր գործել այդ գիտելիքների համաձայն (Ա Տիմոթէոս 3։13)։

Երուսաղեմում ապրելու տարիներին Եզրասը կրկին ապացուցեց, որ վարվում է այնպես, ինչպես սովորել է և ինչպես սովորեցնում է։ Դա ակնհայտ դարձավ, երբ նա լսեց, որ իսրայելացի տղամարդիկ ամուսնացել են հեթանոս կանանց հետ։ Աստվածաշունչն ասում է, որ ‘նա պատառեց իր հանդերձը և վերարկուն և փետեց գլխի և մորուքի մազերը և ապշած նստեց մինչև երեկո’։ Նա նույնիսկ ամաչում էր և ‘չէր համարձակվում երեսը բարձրացնել դեպի’ Եհովան (Եզրաս 9։1–6)։

Ինչպես երևում է, Աստծո Օրենքն ուսումնասիրելը մեծ ազդեցություն էր գործել նրա վրա։ Եզրասը պարզորոշ տեսնում էր, թե ժողովրդի անհնազանդությունն ինչ աղետալի հետևանքներ էր ունենալու։ Հայրենադարձ հրեաների թիվը քիչ էր։ Եթե նրանք ամուսնանային օտարերկրացիների հետ, ապա վերջիվերջո կձուլվեին շրջակա հեթանոս ազգերին, և մաքուր երկրպագությունը հեշտությամբ կարող էր վերանալ երկրի երեսից։

Բարեբախտաբար, իսրայելացիները, տեսնելով Եզրասի մեծ աստվածավախությունն ու նախանձախնդրությունը, շտկեցին իրենց ճանապարհները։ Նրանք արձակեցին օտարազգի կանանց։ Երեք ամսում ամեն ինչ կարգավորվեց։ Եզրասն Աստծո Օրենքի հանդեպ իր նվիրվածությամբ շատ բան արեց, որ իր տված ուսուցումն արդյունավետ լինի։

Մեր օրերում նույնպես հարկավոր է գործով ցույց տալ այն ամենը, ինչ սովորում ենք Աստվածաշնչից։ Մի քրիստոնյա հայր ասում է. «Երեխաները անում են ոչ թե այնպես, ինչպես ասում ես, այլ այնպես, ինչպես անում ես»։ Նույն սկզբունքը կիրառելի է քրիստոնեական ժողովում։ Այն երեցները, ովքեր լավ օրինակ են թողնում ժողովին, կարող են ակնկալել, որ ժողովի անդամները կարձագանքեն իրենց տված ուսուցմանը։

«Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան»

Մեկ ուրիշ պատճառ էլ կա, թե ինչու էր Եզրասի տված ուսուցումը արդյունավետ։ Նա չէր սովորեցնում սեփական գաղափարները. նա սովորեցնում էր «օրէնք եւ դատաստան», այսինքն՝ Եհովայի օրենքներն ու չափանիշները։ Դա իր քահանայական պարտականությունների մեջ էր մտնում (Մաղաքիա 2։7)։ Նա նաև դատաստան՝ արդարադատություն էր սովորեցնում՝ անկողմնակալորեն կառչած մնալով օրենքներին, վարվելով այնպես, ինչպես որ արդարությունն էր պահանջում։ Երբ իշխանություն ունեցողները արդարություն են ցուցաբերում, նրանց իշխանության ներքո գտնվողների կյանքում կայունություն է մտնում, և վերջիններս ցանկություն են ունենում ավելին անել (Առակաց 29։4)։ Նմանապես, այն քրիստոնյա երեցները, ծնողները և Թագավորության քարոզիչները, ովքեր լավ գիտեն Աստծո Խոսքը, ուսուցանելով Եհովայի օրենքներն ու արդարադատությունը՝ կնպաստեն ժողովի, իրենց ընտանիքների ու հետաքրքրվող անձանց հոգևոր կայունությանը։

Համաձայն չե՞ս, որ հավատարիմ Եզրասին ընդօրինակելը կնպաստի այն բանին, որ քո տված ուսուցումն ավելի արդյունավետ լինի։ Դրա համար պատրաստիր սիրտդ, որ Տիրոջ օրենքը խնդրես, կատարիր այն և սովորեցրու Եհովայի օրենքներն ու դատաստանները (Եզրաս 7։10)։

[ծանոթագրություն]

a «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում (անգլ., հ. 1, էջ 444, 445) կարելի է գտնել 20 աղբյուրների ցուցակ։ Հրատարակված է Եհովայի վկաների կողմից։

[շրջանակ/նկար 22–րդ էջի վրա]

Ի՞ՆՉԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԵԶՐԱՍԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԵՐՊՈՎ ՈՒՍՈՒՑԱՆԵԼ

1. Իր սիրտը պատրաստեց սովորելու համար

2. Դիմեց Եհովայի Օրենքին

3. Լավ օրինակ թողեց սովորածը կիրառելու մեջ

4. Մարդկանց ջանասիրաբար սովորեցնում էր Աստծո տեսակետը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը