Խոհեմությունը պաշտպանում է. ինչպե՞ս
Հողմակոծ ծովը գեղեցիկ է։ Նավաստիների համար, սակայն, վտանգ է ներկայացնում, քանի որ կարող է սպառնալ իրենց կյանքին։
Աստծո ծառաները, որ գնալով ավելի ու ավելի մեծ ճնշման են ենթարկվում, կարող են հայտնվել նման իրավիճակում, որը գուցե նրանց ընկճելու սպառնալիք հանդիսանա։ Գիտենք, որ քրիստոնյաների գլխին անընդհատ փորձություններ ու դժվարություններ են թափվում։ Եվ անկասկած, ցանկանում ենք վճռականորեն դեմ կանգնել դրանց՝ հոգևոր նավաբեկության չենթարկվելու համար (Ա Տիմոթէոս 1։19)։ Որպեսզի կարողանաք պաշտպանվել, շատ կարևոր է խոհեմություն ունենալ։ Ի՞նչ է այն և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել։
«Խոհեմություն» թարգմանված եբրայերեն մեզիմմահ բառն իր մեջ կրում է պլանավորելու, ծրագրավորելու իմաստ (Առակաց 2։11)։ Այդ պատճառով Աստվածաշնչի որոշ թարգմանություններում մեզիմմահը թարգմանվում է որպես «ողջամտություն» և «հեռատեսություն»։ Աստվածաշնչի հետազոտությամբ զբաղվող գիտնականներ Ջեյմսոնը, Ֆոսեթը և Բրաունը այդ բառի համար տալիս են հետևյալ բացատրությունը. «Շրջահայացություն, որն օգնում է խուսափել չարից և լավ արդյունքների հասնել»։ Դրա համար հարկավոր է հաշվի առնել մեր գործողությունների հետևանքները՝ թե՛ անմիջական և թե՛ հետագա։ Խոհեմությունը կօգնի, որ ընտրություն կատարելուց առաջ լավ մտածենք, հատկապես՝ երբ կարևոր որոշումներ ենք կայացնում։
Որոշում կայացնելիս խոհեմ անհատը նախ ամենայն մանրամասնությամբ քննում է բոլոր հնարավոր վտանգները, որից հետո դրանցից խուսափելու ուղիներ է փնտրում՝ հաշվի առնելով իր միջավայրի ու շրջապատի ազդեցությունը։ Այդպիսով նա ծրագրում է իր ընթացքն այնպես, որ լավ արդյունքների հասնի, նույնիսկ ստանա Աստծո օրհնությունը։ Եկեք քննենք մի քանի օրինակներ, որոնք ցույց կտան, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ։
Խուսափիր անբարոյականության թակարդից
Երբեմն քամին քշում է հզոր ալիքները նավի ուղղությանը հակառակ։ Եթե նավաստիները միջոցներ ձեռք չառնեն, նավը կարող է շուռ գալ։
Ապրելով սեքսով տոգորված աշխարհում՝ մենք գտնվում ենք նման պայմաններում, քանի որ ամեն օր ցանկասիրական մտքերի ու տեսարանների «ալիքը» հարվածում է մեզ։ Չի կարելի անտեսել այն ազդեցությունը, որ դրանք կարող են թողնել մեր բնական սեռական ցանկությունների վրա։ Մենք հեշտությամբ կհայտնվենք վտանգավոր իրավիճակում, եթե գործի չդնենք խոհեմությունը և վճռականորեն չդիմադրենք այդ գայթակղություններին։
Քրիստոնյա տղամարդը, օրինակ, գուցե աշխատում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր չեն հարգում կանանց՝ նրանց դիտելով որպես սեռական ցանկությունները բավարարելու միջոցի։ Աշխատակիցները կարող են իրենց զրույցները «համեմել» անպարկեշտ կատակներով կամ սեքսի մասին ակնարկներով։ Նման միջավայրը ի վերջո կարող է քրիստոնյայի մեջ անբարոյական մտքեր սերմանել։
