Հավատարիմ և անսասան նախկինում և հիմա
Լեհաստանի հարավում՝ Սլովակիայի ու Չեխիայի սահմանագծի մոտ, կա մի փոքրիկ քաղաք՝ Վիսլա անունով։ Հնարավոր է, որ դուք լսած չլինեք Վիսլայի մասին, սակայն այս քաղաքը մի այնպիսի պատմություն ունի, որը հավանաբար շատ կհետաքրքրի ճշմարիտ քրիստոնյաներին։ Վիսլայի պատմությունը աչքի է ընկնում առանձին անհատների ցուցաբերած անարատությամբ և Եհովայի երկրպագության հանդեպ նախանձախնդրությամբ։ Ինչպե՞ս։
ՎԻՍԼԱՆ գտնվում է գեղատեսիլ լեռնային շրջանում, որտեղ բնությունը շլացուցիչ տեսարաններ է բաց անում մեր առջև։ Երկու վտակներ ուրիշ արագահոս վտակների հետ միահյուսվում են Վիսլա գետին, որը գալարվելով անցնում է անտառապատ լեռների ու հովիտների միջով։ Բնիկների բարեհամբույր վերաբերմունքը և յուրահատուկ կլիման քաղաքը դարձնում են հայտնի առողջարանային կենտրոն, ամառային և ձմեռային արձակուրդներն անցկացնելու համար հրաշալի հանգստավայր։
Ակներևաբար, Վիսլան՝ որպես քաղաք, հաստատվել է 1590–ական թվականներին։ Այստեղ փայտասղոցման գործարան կառուցվեց, և շուտով լեռների վրա՝ անտառների բացատներում, բնակություն հաստատեցին մարդիկ, որոնք ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ էին պահում և զբաղվում էին հողագործությամբ։ Սակայն այս հասարակ մարդկանց վրա մեծ ազդեցություն թողեցին կրոնական հողի վրա տեղի ունեցած փոփոխությունները։ Անհետ չմնացին Մարտին Լյութերի առաջ բերած կրոնական բարեփոխումները և «1545–ին պետական կրոն» դարձավ լյութերականությունը, ինչպես նշում է հետազոտող Անջե Օչիկը։ Սակայն Երեսնամյա պատերազմը և դրան հաջորդած Հակառեֆորմացիան կտրականապես փոխեցին իրավիճակը։ «1654–ին բոլոր եկեղեցիները վերցվեցին բողոքականներից, նրանց ծառայություններն արգելվեցին և Աստվածաշնչերն ու կրոնական գրքերը բռնագրավվեցին»,— շարունակում է Օչիկը։ Այնուհանդերձ, բնակչության մեծամասնությունը լյութերականությանը հավատարիմ մնաց։
Աստվածաշնչի ճշմարտության առաջին սերմերը
Բարեբախտաբար, առջևում ավելի կարևոր կրոնական փոփոխություն էր սպասում։ 1928 թ.–ին Աստվածաշնչի ճշմարտության առաջին սերմերը «ցանեցին» երկու Աստվածաշունչ ուսումնասիրողներ, ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները։ Հաջորդ տարի Վիսլա ժամանեց Յան Գոմոլա անունով մի եղբայր։ Նա իր հետ ձայնափողով նվագարկիչ բերեց, որի վրա միացնում էր Աստվածաշնչի վրա հիմնված ելույթների ձայնագրություններ։ Որոշ ժամանակ անց Յանը տեղափոխվեց մոտակա հովիտը, որտեղ հանդիպեց Անջե Ռաշկա անունով մի մարդու՝ կարճահասակ, ամրակազմ և ընկալունակ սրտով լեռնաբնակի, որն ուշադրությամբ մի ելույթ լսեց։ Ռաշկան անմիջապես սկսեց իր Աստվածաշնչով ստուգել իր լսած մտքերը։ Վերջում նա բացականչեց. «Եղբա՛յր, ես վերջապես գտա ճշմարտությունը։ Ես փնտրել եմ այս հարցերի պատասխանները դեռևս Առաջին համաշխարհայինի ժամանակ, երբ խրամատներում էի»։
Զգացմունքներով տոգորված՝ Ռաշկան Գոմոլային ուղեկցեց իր ընկերներ Երժիի և Պիլկի մոտ, որոնք ուրախությամբ արձագանքեցին Թագավորության լուրին։ Անջե Թիրնան, որն Աստվածաշնչի ճշմարտությունն իմացել էր Ֆրանսիայում, օգնեց այս անկեղծ անհատներին Աստվածաշնչի պատգամի մասին ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել։ Շուտով նրանք մկրտվեցին։ Աստվածաշունչ ուսումնասիրողների այս փոքրիկ խմբին աջակցություն ցույց տալու նպատակով 1930–ականների կեսերին մոտակա քաղաքներից եղբայրներ ժամանեցին Վիսլա։ Արդյունքները ապշեցուցիչ էին։
