Կենսագրություն
Ծերացած և օրերով կշտացած
Պատմում է
Մյուրիել Սմիթը
Ուժգին թակոցներից դուռս սկսեց ցնցվել։ Ողջ առավոտը քարոզչական ծառայության մեջ անցկացնելուց հետո հենց նոր էի վերադարձել տուն՝ ճաշելու։ Սովորականի պես ջուր էի եռացնում, որպեսզի թեյ խմեմ, և պատրաստվում էի գլուխս դնել ու մի կես ժամ հանգստանալ։ Դուռը համառորեն թակում էին։ Զարմացած, թե ով կարող է լինել այդ ժամին՝ գնացի բացելու։ Շեմին կանգնած էին երկու տղամարդիկ։ Նրանք ներկայացան որպես ոստիկանության ծառայողներ և հայտնեցին, որ եկել են տունը խուզարկելու Եհովայի վկաների՝ արգելված կազմակերպության գրականությունը գտնելու նպատակով։
Ինչո՞ւ էին Ավստրալիայում արգելել Եհովայի վկաներին։ Ինչպե՞ս էի մտել նրանց շարքերը։ 1910 թ.–ին, երբ ես տասը տարեկան էի, մայրիկիցս մի նվեր ստացա. ու այդտեղից ամեն ինչ սկսվեց...
Մեր ընտանիքը ապրում էր Սիդնեյի հյուսիսում գտնվող Քրոուզ Նեսթ արվարձանում, փայտե մի տան մեջ։ Մի օր՝ դպրոցից տուն վերադառնալիս, տեսա, որ մայրս դռան մոտ զրուցում է ինչ–որ տղամարդու հետ։ Թեև շատ էի ուզում իմանալ, թե ով էր կոստյում հագած այդ անծանոթ տղամարդը, որն իր ձեռքին գրքերով լի պայուսակ ուներ, սակայն ամաչեցի ու ներողություն խնդրելով՝ մտա տուն։ Մի քանի րոպե անց մայրս կանչեց ինձ և ասաց. «Այս մարդը հետաքրքիր գրքեր ունի, բոլորը՝ Գրությունների մասին։ Մոտենում է ծննդյանդ օրը, և ես մտադիր եմ նվիրել քեզ կա՛մ նոր զգեստ, կա՛մ այս գրքերը։ Ո՞րը կնախընտրեիր»։
—Գրքերը, մայրի՛կ,— պատասխանեցի ես։
Այդպես՝ տաս տարեկան հասակում ձեռք բերեցի Չարլզ Թեյզ Ռասելի «Գրությունների ուսումնասիրությունների» առաջին երեք հատորները։ Դռան մոտ կանգնած մարդն ասաց մորս, որ այդ գրքերը հասկանալու հարցում ես օգնության կարիք կունենամ, քանի որ դրանք, ամենայն հավանականությամբ, շատ բարդ կլինեն ինձ համար։ Մայրիկս պատասխանեց, որ ուրախությամբ կանի այդ։ Ցավոք, շատ չանցած նա մահացավ։ Հայրս ջանասիրաբար հոգ էր տանում եղբորս, քրոջս և ինձ։ Իմ պարտականությունները շատացել էին, և դա ճնշում էր ինձ։ Սակայն մեզ ուրիշ դժբախտություն էլ էր սպասում։
1914 թ.–ին բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը. ընդամենը մի տարի անց մեր թանկագին հայրիկը սպանվեց, և մենք որբ մնացինք։ Քրոջս ու եղբորս ուղարկեցին մեր բարեկամների մոտ, իսկ ինձ՝ կաթոլիկ եկեղեցու գիշերօթիկ դպրոց։ Այնտեղ եղած ժամանակ երբեմն ճնշվում էի միայնության զգացումից։ Սակայն հնարավորություն ունեցա զբաղվել մի բանով, որ շատ էի սիրում՝ երաժշտութամբ, հատկապես՝ դաշնամուր նվագելով, և դրա համար երախտապարտ եմ։ Անցան տարիներ, ես ավարտեցի դպրոցը։ 1919 թ.–ին ամուսնացա Ռոյ Սմիթի հետ, որը զբաղվում էր երաժշտական գործիքների վաճառքով։ 1920 թ.–ին ծնվեց մեր առաջին երեխան, և ես նորից ընկղմվեցի առօրյա հոգսերի մեջ։ Իսկ ի՞նչ եղան այն գրքերը։
Հարևաններից մեկը պատմում է հոգևոր ճշմարտության մասին
Այդ տարիների ընթացքում «աստվածաշնչյան գրքերը» ինձ հետ էին։ Թեև երբեք լրջորեն չէի զբաղվել դրանց ընթերցանությամբ, սրտիս խորքում գիտակցում էի, որ դրանք մի կարևոր լուր են պարունակում։ Մի օր՝ 1920–ական թվականների վերջին, հարևանուհիներիցս մեկը՝ Լիլ Բիմսոնը, այցելեց ինձ։ Մենք նստեցինք հյուրասենյակում և սկսեցինք թեյ խմել։
—Դու այդ գրքերի՜ց ունես,— հանկարծ բացականչեց նա։
—Ի՞նչ գրքեր,— հարցրի ես՝ շփոթված։
Նա ցույց տվեց գրապահարանում դրված «Գրությունների ուսումնասիրությունները»։ Լիլը վերցրեց դրանք, տարավ իր տուն ու մեծ հետաքրքրությամբ սկսեց կարդալ։ Շուտով ակնհայտ դարձավ, թե որքան է նա ոգևորված իր կարդացածով։ Լիլը ավելի շատ գրականություն ձեռք բերեց Աստվածաշունչն ուսումնասիրողներից (ինչպես այն ժամանակ հայտնի էին Եհովայի վկաները)։ Բացի այդ, նա մեզնից չէր թաքցնում այն, ինչ իմանում էր։ Նրա ձեռք բերած գրքերից մեկը՝ «Աստծո քնարը», շուտով հայտնվեց մեր տանը։ Կարելի է ասել, որ Եհովային ծառայելու իմ ուղին իրականում սկսվեց այն ժամանակվանից, երբ ես ժամանակ հատկացրի ընթերցելու Աստվածաշնչի վրա հիմնված հենց այդ հրատարակությունը։ Վերջապես գտա այն կարևոր հարցերի պատասխանները, որ իմ եկեղեցին ի վիճակի չէր եղել տալու։
Բարեբախտաբար, Ռոյը մեծ ուշադրություն դարձրեց աստվածաշնչյան այդ լուրին, և երկուսս էլ դարձանք Աստվածաշնչի անհագ ուսումնասիրողներ։ Ժամանակին Ռոյը ֆրանկմասոնների կազմակերպության անդամ էր։ Այժմ, սակայն, մեր ամբողջ ընտանիքը միավորվեց ճշմարիտ երկրպագության մեջ. շաբաթը երկու անգամ մի եղբայր Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում բոլորիս հետ։ Իսկ երբ սկսեցինք այցելել Աստվածաշունչն ուսումնասիրողների հանդիպումները, մեր ոգևորությունը ավելի աճեց։ Սիդնեյի հանդիպման վայրը փոքր, վարձով վերցված մի սրահ էր, որը գտնվում էր Նյութաուն արվարձանում։ Այդ ժամանակ ամբողջ երկրում Եհովայի վկաների թիվը 400–ի էլ չէր հասնում. հանդիպումներին հաճախելու համար եղբայրներից շատերը ստիպված էին բավական երկար ճանապարհ անցնել։
Ժողովների գնալու համար մենք պետք է ամեն անգամ կտրեինք–անցնեինք Սիդնեյի նավահանգիստը։ Այդ անցումը իրականացվում էր լաստանավի միջոցով, մինչև որ 1932 թ.–ին կառուցվեց Սիդնեյի նավահանգստի կամուրջը։ Չնայած որ ճանապարհը շատ ժամանակ և միջոցներ էր խլում, մենք ջանում էինք բաց չթողնել Եհովայի կողմից տրվող հոգևոր ճաշկերույթներից և ոչ մեկը։ Ճշմարտության մեջ ամուր հաստատվելու ջանքերը զուր չանցան. վրա էր հասնում Երկրորդ համաշխարհային պատերազմը, ու մեր ընտանիքը շուտով կանգնելու էր չեզոքություն պահելու խնդրի առջև։
