Լավ վարքը ‘զարդարում է Աստծու վարդապետությունը’
ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿՈՒՄ (Ռուսաստան) ապրող Մարիա անունով մի աղջիկ այնքան լավ էր երգում, որ ուսուցչուհին նրան ընդգրկեց դպրոցական երգչախմբի մեջ։ Կարճ ժամանակ անց Մարիան հարգալից կերպով մոտեցավ իր ուսուցչուհիներից մեկին ու բացատրեց, որ ինքը որոշ երգեր չի կարող երգել։ Ինչո՞ւ։ Որովհետև կրոնական բնույթի այդ երգերը հակասում էին Աստվածաշնչի վրա հիմնված իր համոզմունքներին։ Ուսուցչուհին զարմացած հարցրեց. «Մի՞թե սխալ է Աստծուն երգով փառաբանելը»։
Ցույց տալու համար, թե ինչու է մերժում Երրորդությանը նվիրված երգ երգել, Մարիան բաց արեց իր Աստվածաշունչը և բացատրեց, որ Աստված ու Հիսուս Քրիստոսը մեկ Աստված չեն, և որ սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է (Մատթէոս 26։39; Յովհաննէս 14։28; Գործք 4։31)։ Մարիան պատմում է. «Իմ և ուսուցչուհուս փոխհարաբերությունները չվատացան։ Ընդհանուր առմամբ, մեր դպրոցի ուսուցիչները շատ լավն են։ Նրանք ցանկանում են, որ մենք անկեղծ լինենք»։
Ուսումնական տարվա ընթացքում Մարիան իր կայուն դիրքորոշման շնորհիվ արժանացավ նաև մյուս ուսուցիչների ու դասընկերների հարգանքին։ Նա շարունակում է. «Աստվածաշնչի սկզբունքները կյանքում ինձ շատ են օգնում։ Տարվա վերջում ես պարգևատրվեցի անկեղծ և կարգապահ լինելու համար, իսկ ծնողներս պաշտոնական նամակ ստացան դպրոցի կողմից, որտեղ նրանց շնորհակալություն էին հայտնում, որ իրենց դստերը լավ են դաստիարակել»։
Մարիան մկրտվեց 2001 թ. օգոստոսի 18–ին։ Նա ասում է. «Ես երջանիկ եմ, որ կարող եմ ծառայել Եհովայի նման սքանչելի Աստծուն»։ Ամբողջ աշխարհում Եհովայի երիտասարդ վկաները ապրում են Տիտոս 2։10–ում արձանագրված խոսքերի համաձայն, որտեղ ասվում է. «Մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը զարդարե[ք] ամեն բաների մէջ»։
[նկար 32–րդ էջի վրա]
Մարիան իր ծնողների հետ մկրտությունից հետո
[նկար 32–րդ էջի վրա]
Շնորհակալական նամակը և գովասանագիրը