Ո՞վ է «Ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը»
ՃՇՄԱՐԻՏ Աստվածը Եհովան է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը։ Նա է Արարիչը՝ այն անձնավորությունը, որ հավիտենական կյանք է պարգևում բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն։ Աստվածաշունչը հավատով ընթերցող շատ մարդիկ այսպես կպատասխանեն մեր հոդվածի վերնագրում տրվող հարցին։ Եվ իրոք, Հիսուսն ինքն է ասել. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։
Այնուամենայնիվ, եկեղեցի հաճախող բազմաթիվ մարդիկ այլ կերպ են հասկանում վերոհիշյալ խոսքերը, որ մեջբերված են Ա Յովհաննէս 5։20–ից (ՆԱ)։ Այնտեղ մասամբ ասվում է. «Մենք միաբան ենք Ճշմարտի հետ նրա Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սա է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը»։
Երրորդության ուսմունքին հավատացողները պնդում են, թե «սա» թարգմանված ցուցական դերանունը (հուն. ո՛ւտոս) վերաբերում է անմիջապես իրեն նախորդող գոյականին, տվյալ դեպքում՝ Հիսուս Քրիստոսին։ Նրանք ասում են, թե Հիսուսն է «ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը»։ Այս բացատրությունը, սակայն, հակասում է Սուրբ Գրություններին։ Երրորդության կողմնակիցների այս տեսակետի հետ չեն համաձայնվում նաև հեղինակավոր շատ գիտնականներ։ Քեմբրիջի համալսարանի գիտնական Բ. Վեսթքոթը, օրինակ, գրում է. «Միանգամայն բնական է մտածել, որ [ո՛ւտոս դերանունը] մատնանշում է ոչ թե իրեն ամենամոտ գտնվող առարկան, այլ այն, որն ամենագլխավորն է առաքյալի մտքում»։ Այսինքն՝ Հովհաննես առաքյալը խոսում էր Հիսուսի Հոր մասին։ Ահա թե ինչ է ասում գերմանացի աստվածաբան Էրիկ Հաուփթը. «Հարկավոր է որոշել, թե հաջորդ մտքում որ առարկային է վերաբերում [ո՛ւտոս դերանունը]՝ անմիջապես իրեն նախորդողի՞ն ....թե՞ ավելի հեռու գտնվողին՝ Աստծուն.... Միակ ճշմարիտ Աստծուն վկայակոչելու նպատակը ավելի շուտ կապված է կուռքերից հեռու մնալու նախազգուշացման հետ, որ տրվում է [գլխի] վերջում, քան Քրիստոսի աստվածությունը ցույց տալու»։
Հունարեն Նոր Կտակարանի քերականական վերլուծությանը վերաբերող մի գրքում, որ հրատարակվել է Հռոմի Պապական աստվածաշնչային ինստիտուտի կողմից, նշվում է. «[Ո՛ւտոս]. գրեթե կասկած չի մնում, որ լինելով 18–20 խոսքերի վերջաբան՝ [այն] մատնանշում է իրական, ճշմարիտ Աստծուն՝ հակադրություն ստեղծելով կռապաշտության հետ (խոսք 21)» («A Grammatical Analysis of the Greek New Testament»)։
Հաճախ է պատահում, որ ո՛ւտոս դերանունը (սովորաբար այն թարգմանվում է «այս» կամ «սա», իսկ Աստվածաշնչի հայերեն թարգմանություններում նաև «նա» ձևերով) ցույց չի տալիս արտահայտության մեջ իրեն անմիջապես նախորդող առարկան։ Սա կարելի է տեսնել աստվածաշնչյան ուրիշ համարների օրինակով։ Նույն առաքյալը, որ գրել է «Ա Յովհաննէս» նամակը, իր երկրորդ նամակում ասում է. «Շատ մոլորեցուցիչներ դուրս եկան աշխարհք որ չեն դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած. նա [ո՛ւտոս] է մոլորեցուցիչը եւ Նեռը» (Բ Յովհաննէս 7)։ Այս համատեքստում «նա» թարգմանված հունարեն ո՛ւտոս դերանունը չի կարող վերաբերել իրեն ամենից մոտ գտնվող գոյականին՝ Հիսուսին։ Ակնհայտ է, որ այն մատնանշում է նրանց, ովքեր ուրանում էին Հիսուսին։ Բոլոր այդ անհատները, միասին վերցված, ‘մոլորեցուցիչ են և Նեռ [«Քրիստոսի հակառակորդ», ԱՆԹ]’։
