Նրանք հաղթանակ տարան հալածանքների դեմ
ՖՐԻԴԱ ՅԵՍԸ ծնվել է 1911 թ.–ին՝ Դանիայում, որտեղից իր ծնողների հետ միասին տեղափոխվել է Հուզում քաղաքը (հյուսիսային Գերմանիա)։ Տարիներ հետո նա աշխատանքի է անցել Մագդեբուրգում։ 1930 թ.–ին նա մկրտվել է և դարձել Աստվածաշունչ ուսումնասիրողներից մեկը՝ ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները։ 1933 թ.–ին Հիտլերի իշխանության գլուխ անցնելը մի իրադարձություն էր, որը սկիզբ դրեց Ֆրիդայի հանդեպ 23 տարի շարունակվող դաժան վերաբերմունքին՝ ոչ թե մեկ, այլ երկու տոտալիտար կառավարությունների կողմից։
Գերմանիայի կառավարությունը 1933 թ. մարտին համընդհանուր ընտրություններ հայտարարեց։ Պատմաբան Դետլեֆ Գարբեն՝ Համբուրգ քաղաքի մոտ գտնվող Նոյենգամեի համակենտրոնացման ճամբարի թանգարանի տնօրենը, բացատրում է. «Նացիոնալ–սոցիալիստները ցանկանում էին ստիպել մեծամասնությանը ձայնը տալ իրենց կանցլեր ու ֆյուրեր Ադոլֆ Հիտլերին»։ Եհովայի վկաները հետևում էին Հիսուսի պատվերին՝ չեզոք մնալ քաղաքական հարցերում և «աշխարհքիցը» չլինել. ուստի ընտրություններին չմասնակցեցին։ Ի՞նչ եղավ արդյունքը. Եհովայի վկաների գործունեությունն արգելվեց (Յովհաննէս 17։16)։
Ֆրիդան գաղտնի էր կատարում իր քրիստոնեական ծառայությունը. նա նույնիսկ օգնում էր տպագրել «Դիտարան» պարբերագիրը։ «Որոշ պարբերագրեր թաքուն տարվում էին համակենտրոնացման ճամբարներ՝ մեր հավատակիցներին»,— պատմում է նա։ 1940 թ.–ին նրան ձերբակալեց գեստապոն և հարցաքննության ենթարկեց, որից հետո Ֆրիդան ամիսներ շարունակ անցկացրեց մենախցում։ Ինչպե՞ս նա կարողացավ դիմանալ այդ ամենին։ «Աղոթքն ասես ապաստան լիներ ինձ համար,— պատմում է Ֆրիդան։— Վաղ առավոտյան սկսում էի աղոթել և այդպես՝ մի քանի անգամ օրվա ընթացքում։ Այն ուժ էր տալիս ինձ և օգնում էր չափից շատ չմտահոգվել» (Փիլիպպեցիս 4։6, 7)։
Ֆրիդան ազատ արձակվեց, սակայն 1944–ին գեստապոն կրկին ձերբակալեց նրան։ Այս անգամ նրան ազատազրկեցին յոթ տարով՝ Վալդհայմի բանտում։ Ֆրիդան շարունակում է. «Բանտի պահակների հանձնարարությամբ մի քանի կանանց հետ պետք է մաքրեինք զուգարանները։ Մի կնոջ հետ, որը Չեխոսլովակիայից էր, առանձնապես հաճախ էի լինում, ուստի նրա հետ շատ էի զրուցում Եհովայի և իմ հավատի մասին։ Այդ զրույցները ինձ շատ էին ամրացնում»։
Ազատություն, բայց ոչ երկար
Վալդհայմի բանտը ազատագրվեց Խորհրդային զորքերի կողմից 1945 թ. մայիսին, և Ֆրիդան ազատ էր՝ Մագդեբուրգ վերադառնալու և շարունակելու իր ծառայությունը։ Սակայն այդ ազատությունը երկար չտևեց։ Վկաները կրկին դարձան խտրականության թիրախ, այս անգամ սակայն՝ Խորհրդային օկուպացիոն զոնայի իշխանությունների կողմից։ Տոտալիտարիզմը հետազոտող «Աննա Արենտ» ինստիտուտի աշխատակից Գերալդ Հակեն գրում է. «Կարելի է ասել, որ Եհովայի վկաների խումբը այն փոքրաթիվ խմբերից մեկն էր, որը գրեթե շարունակական հալածանքների զոհն էր դարձել Գերմանիայում տիրող երկու դիկտատուրաների կողմից»։
