Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 1/1 էջ 5–7
  • Երբ պատերազմը վերջ կգտնի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ պատերազմը վերջ կգտնի
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նրանք սովորել էին սպանել
  • Պատերազմի փոխարեն՝ սովորել խաղաղություն
  • Համաշխարհային խաղաղության երաշխիք
  • Խաղաղություն երկրի վրա. ինչպե՞ս
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • «Խաղաղութեան ժամանակը» մոտ է
    1999 Դիտարան
  • Պատերազմներ
    2017 Արթնացե՛ք
2004 Դիտարան
w04 1/1 էջ 5–7

Երբ պատերազմը վերջ կգտնի

«Մենք ընդամենը 12 տարեկան ենք։ Մենք չենք կարող ո՛չ ազդեցություն ունենալ քաղաքական հարցերի վրա, ո՛չ էլ դադարեցնել պատերազմը, բայց մենք ապրել ենք ուզում։ Սպասում ենք, թե երբ պիտի խաղաղություն լինի։ Կտեսնե՞նք դա մեր աչքով»։ (Հինգերորդ դասարանն ավարտած դպրոցականներ)

«Մենք ուզում ենք դպրոց հաճախել, այցելել մեր ընկերներին ու հարազատներին առանց առևանգվելու վախի։ Ես հույս ունեմ, որ կառավարությունը ուշադրություն կդարձնի մեզ։ Մենք ուզում ենք ավելի լավ ապրել։ Մենք խաղաղություն ենք ուզում»։ (Ալհաջի, 14 տարեկան)

ԱՅՍ հուզիչ խոսքերն արտահայտում են այն երեխաների սրտի փափագը, ովքեր տարիներ շարունակ տառապանք են կրել քաղաքացիական ընդհարումների պատճառով։ Նրանք ընդամենը մի բան են երազում՝ ապրել նորմալ կյանքով։ Սակայն երազանքն իրականության վերածելը հեշտ խնդիր չէ։ Կգա՞ մի օր, որ աշխարհում չի լինի պատերազմ։

Վերջին տարիներին միջազգային մակարդակով ջանքեր են գործադրվել որոշ քաղաքացիական հակամարտություններ լուծելու նպատակով՝ պարտադրելով հակադիր կողմերին ստորագրելու հաշտության համաձայնագիր։ Որոշ երկրներ խաղաղապահ ուժեր են ուղարկել պատերազմի գոտի՝ այս համաձայնագրերը կյանքի կոչելու նպատակով։ Սակայն քիչ պետություններ ունեն դրամական միջոցներ ու ցանկություն հսկողության տակ առնելու հեռավոր վայրերում գտնվող այնպիսի երկրներ, որտեղ հակամարտող կողմերի միջև խորապես արմատացած ատելությունն ու կասկածամտությունը շատ անկայուն են դարձնում ցանկացած համաձայնագիր։ Քիչ չեն այն դեպքերը, երբ հրադադարի համաձայնագիրը ստորագրելուց ընդամենը մի քանի շաբաթ կամ ամիս հետո դարձյալ բորբոքվում է հակամարտության կրակը։ Ինչպես նշում է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտման ինստիտուտը, «դժվար է խաղաղության հասնել, երբ հակամարտող կողմերը ունեն կռիվը շարունակելու ցանկություն ու հնարավորություն»։

Աշխարհի տարբեր մասերում ծավալվող այս անլուծելի հակասությունները քրիստոնյաներին հիշեցնում են Աստվածաշնչում տեղ գտած մի մարգարեություն։ «Յայտնութիւն» գրքում նշվում է պատմության մի ճգնաժամային ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում մի խորհրդանշական ձիավոր պիտի «խաղաղութիւնը վեր առնէ երկրիցը» (Յայտնութիւն 6։4)։ Մարգարեացված այս շարունակական պայքարի տեսարանը մաս է կազմում մի բաղադրյալ նշանի, որը ցույց է տալիս, որ մենք ներկայումս ապրում ենք այն ժամանակներում, որոնք Աստվածաշնչում նկարագրվում են որպես «յետի օրեր» (Բ Տիմոթէոս 3։1)։a Սակայն Աստծո Խոսքը մեզ հավաստիացնում է, որ այս վերջին օրերը խաղաղության նախերգանք են հանդիսանում։