Փորձությունների և օրհնությունների ժամանակաշրջան
1930–ական թվականների սկիզբը մի հրաշալի շրջան էր իմ և ընտանիքիս համար։ 1930 թ.–ին ես մկրտվեցի, իսկ 1931 թ.–ին մասնակցեցի այն հիշարժան համաժողովին, որի ժամանակ հոտնկայս տվեցինք մեր համաձայնությունը «Եհովայի վկաներ» հիանալի անունը կրելու վերաբերյալ։ Ռոյն ու ես ջանք էինք թափում այդ անվանը համապատասխան ապրելու՝ մասնակցելով քարոզչական գործունեության այն բոլոր ձևերին և հատուկ կամպանիաներին, որ կազմակերպությունը խրախուսում էր։ Օրինակ՝ 1932 թ.–ին մենք թերթիկի բաժանման մի հատուկ քարոզարշավի մասնակցեցինք, որի նպատակն էր բարի լուրը հասցնել այն բազում մարդկանց, ովքեր եկել էին մասնակցելու Սիդնեյի նավահանգստի կամուրջի բացման արարողությանը։ Մեր ընտանիքը նաև մեծ եռանդով մասնակցեց ծառայության այն ձևին, որն իրականացվում էր բարձրախոսներով ապահովված մեքենաների միջոցով։ Մենք ունեինք մեքենա, որի վրա տեղադրեցինք ձայնային սարքավորումներ, ու Սիդնեյի փողոցները ողողեցինք եղբայր Ռադերֆորդի՝ ձայնագրված աստվածաշնչյան ելույթներով։
Սակայն իրադրությունը նորից փոխվեց և գնալով ավելի բարդացավ։ 1932 թ.–ին Ավստրալիան տնտեսական ճգնաժամ ապրեց։ Ես ու Ռոյը որոշեցինք հնարավորին չափ քչացնել մեր ծախսերը։ Օրինակ՝ տեղափոխվեցինք ապրելու ժողովին ավելի մոտ գտնվող մի տեղանքում, և այդպիսով կրճատեցինք մեր ճանապարհածախսը։ Տնտեսական դժվարությունները, սակայն, ետին պլան մղվեցին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափը պարուրեց աշխարհը։
Աշխարհից չլինելու՝ Հիսուսի կողմից տրված պատվերին հնազանդվելու համար Եհովայի վկաները հալածանքի առարկա դարձան ողջ աշխարհում. այս առումով Ավստրալիան բացառություն չկազմեց։ Պատերազմական ժամանակների հիստերիայով բռնկված՝ շատերը մեզ «կոմունիստ» պիտակն էին կպցնում։ Այդ հակառակորդները սուտ մեղադրանքներ էին ուղղում Եհովայի վկաների հասցեին՝ պնդելով, թե նրանք օգտագործում են Ավստրալիայում ունեցած իրենց չորս ռադիոկայանները՝ ճապոնական բանակին լուրեր ուղարկելու համար։
Զինծառայության կանչված երիտասարդ եղբայրներին մեծ ճնշման ենթարկեցին, որպեսզի նրանք փոխզիջման գնան քրիստոնեական սկզբունքների պահպանման հարցում։ Հաճույքով կասեմ, որ իմ երեք տղաներս էլ հավատարիմ մնացին իրենց համոզմունքներին և պահպանեցին չեզոքության սկզբունքը։ Մեր ավագ որդին՝ Ռիչարդը, դատապարտվեց 18–ամսյա ազատազրկման։ Երկրորդ որդին՝ Կևինը, կարողացավ գրանցվել որպես կրոնական և այլ համոզմունքների համար զինծառայությունից հրաժարվող։ Ցավոք, մեր կրտսեր որդին՝ Ստյուարդը, զոհվեց ճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ, երբ մոտոցիկլետով գնում էր իր դատական նիստին մասնակցելու և իրեն պաշտպանելու գործը ավարտին հասցնելու։ Դա ցնցող մի բան էր։ Սակայն Թագավորության գործը միշտ կյանքում առաջին տեղը դնելով և հարության մասին Եհովայի տված խոստումը միշտ հիշելով՝ կարողացանք տոկալ։