Ո՞րն էր պատճառը, որ դարձյալ խտրականություն դրսևորվեց նրանց հանդեպ։ Այս անգամ ևս՝ քրիստոնեական չեզոքությունը։ Արևելյան Գերմանիայում 1948 թ.–ին անցկացվեց հանրաքվե՝ քվեարկություն ժողովրդի կողմից, և ինչպես բացատրում է Հակեն, «[Եհովայի վկաներին հալածանքների ենթարկելու] հիմնական պատճառն այն էր, որ նրանք չէին մասնակցում այդ քվեարկությանը»։ Ի վերջո 1950 թ. օգոստոսին Եհովայի վկաների գործունեությունը արգելվեց Արևելյան Գերմանիայում։ Հարյուրավորների ձերբակալեցին. նրանց մեջ էր նաև Ֆրիդան։
Ֆրիդան նորից կանգնած էր դատարանի առջև. նրան դատապարտեցին վեց տարի ազատազրկման։ «Այս անգամ հավատակիցներիս հետ էի, և այդ ընկերակցությունը մեծ օգնություն էր ինձ համար»։ Երբ 1956 թ.–ին նա ազատ արձակվեց, տեղափոխվեց Արևմտյան Գերմանիա։ Այժմ իննսունամյա Ֆրիդան ապրում է Հուզում քաղաքում և ծառայում է ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։
Նա քսաներեք տարի հալածանքներ կրեց երկու դիկտատուրաների ժամանակներում։ Ֆրիդան ասում է. «Նացիստները փորձում էին ֆիզիկապես վերացնել ինձ, կոմունիստները՝ հոգեպես։ Գուցե հարցնեք՝ որտեղի՞ց ինձ այնքան ուժ, որ դիմացա այդ ամենին։ Աստվածաշնչի ուսումնասիրության լավ սովորությունները՝ ազատության մեջ, կանոնավոր աղոթքները՝ մեկուսացած լինելու ընթացքում, ամեն հնարավոր առիթներով հավատակիցներիս հետ շփումը, ինչպես նաև յուրաքանչյուր հնարավորության դեպքում հավատիս մասին ուրիշների հետ խոսելը. ահա՛ այս ամենը զորացրեց ինձ»։
Ֆաշիզմը Հունգարիայում
Եհովայի վկաները տասնամյակներ շարունակ խտրականության զոհ են եղել նաև մեկ ուրիշ երկրում՝ Հունգարիայում։ Ոմանք հալածանքներ են կրել ոչ թե երկու, այլ նույնիսկ երեք տոտալիտար ռեժիմների պայմաններում։ Քննենք Ադամ Սինգերի օրինակը։ Ադամը ծնվել է 1922 թ.–ին Հունգարիայի Պակշ քաղաքում և մեծացել է բողոքականություն դավանող ընտանիքում։ 1937–ին մի քանի Աստվածաշունչ ուսումնասիրողներ այցելեցին Ադամի տուն, և նա անմիջապես հետաքրքրություն ցուցաբերեց նրանց հաղորդած տեղեկությունների հանդեպ։ Աստվածաշնչից գիտելիքներ ձեռք բերելով՝ նա համոզվեց, որ իր եկեղեցու ուսուցումները սուրբգրային չեն, ուստի թողեց բողոքական եկեղեցին և սկսեց մասնակցել Աստվածաշունչ ուսումնասիրողների քարոզչական գործունեությանը։
Հունգարիայում գնալով սաստկանում էր ֆաշիզմը։ Ժանդարմները շատ անգամ հետևում էին Ադամին տնից տուն քարոզելիս և ձերբակալում հարցաքննության համար։ Վկաների վրա գործադրած ճնշումը ավելի մեծացավ, և ի վերջո 1939 թ.–ին նրանց գործունեությունն արգելվեց։ 1942 թ.–ին Ադամին ձերբակալեցին, բանտ նետեցին ու դաժանորեն ծեծեցին։ Ի՞նչը օգնեց նրան 19 տարեկան հասակում ամիսներ շարունակ դիմանալ բանտի տառապանքներին։ Նա պատմում է. «Տանը եղած ժամանակ ես ուշադիր ուսումնասիրել էի Աստվածաշունչը և կարողացել էի ձեռք բերել Եհովայի նպատակների մասին խորը հասկացողություն»։ Բանտից ազատագրվելուց հետո էր միայն, որ Ադամը մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։ Դա 1942թ. օգոստոսյան մի մութ գիշեր էր. մկրտությունը տեղի ունեցավ իր տան մոտ գտնվող գետում։
Հունգարիայի բանտում, ապա Սերբիայի ուղղիչ–աշխատանքային գաղութում
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունգարիան միացավ Գերմանիային՝ ընդդեմ Խորհրդային Միության, և 1942 թ. վերջերին Ադամին կանչեցին զինվորական ծառայության։ Նա պատմում է. «Ես ասացի, որ Աստվածաշնչից ձեռք բերած իմ գիտելիքները ինձ թույլ չեն տալիս գնալ զինծառայության, բացատրեցի իմ չեզոք դիրքորոշման մասին»։ Ադամին դատապարտեցին 11 տարի ազատազրկման։ Սակայն նա երկար չմնաց Հունգարիայում։
1943 թ.–ին մոտ 160 Եհովայի վկաների, որոնց մեջ էր նաև Ադամը, նստեցրին բեռնատար նավեր և Դանուբ գետով ուղարկեցին Սերբիա։ Սերբիայում այս բանտարկյալները հայտնվեցին Հիտլերի երրորդ ռեյխի տիրապետության տակ։ Նրանց տեղավորեցին մի ուղղիչ–աշխատանքային գաղութում, որը գտնվում էր Բորում, և ստիպեցին աշխատել պղնձի հանքում։ Մոտ մեկ տարի հետո նրանց ետ բերեցին Հունգարիա, որտեղ էլ 1945 թ. գարնանը Ադամը ազատ արձակվեց Խորհրդային զորքերի կողմից։
Հունգարիան կոմունիստական իշխանության ժամանակ
Բայց ազատությունը կարճ տևեց։ 1940–ականների վերջում կոմունիստական կառավարությունը Հունգարիայում սահմանափակումներ դրեց Եհովայի վկաների գործունեության վրա, ինչպես արել էին ֆաշիստները նախքան պատերազմը։ Ուստի 1952–ին, երբ Ադամն արդեն 29 տարեկան էր՝ ամուսնացած, ուներ երկու երեխա, կրկին ձերբակալվեց, և նրան մեղադրանք առաջադրվեց՝ այս անգամ ևս զինծառայությունից հրաժարվելու համար։ Նա դատարանի առջև տվեց իր բացատրությունը. «Սա առաջին դեպքը չէ, որ ես հրաժարվում եմ զինվորական ծառայությունից։ Պատերազմի տարիներին ինձ բանտարկել և ապա աքսորել են Սերբիա այս նույն պատճառով։ Իմ խիղճը թույլ չի տալիս ինձ մասնակցել զինծառայությանը։ Ես Եհովայի վկա եմ և չեզոք եմ քաղաքական հարցերում»։ Դատարանի վճիռը եղավ՝ ութ տարի ազատազրկում, սակայն հետո պատժաչափը իջեցվեց մինչև չորս տարի։
Մինչև 1970–ականների կեսերը Ադամը շարունակ խտրականության թիրախ է եղել. 35 տարի էր անցել այն ժամանակվանից, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողները առաջին անգամ այցելել էին իր հայրական տունը։ Այս ընթացքում նա 23 տարի գտնվել էր կալանքի տակ՝ դատապարտված վեց դատարանների կողմից՝ ամենաքիչը տասը բանտերում և գաղութներում։ Շարունակական հալածանքներ էր կրել երեք ռեժիմների պայմաններում. դրանք էին՝ ֆաշիզմը Հունգարիայում՝ նախապատերազմյան տարիներին, Գերմանիայի նացիոնալ–սոցիալիստական ռեժիմը Սերբիայում և կոմունիստական ռեժիմը Հունգարիայում՝ սառը պատերազմի տարիներին։
Ադամը առ այսօր ապրում է իր հայրենի Պակշ քաղաքում և հավատարմորեն ծառայում է Աստծուն։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ բոլոր զրկանքներից նա հաղթական է դուրս եկել իր արտասովոր կարողությունների շնորհիվ։ Ամենևին։ Տեսնենք, թե ինչ է ասում անձամբ ինքը.
«Անչափ կարևոր էր Աստվածաշունչ ուսումնասիրելը, աղոթքները և հավատակիցների հետ ընկերակցելը։ Բայց կուզենայի ընդգծել ևս երկու բան։ Առաջին՝ Եհովան է զորության աղբյուրը։ Նրա հետ ունեցած մտերիմ փոխհարաբերություններս միշտ օգնել են ինձ դիմանալու։ Եվ երկրորդ՝ մտքումս պահում էի Հռովմայեցիս 12–րդ գլուխը, որտեղ ասվում է. «Վրեժխնդրութիւն մի անէք»։ Ուստի երբեք քեն չեմ պահել։ Մի քանի անգամ հնարավորություն է ստեղծվել վրեժ լուծել ինձ հալածողներից, սակայն ոչ մի դեպքում էլ այդպես չեմ վարվել։ Չպետք է Եհովայից ստացած զորությունը օգտագործենք չարին չարով հատուցելու համար»։
Վերջ՝ բոլոր հալածանքներին
Ֆրիդան և Ադամը այժմ կարող են երկրպագել Եհովային առանց որևիցե արգելքի։ Սակայն ի՞նչ ենք իմանում կրոնի պատճառով կատարվող հալածանքների մասին, երբ ուշադրություն ենք դարձնում նրանց կրած դժվարություններին։ Տեսնում ենք, որ այդպիսի հալածանքները ապարդյուն են՝ համենայն դեպս, եթե դրանք ուղղված են ճշմարիտ քրիստոնյաների դեմ։ Չնայած նրան, որ Եհովայի վկաներին հալածելը շատ նյութական զրկանքների ու ծանր տառապանքների է հանգեցրել, այնուամենայնիվ հալածողները չեն հասել իրենց նպատակին։ Այսօր Եհովայի վկաները ծաղկում են Եվրոպայում, որտեղ մի ժամանակ տիրում էին երկու դիկտատուրաները։
Ինչպե՞ս էին Վկաները արձագանքում հալածանքին։ Ֆրիդայի և Ադամի օրինակից տեսնում ենք, որ նրանք հետևում էին Աստվածաշնչի խորհրդին. «Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին» (Հռովմայեցիս 12։21)։ Բարին իրականում կարո՞ղ է հաղթել չարին։ Իհարկե կարող է, եթե այն սկիզբ է առնում Աստծո հանդեպ ունեցած ամուր հավատից։ Եվրոպայում ապրող Եհովայի վկաների հաղթանակը Աստծո սուրբ ոգու հաղթանակն էր՝ բարուն ի նպաստ դրսևորվող մի զորության, որ բխում է հավատից։ Իսկ այդ հավատը սուրբ ոգու պտուղն է, որ աճում է խոնարհ քրիստոնյաների մեջ (Գաղատացիս 5։22, 23)։ Ներկայիս բռնությամբ լի աշխարհում այս ամենը դաս է, որի շուրջ բոլորը կարող են լրջորեն խորհել։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Ֆրիդա Յեսը (այժմ Թիելե)՝ կալանքի տակ և հիմա
[նկարներ 7–րդ էջի վրա]
Ադամ Սինգերը՝ կալանավայրում և հիմա