Աստվածաշնչի Սաղմոս 46։9 համարը ցույց է տալիս, որ իսկական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է պատերազմին վերջ դնել ոչ թե երկրագնդի որևէ հատվածում, այլ ամբողջ երկրի վրա։ Նույն սաղմոսում նաև կոնկրետ նշվում է աստվածաշնչյան ժամանակներում գործածվող զենքերի՝ աղեղների ու նիզակների լիովին ոչնչացվելու մասին։ Որպեսզի մարդկությունը երբևէ կարողանա խաղաղություն վայելել, պետք է մեր ժամանակներում օրեցօր կրկնապատկվող զենքերը նույնպես ոչնչացվեն։

Վերջին հաշվով, սակայն, պատերազմի կրակը բորբոքում են ավելի շուտ ատելությունն ու ագահությունը, քան հրացաններն ու գնդակները։ Պատերազմների հիմնական պատճառը ագահությունն է, և ամենից հաճախ ատելությունն է առաջնորդում բռնության։ Այս կործանարար զգացումներն արմատախիլ անելու համար հարկավոր է, որ մարդիկ իրենց մտածելակերպը փոխեն։ Նրանք պետք է սովորեն խաղաղության շավիղներով քայլել։ Ահա թե ինչու հին ժամանակներում ապրած Եսայիա անունով մի մարգարե իրատեսորեն հայտնում է, որ պատերազմները կդադարեն միայն այն ժամանակ, երբ մարդիկ «այլեւս պատերազմի չեն վարժուիլ» (Եսայիա 2։4)։

Սակայն ներկայումս մենք ապրում ենք մի աշխարհում, որը սովորեցնում է մարդկանց՝ մեծ թե փոքր, հասկանալ ոչ թե խաղաղության արժեքը, այլ պատերազմի փառքը։ Ցավոք, սպանելու դասեր են ուսուցանում անգամ երեխաներին։

Նրանք սովորել էին սպանել

Ալհաջին 14 տարեկանում զորացրվեց։ Նա ընդամենը տասը տարեկան էր եղել, երբ խռովարարները նրան առևանգել էին ու սովորեցրել էին կռվել՝ գործածելով AK-47 տիպի հրազեն։ Նա թալանում էր մարդկանց ու տներ էր այրում։ Նա նաև սպանում ու խեղում էր մարդկանց։ Այսօր Ալհաջիի համար դժվար է մոռանալ պատերազմը ու հարմարվել քաղաքացիական կյանքին։ Երեխա–​զինվորի մեկ այլ օրինակ է Աբրահամը, որին նույնպես սովորեցրել էին սպանել, և որը չէր կամենա հրաժարվել իր զենքից։ Նա ասում է. «Եթե ինձ հրամայեն վերադարձնել զենքը ու հեռանալ, ես չգիտեմ, թե ինչ պիտի անեմ, ինչպես պիտի օրվա հաց ճարեմ»։

Ավելի քան 300 000 մանկահասակ զինվորներ՝ տղաներ ու աղջիկներ, դեռ կռվում ու զոհվում են անվերջանալի քաղաքացիական ընդհարումներում, որոնք բզկտում են մեր մոլորակը։ Ապստամբների մի առաջնորդ ասում է. «Նրանք հնազանդվում են հրամաններին, նրանք չունեն կին ու ընտանիք, որ ցանկանան ետ գնալ նրանց մոտ, և չգիտեն, թե ինչ է վախը»։ Այնուամենայնիվ, այս երեխաները կուզեին ապրել ավելի լավ կյանքով և արժանի են դրան։

Զարգացած երկրներում գուցե իրականությունից չափազանց հեռու բան թվա մանկահասակ զինվորների սարսափելի վիճակը։ Սակայն արի ու տես, որ Արևմուտքում բնակվող շատ երեխաներ նույնպես սովորում են պատերազմել, բայց տան հարմարավետ պայմաններում։ Ինչպե՞ս։

