Որոշումներ կայացնելուց հնարավոր չէ խուսափել
«ՈՉԻՆՉ այնքան դժվար չէ և հետևաբար ավելի գնահատելի, որքան որոշում կայացնել կարողանալը»,— մի անգամ ասաց Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը (19–րդ դար)։ Թերևս համաձայնվեք այս մտքին, քանի որ ընդհանրապես մարդկանց համար կարևոր է, երբ իրենք են ղեկավարում իրենց կյանքը։ Սակայն, մյուս կողմից՝ նրանք գիտեն, որ երբեմն որոշումներ կայացնելը ամենևին էլ հեշտ չէ։
Մենք չենք կարող խուսափել որոշումներ կայացնելուց՝ անկախ այն բանից՝ դրանք հեշտ են, թե դժվար։ Ամեն օր բախվում են այս խնդրին։ Առավոտյան, երբ արթնանում ենք, պետք է որոշենք, թե ինչ ենք հագնելու, նախաճաշին ինչ ենք ուտելու և ինչպես ենք լուծելու օրվա հազար ու մի խնդիրները։ Այս որոշումների գերակշռող մասը առանձնակի կարևորություն չունի։ Մենք հազվադեպ ենք դրանք վերանայում և հազվադեպ ենք դրանց պատճառով կորցնում մեր քունը՝ մտածելով, թե դրանք ճիշտ էին, թե՝ ոչ։
Մյուս կողմից՝ կան որոշումներ, որոնք լուրջ հետևանքներ են ունենում։ Շատ երիտասարդներ պետք է որոշեն, թե ինչ նպատակներ հետապնդեն։ Գուցե հարկ լինի որոշելու, թե ինչ կրթություն ստանալ, և դա որքան պիտի տևի։ Վաղ թե ուշ նրանց մեծամասնությունը որոշելու է՝ ամուսնանա՞լ, թե՞ շարունակել ամուրի մնալ։ Նրանք, ովքեր կցանկանային ամուսնանալ, պետք է մտածեն հետևյալ հարցերի շուրջ. «Իմ տարիքը համապատասխանո՞ւմ է ամուսնությանը և բավականաչափ հասո՞ւն եմ դրա համար։ Ինչպիսի՞ կողակից եմ ուզում ունենալ, իսկ որ ամենակարևորն է, ինչպիսի՞ կողակցի կարիք ունեմ»։ Քիչ են այն որոշումները, որոնք մեր կյանքի վրա ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան կողակցի ընտրությունը։
Ամենակարևոր հարցերի հետ կապված իմաստուն որոշումներ կայացնելը խիստ անհրաժեշտ է, քանի որ մեր երջանկությունը հիմնականում կախված է հենց դրանից։ Ոմանց կարող է թվալ, թե իրենք բավական ընդունակ են նման որոշումներ կայացնելու, և գուցե մերժեն առաջարկվող օգնությունը այդ հարցում։ Մի՞թե խելամիտ է այդպես վարվելը։ Եկեք տեսնենք։
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Napoleon: From the book The Pictorial History of the World