Իսկապե՞ս ուրիշների կարիքն ունենք
«ԵՐԲ քննում ենք մեր կյանքն ու ձգտումները, շուտով նկատում ենք, որ գրեթե մեր բոլոր գործերն ու ցանկությունները կապված են այլ մարդկանց գոյության հետ»,— նշել է հանրաճանաչ գիտնական Ալբերտ Էյնշտեյնը։ Նա շարունակում է. «Մենք ուտում ենք սնունդ, որ ուրիշներն են արտադրել, հագնում ենք հագուստ, որ ուրիշներն են պատրաստել, ապրում ենք տներում, որ ուրիշներն են կառուցել։ ....Անհատն անհատ է, և նրա կարևորությունը պայմանավորված է ոչ այնքան իր անհատականությամբ, որքան մարդկային մեծ համայնքի անդամ լինելով, որը նրա նյութական և հոգևոր գոյությունը ղեկավարում է ծննդից մինչև մահ»։
Կենդանական աշխարհին բնորոշ է բնազդային ընկերակցությունը։ Փղերը տեղափոխություններ են կատարում հոտերով՝ իրենց փոքրիկներին զգուշությամբ պահպանելով։ Էգ առյուծները միասին են որս անում և իրենց ուտելիքը կիսում արուների հետ։ Դելֆինները միասին խաղում են և նույնիսկ պաշտպանում են փորձանքի հանդիպած կենդանիների կամ լողորդների։
Մարդկանց մեջ, սակայն, սոցիոլոգները նկատել են մի տենդենց, որ գնալով ավելի ու ավելի մեծ անհանգստություն է պատճառում։ Համաձայն Մեքսիկայում հրատարակված մի թերթի՝ որոշ գիտնականներ այն կարծիքին են, որ «անհատի՝ տասնյակ տարիների մեկուսացումը և հասարակական կյանքի քայքայվելը ամերիկյան հասարակության վրա վնասակար ազդեցություն է թողել»։ Թերթում ասվում էր, որ «ամերիկացիների բարեկեցությունը կախված է հասարակության լայնածավալ փոփոխությունից, որն իր մեջ ներառում է վերադարձ հասարակական կյանքին»։
Այս պրոբլեմը հատկապես տարածված է զարգացած երկրներում։ Շատերի մոտ մեկուսանալու տենդենց կա, և այն արագորեն աճում է։ Մարդիկ ցանկանում են «ապրել իրենց կյանքով» և խիստ դեմ են այն բանին, որ ուրիշները «ներխուժեն իրենց կյանքի մեջ»։ Կարծիք կա, որ նման մոտեցումը մարդկային հասարակությանը մղել է ավելի հակված լինելու էմոցիոնալ պրոբլեմների, դեպրեսիայի և ինքնասպանության։
Այս առնչությամբ դոկտոր Դանիել Գոուլմանն ասաց. «Հասարակությունից մեկուսացումը՝ այն երևույթը, երբ ինչ–որ մեկը չունի մի անձնավորություն, որի հետ կիսվի իր զգացմունքներով կամ մտերմություն անի, կրկնապատկում է հիվանդության կամ մահվան հավանականությունը»։ Մի պարբերագրում հրատարակված զեկույցում եզրակացություն արվեց, որ հասարակությունից մեկուսանալը «մահացության տոկոսի վրա անդրադառնում է այն նույն ձևով, ինչ որ ծխելու սովորությունը, արյան բարձր ճնշումը, խոլեստերինի մեծ քանակությունը, ճարպակալումը և ֆիզիկական վարժությունների պակասը» («Science»)։
Այսպիսով՝ տարբեր պատճառներից ելնելով կարող ենք ասել, որ մենք իսկապես ուրիշների կարիքն ունենք։ Մենք չենք կարող տանել միայնությունը։ Բայց ինչպե՞ս կարող է մեկուսի լինելու պրոբլեմը լուծվել։ Ի՞նչն է շատերի կյանքին իսկական իմաստ հաղորդել։ Հաջորդ հոդվածը կանդրադառնա այս հարցերին։
[մեջբերում 3–րդ էջի վրա]
«Գրեթե մեր բոլոր գործերն ու ցանկությունները կապված են այլ մարդկանց գոյության հետ» (Ալբերտ Էյնշտեյն)