Նրանք չգտան ամենակարևորը
1941 թ.–ի հունվարին Ավստրալիայում արգելվեց Եհովայի վկաների գործունեությունը։ Հիսուսի և նրա առաքյալների նման՝ ես ու Ռոյը որոշեցինք հնազանդվել Աստծուն և ոչ թե մարդկանց՝ երկուս ու կես տարի գաղտնի շարունակելով մեր գործը։ Հենց այդ ընթացքում էր, որ վերոհիշյալ՝ քաղաքացիական զգեստ հագած ոստիկանները ծեծեցին մեր տան դուռը։ Ի՞նչ տեղի ունեցավ հետո։
Ես նրանց ներս հրավիրեցի, իսկ երբ տուն մտան, հարցրի. «Դեմ չէի՞ք լինի, եթե նախքան խուզարկությունը, թեյս խմեմ»։ Զարմանալի էր, բայց նրանք համաձայնեցին։ Ես գնացի խոհանոց, որ աղոթեմ Եհովային և մտքերս հավաքեմ։ Երբ վերադարձա, ոստիկաններից մեկը մտավ այնտեղ, ուր մենք սովորաբար ուսումնասիրություններ էինք անցկացնում, և վերցրեց այն ամենը, ինչի վրա կար Դիտարանի նշանը, այդ թվում՝ պայուսակիս մեջ եղած գրականությունն ու Աստվածաշունչը։ Հետո նա հարցրեց.
—Վստա՞հ եք, որ ուրիշ ոչ մի գրականություն չկա՝ տուփերի մեջ թաքցված։ Մեզ լուր է հասել, որ դուք ամեն շաբաթ այցելում եք փողոցի վերջում գտնվող սրահի հանդիպումներին և շատ գրականություն եք վերցնում այնտեղից։
—Ճիշտ է,— պատասխանեցի ես,— բայց հիմա այնտեղ գրականություն չկա։
—Գիտենք, տիկին Սմի՛թ,— ասաց նա։— Գիտենք նաև, որ գրականությունը պահվում է այս շրջանում ապրող մարդկանց տներում։
Տղաների սենյակում նրանք գտան հինգ արկղ, որոնց մեջ կար «Ազատությո՞ւն, թե՞ կաթոլիկ եկեղեցու դոգմաները» թերթիկը։
—Վստա՞հ եք, որ ավտոտնակում ոչինչ չունեք,— հարցրեց նա։
—Ոչի՛նչ,— պատասխանեցի ես։
Նա բացեց ճաշասենյակում գտնվող սպասքապահարանը, գտավ ժողովի հաշվետվության թերթիկները և վերցնելով դրանք՝ հայտնեց, որ ստուգելու է ավտոտնակը։
—Գնանք,— ասացի ես։
Նրանք հետևեցին ինձ և խուզարկեցին ավտոտնակը, ինչից հետո վերջապես հեռացան։
Այդ ոստիկանները կարծում էին, թե հինգ արկղ գրականություն գտնելով՝ մեծ ավար տարան, մինչդեռ իրականում նրանք չգտան ամենակարևորը։ Այդ ժամանակ ես ժողովում ծառայում էի որպես քարտուղար, և մեր տանը կար ժողովի քարոզիչների ցուցակը։ Կային նաև ուրիշ կարևոր փաստաթղթեր։ Բարեբախտաբար, եղբայրները նախազգուշացրել էին մեզ այդ խուզարկումների մասին, ու ես լավ թաքցրել էի այդ փաստաթղթերը՝ դնելով ծրարների մեջ ու տեղավորելով թեյի, շաքարի և ալյուրի ամաններում։ Փաստաթղթերից մի քանիսն էլ թաքցրել էի ավտոտնակի մոտ գտնվող թռչնատանը։ Փաստորեն՝ նրանք չգտան այն, ինչ շատ կցանկանային։
Սկսում եմ լիաժամ ծառայությունը
