Ջանադրաբար փնտրո՞ւմ ես Եհովային
ՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱ շատ էր ուզում աստվածաշնչյան բարի լուրը հայտնել գնացքի իր մշտական ուղեկիցներին (Մարկոս 13։10)։ Վախը, սակայն, նրան ետ էր պահում։ Արդյո՞ք նա հուսահատվեց ու հրաժարվեց քարոզելու մտքից։ Ոչ։ Նա սկսեց ջանադրաբար աղոթել Եհովային ու աշխատել իր վրա, որպեսզի սովորեր զրույց սկսել։ Եհովա Աստված պատասխանեց այս եղբոր խնդրանքներին և նա ուժ ստացավ քարոզելու համար։
Այսպիսի ջանքերը շատ կարևոր են, երբ փնտրում ենք Եհովային ու ձգտում հավանության արժանանալ նրա կողմից։ Պողոս առաքյալն ասաց. «Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին [«ջանադրաբար փնտրողներին», ՆԱ] վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։6)։ Պարզապես փնտրելը դեռևս բավարար չէ։ Հունարեն բայը, որ թարգմանվել է «ջանադրաբար փնտրել» արտահայտությամբ, վերաբերում է որոշակի ուղղությամբ ինտենսիվ ջանքեր գործադրելուն։ Եվ դա՝ ամբողջ սրտի, մտքի, հոգու և զորության մասնակցությամբ։ Եթե մենք ջանադրաբար փնտրում ենք Եհովային, ապա մենք չենք վարվի անտարբերությամբ, դժկամությամբ կամ ծուլորեն։ Դրա փոխարեն՝ կփնտրենք նրան անկեղծ ջանքեր գործադրելով (Գործք 15։17)։
Նրանք ջանադրաբար փնտրեցին Եհովային
Գրություններում բազմաթիվ օրինակներ կան այնպիսի մարդկանց, ովքեր ամեն ջանք ներդրել են՝ փնտրելու Եհովային։ Այդպիսի մի անձնավորություն էր Հակոբը։ Նա մինչև լույս լարված գոտեմարտեց Աստծո հրեշտակի հետ, որը մարմին էր հագել։ Դրանից հետո Հակոբին տրվեց նոր անուն՝ Իսրայել (Աստծո հետ մարտնչող), որովհետև նա համառորեն գոտեմարտեց՝ պայքարեց, իր բոլոր ուժերը լարած՝ հետևողականորեն ‘Աստծո հետ.... մարտնչեց’։ Հրեշտակը օրհնեց նրան իր եռանդուն ջանքերի համար (Ծննդոց 32։24–30)։
Նման հաստատակամություն դրսևորեց նաև մի գալիլեացի կին, որի անունը չի հիշատակվում Գրություններում։ Նա 12 տարի շարունակ տառապել էր արյունահոսությամբ ու շատ ցավեր կրել։ Հանգամանքներն այնպիսին էին, որ նա չպետք է իրեն թույլ տար մոտենալ մարդկանց։ Այնուամենայնիվ, նա քաջություն դրսևորեց ու գնաց Հիսուսին հանդիպելու։ Նա մտքում ասում էր. «Եթէ միայն նորա հանդերձին դպչիմ, կը փրկուիմ»։ Պատկերացրեք, թե ինչպես նա պիտի ջանար ճանապարհ բացել իր համար մարդկանց բազմության միջով, որ Հիսուսի «ետեւից գնում էին, եւ նորան նեղում էին»։ Վերջապես նա դիպավ Հիսուսի վերնազգեստին ու զգաց, որ հենց այդ պահին իր «արիւնի աղբիւրը ցամաքուեցաւ»՝ նրա խրոնիկական հիվանդությունը բուժվեց։ Երբ հնչեց Հիսուսի հարցը, թե՝ «Ո՞վ դպաւ իմ հանդերձին», կնոջ սիրտը ահ ընկավ։ Սակայն Հիսուսը նրան մեղմորեն ասաց. «Դուստր, քո հաւատքն ազատեց քեզ, գնա խաղաղութեամբ, եւ քո տանջանքիցն առողջ եղիր»։ Նրա ջանքերը վարձատրված էին (Մարկոս 5։24–34; Ղեւտացոց 15։25–27)։
