Աստծուն գոհացնելու համամարդկային ձգտումը
«ԵՐԲԵՔ գոյություն չի ունեցել այնպիսի հասարակություն, որի մեջ Աստծուն որևէ դեր չհատկացվի, հատկապես ղեկավարի ու արարչի դեր։ Սա ճշմարիտ է նույնիսկ այն հասարակությունների համար, որոնք նախընտրել են զուտ աշխարհիկ լինել»։ Այսպես է արտահայտվել Ջոն Բոուքերն իր գրքերից մեկում («God—A Brief History»)։ Աստծուն որևէ ձևով գտնելու և հաճեցնելու ձգտումը բնորոշ է մարդկանց։ Արարչի հավանությանն արժանանալու ցանկություն ունեն բազմաթիվ անհատներ ամբողջ աշխարհում։ Սակայն, ինչ խոսք, նրանք փորձում են հասնել դրան տարբեր ճանապարհներով՝ կախված իրենց հավատալիքներից։
Ոմանք գտնում են, որ Աստծուն հաճեցնելու միակ պայմանը արդար կյանք վարելն է։ Ոմանք էլ այն կարծիքին են, որ աղքատների համար բարեգործություն անելով կշահեն Աստծո հավանությունը։ Բացի այդ, միլիոնավոր մարդիկ կարևոր են համարում կրոնական արարողություններն ու ծեսերը։
Կան նաև այնպիսի անհատներ, ովքեր հավատում են, թե Աստված անմատչելի է. այնքան հեռու է կամ զբաղված, որ ուշադրության չի արժանացնում հասարակ մահկանացուներին։ Հայտնի է, որ Հին Հունաստանում ապրած փիլիսոփա Էպիկուրը հավատում էր, որ աստվածները չափազանց հեռու են, այնպես որ չեն կարող օգնել կամ վնասել մարդուն։ Այս տեսակետն ունեցողներից շատերը, սակայն, կրոնասեր են։ Նրանցից ոմանք նույնիսկ զոհեր են մատուցում և ծեսեր են կատարում իրենց մահացած նախնիներին հանգստացնելու հույսով։
Իսկ դուք ի՞նչ եք մտածում այս մասին։ Արդյո՞ք Աստված իսկապես նկատում է այն ջանքերը, որ թափում ենք նրա հավանությանն արժանանալու համար։ Արդյո՞ք մենք կարող ենք ուրախացնել Աստծո սիրտը և գոհացնել նրան։
[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]
COVER: Courtesy of ROE/Anglo-Australian Observatory, photograph by David Malin