Որքա՜ն կարևոր է ողորմածությունը
«ՄԱՐԴԻՍ զուարճանքն իր ողորմածութիւնն է»,— ասվում է Աստվածաշնչում (Առակաց 19։22)։ Իրոք որ, սիրուց մղված բարեգործությունը՝ ողորմածությունը, ցանկալի հատկություն է։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում «ողորմածութիւն» թարգմանված եբրայերեն բառը կրում է հետևյալ իմաստը՝ բարություն, որը կարող է հիմնված լինել արդեն հաստատված փոխհարաբերությունների վրա. օրինակ՝ բարություն, որը դրսևորվում է արդեն ցուցաբերված բարության դիմաց։ Հետևաբար ողորմածությունը հավատարմության գաղափար է ընդգրկում։
Հուդայի Հովաս թագավորն իր մեջ չմշակեց այս ցանկալի հատկությունը։ Իր կյանքի համար նա պարտական էր իր հորաքրոջն ու նրա ամուսնուն՝ Հովիադային։ Երբ Հովասը մոտ մեկ տարեկան էր, նրա չար տատը սպանեց Հովասի եղբայրներին, որոնք թագաժառանգներ էին, և ինքն իրեն թագուհի հռչակեց։ Սակայն նրան չհաջողվեց սպանել փոքրիկ Հովասին, քանի որ նրա հորաքույրն ու վերջինիս ամուսինը հուսալի կերպով թաքցրել էին փոքրիկին։ Հետագայում նրանք Հովասին սովորեցրեցին Աստծո Օրենքը։ Երբ նա դարձավ յոթ տարեկան, Հովիադան, օգտագործելով իր՝ քահանայապետի հեղինակությունը, մահվան մատնեց չար թագուհուն և նրա փոխարեն թագադրեց Հովասին (Բ Մնացորդաց 22։10–23։15)։
Երիտասարդ Հովասը հիանալի թագավոր էր, քանի դեռ Հովիադան ողջ էր։ Սակայն նրա մահից հետո Հովասը կռապաշտության դիմեց։ Աստված ուղարկեց Զաքարիային՝ Հովիադայի որդուն, որպեսզի նա նախազգուշացներ Հովասին իր հավատուրացության հետևանքների մասին։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց Հովասը. նրա հրամանով Զաքարիային քարկոծեցին։ Անհավատարմության ինչպիսի՜ ահավոր դրսևորում այն ընտանիքի հանդեպ, որին նա այդչափ պարտական էր (Բ Մնացորդաց 24։17–21)։
Աստվածաշունչն ասում է. «Յովաս թագաւորը չ’յիշեց այն ողորմութիւնը, որ [Զաքարիայի] հայրը Յովիադան արել էր նորան, եւ սպանեց նորա որդիին»։ Իսկ Զաքարիան մեռնելիս ասաց. «Տէրը տեսնէ եւ պահանջէ»։ Այդպես էլ եղավ. Հովասը ծանր հիվանդությամբ տառապեց և սպանվեց իր իսկ ծառաների կողմից (Բ Մնացորդաց 24։17–25)։
Բոլոր նրանք, ովքեր Հովաս թագավորի ընթացքն ընդօրինակելու փոխարեն ականջ դնեն հետևյալ խորհրդին, վառ ապագա կունենան. «Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը թող քեզ չթողուն.... Այն ատեն Աստուծոյ եւ մարդոց առջեւ շնորհք ու բարի համարում պիտի գտնես» (Առակաց 3։3, 4, Արևմտ. Աստ.)։