Երբեմն քրիստոնյա կինը ևս ստիպված է լինում աշխատել, ուստիև բախվել դժվարությունների հետ։ Հնարավոր է, որ նրա աշխատակիցները՝ կին թե տղամարդ, չեն ապրում այն նույն բարոյական չափանիշներով, ինչ նա։ Կարող է այնպես պատահել, որ տղամարդ–աշխատակիցներից ինչ–որ մեկը հետաքրքրություն հանդես բերի նրա հանդեպ։ Սկզբում այդ տղամարդը գուցե ուշադիր լինի, նույնիսկ ցույց տա, թե հարգում է նրան իր կրոնական հայացքների համար։ Նրա համառ ջանքերը, ինչպես նաև մշտական ներկայությունը կարող են քրոջ մեջ նրա հետ ավելի մտերմանալու ցանկություն առաջացնել։
Ինչպե՞ս կարող է խոհեմությունը նման իրավիճակներում օգնության հասնել մեզ՝ քրիստոնյաներիս։ Նախ՝ այն կարող է ահազանգել հոգևոր վտանգի մասին։ Բացի այդ, կարող է մղել՝ մեր ընթացքին ճիշտ ուղղություն տալու (Առակաց 3։21, Արևմտ. Աստ., 22, 23)։ Հարկավոր է պարզ ասել աշխատակիցներին, որ մեր համոզմունքները հիմնված են Աստվածաշնչի վրա, ուստիև ապրում ենք բոլորովին այլ չափանիշներով (Ա Կորնթացիս 6։18)։ Եվ դա պիտի երևա նաև մեր վարած զրույցներից ու գործերից։ Դեռ ավելին, որոշ աշխատակիցների հետ անհրաժեշտ կլինի սահմանափակել մեր շփումը։
Միայն աշխատավայրում չէ, որ կարող է անբարոյականության թակարդն ընկնելու վտանգ առաջանալ։ Այն կարող է ծագել հենց ընտանիքում, եթե կողակիցները թույլ տան, որ պրոբլեմները քայքայեն իրենց միությունը։ Ահա թե ինչ է նկատել մի շրջագայող վերակացու. «Ամուսնական միության քայքայումը միանգամից տեղի չի ունենում։ Զույգերը աստիճանաբար են հեռանում իրարից՝ իրար հետ ավելի քիչ զրուցելով ու միմյանց ավելի քիչ ժամանակ տրամադրելով։ Ամուսնական կյանքում առաջացած դատարկությունը նրանք փորձում են լցնել նյութապաշտական ձգտումներով։ Եվ քանի որ իրարից հազվադեպ են հաճելի խոսքեր լսում, գուցե մի օր հայտնաբերեն, որ հրապուրվել են ուրիշ մեկով»։
Այդ փորձառու ծառայողը նաև ասում է. «Հարկավոր է, որ զույգերը ժամանակ առ ժամանակ նստեն և քննարկեն, թե արդյոք որևէ բան չի սպառնում իրենց հարաբերություններին։ Նրանք պետք է այնպես պլանավորեն իրենց ժամանակը, որ կարողանան միասին ուսումնասիրություն անցկացնել, աղոթել և մասնակցել քարոզչական ծառայությանը։ Ամուսինները զգալի օգուտ կքաղեն, եթե փորձեն զրուցել միմյանց հետ ‘տանը, ճանապարհին, պառկելիս և վեր կենալիս’. ճիշտ՝ ինչպես ծնողներն իրենց երեխաների հետ» (Բ Օրինաց 6։7–9)։
Դիմանալ հավատակիցների ոչ քրիստոնեավայել քայլերին