Ահա Իսպանիայի հարավ–​արևելքում ապրող Խոսեի օրինակը։ Նա դեռահաս տարիքի մի երեխա էր, որը հաճույքով զբաղվում էր արևելյան մարզաձևերով։ Նրա ամենաթանկագին հարստությունը սամուրայի սուրն էր, որ նրան նվիրել էր հայրը Սուրբ Ծնունդի առթիվ։ Նա սիրում էր նաև տեսախաղեր, հատկապես կռվի տեսարաններով ուղեկցվող տեսախաղերը։ 2000 թ. ապրիլի 1–ին նա, իրական կյանքում ընդօրինակելով տեսախաղի իր հերոսին, բռնություն գործեց։ Բարկության մոլուցքի պահին նա սպանեց իր հորը, մորը և քրոջը այն նույն սրով, որ հայրը նվիրել էր։ «Ես ուզում էի մենակ լինել աշխարհում, չէի ուզում, որ ծնողներս ինձ հետևեն»,— բացատրել էր նա ոստիկանությանը։

Զինվորական պաշտոնյա և գրող Դեյվ Գրոսմանը, խոսելով բռնության տեսարաններով ուղեկցվող զվարճությունների թողած ազդեցության մասին, նշում է. «Մենք հասնում ենք անզգայացման մի աստիճանի, երբ ցավի ու տանջանքի տեսարանը դառնում է զվարճության աղբյուր. ավելի շուտ հաճույք է պատճառում, քան զզվանք։ Մենք սովորում ենք սպանել և սովորում ենք սիրել դա»։

Թե Ալհաջին և թե Խոսեն սովորել էին սպանել։ Թեև նրանք նպատակ չէին դրել դառնալ մարդասպան, սակայն «կրթությունը», ինչ ձևով էլ որ նրանք ստացել էին, ապականել էր նրանց մտածողությունը։ Նման «կրթությունը» բռնության ու պատերազմի սերմեր է ցանում մարդու մեջ՝ լինի նա չափահաս անհատ թե երեխա։

Պատերազմի փոխարեն՝ սովորել խաղաղություն

Երբեք չի կարող կայուն խաղաղություն հաստատվել, քանի դեռ մարդիկ սովորում են սպանել։ Դարեր առաջ Եսայիա մարգարեն գրեց. «Երանի թէ ուշադրութիւն անէիր [Աստծո] պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը» (Եսայիա 48։17, 18)։ Երբ մարդիկ Աստծո Խոսքի վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ են ձեռք բերում և սովորում են սիրել Աստծո օրենքները, պատերազմն ու բռնությունը նրանց համար դառնում են գարշելի բաներ։ Այժմ ևեթ ծնողները կարող են ուշադրություն դարձնել, թե արդյոք իրենց երեխաները չեն խաղում այնպիսի խաղեր, որոնք կարող են բռնություն քաջալերել։ Մեծահասակներն էլ իրենց հերթին կարող են սովորել հաղթահարել ատելության զգացումն ու ագահությունը։ Եհովայի վկաները բազմիցս համոզվել են, որ Աստծո Խոսքը զորություն ունի փոխելու մարդկանց (Եբրայեցիս 4։12)։

Քննենք Օրտենսիուի օրինակը։ Նա 23 տարեկան էր, երբ նրան, իր կամքին հակառակ, զինվորագրեցին։ Օրտենսիուն պատմում է, որ ռազմական պատրաստությունը նպատակ ուներ ներարկել իրենց մեջ «մարդկանց սպանելու ցանկություն ու բոլորովին չվախենալ սպանելուց»։ Նա մասնակցել է Աֆրիկայում տեղի ունեցած երկարատև քաղաքացիական պատերազմներից մեկին։ «Պատերազմն ինձ վրա թողեց իր ազդեցությունը,— խոստովանում է նա։— Մինչև օրս էլ հիշում եմ, թե ինչեր եմ արել։ Ես ինձ շատ վատ եմ զգում այն ամենի համար, որ ստիպված եմ եղել անելու»։

