Ինչու չենք կարող տանել միայնությունը
«Երկուսը լաւ է քան թէ մէկը.... Եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ» (Սողոմոն թագավոր)
ՀԻՆ Իսրայելի թագավոր Սողոմոնն ասաց. «Երկուսը լաւ է քան թէ մէկը. որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը։ Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ. բայց վա՜յ մէկին որ ընկնի, եւ մի երկրորդ չ’կայ որ նորան կանգնեցնէ» (Ժողովող 4։9, 10)։ Այս իմաստուն անձնավորությունը, որ ուսումնասիրել էր մարդու վարքագիծը, այսպիսով ընդգծում է ընկերակցություն ունենալու մեր կարիքը և ինքներս մեզ չմեկուսացնելու կարևորությունը։ Սակայն սա միայն մարդու կարծիք չէր։ Սողոմոնի այս խոսքերը աստվածային իմաստության և ներշնչման արդյունք էին։
Իմաստուն չէ ինքներս մեզ մեկուսացնելը։ Մարդիկ մեկը մյուսի կարիքն ունեն։ Մենք բոլորս կարիք ունենք զորության և օգնության, որ կարող ենք ստանալ ուրիշներից։ «Ինքնահաճոյ [«զատուող», ծան.] մարդը իր ցանկութիւնը կը փնտռէ,— ասվում է Աստվածաշնչի առակներից մեկում,— ամէն խորհուրդի դէմ կը կենայ» (Առակաց 18։1, Արևմտ. Աստ.)։ Զարմանալի չէ, որ սոցիոլոգները քաջալերում են անհատներին մարդկանց միջավայրում լինել և հետաքրքրվել ուրիշներով։
Հասարակական կյանքի աշխուժացման վերաբերյալ տրվող խորհուրդների մեջ պրոֆեսոր Ռոբերտ Փութնամը նշում է «Աստծո հանդեպ ունեցած հավատի ազդեցությունն ուժեղացնելու» կարևորությունը։ Այս առումով Եհովայի վկաները աչքի են ընկնում, քանի որ նրանք պաշտպանություն են վայելում ամբողջ աշխարհով մեկ սփռված ժողովներում, որ ընտանիքի են նման։ Պետրոս առաքյալի խոսքերին ներդաշնակ՝ նրանք ‘սիրում են եղբայրությունը’, որը հարգալից վախ ունի Աստծո հանդեպ (Ա Պետրոս 2։17)։ Վկաները նաև խուսափում են մեկուսանալուց և դրա վնասակար հետևանքներից, քանի որ զբաղվում են ճշմարիտ երկրպագության հետ կապված դրական շատ գործերով՝ իրենց հարևաններին օգնելով, որ իմանան Աստծո Խոսքում՝ Աստվածաշնչում գտնվող ճշմարտությունը (Բ Տիմոթէոս 2։15)։
Սերն ու ընկերակցությունը փոխեցին նրանց կյանքը
Եհովայի վկաները մի միասնական համայնք են կազմում, որտեղ յուրաքանչյուր անդամ կարևոր դեր ունի։ Որպես օրինակ քննարկենք Միգելի, Ֆրոյլանի և Ալմա Ռութի՝ Լատինաամերիկյան մի ընտանիքի երեք անդամների դեպքը։ Նրանք ժառանգել էին ոսկրային համակարգի հիվանդություն, որը հանգեցնում է թզուկության մի տեսակի։ Բոլոր երեքն էլ գամված են հաշմանդամի սայլակներին։ Ինչպե՞ս է ազդել Վկաների հետ ընկերակցելը նրանց կյանքի վրա։
Միգելն ասում է. «Իմ կյանքում եղել են ծանր ժամանակներ, բայց երբ սկսեցի ընկերակցել Եհովայի ժողովրդի հետ, իմ կյանքը փոխվեց։ Մեկուսանալը շատ վտանգավոր է։ Քրիստոնեական հանդիպումների ժամանակ հավատակիցների հետ ընկերակցելը, ամեն շաբաթ նրանց հետ լինելը մեծապես օգնեց ինձ գոհունակություն և բավականություն գտնել»։
Ալմա Ռութն ավելացնում է. «Ինձ մոտ խոր դեպրեսիայի պահեր էին լինում, ես շատ տխուր էի լինում։ Բայց Եհովայի մասին սովորելով՝ հասկացա, որ կարող եմ մոտ փոխհարաբերություններ ունենալ նրա հետ։ Դա ինձ համար դարձավ կյանքում ամենաարժեքավոր բանը։ Մեր ընտանիքը հոգևորապես շատ է աջակցում մեզ, և դա ավելի է միավորում»։