Քննենք նաև այն դեպքը, երբ քանանացի մի կին Հիսուսին աղաչեց, որ բուժի իր աղջկան։ Ի պատասխան նրա խնդրանքի՝ Հիսուսն ասաց, որ տեղին չէր լինի երեխաների հացը վերցնել ու տալ շնիկներին։ Նա նկատի ուներ, որ չէր կարող թողնել իսրայելացիներին, որ արժեք էին ներկայացնում Աստծո առջև, և հոգ տանել ոչ իսրայելացիների մասին։ Կինը, բերված օրինակի էությունն ըմբռնելով հանդերձ, չդադարեցրեց իր աղաչանքը և ասաց. «Այո, Տէր, սակայն շներն էլ [շնիկները] իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում»։ Նրա ամուր հավատն ու անկեղծությունը մղեցին Հիսուսին արտահայտվելու հետևյալ խոսքերով. «Ով կին, մեծ է քո հաւատքը. քեզ լինի ինչպէս ուզում ես» (Մատթէոս 15։22–28)։
Ի՞նչ կպատահեր այս անձնավորություններից յուրաքանչյուրին, եթե նրանք հաստատակամ ջանքեր չգործադրեին։ Կստանայի՞ն նրանք իրենց բաժին օրհնությունը, եթե իսկույն թևաթափ լինեին առաջին իսկ անհաջողությունից կամ մերժումից։ Ո՛չ, չէին ստանա։ Այս օրինակները միանգամայն հստակորեն ընդգծում են այն դասը, որ Հիսուսը սովորեցրեց՝ ցույց տալով, որ Եհովային փնտրելիս հաստատակամորեն ջանքեր գործադրելը ճիշտ է, նույնիսկ՝ անհրաժեշտ (Ղուկաս 11։5–13)։
Իր կամքի համեմատ
Հրաշքով բժշկվելու հետ կապված վերոհիշյալ դեպքերն արդյո՞ք ցույց են տալիս, թե միայն անկեղծ ջանքերն արդեն բավարար պայման էին բժշկության համար։ Ո՛չ։ Նրանց խնդրանքը պետք է ներդաշնակ լիներ Աստծո կամքին։ Հրաշքներ գործելու զորությունը, որով օժտված էր Հիսուսը, նպատակ ուներ ակնհայտորեն վկայել այն մասին, որ նա Աստծո Որդին էր՝ խոստացված Մեսիան (Յովհաննէս 6։14; 9։33; Գործք 2։22)։ Եվ բացի այդ, Հիսուսի գործած հրաշքները ուրվագծում էին օրհնությունների այն պատկերը, որ սպասում է մարդկությանը երկրի վրա Քրիստոսի Հազարամյա Թագավորության ժամանակ (Յայտնութիւն 21։4; 22։2)։
Այլևս Աստծո կամքի մեջ չի ընդգրկվում այն, որ իր ճշմարիտ երկրպագուները հրաշքով կարողանան բժշկել մարդկանց կամ խոսել տարբեր լեզուներով (Ա Կորնթացիս 13։8, 13)։ Նրա կամքը ներկայումս Թագավորության բարի լուրի քարոզն է ամբողջ երկրագնդի մասշտաբով, որպեսզի «ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։4; Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Աստծո ծառաները կարող են վստահ լինել, որ Աստված կլսի իրենց ջերմեռանդ աղոթքները ու կտա իր հավանությունը, եթե նրանք անկեղծ ջանքեր են գործադրում նրա կամքին ներդաշնակ։