1947 թ.–ին մեր ավագ երեխաներն արդեն իրենց ընտանիքներն ունեին։ Իսկ ես ու Ռոյը սկսեցինք մտածել լիաժամ ծառայության մասին։ Ավստրալիայի հարավում քարոզիչների կարիք կար, որոշեցինք գնալ այնտեղ։ Ուստի վաճառեցինք մեր տունը և գնեցինք տնակ–ավտոկցորդ, որն անվանեցինք «Մասփա»՝ դիտարան։ Նման ապրելակերպը հնարավորություն տվեց մեզ հեռավոր տեղերում քարոզելու։ Հաճախ ծառայում էինք ոչ մի ժողովի չկցված գյուղական տարածքներում։ Այդ ժամանակների մասին բազում հաճելի հիշողություններ են պահպանվել իմ մեջ։ Աստվածաշունչը իմ օգնությամբ ուսումնասիրող անհատներից մեկը մի երիտասարդ կին էր, որի անունն էր Բեվերլի։ Սակայն դեռ ուսումնասիրությունը չավարտած՝ նա գնաց այդ շրջանից։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ուրախացա, երբ տարիներ անց համաժողովի ժամանակ մի քույր մոտեցավ ինձ ու ասաց, որ Բեվերլին է։ Որքան հրաշալի էր տարիներ հետո տեսնել, որ նա ծառայում է Եհովային իր ամուսնու ու երեխաների հետ միասին։
1979 թ.–ին ես պատիվ ունեցա մասնակցելու Ռահվիրայական ծառայության դպրոցին։ Դպրոցի ժամանակ ընդգծված մտքերից մեկն այն էր, որ ռահվիրայական ծառայության մեջ հարատևելու համար հարկավոր է ունենալ և պահպանել անձնական ուսումնասիրության հիանալի սովորությունը։ Համոզված եմ, որ դա ճիշտ է. կարելի է ասել, որ ես ապրե՛լ եմ՝ Աստվածաշունչն ուսումնասիրելով, ժողովների հաճախելով և ծառայության մասնակցելով։ Մեծ առանձնաշնորհում եմ համարում այն հանգամանքը, որ ծառայել եմ որպես ընդհանուր ռահվիրա ավելի քան 50 տարի։
Հաղթահարում եմ առողջության հետ կապված խնդիրները
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում որոշակի դժվարությունների բախվեցի։ 1962 թ.–ին ինձ մոտ գլաուկոմա հայտնաբերվեց։ Այդ ժամանակ տվյալ հիվանդության բուժումը այդքան զարգացած չէր, և իմ տեսողությունը շատ արագ սկսեց վատանալ։ Ռոյի առողջությունը նույնպես վատացավ. 1983 թ.–ին լուրջ կաթվածի հետևանքով նա մասամբ անշարժացավ և կորցրեց խոսելու ունակությունը։ Ռոյը վախճանվեց 1986 թ.–ին։ Լիաժամ ծառայության ընթացքում նա ինձ մեծ գործնական օգնություն է ցույց տվել, և ես իսկապես կարոտում եմ նրան։
Չնայած այդ դժվարություններին՝ ջանում էի ետ չընկնել հոգևոր գրաֆիկից։ Ծառայության համար մի այնպիսի մեքենա գնեցի, որը կդիմանար գյուղական տարածքներին, ու իմ դստեր՝ Ջոյիսի օգնությամբ շարունակեցի ռահվիրայական ծառայությունս։ Տեսողությունս գնալով վատանում էր. շուտով աչքերիցս մեկը բոլորովին կուրացավ, և բժիշկները այդ աչքի փոխարեն՝ ապակե աչք տեղադրեցին։ Չնայած դրան՝ խոշորացույցի և խոշոր տառերով հրատարակված գրականության օգնությամբ երեքից հինգ ժամ անձնական ուսումնասիրություն էի անցկացնում՝ մի աչքով։
