Ընթերցողների հարցերը
Հին Իսրայելի ժամանակներում ի՞նչ էր խորհրդանշում այն գերբնական լույսը, որը լինում էր խորանի և տաճարի Սրբությունների Սրբությունում։
Եհովան՝ իր ժողովրդի սիրառատ Հայրն ու Պաշտպանը, հստակ ցույց էր տալիս իր ներկայությունը Իսրայելում։ Կերպերից մեկը, որով նա դա անում էր, այն հրաշագեղ ամպն էր, որը սերտորեն կապ ուներ իր երկրպագության վայրի հետ։
Տեսանելի այդ լուսեղեն ամպը ներկայացնում էր Եհովայի անտեսանելի ներկայությունը։ Այն եղել է թե՛ խորանի և թե՛ Սողոմոնի կառուցած տաճարի Սրբությունների Սրբությունում։ Այդ լույսի առկայությունը չէր նշանակում, թե Եհովան ֆիզիկապես ներկա էր այնտեղ։ Մարդակերտ շինությունները չեն կարող պարունակել Աստծուն (Բ Մնացորդաց 6։18; Գործք 17։24)։ Սրբարանում եղող այդ գերբնական պայծառությունը կարող էր վստահություն ներշնչել քահանայապետին, իսկ նրա միջոցով՝ բոլոր իսրայելացիներին, որ Եհովան ներկա է՝ նրանց պաշտպանելու և նրանց կարիքները հոգալու համար։
Հետաստվածաշնչային ժամանակների արամերեն լեզվում այդ լույսը կոչվում էր «շեխինա», որը նշանակում է՝ «այն, որը բնակվում է» կամ «բնակություն»։ Այս բառը չի հանդիպում Աստվածաշնչում, բայց հանդիպում է Եբրայերեն Գրությունների արամերեն թարգմանություններում, որոնք հայտնի են «թարգում» անունով։
Խորանի կառուցման վերաբերյալ հրահանգներ տալիս Եհովան Մովսեսին ասաց. «Քաւութիւնը [«Կափարիչը», ԷԹ] տապանակի վերայ պիտի դնես վերեւիցը եւ տապանակի մէջ դնես այն վկայութիւնը՝ որ քեզ կ’տամ։ Եւ ես կ’հանդիպեմ այն տեղ եւ կ’խօսեմ քեզ հետ, քաւութեան [«կափարիչի», ԷԹ] վերայիցը վկայութեան տապանակի վերայ եղած երկու քերովբէների մէջտեղիցն» (Ելից 25։21, 22)։ Տապանակը Սրբությունների Սրբությունում դրված ոսկեպատ արկղ էր։ Իսկ այդ արկղի կափարիչի վրա երկու ոսկե քերովբեներ կային։
Որտեղի՞ց էր Եհովան խոսելու։ Աստված ասաց Մովսեսին. «Ամպի մէջ պիտի երեւամ քաւութիւնի [կափարիչի] վերայ» (Ղեւտացոց 16։2)։ Այդ ամպը կախված էր սուրբ տապանակի վրա՝ երկու ոսկե քերովբեների միջև։ Աստվածաշնչում չի նշվում, թե որքան էր ամպի մեծությունը կամ թե քերովբեներից որքան հեռու էր գտնվում։
Ամպը լուսավորում էր Սրբությունների Սրբությունը։ Ըստ էության, դա լույսի միակ աղբյուրն էր այնտեղ։ Քահանայապետը, երբ Քավության օրը մտնում էր այդ ամենաներքին բաժանմունքը, այդ լույսի շնորհիվ կարող էր տեսնել։ Նա կանգնած էր Եհովայի ներկայությամբ։
Այդ գերբնական լույսը որևէ իմաստ ունի՞ քրիստոնյաների համար։ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ մի քաղաք, որտեղ «գիշեր չի լինիլ»։ Այդ քաղաքը Նոր Երուսաղեմն է՝ կազմված հարություն առած օծյալ քրիստոնյաներից, որոնք իշխում են Հիսուսի հետ միասին։ Այս այլաբանական քաղաքի լույսի աղբյուրը ո՛չ արեգակն է, ո՛չ էլ լուսինը։ Եհովա Աստծու փառքն է անմիջապես լուսավորում այդ կազմակերպությունը, ճիշտ ինչպես որ «շեխինան»՝ ամպը, լուսավորում էր Սրբությունների Սրբությունը։ Բացի դրանից, Գառը՝ Հիսուս Քրիստոսը, այդ քաղաքի ‘ճրագն’ է։ «Քաղաքը» իր հերթին հոգևորապես լուսավորում և իր բարեհաճությանն է արժանացնում բոլոր ազգերից սերող փրկվածներին, որպեսզի նրանք առաջնորդություն ունենան (Յայտնութիւն 21։22–25)։
Այդպիսի առատ օրհնություններ ստանալով Աստծուց՝ Եհովայի երկրպագուները կարող են վստահ լինել, որ Աստված իրենց պաշտպան Հովիվն է և գորովալից Հայրը։