Միգելի հայրը սիրով սովորեցրել էր նրան կարդալ ու գրել։ Հետո Միգելն իր հերթին օգնել էր Ֆրոյլանին ու Ալմա Ռութին։ Սա կարևոր դեր ունեցավ նրանց հոգևորի համար։ «Կարդալ սովորելը մեզ մեծ օգուտ տվեց, որովհետև հետո մենք կարողացանք հոգևորապես սնվել՝ կարդալով Աստվածաշունչ և Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններ»,— ասում է Ալմա Ռութը։
Ներկայումս Միգելը ծառայում է որպես քրիստոնյա երեց։ Ֆրոյլանը կարդացել է Աստվածաշունչը ինն անգամ։ Ալմա Ռութը սկսած 1996թ.–ից ավելացրել է իր ծառայությունը Եհովային՝ դառնալով ռահվիրա՝ Թագավորության լիաժամ քարոզիչ։ Նա ասում է. «Եհովայի օրհնությամբ ես հասա այս նպատակին, քանի որ իմ սիրելի քույրերը աջակցում են ինձ։ Նրանք օգնում են ինձ ոչ միայն քարոզել, այլև սովորեցնել՝ օգնելով, որ անցկացնեմ այն 11 աստվածաշնչյան ուսուցումները, որ կարողացել եմ սկսել»։
Մեկ ուրիշ լավ օրինակ է Էմիլիան, որն իր հետ պատահած վթարից հետո ստիպված է հաշմանդամի սայլակ օգտագործել ոտքերի և ողնաշարի վնասվածքների պատճառով։ Մեխիկոյում Եհովայի վկաները Աստվածաշունչ ուսումնասիրեցին նրա հետ, ու 1996 թ.–ին Էմիլիան մկրտվեց։ Նա ասում է. «Նախքան ճշմարտությունն իմանալը ուզում էի ինքս ինձ սպանել, այլևս չէի ցանկանում ապրել։ Ես մեծ դատարկություն էի զգում և գիշեր ու ցերեկ արտասվում էի։ Երբ սկսեցի ընկերակցել Եհովայի ժողովրդի հետ, զգացի եղբայրության սերը։ Այն, որ նրանք անհատապես հետաքրքրվում են ինձանով, քաջալերանք է հաղորդում։ Երեցներից մեկը ինձ համար ասես եղբայր կամ հայր լինի։ Նա և որոշ ծառայող օգնականներ տանում են ինձ իմ հաշմանդամի սայլակով հանդիպումների և քարոզչության»։
Խոսեն, որ 1992 թ.–ին մկրտվելով դարձել է Եհովայի վկա, մենակ է ապրում։ Նա 70 տարեկան է և 1990 թ.–ից թոշակի է անցել։ Խոսեն դեպրեսիայի մեջ էր գտնվում։ Այն բանից հետո, երբ մի Վկա քարոզեց նրան, Խոսեն անմիջապես սկսեց քրիստոնեական հանդիպումների հաճախել։ Նրան դուր եկավ այն, ինչ նա լսեց ու տեսավ այնտեղ։ Նա տեսավ, օրինակ, որ եղբայրները ընկերակցում են իրար հետ և զգաց, որ նրանք իր համար անհանգստանում են։ Նրա ժողովի երեցները և ծառայող օգնականները այժմ խնամում են իրեն (Փիլիպպեցիս 1։1; Ա Պետրոս 5։2)։ Այսպիսի հավատակիցները նրա համար «զորավիգ են» (Կողոսացիս 4։11, ՆԱ)։ Նրանք տանում են Խոսեին բժշկի, այցելում են տանը, աջակցել են նրան իր չորս վիրահատությունների ժամանակ։ Նա ասում է. «Նրանք հոգատարություն են ցույց տալիս իմ հանդեպ։ Սա իրոք իմ ընտանիքն է։ Ես հաճույք եմ ստանում նրանց ընկերակցությունից»։
Իսկական երջանկությունը տալու մեջ է
«Երկուսը լաւ է քան թէ մէկը». այս խոսքերն ասելուց անմիջապես առաջ Սողոմոն թագավորը խոսել էր այն մասին, որ ունայն է նվիրել ամբողջ եռանդն ու ուժը նյութական հարստություններ ձեռք բերելուն (Ժողովող 4։7–9)։ Սակայն հենց դրան են շատերն այսօր ձգտում, թեպետ դա նշանակում է զոհաբերել մարդկանց հետ փոխհարաբերությունները և՛ ընտանիքի ներսում, և՛ դրանից դուրս։
Ագահության և եսասիրության այդ ոգին շատերին հասցրել է մեկուսության։ Կյանքում սա ո՛չ երջանկություն, ո՛չ էլ բավականություն է բերել նրանց, քանի որ այդ ոգով շարժվող անձանց մոտ տարածված են հիասթափության ու անօգնականության զգացումները։ Ի հակադրություն դրա, հենց նոր պատմված դեպքերը ցույց են տալիս, թե ինչ լավ ազդեցություն է թողնում ընկերակցությունը նրանց հետ, ովքեր ծառայում են Եհովային և ովքեր գործում են Եհովայի ու իրենց դրացիների հանդեպ սիրուց մղված։ Քրիստոնեական հանդիպումներին կանոնավորապես ներկա գտնվելը, հավատակիցների աջակցությունն ու հոգատարությունը, և ծառայության մեջ եռանդուն լինելը կարևոր գործոններ էին, որ օգնեցին այս անհատներին հաղթահարելու միայնության հետ կապված բացասական զգացումները (Առակաց 17։17; Եբրայեցիս 10։24, 25)։
Քանի որ մենք կախում ունենք մեկս մյուսից, բնական է, որ ուրիշների համար ինչ–որ բան անելը բավարարվածություն է բերում։ Ալբերտ Էյնշտեյնը, որի աշխատանքից ուրիշներն օգուտ են քաղել, ասել է. «Մարդու արժեքը պետք է որոշվի նրանով, թե ինչ կարող է նա տալ և ոչ թե նրանով, թե ինչ կարող է նա ստանալ»։ Սա ներդաշնակ է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետևյալ խոսքերի հետ. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։ Հետևաբար, ինչպես որ սեր ստանալն է օգտակար, այնպես էլ ուրիշների հանդեպ սեր դրսևորելը շատ է նպաստում էմոցիոնալ և ֆիզիկական առողջությանը։
Մի շրջագայող վերակացու, որը տարիներ շարունակ ժողովներ է այցելում՝ հոգևոր աջակցություն ցույց տալու համար, և օգնում է քիչ միջոցներ ունեցող քրիստոնյաներին հանդիպումներ անցկացնելու տեղեր կառուցել, իր զգացմունքներն է արտահայտում. «Ուրախությունը, որ ստանում եմ եղբայրներիս ծառայելուց, և երախտագիտությունից շողացող նրանց դեմքերը տեսնելը մղում են ինձ շարունակել օգնելու առիթներ փնտրել։ Իմ փորձից կարող եմ ասել, որ ուրիշների հանդեպ անձնական հետաքրքրություն ցուցաբերելը երջանկության բանալին է։ Եվ ես գիտեմ, որ որպես երեցներ մենք պետք է լինենք «քամիի դէմ եղող պատսպարանի պէս, ....չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս.... ծարաւուտ երկրում»» (Եսայիա 32։2)։
Որքա՜ն հաճելի է միաբանությամբ բնակվել
Անշուշտ ուրիշներին օգնելը և Եհովային ծառայող մարդկանց հետ ընկերակցության ձգտելը բերում է մեծ օգուտ և իսկական երջանկություն։ «Ահա,— բացականչեց սաղմոսերգուն,— ո՜րչափ բարի ու ո՜րչափ վայելուչ [հաճելի] է որ եղբայրները իրարու հետ միաբանութեամբ բնակին» (Սաղմոս 133։1)։ Ինչպես երևում է Միգելի, Ֆրոյլանի և Ալմա Ռութի օրինակներից, ընտանիքի միասնականությունը կարևոր գործոն է մեկը մյուսին աջակցելու հարցում։ Եվ ինչպիսի՜ օրհնություն է իրար հետ միաբանված լինել ճշմարիտ երկրպագության մեջ։ Քրիստոնյա ամուսիններին և կանանց խորհուրդ տալուց հետո Պետրոս առաքյալը գրեց. «Վերջապէս ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղէք» (Ա Պետրոս 3։8)։
Անկեղծ ընկերությունը մեծ օգուտներ է բերում՝ էմոցիոնալ և հոգևոր առումներով։ Դիմելով իր հավատակիցներին՝ Պողոս առաքյալը կոչ արեց. «Մխիթարեցէք փոքրասիրտերին [«վհատվածներին», ԱՆԹ], օգնական եղէք տկարներին, երկայնամիտ եղէք ամենի հետ։ .... Ամեն ժամանակ բարիին հետեւեցէք իրար հետ եւ ամենի հետ» (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, 15)։