Խոհեմությունը օգնություն է հանդիսանում ոչ միայն գայթակղություններին դիմադրելու հարցում, այլև հավատակիցների հետ առաջացած խնդիրները լուծելու։ Երբեմն քամին հզոր ալիքները քշում է նավի ընթացքի ուղղությամբ։ Նման պարագաներում ալիքները կարող են բարձրացնել նավի հետևամասը և մի կողմ թեքել այն։ Նավը կարող է ընկնել ալիքների իշխանության տակ և վնասվել նրանց կողմից։
Մենք նույնպես կարող ենք անսպասելի վտանգի ենթարկվել։ Մեզ հետ ուս–ուսի Եհովային ծառայում են բազում հավատարիմ քրիստոնյա քույրեր և եղբայրներ (Սոփոնիա 3։9)։ Որևէ մեկի ոչ քրիստոնեավայել քայլերը գուցե հանգեցնեն այն բանին, որ կորցնենք մեր վստահությունը և վհատվենք։ Ինչպե՞ս կարող է խոհեմությունը օգնել, որ չկորցնենք մեր հավասարակշռությունը և չափից շատ չխոցվենք։
Հիշենք, որ «մարդ չ’կայ որ չ’մեղանչէ» (Գ Թագաւորաց 8։46)։ Երբեմն կարող է այնպես պատահել, որ քրիստոնյա եղբայրը զայրացնի կամ վիրավորի մեզ. դա չպետք է հանկարծակիի բերի։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարող ենք նախապատրաստվել նման միջադեպի ու մտածել, թե ինչպես ենք արձագանքելու։ Օրինակ՝ ինչպիսի՞ն էր Պողոս առաքյալի արձագանքը, երբ որոշ քրիստոնյա եղբայրներ նրա մասին վիրավորական, նույնիսկ նվաստացուցիչ ձևով էին արտահայտվել։ Փոխանակ իր հոգևոր հավասարակշռությունը կորցնելու՝ նա եկավ այն մտքին, որ Եհովայի հավանությունը ավելի կարևոր է, քան մարդկանց (Բ Կորնթացիս 10։10 ԱՆԹ, 11–18)։ Եթե մենք էլ նույն տրամադրվածությունն ունենանք, առիթի դեպքում անմտածված ձևով չենք արձագանքի։
Դա որոշ չափով նման է ոտքը ինչ–որ բանի խփելուն։ Սկզբում մի երկու րոպե ի վիճակի չենք լինում պարզ մտածելու և գործելու, մինչև որ ցավը չի սկսում մեղմանալ։ Անբարեհամբույր նկատողությանը կամ արարքին անմիջապես արձագանքելու փոխարեն՝ մի պահ կանգ առեք և խորհեք այն մասին, որ վրեժխնդրությունն անիմաստ է և վատ հետևանքների կարող է բերել։
Ահա թե ինչպես է վարվում Մալքոլմը՝ երկար տարիների միսիոներ, երբ նրան վիրավորում են. «Ես ինքս ինձ տալիս եմ հետևյալ հարցերը. ինչո՞ւ եմ զայրացած այս եղբոր վրա. գուցե պարզապես տարբեր մարդի՞կ ենք։ Մի՞թե նրա ասածը իսկապես կարևոր է։ Գուցե առողջական վիճա՞կս՝ մալարիա հիվանդությո՞ւնս է դարձնում ինձ ավելի դյուրագրգիռ։ Իսկ մի քանի ժամ հետո այլ կերպ չե՞մ նայի խնդրին»։ Մալքոլմը հաճախ գալիս է այն եզրակացության, որ խնդիրը այնքան էլ լուրջ չէ, և որ այն կարելի է անտեսել։a
Մալքոլմն ավելացնում է. «Երբեմն, չնայած իրավիճակը շտկելու իմ բոլոր ջանքերին, եղբայրը շարունակում է պահպանել իր անբարյացակամ վերաբերմունքն իմ հանդեպ։ Նման դեպքերում ջանում եմ չվհատվել։ Իմ կողմից ամեն ինչ անելուց հետո փորձում եմ այլ կերպ նայել խնդրին։ Մտքումս այդ հարցը մի կողմ եմ դնում՝ լուծումը թողնելով ժամանակի վրա։ Ես թույլ չեմ տալիս, որ դա վնաս հասցնի իմ հոգևորին կամ ազդի Եհովայի ու եղբայրներիս հետ ունեցած փոխհարաբերությունների վրա»։