Զինվորներից մեկը Օրտենսիուի հետ խոսեց Աստվածաշնչից, և դա արձագանք գտավ նրա սրտում։ Նրան տպավորեց Աստծո այն խոստումը, որ գրված է Սաղմոս 46։9–ում։ Այնտեղ ասվում է, որ Աստված վերջ է դնելու բոլոր տեսակի պատերազմներին։ Աստվածաշունչը ուսումնասիրելուն զուգընթաց Օրտենսիուի մեջ աստիճանաբար նվազում էր կռվելու ցանկությունը։ Շուտով նրան իր երկու զինվորակիցների հետ միասին դուրս արեցին բանակից, որից հետո նրանք իրենց կյանքը նվիրեցին Եհովա Աստծուն։ «Աստվածաշնչյան ճշմարտությունն օգնեց ինձ սեր ունենալ թշնամու հանդեպ,— բացատրում է Օրտենսիուն։— Հասկացա, որ պատերազմում կռվելով՝ ես փաստորեն մեղք եմ գործում Աստծո դեմ, քանի որ Եհովան ասում է՝ չպետք է սպանենք մեր մերձավորին։ Այդպես վարվելու և սեր ցուցաբերելու համար ես պետք է փոխեի իմ մտածելակերպը ու մարդկանց չդիտեի որպես թշնամիների»։

Նման դեպքերը ցույց են տալիս, որ Աստվածաշնչի մատուցած կրթությունը իսկապես նպաստում է խաղաղությանը։ Եվ դա զարմանալի չէ։ Եսայիա մարգարեն ցույց է տալիս, որ ուղղակի կապ գոյություն ունի Աստծո տված կրթության ու խաղաղության միջև՝ հայտնելով. «Քո բոլոր որդիքը Տէրից ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը» (Եսայիա 54։13)։ Նույն մարգարեն կանխագուշակել է այնպիսի ժամանակների մասին, երբ բոլոր ազգերից մարդիկ կընթանան դեպի Եհովա Աստծո ճշմարիտ երկրպագությունը՝ սովորելու նրա ճանապարհները։ Եվ արդյունքը ո՞րը կլինի։ «Նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ» (Եսայիա 2։2–4)։

Այդ մարգարեությանը ներդաշնակ՝ Եհովայի վկաները համաշխարհային մասշտաբով զբաղվում են կրթական գործունեությամբ, որը միլիոնավոր մարդկանց արդեն օգնել է հաղթանակ տանել ատելության դեմ, որը պատերազմների արմատական պատճառն է։

Համաշխարհային խաղաղության երաշխիք

Կրթություն տալուց բացի, Աստված հիմնել է կառավարություն, կամ, ինչպես Աստվածաշունչն է ասում, ‘թագավորություն’, որն ի զորու է համաշխարհային խաղաղություն հաստատել։ Պատահական չէ, որ Աստվածաշունչը Աստծո ընտրյալ Ղեկավարին՝ Հիսուս Քրիստոսին, նկարագրում է «Խաղաղութեան իշխան» արտահայտությամբ։ Այնուհետև մեզ հավաստիացնում է, որ նրա «իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ [չի լինի]» (Եսայիա 9։6, 7)։

Ի՞նչ երաշխիք ունենք, որ Քրիստոսի կառավարությունը հաջողությամբ վերջ կդնի ամեն տեսակ պատերազմների։ Եսայիա մարգարեն իր խոսքերին ավելացնում է. «Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս» (Եսայիա 9։7)։ Աստված ունի և՛ ցանկություն, և՛ կարողություն հաստատելու հարատև խաղաղություն։ Հիսուսը լիովին վստահ էր, որ այդ խոստումը իրականություն է դառնալու։ Ահա թե ինչու նա իր աշակերտներին սովորեցրեց աղոթել, որ գա Աստծո Թագավորությունը, և լինի Աստծո կամքը երկրի վրա (Մատթէոս 6։9, 10)։ Երբ գա ժամանակը և Աստված պատասխանի այդ անկեղծ խնդրանքներին, այլևս երբեք պատերազմները պատառ–​պատառ չեն անի աշխարհը։

[ծանոթագրություն]

a Ապացույցները, որ մենք ապրում ենք վերջին օրերում, տես «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի 11–րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Նկար 7–րդ էջի վրա]

Աստվածաշնչյան կրթությունը իսկական խաղաղություն է բերում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը