«Դա ամենալավ բանն է, որ կարող ես անել»
ԱԼԵՔՍԻՍԸ հինգ տարեկան է։ Նա ապրում է Մեքսիկայի Մորելիա քաղաքում։ Նրա ծնողները Աստվածաշունչ են ուսումնասիրում և հաճախում են Եհովայի վկաների հանդիպումներին։ Իր ընտանիքի հետ ներկա լինելով շրջանային համաժողովներից մեկին՝ Ալեքսիսը տնից տուն ծառայելու մասին մի ցուցադրում տեսավ։ Հանկարծ նա շրջվեց դեպի իր հայրը և հարցրեց. «Հայրի՛կ, հայրի՛կ, իսկ դու ինչո՞ւ չես գնում քարոզելու»։ Հայրը պատասխանեց. «Ես դեռ ուսումնասիրում եմ, որպեսզի կարողանամ քարոզել»։ Երեխան ոգևորված ասաց. «Հայրի՛կ, դա ամենալավ բանն է, որ կարող ես անել»։
Այս փոքրիկը հասկացավ, որ անհրաժեշտ է գործել Եհովայի մասին իր ունեցած գիտության համաձայն։ Իր զարմիկներից մի քանիսը ապրում են նույն տանը, ուր նա է ապրում, ուստի Ալեքսիսը աղոթեց Եհովային և ապա պատմեց նրանց այն բաների մասին, որ իր ծնողների օգնությամբ սովորել էր «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքից։ Թեև Ալեքսիսը դեռ կարդալ չգիտեր, բայց պատմություններին կից նկարներից լավ գիտեր գրքի բովանդակությունը։ Ալեքսիսը նույնիսկ ասաց, որ ուզում է գնալ մարդկանց տները և պատմել այն ամենը, ինչ սովորում է Աստծո նպատակների մասին։
Իսկապես, թե՛ երեխաները և թե՛ մեծահասակները կարող են իրենց կյանքը ներդաշնակեցնել այն ամենին, ինչ որ Եհովան՝ ‘Սուրբը’, ակնկալում է նրանցից։ Նրանք մեծ առանձնաշնորհում ունեն Եհովայի մասին տարբեր ժողովուրդների մեջ վկայություն տալու (Եսայիա 43։3; Մատթէոս 21։16)։ Անշուշտ, դա ամենալավ բաներից մեկն է, որ մարդ կարող է անել։