Ուրեմն ուրիշների համար բարին անելու գործնական ձևեր փնտրիր։ «Բարի գործ[եք] ամենին, մանաւանդ հաւատքի [ձեր] ընտանիներին», քանի որ դա իրական իմաստ կտա ձեր կյանքին ու կնպաստի, որ գոհունակ զգաք (Գաղատացիս 6։9, 10)։ Հիսուսի աշակերտ Հակոբոսը գրեց. «Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինին կամ օրուայ կերակրին կարօտ. եւ ձեզանից մէկն ասէ նորանց. Գնացէք խաղաղութեամբ, տաքացէք եւ կշտացէք. եւ մարմնի պէտք եղածը չ’տաք նորանց, օգուտն ի՞նչ կ’լինի» (Յակոբոս 2։15, 16)։ Այս հարցի պատասխանն ակնհայտ է։ Մենք պետք է ‘մենակ մեր անձերի բաներին մտիկ չտանք, այլ ամեն մեկն իր ընկերի բաներին էլ’ (Փիլիպպեցիս 2։4)։
Բացի այն, որ Եհովայի վկաները նյութապես օգնում են ուրիշներին, երբ հատուկ կարիք կա, կամ երբ աղետ է լինում, նրանք նաև ակտիվորեն օգնում են իրենց դրացիներին կենսական կարևորություն ունեցող մի ձևով՝ Աստծո Թագավորության բարի լուրը քարոզելով (Մատթէոս 24։14)։ 6 000 000–ից ավելի Վկաների մասնակցությունը՝ հույսի և մխիթարության այս պատգամը հռչակելու մեջ, ուրիշների հանդեպ նրանց անկեղծ, սիրով լի հետաքրքրության ապացույցն է։ Գրությունների միջոցով օգնություն ցուցաբերելը նաև օգնում է մարդու ունեցած մեկ այլ կարիք բավարարել։ Ո՞րն է դա։
Կենսական կարիքի բավարարում
Իսկական երջանկություն վայելելու համար, մեզ հարկավոր է լավ փոխհարաբերություններ ունենալ Աստծո հետ։ Մի գրքում ասվում է, որ «այն փաստը, որ մարդը ամենուրեք և միշտ, պատմության սկզբից մինչ այժմ, ներքին մղում է զգացել դիմելու մի բանի, որը նրա համոզմամբ իրենից բարձր ու զորավոր է, ցույց է տալիս, որ կրոնի զգացումը բնածին է և հարկավոր է գիտականորեն ընդունել դա։ .... Մենք պետք է ակնածանքով, հիացմունքով և խոր հարգանքով լցվենք՝ տեսնելով, թե որքան համընդհանուր բնույթ են կրում մարդու կողմից գերմարդկային էակի որոնումները և հավատը նրա հանդեպ («Man Does Not Stand Alone», Cressy Morrison)։
Հիսուս Քրիստոսը հայտարարեց. «Երանի հոգով աղքատներին» (Մատթէոս 5։3)։ Մարդիկ իրենց լավ չեն զգում մյուս մարդկանցից երկար ժամանակ մեկուսացած լինելով։ Սակայն, շատ ավելի լուրջ բան է ինքներս մեզ մեր Ստեղծիչից մեկուսացնելը (Յայտնութիւն 4։11)։ «Աստուծոյ գիտութիւնը» ձեռք բերելն ու կիրառելը մեր կյանքում կարևոր տեղ պետք է զբաղեցնի (Առակաց 2։1–5)։ Իսկապես, մենք պետք է վճռենք բավարարել մեր հոգևոր կարիքները, քանի որ չենք կարող Աստծուց անկախ և մեկուսացած լինել։ Երջանիկ և իրապես բավականություն պատճառող կյանքը կախված է Եհովայի՝ ‘բոլոր երկրի վրա միակ Բարձրյալի’ հետ լավ փոխհարաբերություններ ունենալուց (Սաղմոս 83։18)։
[նկար 5–րդ էջի վրա]
Միգել՝ «Իմ կյանքում եղել են ծանր ժամանակներ, բայց երբ սկսեցի ընկերակցել Եհովայի ժողովրդի հետ, իմ կյանքը փոխվեց»
[նկար 5–րդ էջի վրա]
Ալմա Ռութ՝ «Եհովայի մասին սովորելով՝ հասկացա, որ կարող եմ մոտ փոխհարաբերություններ ունենալ նրա հետ»
[նկար 6–րդ էջի վրա]
Էմիլիա՝ «Նախքան ճշմարտությունն իմանալը... մեծ դատարկություն էի զգում»
[նկար 7–րդ էջի վրա]
Ճշմարիտ երկրպագուների հետ ընկերակցելը օգնում է բավարարել մեր հոգևոր կարիքը