Մեծ թվով հետաքրքրվող անհատներ գտնվեցին։ Տեղի լյութերական ընտանիքները սովորություն ունեին իրենց տներում կարդալ Աստվածաշունչը։ Ուստի երբ նրանց սուրբգրային փաստեր էին բերվում կրակե դժոխքի և Երրորդության ուսմունքի վերաբերյալ, շատերը կարողանում էին տարբերել ճշմարտությունը կեղծիքից։ Շատ ընտանիքներ մերժեցին կեղծ կրոնական ուսմունքները։ Այսպիսով՝ Վիսլայի ժողովը աճեց, և 1939 թ.–ին այն ուներ մոտ 140 քարոզիչ։ Սակայն զարմանալի է, որ այդ ժողովի մեծահասակ քարոզիչների մեծ մասը մկրտված չէր։ «Դա չէր նշանակում, որ այս չմկրտված քարոզիչները ի վիճակի չէին Եհովայի կողմը դիրք բռնելու»,— ասում է Հելենան՝ այն ժամանակների Վկաներից մեկը։ Նա ավելացնում է. «Հավատի փորձությունների ժամանակ, որ շուտով նրանք դիմագրավեցին, փաստվեց նրանց անարատությունը»։
Իսկ ի՞նչ կարելի է ասել երեխաների մասին։ Նրանք տեսան, որ իրենց ծնողները ճշմարտությունն են գտել։ Ֆրանցիշեկ Բրանցը պատմում է. «Երբ հայրս հասկացավ, որ գտել է ճշմարտությունը, նա սկսեց այն սովորեցնել ինձ ու եղբորս։ Ես ութ տարեկան էի, իսկ եղբայրս՝ տասը։ Հայրս մեզ պարզ հարցեր էր տալիս, օրինակ՝ ո՞վ է Աստված, ի՞նչ է նրա անունը, ի՞նչ գիտես Հիսուս Քրիստոսի մասին։ Մենք պետք է գրի առնեինք պատասխանները և դրանք հաստատող աստվածաշնչային համարներ գտնեինք»։ Մեկ ուրիշ Վկա պատմում է. «Երբ ծնողներս սիրով ընդունեցին Թագավորության պատգամը և 1940 թ.–ին հեռացան լյութերական եկեղեցուց, ես հակառակության և ծեծերի ենթարկվեցի դպրոցում։ Ես երախտապարտ եմ ծնողներիս, որ Աստվածաշնչի սկզբունքները սերմանել են իմ սրտում։ Դրանք օգնեցին ինձ դիմագրավել այդ դժվար ժամանակները»։
Հավատարիմ՝ փորձությունների ներքո
Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, նացիստները, որ գրավեցին քաղաքը, վճռեցին բնաջինջ անել Եհովայի վկաներին։ Նախևառաջ նրանք մեծահասակներին, հատկապես հայրերին առաջարկում էին գրանցվել հատուկ ցուցակում, ինչը ցույց կտար, որ վերջիններս ընդունում են գերմանական ազգությունը։ Դա նրանց որոշակի օգուտներ կբերեր։ Վկաները հրաժարվեցին իրենց դասել նացիստների շարքը։ Զինակոչի ենթակա շատ եղբայրներ և հետաքրքրվող անհատներ ընտրության առջև էին կանգնած՝ կամ միանալ բանակին, կամ բացարձակ չեզոքություն պահպանել ու դաժանորեն պատժվել։ «Մերժել զինվորական ծառայությունը նշանակում էր՝ ուղարկվել համակենտրոնացման ճամբար՝ ամենայն հավանականությամբ, Օսվենցիմ»,— պատմում է Անջե Շալբոն, որը ձերբակալվեց գեստապոյի կողմից 1943–ին։ «Ես դեռ մկրտված չէի,— շարունակում է նա,— սակայն գիտեի, թե ինչ հավաստիացում է տվել Հիսուսը, որ գրված է Մատթէոս 10։28, 29–ում։ Ես գիտեի, որ եթե մահանայի Եհովային հավատալու համար, նա կարո՛ղ էր ինձ կյանքի վերադարձնել»։
