Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ էր իսրայելացի տղամարդկանց թույլատրված կին առնել օտարազգի գերի կանանց, այն դեպքում երբ Մովսիսական օրենքը պատվիրում էր ‘խնամություն չանել’ որոշ օտարազգիների հետ (Բ Օրինաց 7։1–3; 21։10, 11)։
Պատճառը, թե ինչու էր դա թույլատրված, կապված էր հատուկ հանգամանքների հետ։ Եհովան իսրայելացիներին հրամայել էր ավերել Քանանի երկրում ապրող յոթ ժողովուրդների քաղաքները ու սպանել նրանց բոլոր բնակիչներին (Բ Օրինաց 20։15–18)։ Իսկ ինչ վերաբերում է մյուս ազգերին, ապա, հավանաբար, կործանումից միակ չափահաս վերապրողները կույս գերյալ կանայք էին (Թուոց 31։17, 18; Բ Օրինաց 20։14)։ Իսրայելացի տղամարդը կարող էր ամուսնանալ այդպիսի կնոջ հետ, բայց միայն այն դեպքում, եթե այդ կինը որոշակի քայլեր ձեռնարկեր։
Աստվածաշունչն ասում է, թե որոնք էին այդ քայլերը. «Նա իր գլուխը ածիլէ եւ իր եղունգները կտրէ. եւ իր վերայից գերութեան հանդերձները հանէ եւ քո տանը նստէ, եւ մի ամբողջ ամիս իր հօր եւ մօր համար լայ. եւ նորանից յետոյ նորան մօտենաս, եւ դու նորա այրը լինես, եւ նա էլ քո կնիկը լինի» (Բ Օրինաց 21։12, 13)։
Գերի կույսը, ում հետ իսրայելացին ուզում էր ամուսնանալ, պետք է իր գլուխը ածիլեր։ Մազերը կտրելը սգի կամ վշտի արտահայտություն էր (Եսայիա 3։24)։ Օրինակ՝ երբ Հոբ նահապետը կորցրեց իր բոլոր երեխաներին և ունեցվածքը, նա «խուզեց իր գլուխը» որպես սգո նշան (Յոբ 1։20)։ Օտարազգի կինը նաև պետք է իր եղունգները կտրեր։ Ուստի եթե նա ներկած էլ լիներ իր եղունգները, նրա ձեռքերն այլևս գեղեցիկ չէին լինի (Բ Օրինաց 21։12)։ Իսկ ի՞նչ էին «գերութեան հանդերձները», որ նա պետք է հաներ։ Հեթանոս կանայք սովորություն ունեին հագնել ամենագեղեցիկ զգեստը, երբ տեսնում էին, որ իրենց քաղաքը ուր որ է պետք է նվաճվի։ Նրանք դա անում էին այն հույսով, որ կշահեն նվաճողների բարեհաճությունը։ Գերյալ կինը սգի ժամանակ այդ հագուկապից պետք է հրաժարվեր։
Գերյալ կինը, որը շուտով դառնալու էր իսրայելացու կողակիցը, պետք է մեկ լուսնային ամիս սգար իր հարազատների մահը։ Պարտված քաղաքների ոչնչացումն այնքան լիակատար էր լինելու, որ այդ կնոջ բոլոր նախկին ընտանեկան ու հասարակական կապերն այլևս գոյություն չէին ունենալու։ Քանի որ իսրայելացի զինվորները ոչնչացնելու էին նրա աստվածների պատկերները, ապա նա այլևս չէր ունենալու պաշտամունքի առարկա։ Սգո ամիսը նաև ծառայելու էր իբրև մաքրման մի ժամանակահատված, որի ընթացքում գերյալ կինը պետք է ազատվեր իր նախկին երկրպագությանը վերաբերող ամեն բաներից։
Սակայն, ընդհանրապես, օտարազգի կանանց հետ կապված իրավիճակը այլ էր։ Եհովան կարգադրել էր. «Նորանց հետ խնամութիւն չ’անես, աղջկանդ նորա տղին չ’տաս, եւ նորա աղջկանը քո տղին չ’առնես» (Բ Օրինաց 7։3)։ Ո՞րն էր այս սահմանափակման պատճառը։ Բ Օրինաց 7։4–ում կարդում ենք. «Որովհետեւ քո որդկանցը իմ ծառայութիւնից կ’դարձնեն, եւ նորանք օտար աստուածների կ’պաշտեն»։ Ուրեմն՝ արգելքի նպատակը իսրայելացիներին պաշտպանելն էր կրոնական աղտոտումից։ Բայց Բ Օրինաց 21։10–13-ում նշված հանգամանքներում գտնվող օտարազգի կինը նման վտանգ չէր ներկայացնում։ Նրա բոլոր հարազատները մահացել էին, իսկ նրա աստվածների պատկերները ոչնչացվել։ Նա ոչ մի առնչություն չուներ կեղծ կրոն դավանողների հետ։ Իսրայելացուն թույլատրված էր ամուսնանալ նման հանգամանքներում գտնվող օտարազգի կնոջ հետ։