Քաջություն՝ չնայած հակառակությանը
ՄՈԼԵՌԱՆԴ ամբոխը Գայիոսին ու Արիստարքոսին՝ Պողոս առաքյալի երկու ընկերակիցներին, ուժով տարավ Եփեսոսի թատրոն։ Այնտեղ կատաղած բազմությունը մոտ երկու ժամ աղաղակեց. «Մեծ է Եփեսացիների Արտեմիսը» (Գործք 19։28, 29, 34)։ Հաստատ մնացի՞ն Պողոսի ընկերակիցները՝ հանդիպելով հակառակության։ Իսկ ո՞րն էր այդ իրավիճակի առաջացման պատճառը։
Մոտ երեք տարի Պողոսը հաջողությամբ քարոզել էր Եփեսոսում, և քաղաքի բնակիչներից շատերը թողել էին կռապաշտությունը (Գործք 19։26; 20։31)։ Եփեսոսում տարածված կուռքերից մեկը պտղաբերության աստվածուհու՝ Արտեմիսի տաճարի արծաթե փոքրիկ արձանիկն էր։ Այդ աստվածուհու հսկա տաճարը բարձրից նայում էր քաղաքին։ Տաճարի փոքրիկ արձանիկները մարդիկ կրում էին որպես թալիսմաններ կամ էլ դնում էին իրենց տանը։ Անշուշտ, քրիստոնյաները չէին գնում այդ կուռքերը (Ա Յովհաննէս 5։21)։
Արծաթագործներից մեկը՝ Դեմետրիոսը, կարծում էր, որ Պողոսն իր ծառայությամբ վտանգի է ենթարկում իրենց եկամտաբեր գործը։ Կես–ճշմարտությունների ու չափազանցությունների միջոցով նա իր արհեստակիցներին համոզեց, թե Փոքր Ասիայի բնակիչները կդադարեն Արտեմիսին երկրպագելուց։ Հենց որ բարկացած արծաթագործները սկսեցին գոռում–գոչյուններով գովաբանել Արտեմիսին, մի իսկական իրարանցում առաջ եկավ, և այդ խառնաշփոթը տարածվեց ողջ քաղաքում (Գործք 19։24–29)։
Թատրոնը, որը 25 000 հանդիսատես էր տեղավորում, լցվեց հազարավոր մարդկանցով։ Պողոսը ցանկություն հայտնեց դիմել անկառավարելի ամբոխին, բայց բարյացակամորեն տրամադրված պաշտոնյաները նրան տարհամոզեցին։ Վերջապես ատենադպրին հաջողվեց հանգստացնել բազմությանը, և Գայիոսն ու Արիստարքոսը ոչ մի վնաս չկրեցին (Գործք 19։35–40)։
Հնարավոր է այսօր նույնպես Աստծու ծառաները հակառակության հանդիպեն առանձին անհատների կամ նույնիսկ ամբոխի կողմից։ Հաճախ նրանք բարի լուրը քարոզում են այնպիսի քաղաքներում, որտեղ կռապաշտությունը, անբարոյականությունը և հանցագործությունը խիստ տարածված են։ Բայցևայնպես, քրիստոնյաները, քաջություն դրսևորելով, ընդօրինակում են Պողոս առաքյալին, որը Եփեսոսում գտնվելիս ‘չվարանեց ուսուցանել մարդկանց հրապարակավ և տանը’ (Գործք 20։20, ԷԹ)։ Աստծու ծառաները նույն ուրախությունն են ապրում՝ տեսնելով, որ Եհովայի խոսքը շարունակում է ‘աճել և զորանալ’ (Գործք 19։20)։
[նկար 30–րդ էջի վրա]
Եփեսոսի թատրոնի ավերակները