Գուցե գտնվեն մարդիկ, որ մտածեն. «Ի՞նչ հարկավոր է ջանքեր ներդնել, եթե այսպես թե այնպես Աստծո նպատակը իրագործվելու է»։ Թեև Եհովան, անշուշտ, իրագործելու է իր նպատակը անկախ մարդկային ջանքերից, սակայն նա կամենում է այդ գործի մեջ ներգրավել իր այն ծառաներին, ովքեր պատրաստակամություն են արտահայտում կատարելու իր կամքը։ Եհովային կարելի է նմանեցնել տուն կառուցողի, որն ունի տան հստակ հատակագիծը, սակայն շինարարության համար անհրաժեշտ նյութերն ընտրում է տվյալ վայրում մատչելի միջոցներից։ Եհովան նախագիծ ունի իրականացնելու և սիրով ներգրավում է դրա մեջ այն անձանց, ովքեր պատրաստակամորեն ներկայանում են նրան ծառայելու (Սաղմոս 110։3; Ա Կորնթացիս 9։16, 17)։
Ծանոթանանք երիտասարդ Թոշիոյի օրինակին։ Երբ նա ընդունվեց միջնակարգ ուսումնական հաստատություն, որոշեց, որ դա լինելու է իր հատուկ քարոզչական տարածքը, որտեղ պիտի քարոզի ինչքան հնարավոր է շատ։ Նա միշտ ձեռքի տակ ուներ Աստվածաշունչը և ջանում էր վարվել որպես օրինակելի քրիստոնյա։ Երբ առաջին ուսումնական տարին մոտենում էր ավարտին, համադասարանցիների առջև ելույթով հանդես գալու հնարավորություն ստեղծվեց։ Թոշիոն աղոթքով խնդրեց Եհովայի օգնությունը։ Որքան մեծ եղավ նրա ուրախությունը, երբ տեսավ, որ ամբողջ դասարանը համակ ուշադրությամբ ունկնդրում է իր ելույթը՝ «Ռահվիրայական ծառայությունը իմ նպատակն է» վերնագրով։ Ելույթում նա բացատրում էր, որ շատ կուզենար լինել Եհովայի վկաների կազմակերպության լիաժամ ծառայող։ Նրա համադասարանցիներից մեկը համաձայնեց ուսումնասիրել նրա հետ Աստվածաշունչը, հոգևորապես առաջադիմեց ու մկրտվեց։ Եռանդուն ջանքերը, որ Թոշիոն ներդրեց՝ գործելով համաձայն իր աղոթքներին, առատորեն օրհնվեցին։
Իսկ դու ջանքեր գործադրո՞ւմ ես
Բազմաթիվ ձևեր կան, որոնցով կարող ես ցույց տալ, որ ջանադրաբար փնտրում ես Եհովային ու նրա օրհնությունները։ Առաջին հերթին դա կարելի է անել մեծ կարևորություն ունեցող այնպիսի բաներով, ինչպիսին օրինակ, ժողովներին լավ պատրաստվելն է։ Քո լավ մտածված պատասխանները, գործերի մղող ելույթները և արդյունավետ մատուցումները ցույց են տալիս, թե ինչ ինտենսիվությամբ ես փնտրում Եհովային։ Աստծուն փնտրելու հարցում ջանասիրություն կարող ես դրսևորել քո ծառայության որակը բարձրացնելով։ Այդ մասին կվկայի նաև մարդկանց հետ խոսելիս ընկերական լինելու քո ձգտումը, տվյալ տեղանքին համապատասխան արդյունավետ զրույցի թեմաներ ընտրելը (Կողոսացիս 3։23)։ Սրտանց պատրաստակամություն հանդես բերելով՝ քրիստոնյա եղբայրը գուցե ժողովում հանձն առնի որոշ պատասխանատվություններ, ինչպես օրինակ՝ ծառայողական օգնականի ու երեցի պատասխանատվությունները (Ա Տիմոթէոս 3։1, 2, 12, 13)։ Նման ծառայությունների համար թեկնածություն հայտնելը հնարավորություն կստեղծի ճաշակելու այն ուրախությունը, որ գալիս է տալուց։ Գուցե հնարավորություն ունենաս մասնակցել մասնաճյուղի կազմակերպած շինարարական ծրագրին կամ աշխատել Եհովայի վկաների մասնաճյուղի գրասենյակում։ Եթե դու ամուրի եղբայր ես և ունես անհրաժեշտ որակավորումները, գուցե ցանկություն հայտնես սովորելու Ծառայության կատարելագործման դպրոցում, որը հոգևորապես հասուն եղբայրներին նախապատրաստում է՝ լինելու լավ հովիվներ։ Եթե ամուսնացած ես, գուցե միսիոներական ծառայությո՞ւնն է այն ոլորտը, որտեղ դու կցանկանայիր ներդնել քո ջանքերը՝ հնարավորին չափ շատ ծառայելու Եհովային։ Գուցե քո առջև հնարավորություններ բացի տեղափոխվե՞լը այնպիսի տարածք, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա (Ա Կորնթացիս 16։9)։
Գլխավորը ոգին է, որի մղումով կատարում ես քո ծառայությունը։ Ինչպիսի պատասխանատվություններ էլ որ քեզ վստահվեն, դրան ձեռնամուխ եղիր եռանդով, ջանասիրությամբ ու «սրտի միամտութիւնով [անկեղծությամբ]» (Գործք 2։46; Հռովմայեցիս 12։8) Յուրաքանչյուր հանձնարարություն կարող ես դիտել որպես հնարավորություն՝ ցույց տալու քո եռանդն ու պատրաստակամությունը Եհովային փառք բերելու հարցում։ Մշտապես Եհովայից օգնություն խնդրիր աղոթքով և հնարավորություններիդ սահմաններում ամեն բան արա։ Այդպես վարվելու դեպքում քեզ մեծ հատուցում է սպասում։
Ջանքերը վարձատրվում են
Հիշո՞ւմ ես այն քրիստոնյա եղբորը, որն աղոթքով Աստծուց ուժ խնդրեց, որպեսզի կարողանար հաղթահարել իր վախը և քարոզեր գնացքի իր մշտական ուղեկիցներին։ Եհովան օրհնեց նրա անկեղծ ջանքերը։ Եղբայրը մի քանի մատուցումներ նախապատրաստեց որոշակի թեմաներով, որպեսզի նրանց հետ սկսեր զրուցել։ Նրան հաջողվեց Աստվածաշունչը արդյունավետ ձևով օգտագործելով վկայություն տալ մի մարդու, որին անհանգստացնում էր մարդկանց միջև գոյություն ունեցող լարված փոխհարաբերությունները։ Գնացքում մի քանի անգամ զրույցը շարունակելուց հետո սկսվեց Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն։ Եհովան իսկապես օրհնեց նրա հետևողական ջանքերը։
Քեզ ևս կհաջողվի լավ արդյունքների հասնել, եթե ջանադրաբար շարունակես փնտրել Եհովային։ Եթե խոնարհաբար հաստատակամություն հանդես բերես՝ միևնույն ժամանակ սրտանց կատարելով աստվածապետական այն հանձնարարությունը, որը տվյալ պահին վստահված է քեզ, ապա Եհովան քեզ կօգտագործի իր նպատակներին ներդաշնակ ու քո վրա առատ օրհնություններ կտեղա։
[նկար 26–րդ էջի վրա]
Ի՞նչ կպատահեր այս կնոջը, եթե նա հաստատակամություն հանդես չբերեր
[նկար 27–րդ էջի վրա]
Եհովայի օրհնությունը փնտրելու մեջ հաստատակամություն դրսևորո՞ւմ ես
[նկարներ 28–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ջանադրաբար փնտրում ենք Եհովային