Եհովայի ստեծագործությունների շքեղությունը
«Գետերը ծափ տան ձեռքով»
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ նայելով աշխարհի որևէ քարտեզի՝ կտեսնեք, որ ամենուրեք գալարաձև գծեր կան։ Այս ոլորագծերը անցնում են հարթավայրերով, անապատներով, մարգագետիններով, հովիտներով, կիրճերով, ձորերով ու անտառներով (Ամբակում 3։9)։ Դրանք գետերն են՝ մեր մոլորակի «երակները», որոնք վկայում են երկրի Արարչի՝ Եհովայի իմաստության և զորության մասին։ Նայելով դրանց՝ մենք նույն զգացումներն ենք ունենում, ինչ սաղմոսերգուն, որը երգեց. «Գետերը ծափ տան ձեռքով. սարերը միասին ցնծան, Տիրոջ առաջին» (Սաղմոս 98։8, 9)։a
Գետերը առնչվում են մարդկության պատմությանը։ Աստվածաշնչում խոսվում է չորս խոշոր գետերի մասին, որոնք բաժանվում էին մի գետից, որ դուրս էր գալիս Եդեմից (Ծննդոց 2։10–14)։ Հնագույն քաղաքակրթություններից մեկը սկիզբ է առել Միջագետքի Տիգրիս և Եփրատ գետերի արգավանդ հովիտներում։ Հզոր քաղաքակրթություններ են առաջ եկել այնպիսի գետերի ավազաններում, ինչպիսիք են՝ Հուանհեն Չինաստանում, Գանգեսն ու Ինդոսը Հարավային Ասիայում և Նեղոսը Եգիպտոսում։
Ուստի զարմանալի չէ, թե ինչու է մարդու սիրտը միշտ ակնածանքով լցվում, երբ տեսնում է գետերի հզորությունը, ճոխությունը և գեղեցկությունը։ Եգիպտոսի Նեղոս գետի երկարությունը հասնում է շուրջ 6 670 կիլոմետրի։ Իսկ լայնությամբ ամենամեծը Հարավային Ամերիկայում գտնվող Ամազոն գետն է։ Որոշ գետեր աչքի են ընկնում իրենց հսկայական չափերով, իսկ մյուսները՝ գեղեցկությամբ, ինչպես օրինակ՝ չափերով փոքր, սակայն արագահոս Տոնե գետը, որ գտնվում է Ճապոնիայում։
Ինչի՞ շնորհիվ է գետը հոսում։ Երկու խոսքով ասած՝ ձգողականության ուժի։ Այդ ուժն է, որ ջրերին բարձրադիր վայրերից քաշում է դեպի ցած։ Այս երևույթի արդյունքը երբեմն լինում է այն, որ հսկայական ջրվեժներ են գոյանում։ Նկարագրելով զորության ու շքեղության այս արտահայտումները՝ Աստվածաշունչն ասում է. «Գետերը բարձրացնում են, Տէր, գետերը բարձրացնում են իրանց ձայնը, գետերը բարձրացնում են իրանց գոռոցը» (Սաղմոս 93։3)։
«Ո՞վ է ուղարկում հորդառատ անձրևը»,— հարցրեց Եհովան աստվածավախ Հոբին (Յոբ 38։25, «Contemporary English Version»)։ Իրոք, որտեղի՞ց են գալիս բոլոր ջրերը։ Պատասխանը տալիս է մի բարդ համակարգ, որը կոչվում է ջրի շրջապտույտ։ Երկրագնդի ջուրը անընդհատ շրջապտույտի մեջ է, որը տեղի է ունենում արևի էներգիայի և ձգողականության ուժի շնորհիվ։ Երբ ջուրը գոլորշիանում է, սկսում է բարձրանալ մթնոլորտ։ Հետո այն հովանում է և խտանալով վերածվում ամպերի։ Ժամանակի ընթացքում այս գոլորշին ձյան կամ անձրևի տեսքով վերադառնում է երկիր։ Ջրի մեծ մասը կուտակված է օվկիանոսներում, լճերում, գետերում, սառցադաշտերում, բևեռային սառույցներում և գետնի ընդերքում։
Այս զարմանահրաշ շրջապտույտի մասին Աստվածաշնչում ասվում է. «Ամեն գետերը գնում են ծովը, բայց ծովը չէ լցվում. այնտեղը ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են դառնում որ գնան» (Ժողովող 1։7)։ Միայն Եհովան, ունենալով անհուն իմաստություն և սիրառատ հոգատարություն, կարող էր սկիզբ տալ նման շրջապտույտի։ Իսկ ի՞նչ է մեզ հայտնում այս հանճարեղ երևույթը Աստծո անձնավորության մասին. այն, որ նա անհատակ իմաստության տեր է և լի սիրառատ հոգատարությամբ (Սաղմոս 104։13–15, 24, 25; Առակաց 3։19)։
Չնայած իրենց չափերին և քանակին՝ գետերը պարունակում են աշխարհի քաղցրահամ ջրերի չնչին մասը։ Այնուհանդերձ, նրանք կենսական են կյանքի համար։ «Եթե ջուրը մատչելի չլիներ, ու մարդիկ որոշակի իշխանություն չունենային նրա վրա, ապա նրանց ամենահասարակ կարիքներն անգամ հնարավոր չէր լինի բավարարել,— գրված է «Ջուր» գրքում։— Մարդկանց վերաբերմունքը այս իրողությանը այն հիմնական գործոններից է եղել, որ դեր է խաղացել քաղաքակրթության պատմության մեջ» («Water»)։
Հազարավոր տարիներ գետերը հագեցրել են մարդկանց ծարավը և ոռոգել նրանց այգիները։ Շատ գետերի հովիտներում հողը բերրի է ու իդեալական է գյուղատնտեսական կուլտուրաների մշակման համար։ Ուշադրություն դարձրեք, թե այս միտքն ինչպես է արտահայտված Եհովայի ծառաներին առատորեն տրվող օրհնությունների նկարագրության մեջ. «Ի՜նչ գեղեցիկ են քո վրանները, ով Յակոբ. եւ քո խորանները, ով Իսրայէլ։ Ձորերի պէս տարածուեցան. գետերի մօտ եղող պարտէզների պէս, Եհովայի տնկած հալուէի ծառերի՝ ջրի եզերքում եղող եղեւիների պէս են» (Թուոց 24։5, 6)։ Գետերը նաև նպաստում են այնպիսի կենդանիների կենսապահպանմանը, ինչպիսիք են՝ բադերն ու շնագայլերը, որոնք պատկերված են նկարում։ Եվ իրոք, որքան ավելին ենք իմանում գետերի մասին, այնքան ավելի ենք մղվում գովաբանելու Եհովային։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Եհովայի վկաների 2004 թ. օրացույցը», մայիս–հունիս (ռուս.)։
[շրջանակ/նկար 8–րդ էջի վրա]
Իգուասու ջրվեժը գտնվում է Արգենտինայի և Բրազիլիայի սահմանի վրա։ Այս ջրվեժը աշխարհի ամենալայն ջրվեժներից մեկն է։ Նրա լայնությունը ավելի քան 3 կիլոմետր է։ Ծվարած արևադարձային կուսական անտառներում՝ ջրվեժը կազմված է մոտ 300 փոքրիկ ջրվեժներից։ Անձրևային սեզոններին ամեն վայրկյանում մոտ 10 000 խորանարդ մետր ջուր է գահավիժում ջրվեժներից։
[նկար 9–րդ էջի վրա]
Տոնե գետը, Ճապոնիա