Հիշո՞ւմ եք
Հավանաբար, մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարները ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք արդյոք պատասխանել հետևյալ հարցերին.
• Քանի՞ գլխից է բաղկացած «Միքիա» գիրքը, ե՞րբ է այն գրվել, և ինչպիսի՞ն էր իրավիճակն այդ ժամանակ։
«Միքիա» գիրքը բաղկացած է յոթ գլխից։ Միքիա մարգարեն այդ գիրքը գրեց մ.թ.ա. ութերորդ դարում. այդ ժամանակ Աստծո ուխտյալ ժողովուրդը բաժանված էր երկու ազգի՝ Իսրայել և Հուդա (15.08, էջ 9)։
• Միքիա 6։8 համարի համաձայն՝ Աստված ի՞նչ է պահանջում մեզնից։
Մենք պետք է ‘իրավունք անենք’։ Աստծո գործելակերպը հանդիսանում է արդարության, կամ՝ իրավունքի չափանիշը, ուստի մենք պետք է պահենք նրա՝ ազնվության և անարատության վերաբերյալ սկզբունքները։ Եհովան ասում է մեզ, որ ‘ողորմություն սիրենք’։ Քրիստոնյաները ողորմածություն են դրսևորում՝ արձագանքելով ուրիշների կարիքներին, օրինակ՝ աղետների ժամանակ։ Եհովայի հետ «խոնարահութիւնով [«համեստությունով», ՆԱ] .... քայլել[ու]» համար պետք է ընդունենք մեր հնարավորությունների սահմանափակ լինելը և այն, որ մենք կախված ենք նրանից (15.08, էջ 20–22)։
• Աշխատանքը կորցնելու դեպքում քրիստոնյան ի՞նչ կարող է անել։
Խելամիտ կլիներ քննել մեր ապրելակերպը։ Գուցե հնարավոր լիներ պարզեցնել կյանքը՝ միգուցե տեղափոխվելով ավելի փոքր բնակարան կամ ազատվելով ոչ անհրաժեշտ նյութական ունեցվածքից։ Իսկապես կարևոր է դադարել օրվա հոգսերի մասին մտահոգվելուց, վստահ լինել, որ Աստված կարող է այնպես անել, որ բավարարվեն մեր կարիքները (Մատթէոս 6։33, 34), (01.09, էջ 14-15)։
• Ի՞նչ պետք է հիշենք, երբ տալիս կամ ստանում ենք հարսանեկան նվերներ։
Թանկարժեք նվերներ տալու անհրաժեշտություն չկա, ոչ էլ պետք է ակնկալել։ Ամենակարևորը տվողի սրտի վիճակն է (Ղուկաս 21։1–4)։ Հաճելի չէ, երբ հայտարարվում է նվեր տվողի անունը։ Դա կարող է անհարմար վիճակ ստեղծել (Մատթէոս 6։3), (01.09, էջ 29)։
• Ինչո՞ւ պետք է անդադար աղոթենք։
Կանոնավորաբար աղոթելը կարող է ամրացնել Աստծո հետ մեր փոխհարաբերությունները և սպառազինել մեզ՝ դիմանալու ծանր փորձությունների։ Մեր աղոթքները կարող են լինել կարճ կամ երկար՝ կախված մեր կարիքներից և հանգամանքներից։ Աղոթքը կամրացնի մեր հավատը և կօգնի մեզ հաղթահարել խնդիրները (15.09, էջ 15–18)։
• Ինչպե՞ս պետք է հասկանանք Ա Կորնթացիս 15։29 համարը, որը որոշ թարգմանություններում թարգմանված է ‘մեռելների համար մկրտվել’ ձևով։
Պողոս առաքյալը նկատի ուներ, որ օծյալ քրիստոնյաները մկրտվում են, կամ՝ ընկղմվում են մի այնպիսի կյանքի ուղու մեջ, որն առաջնորդելու է անարատությամբ մահանալուն, ինչպես Քրիստոսը։ Դրանից հետո նրանք, Քրիստոսի նման, հարություն կառնեն երկնային կյանքի (01.10, էջ 29)։
• Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ քրիստոնյա դառնալը ավելին է բովանդակում, քան միայն հեռու մնալը այն սխալ արարքներից, որ նշված են Ա Կորնթացիս 6։9–11-ում։
Պողոս առաքյալը չմատնանշեց միայն այնպիսի սխալներ, ինչպիսիք են՝ պոռնկությունը, շնությունը և հարբեցողությունը։ Ցույց տալով, որ լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն կլիներ՝ նա հաջորդ համարում շարունակեց. «Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ» (Ա Կորնթացիս 6։12), (15.10, էջ 18, 19)։
• Ովքե՞ր են հին ժամանակներում ապրած այն կանայք, որոնք ուրախացրին Աստծո սիրտը։
Այդ կանանցից են Սեփրան և Փուան, ովքեր չուզեցին հնազանդվել փարավոնին ու չսպանեցին եբրայեցի արու նորածիններին (Ելից 1։15–20)։ Քանանացի Ռախաբը, որ պոռնկությամբ էր զբաղվում, պաշտպանեց երկու իսրայելացի հետախույզների (Յեսու 2։1–13; 6։22, 23)։ Խոհեմություն դրսևորելով՝ Աբիգեան նպաստեց կյանքեր փրկվելուն՝ Դավիթին ետ պահելով արյունահեղությունից (Ա Թագաւորաց 25։2–35)։ Նրանք օրինակ թողեցին մեր օրերի կանանց համար (01.11, էջ 8–11)։
• Ինչպե՞ս եղավ, որ «երկնքիցը պատերազմեցին աստղերն» Սիսարայի դեմ, ինչպես որ հայտնում է Դատաւորաց 5։20 համարը։
Ոմանց կարծիքով՝ այս արտահայտությամբ ակնարկվում է Աստծո աջակցությունը։ Կան կարծիքներ, թե խոսքն այստեղ հրեշտակների կողմից օգնություն ստանալու մասին է, ասուպային հոսքի մասին, կամ այդ խոսքերն ակնարկում են Սիսարայի կախվածությունը աստղագուշական կանխատեսումներից։ Քանի որ Աստվածաշնչում կոնկրետ ոչ մի բան չի ասվում այս մասին, կարող ենք բավարարվել միայն այնքանով, որ այս արտահայտությամբ ակնարկվում է ինչ–որ տեսակի աջակցություն, որ Իսրայելի բանակը ստացավ Աստծո կողմից (15.11, էջ 30)։
• Թեև ապատիան ու կրոնի հանդեպ անտարբերությունը ողողել են աշխարհը, ի՞նչն է պատճառը, որ այսքան շատ մարդիկ դեռևս հավատ են դրսևորում Աստծո հանդեպ։
Ոմանք եկեղեցի են գնում՝ փնտրելով մտքի խաղաղություն, մահից հետո հավիտենական կյանքով ապրելու հույս կամ էլ առողջության, հարստության ու հաջողության ակնկալիքով։ Որոշ վայրերում մարդիկ հույս ունեն եկեղեցում գտնել ինչ–որ բան, որը կցրի այն ներքին դատարկության զգացումը, որ առաջացել է մարդկանց մեջ այն բանի հետևանքով, որ կապիտալիստական ձգտումները աստիճանաբար դուրս են մղում կոմունիստական բարոյախոսությանը։ Նման շարժառիթների մասին տեղյակ լինելը կօգնի քրիստոնյային բովանդակալից զրույցներ վարելու (01.12, էջ 3 )։