Ուսումնասիրությունը միշտ համարել եմ թանկարժեք մի բան։ Ուստի երևի կպատկերացնեք, թե որքան ցնցված էի, երբ մի անգամ՝ կեսօրին՝ ուսումնասիրության ժամանակ, հանկարծակի ամեն ինչ մթնեց։ Կարծես՝ մեկը մարել էր լույսը։ Տեսողությունս ամբողջովին կորավ։ Ինչպե՞ս պետք է շարունակեի ուսումնասիրել... Թեև արդեն լսողությունս էլ է թույլ, սակայն ձայներիզների և իմ ընտանիքի անդամների սիրառատ օգնության շնորհիվ՝ շարունակում եմ մնալ հոգևորապես ամուր։
Ջանում եմ համբերել մինչև վերջ
Այժմ, որպես մի դար ապրած մարդ, առողջական այլ խնդիրներ էլ ունեմ։ Ուստի ստիպված եմ շատ ավելի հանգիստ կյանք վարել։ Երբեմն այնպիսի զգացում եմ ունենում, թե բանի պետք չեմ։ Այժմ, երբ ընդհանրապես չեմ տեսնում, երբեմն իսկապե՛ս բանի պետք չեմ։ Հիմա՛ էլ շատ կցանկանայի գտնել այնպիսի մարդկանց, որոնց հետ կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել, բայց ավա՜ղ, առողջությունս թույլ չի տալիս տնից դուրս գալ։ Սկզբում դա վհատեցնում էր ինձ։ Ստիպված եղա հաշտվել իմ սահմանափակումների հետ ու բավարարվել նրանով, ինչ կարող եմ անել։ Դա այդքան էլ հեշտ չէր։ Մեծ պատիվ եմ համարում, սակայն, որ ամեն ամիս կարողանում եմ մարդկանց պատմել մեր վեհ Աստծո՝ Եհովայի մասին և հաշվետվություն հանձնել՝ թեկուզ փոքր։ Երբ մեր տուն են գալիս բուժքույրեր, վաճառողներ կամ այլ մարդիկ, Աստվածաշնչից խոսելու առիթը բաց չեմ թողնում՝ նրբանկատություն ցուցաբերելով, իհարկե։
Իմ ամենամեծ օրհնություններից մեկն այն է, որ տեսնում եմ իմ ժառանգների արդեն չորրորդ սերնդին, որ հավատարմորեն երկրպագում է Եհովային։ Նրանցից ոմանք պատրաստակամորեն ծառայում են որպես ռահվիրաներ այն տարածքներում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, իսկ ոմանք էլ՝ որպես երեցներ, ծառայող օգնականներ ու Բեթելի ընտանիքի անդամներ։ Իհարկե, իմ ժամանակակիցներից շատերի նման սպասում էի, որ ներկա համակարգի վախճանը շատ ավելի շուտ է գալու։ Բայց իմ ծառայության այս յոթ տասնամյակների ընթացքում ես հսկայական աճի ականատես եղա։ Մեծ ուրախություն եմ ստանում այն մտքից, որ մասնակցել եմ վեհ մի գործի կատարմանը։
Ինձ այցելող բուժքույրերն ասում են, որ ամենայն հավանականությամբ հավատիս շնորհիվ է, որ մինչև հիմա կենդանի եմ։ Համաձայն եմ նրանց հետ։ Չկա կյանքի մի ուղի, որ ավելի լավը լինի, քան Եհովային ակտիվորեն ծառայելը։ Դավիթ Թագավորի նման՝ ես էլ կարող եմ ասել, որ ծերացած եմ և օրերով կշտացած (Ա Մնացորդաց 29։28)։
(2002 թ.–ի ապրիլի 1–ին քույր Մյուրիել Սմիթը մահացավ, մինչ այս հոդվածը իր ավարտին կհասցվեր։ Ընդամենը մի ամիս էր մնում, որ լրանար նրա 102 տարին։ Քույր Մյուրիելը հավատարմության և տոկունության իսկական օրինակ է հանդիսանում մեզ համար)։
[նկարներ 24–րդ էջի վրա]
Ես՝ մոտ հինգ տարեկան հասակում և 19 տարեկանում, երբ հանդիպեցի ամուսնուս՝ Ռոյին
[նկար 26–րդ էջի վրա]
Մեր տնակ–ավտոկցորդը կոչեցինք «Մասփա»
[նկար 27–րդ էջի վրա]
Ամուսնուս՝ Ռոյի հետ 1971 թ.–ին