Մալքոլմի նման՝ մենք նույնպես չպետք է թույլ տանք, որ ինչ–որ մեկի սխալ արարքը չափից շատ անհանգստություն պատճառի մեզ։ Բոլոր ժողովներում էլ կան շատ հիանալի և հավատարիմ քույրեր ու եղբայրներ։ Նրանց հետ «մէկ շունչով» քրիստոնեական ճանապարհով քայլելը մեծ հաճույք է (Փիլիպպեցիս 1։27, ԱԹ)։ Եթե հիշենք, որ մեր երկնային Հայրը սիրով օգնում է մեզ, օբյեկտիվորեն կնայենք ստեղծված իրավիճակին (Սաղմոս 23։1–3; Առակաց 5։1, 2; 8։12)։
Չսիրել աշխարհի գործերը
Խոհեմությունը կարող է օգնել դիմագրավելու նաև մեկ ուրիշ ճնշում։ Երբեմն քամին քշում է ալիքները նավի ընթացքին ուղղահայաց։ Նման դեպքում ալիքները կարող են շեղել նավի ուղղությունը, իսկ փոթորիկի ժամանակ կարող են շուռ տալ այն։
Նույնն է պարագան նաև մեր դեպքում. տրվելով այս չար աշխարհի առաջարկած բաներին և նյութապաշտական ձգտումներին՝ հոգևորապես կշեղվենք մեր ճանապարհից (Բ Տիմոթէոս 4։10)։ Եթե այդ ուղղությամբ ջանք չթափենք, ապա աշխարհի հանդեպ սերը ի վերջո կդրդի մեզ ամբողջովին մերժելու քրիստոնեական ուղին (Ա Յովհաննէս 2։15)։ Ինչպե՞ս կարող է խոհեմությունը օգնել մեզ։
Նախ՝ այն կօգնի, որ տեսնենք հնարավոր վտանգները։ Մեզ հրապուրելու համար աշխարհը դիմում է ամեն տեսակ խորամանկ միջոցների։ Օրինակ՝ անընդհատ գովազդում է այն ապրելակերպը, որին, իր կարծիքով, ամեն ոք պիտի որ ձգտի. հարուստ, հրապուրիչ և հաջող կյանքը, որ աչք է շլացնում (Ա Յովհաննէս 2։16)։ Մեզ խոստանում են, թե կարժանանանք բոլորի, հատկապես՝ մեր հասակակիցների ու մերձավորների հիացմունքին ու հավանությանը։ Խոհեմությունը կօգնի, որ դիմագրավենք այդ պրոպագանդային՝ հիշեցնելով ‘փողասիրությանը տեղ չտալու’ անհրաժեշտության մասին։ Այն նաև կօգնի, որ հիշենք Եհովայի այն խոստումը, համաձայն որի՝ նա ոչ մի դեպքում ‘չպիտի թողնի մեզ’ (Եբրայեցիս 13։5)։
Բացի այդ՝ խոհեմությունը կօգնի, որ չհետևենք նրանց, ովքեր «շեղուեցին ճշմարտութիւնից» (Բ Տիմոթէոս 2։18)։ Ինչ խոսք, դժվար է դեմ կանգնել նրանց, ում սիրել ու վստահել ենք (Ա Կորնթացիս 15։12, 32–34)։ Բայց եթե թույլ տանք, որ քրիստոնեական ուղին մերժածները ազդեն մեզ վրա, նույնիսկ շատ քիչ, կխոչընդոտենք մեր հոգևոր առաջընթացին և ի վերջո կհայտնվենք վտանգավոր իրավիճակում։ Մենք կնմանվենք մի նավի, որը թեև սկզբում ընդամենը մեկ աստիճան է շեղվում իր ընթացքից, բայց երկար ճանապարհ անցնելուց հետո չի հասնում նշանակված վայրը, քանի որ շեղման անկյունը գնալով մեծացել է (Եբրայեցիս 3։12)։