Իր Ավետարանում Հովհաննես առաքյալը գրում է. «Անդրէասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրն՝ այն երկուսից մէկն էր, որ Յովհաննէսիցը լսեցին եւ նորա [«Յիսուսի», ԷԹ] ետեւից գնացին։ Սա [ո՛ւտոս] առաջ գտնում է իր Սիմօն եղբօր[ը]» (Յովհաննէս 1։40, 41)։ Պարզ է, որ «սա» դերանունը մատնանշում է ոչ թե մինչ այդ հիշատակվող անհատներից վերջինին, այլ Անդրեասին։ Առաքյալը նույն կերպ է վարվում նաև Ա Յովհաննէս 2։22–ում, որտեղ հիշյալ դերանունը թարգմանված է «նա» տարբերակով։
Ո՛ւտոս դերանունը նման ձևով է օգտագործում նաև Ղուկասը Գործք 4։10, 11 համարներում. «Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց, նրանո՛վ ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ։ «Սա՛ [ո՛ւտոս] է այն վէմը, ձեզնից՝ շինողներիցդ անարգուած, որ անկիւնաքար եղավ»»։ Ինչ խոսք, «սա» թարգմանված վերոհիշյալ դերանունը չի մատնանշում հրաշքով բուժված մարդուն, թեպետ նա է այդ դերանունից առաջ հիշատակվող վերջին անձնավորությունը։ «Սա»–ն, անկասկած, վերաբերում է Նազովրեցի Հիսուս Քրիստոսին։ Նա է «անկիւնի գլուխը»՝ այն հիմքը, որի վրա կառուցված է քրիստոնեական ժողովը (Եփեսացիս 2։20; Ա Պետրոս 2։4–8)։
Նման օրինակ կարելի է գտնել նաև Գործք 7։18, 19 համարներում. «Մի ուրիշ թագավոր վերկացաւ Եգիպտոսումը՝ որ Յովսեփին չէր ճանաչում։ Նա [ո՛ւտոս] հնարք գործածեց մեր ազգի դէմ»։ Հրեաներին կեղեքող «նա»–ն Հովսեփը չէր, այլ Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը։
Այս համարները հաստատում են հույն գիտնական Դանիել Վալասի խոսքերը։ Նա ասում է, որ հունարենի ցուցական դերանունները «կարող են մատնանշել ոչ թե համատեքստով ամենամոտ գտնվող առարկան, այլ այն մեկը, որին նկատի ունի հեղինակը»։
«Ճշմարտին»
Հովհաննեսի գրվածքներից երևում է, որ ‘Ճշմարիտը’ Եհովան է՝ Հիսուս Քրիստոսի Հայրը։ Նա է միակ ճշմարիտ Աստվածը՝ Արարիչը։ Ահա թե ինչ է ասում Պողոս առաքյալը. «Մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները» (Ա Կորնթացիս 8։6; Եսայիա 42։8)։ Այն, որ Ա Յովհաննէս 5։20–ում հիշատակվող ‘Ճշմարիտը’ Եհովան է, կարելի է փաստել մեկ այլ ձևով ևս. նա է ճշմարտության Աղբյուրը։ Սաղմոսերգուն Եհովային անվանում է ճշմարտության Աստված, քանի որ նա հավատարիմ է իր բոլոր գործերում և չի կարող ստել (Սաղմոս 31։5, ԱԱ; Ելից 34։6; Տիտոս 1։2)։ Իր երկնային Հորը դիմելիս Որդին ասաց. «Քո խօսքը ճշմարտութիւն է»։ Իսկ իր ուսուցումների վերաբերյալ նշեց. «Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է» (Յովհաննէս 7։16; 17։17)։
‘Հավիտենական կյանք’ արտահայտությունը նույնպես վերաբերում է Եհովային։ Նա է կյանքի Աղբյուրը և Քրիստոսի միջոցով ձրիորեն տալիս է կյանքը՝ իբրև շնորհ (Սաղմոս 36։9; Հռովմայեցիս 6։23)։ Պողոս առաքյալը ասում է, որ Աստված «իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։6)։ Աստված վարձատրեց իր Որդուն՝ հարություն տալով նրան։ Մեր երկնային Հայրը հավիտենական կյանքի վարձատրությունը կտա բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայում են նրան ամբողջ սրտով (Գործք 26։23; Բ Կորնթացիս 1։9)։
Ուրեմն՝ ի՞նչ եզրակացություն պետք է անենք։ Եհովան է «ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը», և ուրիշ ոչ ոք։ Միայն նա է արժանի բացարձակ երկրպագության բոլոր այն անձանց կողմից, որոնց արարել է (Յայտնութիւն 4։11)։