Յուրահատուկ հաղթանակ
ՔՈ ՀԱՎԱՏԸ հակառակությունների հանդիպո՞ւմ է աշխատանքի վայրում, դպրոցում, ընտանիքում կամ պետության կողմից դրված սահմանափակումների պատճառով։ Եթե այո, ապա մի՛ ընկճվիր։ Բազմաթիվ Եհովայի վկաներ այդպիսի դժվարությունների են բախվել, սակայն հաղթանակած են դուրս եկել։ Քննենք Էռնա Լուդոլֆի օրինակը։
Էռնան ծնվել է Գերմանիայի Լյուբեկ քաղաքում 1908 թ.–ին։ Իր ընտանիքի անդամներից միայն նա էր ծառայում Եհովային։ Երբ 1933 թ.–ին իշխանության գլուխ անցավ Հիտլերը, Եհովայի վկաների համար ծանր ժամանակներ սկսվեցին։ Էռնայի աշխատակիցները բացահայտորեն նրան քննադատում էին «Հայլ Հիտլեր» չասելու համար, և հետևանքը եղավ այն, որ նացիստները նրան ձերբակալեցին։ Էռնան ութ տարի անցկացրեց տարբեր բանտերում և համակենտրոնացման ճամբարներում՝ Համբուրգ–Ֆուլսբութելում, Մորինգենում, Լիխտենբուրգում և Ռավենսբրյուկում։ Այն ժամանակ, երբ Էռնան Ռավենսբրյուկում էր, մի բան տեղի ունեցավ, որի արդյունքում նա հաղթանակ տարավ։
Սպասուհի, որ տարբերվում էր ուրիշներից
Պրոֆեսոր Ֆրիդրիխ Հոլցը և նրա կինը՝ Ալիսան, ապրում էին Բեռլինում։ Նրանք Նացիստական կուսակցության անդամ չէին և թիկունք չէին կանգնում նրա գաղափարախոսությանը։ Սակայն նրանք ճանաչում էին բարձր պաշտոն զբաղեցնող մի էսէսականի, որը համակենտրոնացման ճամբարի որոշ բանտարկյալների վերակացուն էր։ Երբ պրոֆեսորն ու նրա կինը սպասուհի էին փնտրում, այդ էսէսականը թույլ տվեց նրանց ընտրել կին բանտարկյալների միջից որևէ մեկին։ Ուստի 1943 թ. մարտին Ալիսան գնաց Ռավենսբրյուկ՝ սպասուհի ընտրելու։ Ո՞ւմ ընտրեց նա։ Էռնա Լուդոլֆին։ Էռնան տեղափոխվեց Հոլցերի ընտանիք, որտեղ նրա հանդեպ լավ վերաբերմունք էր ցույց տրվում։ Պատերազմի ավարտից հետո նա Հոլցերի ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Զաալե գետի մոտ գտնվող Հալլե քաղաքը։ Այնտեղ Էռնան կրկին հակառակության հանդիպեց, այս անգամ Արևելյան Գերմանիայի սոցիալիստական իշխանությունների կողմից։ 1957 թ.–ին Հոլցերի ընտանիքը արտաքսվեց Արևմտյան Գերմանիա, և Էռնան գնաց նրանց հետ։ Վերջապես նա կարող էր ազատորեն դավանել իր հավատը։
Ի՞նչ իմաստով Էռնան յուրահատուկ հաղթանակ տարավ։ Էռնայի լավ վարքի և Աստվածաշնչի պատգամը հմտորեն քարոզելու շնորհիվ Ալիսա Հոլցը և նրա հինգ երեխաները դարձան մկրտված Եհովայի վկաներ։ Բացի այդ, Ալիսայի թոռներից 11–ը նույնպես դարձել են Վկաներ։ Նրանցից երկուսը այժմ ծառայում են Եհովայի վկաների՝ Զելտերսում (Գերմանիա) գտնվող մասնաճյուղում։ «Մեր ընտանիքը ճշմարտության մեջ է գլխավորապես Էռնայի լավ օրինակի շնորհիվ»,— ասում է Սյուզանը՝ Ալիսայի դուստրերից մեկը։ Էռնան մեծապես պարգևատրվեց իր տոկունության համար։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Դժվար հանգամանքներում հավատարմորեն տոկալով՝ դու նույնպես առատ օրհնություններ կստանաս։ Այո՛, լավ վարքի և հմտորեն քարոզելու շնորհիվ դու կարող ես յուրահատուկ հաղթանակ տանել։a
[ծանոթագրություն]
a Մինչ այս հոդվածը պատրաստվում էր հրատարակման, Էռնա Լուդոլֆը հեռացավ կյանքից 96 տարեկան հասակում։ Նա մինչև վերջ հավատարիմ մնաց։
[նկար 31–րդ էջի վրա]
Էռնա Լուդոլֆը (նստած) Հոլցերի ընտանիքի անդամների հետ