Խոհեմությունը կարող է օգնել որոշելու, թե հոգևորապես ինչ վիճակում ենք և ուր ենք գնում։ Գուցե զգում ենք, որ լավ կլիներ ավելի լիարժեք կերպով մասնակցել քրիստոնեական գործունեությանը (Եբրայեցիս 6։11, 12)։ Տեսնենք, թե ինչպես է խոհեմությունը օգնել մի երիտասարդ Վկայի հոգևոր նպատակներ հետապնդելու հարցում. «Ես հնարավորություն ունեի ժուռնալիստի կարիերա ստեղծելու։ Դա իսկապես գրավում էր ինձ, բայց ես հիշում էի աստվածաշնչյան այն համարը, որն ասում է՝ ‘այս աշխարհն անցնում է’, իսկ «ով կատարում է Աստծու կամքը, մնում է յավիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։ Ես հասկանում էի, որ ապրելակերպս պիտի արտացոլի իմ հավատալիքները։ Իմ ծնողները մերժել էին քրիստոնեական ուղին. ես չէի ցանկանում հետևել նրանց օրինակին։ Ուստի որոշեցի ապրել իմաստալից կյանքով և համալրեցի լիաժամ ծառայողների շարքը՝ դառնալով ընդհանուր ռահվիրա։ Անցել են չորս հիանալի տարիներ։ Ես կարող եմ ասել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»։
Հաջողությամբ դիմագրավել հոգևոր փոթորիկները
Ինչո՞ւ է այսօր խոհեմությունը խիստ անհրաժեշտ։ Նավաստիները պիտի զգոն լինեն և ուշադրություն դարձնեն վտանգի մասին նախազգուշացնող ազդանշաններին, հատկապես՝ եթե փոթորիկ է սկսվում։ Երբ ջերմաստիճանը իջնում է, և քամին ուժեղանում, նրանք փակում են շլյուզները (ջրարգելակ) և պատրաստվում վատթարագույնին։ Նույնը և մենք. քանի որ այս չար համակարգը մոտենում է իր վախճանին, պատրաստ պիտի լինենք ուժգին փորձությունների։ Հասարակությունը բարոյապես անկում է ապրում, «չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ [են գնում] չարութեան մէջ» (Բ Տիմոթէոս 3։13, ԱԹ)։ Ճիշտ ինչպես նավաստիներն են միշտ հետևում եղանակի տեսությանը, այնպես էլ մենք պետք է ականջ դնենք Աստծո Խոսքում գրված մարգարեական նախազգուշացումներին (Սաղմոս 19։7–11)։
Եթե խոհեմ ենք, ապա կկիրառենք հավիտենական կյանքի տանող գիտությունը (Յովհաննէս 17։3)։ Նաև խնդիրների հետ բախվելիս հանկարծակիի չենք գա և դրանք լուծելու ուղիներ կփնտրենք։ Իսկ դա կօգնի չխոտորվել քրիստոնեական ճանապարհից և ապագայի համար ‘բարի հիմք դնել’՝ հոգևոր նպատակներ հետապնդելով (Ա Տիմոթէոս 6։19)։
Պահպանելով իմաստությունն ու խոհեմությունը՝ «յանկարծահաս երկիւղիցը» վախենալու կարիք չենք ունենա (Առակաց 3։21, Արևմտ. Աստ., 25, 26)։ Ընդհակառակը՝ մխիթարություն կստանանք Աստծո հետևյալ խոստումից. «[Երբ] իմաստութիւնը կ’մտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կ’լինի քո հոգիին. խոհեմութիւնը քեզ կ’պահէ, հանճարը քեզ կ’պաշտպանէ» (Առակաց 2։10, 11)։
[ծանոթագրություն]
a Քրիստոնյաները պետք է ձգտեն խաղաղության։ Դա համապատասխանում է Մատթէոս 5։23, 24–ում գրված խոսքերին։ Եթե խնդիրը լուրջ բնույթ է կրում, ապա նրանք պետք է առաջնորդվեն Մատթէոս 18։15–17 խոսքերում գրված սկզբունքով և փորձեն շահել իրենց եղբորը։ Տե՛ս «Դիտարան», 1999, նոյեմբեր էջ 14–19։
[նկար 23–րդ էջի վրա]
Որքան շատ լինի կողակիցների շփումը, այնքան ամուսնական կապն ավելի կամրանա