1942 թվականի սկզբներին նացիստները ձերբակալեցին 17 եղբայրների։ Երեք ամսվա ընթացքում նրանցից 15–ը մահացան Օսվենցիմում։ Ինչպե՞ս դա ազդեց Վիսլայում բնակվող մյուս Վկաների վրա։ Դա հավատից հրաժարվելու պատճառ չդարձավ, այլ խրախուսեց նրանց հավատարիմ մնալ Եհովային՝ առանց փոխզիջումների գնալու։ Հաջորդ վեց ամիսների ընթացքում Վիսլայի քարոզիչների թիվը կրկնապատկվեց։ Շուտով բանտարկությունների թիվն ավելացավ։ Ընդհանուր առմամբ 83 եղբայրներ, հետաքրքրվող անհատներ և երեխաներ ենթարկվեցին Հիտլերի դաժան հալածանքներին։ Նրանցից 53–ը ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ (հիմնականում Օսվենցիմ) կամ Լեհաստանի, Գերմանիայի և Բոհեմիայի ուղղիչ–աշխատանքային գաղութներ՝ աշխատելու հանքերում և քարհանքերում։
Հավատարիմ և անսասան
Օսվենցիմում նացիստները փորձեցին Վկաներին գայթակղեցնել անմիջապես ազատություն ստանալու խոստումով։ Էսէսականներից մեկն ասաց մի եղբոր. «Եթե ընդամենը ստորագրես այս թուղթը, որով կհրաժարվես Աստվածաշունչ ուսումնասիրող լինելուց, մենք քեզ կազատենք, և դու կգնաս տուն»։ Այդ առաջարկը կրկնվեց մի քանի անգամ, սակայն եղբայրը փոխզիջման չգնաց Եհովային նվիրված մնալու հարցում։ Հետևանքը եղավ այն, որ նա ծեծերի ու ծաղրանքի ենթարկվեց, հարկադիր աշխատանքներ կատարեց և՛ Օսվենցիմում, և՛ Միթելբաու–Դորայում (Գերմանիա)։ Անմիջապես իր ազատագրումից առաջ նա հազիվ մահից փրկվեց, երբ այն ճամբարը, որտեղ նա գտնվում էր, ռմբակոծության ենթարկվեց։
Պավել Շալբոն՝ մի Եհովայի վկա, որ վերջերս է մահացել, մի առիթով պատմեց. «Հարցաքննությունների ժամանակ գեստապոն կրկին ու կրկին հարցնում էր ինձ, թե ինչու եմ մերժում միանալ գերմանական բանակին և հրաժարվում ասել՝ հայլ Հիտլեր»։ Այն բանից հետո, երբ Պավելը Աստվածաշնչի հիման վրա բացատրեց իր քրիստոնեական չեզոք դիրքորոշումը, նրան որոշեցին ուղարկել զինամթերքների արտադրության գործարանում աշխատելու։ «Պարզ է, որ իմ խիղճը թույլ չէր տա այդպիսի աշխատանք կատարել, ուստի նրանք ինձ ուղարկեցին աշխատելու հանքերում»։ Նա մինչև վերջ հավատարիմ մնաց։
Նրանք, ովքեր ազատության մեջ էին՝ կանայք և երեխաները, Օսվենցիմում գտնվողներին սննդամթերք էին ուղարկում։ «Ամռանը մենք լոռամրգի էինք հավաքում արկղերի մեջ և փոխանակում ցորենի հետ,— պատմում է մի եղբայր, որն այն ժամանակ պատանի էր։— Քույրերը բոքոններ էին թխում և թաթախում դրանք յուղի մեջ։ Ապա մենք այդ բոքոնները քիչ քանակությամբ ուղարկում էինք բանտում գտնվող մեր հավատակիցներին»։
Վիսլայից ընդհանուր առմամբ 53 մեծահասակ Վկաներ ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ՝ հարկադրական աշխատանքներ կատարելու։ Նրանցից երեսունութը մահացան։
Ավելի երիտասարդ սերունդը
Եհովայի վկաների երեխաները նույնպես նացիստների ծանր հալածանքներին ենթարկվեցին։ Ոմանք իրենց մայրերի հետ միասին ուղարկվեցին Բոհեմիայի ժամանակավոր ճամբարները։ Մյուսներին խլեցին իրենց ծնողներից և ուղարկեցին Լոձի վատահամբավ մանկական գաղութը։
«Գերմանացիները Լոձ գնացող առաջին տրանսպորտով ուղարկեցին մեզանից տասին՝ 5–9 տարեկան երեխաներիս,— պատմում են նրանցից երեքը։—Մենք քաջալերում էինք միմյանց՝ աղոթելով և աստվածաշնչային թեմաներ քննարկելով։ Հեշտ չէր դիմանալը»։ 1945–ին բոլոր երեխաները վերադարձան տուն։ Նրանք կենդանի էին, բայց հյուծված ու էմոցիոնալ վերքեր ստացած։ Այդուհանդերձ, ոչինչ չկարողացավ կոտրել նրանց անարատությունը։
Ի՞նչ պատահեց հետո
Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը մոտենում էր իր ավարտին, Վիսլայում ծառայող Եհովայի վկաները ամուր էին իրենց հավատի մեջ և պատրաստ՝ վերսկսելու իրենց քարոզչական գործը՝ եռանդով ու վճռականորեն։ Մի խումբ եղբայրներ այցելեցին Վիսլայից ավելի քան 40 կիլոմետր հեռու գտնվող վայրեր և այնտեղ բնակվող մարդկանց քարոզեցին ու Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն տարածեցին։ «Շուտով մեր քաղաքում երեք ակտիվ ժողով կազմավորվեց»,— պատմում է Յան Կժոկը։ Սակայն կրոնական ազատությունը երկար չտևեց։
1950 թ.–ին Խորհրդային կառավարությունը, որ փոխարինեց նացիստական կառավարությանը, արգելեց Եհովայի վկաների գործունեությունը Լեհաստանում։ Ուստի տեղի եղբայրները ստիպված էին հնարամտություն գործի դնել իրենց ծառայության մեջ։ Երբեմն նրանք այցելում էին մարդկանց տնային կենդանիներ կամ ցորեն գնելու պատրվակով։ Քրիստոնեական հանդիպումները սովորաբար անցկացվում էին գիշերը փոքր խմբերով։ Բայցևայնպես, Պետական անվտանգության աշխատակիցներին հաջողվեց ձերբակալել Եհովայի երկրպագուներից շատերին՝ բոլորովին անհիմն կերպով մեղադրելով նրանց արտասահմանյան հետախուզական ծառայություններ կատարելու մեջ։ Որոշ պաշտոնատար անձինք հեգնանքով սպառնացին Պավել Պիլկին. «Հիտլերը չկոտրեց քեզ, մե՛նք կկոտրենք»։ Սակայն եղբայրը հավատարիմ մնաց Եհովային և հինգ տարի բանտարկության մեջ անցկացրեց։ Երբ մի քանի երիտասարդ Վկաներ մերժեցին ստորագրել սոցիալիստական քաղաքականությանը վերաբերող մի փաստաթուղթ, նրանցից ոմանք հեռացվեցին դպրոցից, մյուսները՝ աշխատանքից։
Եհովան նրանց հետ մնաց
1989 թվականը իր հետ փոփոխություններ բերեց քաղաքական դաշտում, և Եհովայի վկաները պետականորեն գրանցվեցին Լեհաստանում։ Վիսլայում ապրող Եհովայի անկոտրում երկրպագուները նոր եռանդ հաղորդեցին իրենց գործունեությանը, ինչի մասին վկայում է ռահվիրաների՝ լիաժամ ծառայողների թիվը։ Մոտ 100 եղբայրներ և քույրեր ռահվիրայական ծառայություն սկսեցին։ Ուստի զարմանալի չէ, որ այս քաղաքին «Ռահվիրաների գործարան» մականունն են տվել։
Աստվածաշունչը հայտնում է, որ Աստված հնում աջակցել է իր ծառաներին. «Եթէ Տէրը մեզ հետ չ’լինէր՝ մարդիկ մեզ վերայ վեր կենալիս, ապա կենդանի կենդանի կուլ կը տային մեզ» (Սաղմոս 124։2, 3)։ Չնայած որ ամենուրեք անտարբերություն է տիրում և բարոյականության վերաբերյալ մարդկանց չափանիշները գնալով ընկնում են, Վիսլայում ապրող Եհովայի վկաները ձգտում են պահպանել իրենց անարատությունը և մեծապես օրհնվում են։ Այս քաղաքի Վկաների իրար հաջորդող բոլոր սերունդները կարող են հաստատել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ» (Հռովմայեցիս 8։31)։
[նկար 26–րդ էջի վրա]
Էմիլիա Կժոկն իր երեխաների՝ Հելենայի, Էմելիայի և Յանի հետ ուղարկվեց ժամանակավոր ճամբար՝ Բոհեմիա
[նկար 26–րդ էջի վրա]
Երբ Պավել Շալբոն հրաժարվեց զինակոչվելուց, նրան ուղարկեցին աշխատելու հանքերում
[նկար 27–րդ էջի վրա]
Երբ եղբայրներին ուղարկեցին Օսվենցիմ, որտեղ նրանք մահացան, Վիսլայում քարոզչական գործը չկանգնեց
[նկար 28–րդ էջի վրա]
Պավել Պիլկին և Յան Պոլոկին ուղարկեցին Լոձի մանկական գաղութը
[նկար 25–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Berries and flowers: © R.M. Kosinscy / www.kosinscy.pl